Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0637/06/18

Գործ թիվ ԵԴ/0637/06/18

Նախագահող դատավոր՝  Ս. Մարաբյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան`

Զ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Կարեն Կարապետի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12200518 քրեական գործը, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Կարեն Կարապետի Օհանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

1.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հունիսի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը` Կ.Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է: Նույն օրը նախաքննության մարմինը որոշում է կայացրել մեղադրյալ Կ.Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրություն:

1.2. 2018 թվականի հունիսի 5-ին Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Գևորգյանը որոշում է կայացրել մեղադրյալ Կ.Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին, և նույն օրը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մեղադրյալ Կ.Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

1.3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հունիսի 6-ի որոշմամբ դատախազ Գ.Գևորգյանի միջնորդությունը` մեղադրյալ Կ.Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, մերժվել է: 

Դատախազ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 27-ի որոշման դեմ մեղադրյալ Կ.Օհանյանի պաշտպան Զ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ, մեղադրյալ Կ.Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով, և գրավի չափ է սահմանվել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

3. Դատախազ Գ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ բողոքը թողել է առանց բավարարման, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը` օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինը Կարեն Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «նա 22.04.2018թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Դավիթ Մհերի Համբարձումյանի, Սարգիս Դուրիկի Սահակյանի, Գևորգ Մասիսի Համբարձումյանի, Գոռ Լևոնի Խաչատրյանի, Էդիկ Լևոնի Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դավիթ Համբարձումյանի կազմակերպած զանգվածային անկարգություններին, որոնք զուգորդվել են բռնությամբ և ջարդերով:

Այսպես.

2018 թվականի ապրիլի 22-ին` ժամը 13.00-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ խաղաղ երթ են կազմակերպել Երևան քաղաքի «Էրեբունի թանգարանի» հարակից տարածքից և շարժվել են Էրեբունի փողոցով դեպի Երևան քաղաքի Արցախի պողոտան:

Նույն օրը` Կարեն Օհանյանը, Գոռ Խաչատրյանի, Գևորգ Համբարձումյանի, Սարգիս Սահակյանի, Դավիթ Համբարձումյանի, Էդիկ Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հասարակության անդամների, այդ թվում` խաղաղ ցույցի մասնակիցների անվտանգությունը վտանգի տակ դնելու նպատակով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրա ընթացքում հասարակության անդամների` խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, ջարդեր իրականացնելու մասին: Պլանավորած հանցագործության իրականացման համար հանցավոր խումբը ձեռք է բերել մահակներ, էլեկտրահարող սարքեր, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցների ինքնությունը հետագայում չբացահայտվելու նպատակով վերջիններս ձեռք են բերել և հետագայում օգտագործել բժշկական դիմակներ, որից հետո Գ.Խաչատրյանը, Ս.Սահակյանը, Կ.Օհանյանը, Գ.Համբարձումյանը, Է.Չիչոյանը և ինքնությունը չպարզված անձինք, Դ.Համբարձումյանի ղեկավարությամբ, խմբի կազմում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, Դ.Համբարձումյանի կողմից Երևան քաղաքի Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով, խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ, բռնություն են գործադրել և ջարդեր իրականացրել, մասնավորապես` քարեր են նետել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ, որից հետո հարձակվելով նրանց վրա` տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել և էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել են երթի մասնակիցներին: Հանցավոր խմբի վերոհիշյալ համատեղ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մասնակիցները` Հերիքնազ Գրիգորյանը, Ռաֆիկ Գանջալյանը, Մկրտիչ Խանջյանը, պատահական անցորդ Արման Ասրյանը և քննությամբ դեռևս չպարզված անձինք, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրող` Արտակ Խուլյանը և օպերատոր Հովհաննես Սարգսյանը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը` միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ (...)»2։

6. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ «(...) [Ա]ռկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալ Կարեն Կարապետի Օհանյանը կատարել է մեղսագրվող իրավախախտումը, որը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն, դասակարգվում է որպես ծանր հանցավոր արարք:

(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Կարեն Կարապետի Օհանյանը մնալով ազատության մեջ մինչև օրս չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և վերջինիս կանչով պարտաճանաչ ներկայացել է, ինչպես նաև չի խոչընդոտել գործի քննությանը: Սակայն հաշվի առնելով այն, որ նախաքննությամբ դեռևս չեն հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող մահակները և էլեկտրահարող սարքերը, չեն պարզվել զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցները, ինչպես նաև հաշվի առնելով մեղսագրվող արարքի համար սահմանված պատժի խստությունը, դատարանը գտնում է, որ մեղադրյալ Կարեն Օհանյանը մնալով ազատության մեջ կարող է հետագայում թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել գործի քննությանը, ուստի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար ապացույցներ և Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Գևորգյանի միջնորդությունը ենթակա է բավարարման:

(...) [Թ]եև առկա է մեղադրյալ Կարեն Կարապետի Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքը և պայմաններն, մասնավորապես առկա է մեղադրյալի կողմից իրավախախտման առնչություն ունենալու հիմնավոր կասկածն ու առաջադրված մեղադրանքի պայմաններում վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և խոչընդոտելու վտանգը, այդուհանդերձ դատարանը գտնում է, որ ազատության հետ կապված այլընտրանքային խափանման միջոցը` գրավը ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Դատարանը հաշվի է առնում նաև մեղադրյալի անձը, այն որ նա նախկինում դատապարտված չի եղել, քրեական դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողների և վկաների նկատմամբ մինչ օրս անօրինական ազդեցություն չի գործադրել, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել և չի խուսափել, ինչպես նաև այն, որ նա ունի աշխատանք և մշտական բնակության վայր և նրա խնամքին են գտնվում անչափահաս երկու երեխաները (...)»3:

7. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով սույն գործով Բողոքաբերի կողմից բերված փաստարկներին` Առաջին ատյանի դատարանի որոշման անհիմն և անօրինական լինելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են և հակառակը` հիմնավոր են և գործի նյութերից են բխում Առաջին ատյանի դատարանի հետևությունները` մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն պատճառաբանությունները, որոնք բերվում են գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու համար, ըստ էության բավարար չեն գրավի կիրառումը վերացնելու և կալանքի տակ մեղադրյալին պահելու համար:

(...) Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ գրավի կիրառումը կոնկրետ դեպքում կարող է բավարար երաշխիք լինել նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար, հատկապես այն հանգամանքի հաշվառմամբ, որ բողոքաբերը վերոգրյալին հակադրում է բացառապես նրան մեղսագրվող ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճանը, ենթադրություններ հավանական գործողությունների մասին և դրանից զատ որևէ այլ իրական և ծանրակշիռ փաստ և հանգամանք չի ներկայացնում, որը բավարար կլիներ նրան մինչև գործի քննության վերջնական ընթացքն անազատության մեջ պահելու համար (…)»4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել գրավի անթույլատրելիության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները, մասնավորապես՝ դատարանը գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս պետք է պատշաճ գնահատման ենթարկեր մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը: Բողոքաբերը փաստարկել է, որ գրավը կարող է որպես երաշխիք հանդիսանալ միայն մեղադրյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վարքագիծը կանխելու համար, այնինչ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Կ.Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար առկա են երկու՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու ինքնուրույն հիմքեր, իսկ վերջինիս առկայությունը բացառում է գրավի կիրառման հնարավորությունը:

Ըստ բողոքաբերի` գործով դեռևս անհրաժեշտ է հայտնաբերել հանցագործության գործիքները, պարզել դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունները, տուժած անձանց, իսկ գտնվելով ազատության մեջ` մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` անթույլատրելի ճանաչելով մեղադրյալ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Կ.Օհանյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը զսպելու համար։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.

3) տարիքը և առողջական վիճակը.

4) սեռը.

5) զբաղմունքի տեսակը.

6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.

7) գույքային դրությունը.

8) բնակության մշտական վայրի առկայությունը.

9) այլ էական հանգամանքներ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

12. Խափանման միջոց գրավը կիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ`

- անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա5,

- կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պատշաճ գնահատման ենթարկվեն նաև անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը6։

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ7:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ ձևավորված մոտեցումների պայմաններում, Վճռաբեկ դատարանը Գոռ Համբարձումյանի գործով որոշմամբ փաստել է. «(…) [Կ]ալանավորումը գրավով փոխարինելիս, վերջինը պետք է ծառայի որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը զսպելու համար: Այլ կերպ, պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով, գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար չի կարող մերժվել՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից»8:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Կարեն Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նոր Արեշ 26-րդ փողոցների հատման վայրում Դավիթ Համբարձումյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Գոռ Խաչատրյանի, Էդիկ Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դավիթ Համբարձումյանի կազմակերպած զանգվածային անկարգություններին, որոնք զուգորդվել են բռնությամբ և ջարդերով9,

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Կ.Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար ապացույցներ: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով` գրավով, փոխարինելը տվյալ դեպքում պետք է ճանաչել թույլատրելի: Այս առումով Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ թեև առկա է առաջադրված մեղադրանքի պայմաններում վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, այդուհանդերձ, ազատության հետ կապված այլընտրանքային խափանման միջոցը` գրավը, ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Նման հետևության հանգելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առնել նաև մեղադրյալի անձը, այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ մինչ օրս անօրինական ազդեցություն չի գործադրել, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել և չի խուսափել, ունի աշխատանք և մշտական բնակության վայր, նրա խնամքին են գտնվում անչափահաս երկու երեխաները10,

- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գտել է, որ գրավի կիրառումը կոնկրետ դեպքում կարող է բավարար երաշխիք լինել մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, հատկապես այն հանգամանքի հաշվառմամբ, որ բողոքաբերը վերոգրյալին հակադրում է բացառապես նրան մեղսագրվող ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճանը, ենթադրություններ հավանական գործողությունների մասին և դրանից զատ որևէ այլ իրական, ծանրակշիռ փաստ ու հանգամանք չի ներկայացնում, որը բավարար կլիներ նրան մինչև գործի քննության վերջնական ընթացքն անազատության մեջ պահելու համար11։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դրանց հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի` Գոռ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշմամբ ձևավորված մոտեցումները, նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ դատարանների կողմից մեղադրյալ Կ.Օհանյանի՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը հաստատելու հանգամանքն ինքնին հիմք չէր մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումն ինքնաբերաբար մերժելու համար: Այսինքն, նշված հիմքի առկայության պայմաններում, ստորադաս դատարանների կողմից որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հարցի քննարկումն իրավաչափ էր: Ուստի, բողոքաբերի փաստարկն այն մասին, որ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայությունը բացառում էր գրավի կիրառման հնարավորությունը, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ։

Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում մեղադրյալ Կ.Օհանյանի նկատմամբ գրավի կիրառման թույլատրելիությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի փաստական տվյալներն իրենց համակցության մեջ բավարար չեն Կ.Օհանյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։ Մասնավորապես, թեև արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով պայմանավորված` Կ.Օհանյանին մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` առանց գործի փաստական հանգամանքներ ներկայացնելու` մեղսագրվող արարքի ծանրության աստիճանն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին ազատությունից զրկելու համար12։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Կ.Օհանյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում ինքնին չի կարող բավարար լինել նաև մեղադրյալի` Մասիս քաղաքի փոխքաղաքապետ լինելու հանգամանքը13։ Տվյալ պարագայում, համակողմանի գնահատման ենթարկելով սույն գործով ներգրավված մեղադրյալների և վկաների վրա ներգործելու հավանականությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կ.Օհանյանի փոխքաղաքապետ լինելու հանգամանքն ինքնին չի կարող դիտարկվել որպես գրավի կիրառման բացարձակ արգելք։ Ուստի, այդ հանգամանքը ենթակա է գնահատման սույն գործի մյուս փաստական հանգամանքների, այդ թվում` մեղսագրվող արարքի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի, Կ.Օհանյանի անձը բնութագրող տվյալների հետ համակցության մեջ:

Այսպես, Կ.Օհանյանին մեղսագրվող արարքի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի և սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ.Օհանյանի անձը բնութագրող տվյալները` որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող գործոններ (նախկինում դատապարտված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, ամուսնացած լինելը, խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը14) մինչդատական վարույթի տվյալ փուլում բավարար են գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և մեղադրյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին ստորադաս դատարանի կողմից Կ.Օհանյանի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելը և մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով սահմանված գրավը կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Կ.Օհանյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Կ.Օհանյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը զսպելու համար, հիմնավոր են։ 

15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում։ Հետևաբար, ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել և մեղադրյալ Կ.Օհանյանի բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 21-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Կարեն Կարապետի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0699/06/18 գործով 2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 37-40:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 11-28:

4 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 20-30:

4 Տե՛սս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը, կետեր 34-36։

6 Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:

7 Տե՛ս Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը:

8 Տե՛ս Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշման 24-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

11 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե՛ս, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 46245/08, Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 28739/09:

13 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 37-40:

14 Տե՛ս, ի թիվս այլնի, նյութեր, հատոր 1, թերթեր 37-40:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան