Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0008/06/19

ԱՐԱԴ/0008/06/19
Նախագահող դատավոր՝ Լ. Աբգարյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

    

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

                                        

2020 թվականի հոկտեմբերի 9-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Աշոտ Կամոյի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 6 որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 24101319 քրեական գործը: Նշված գործի նյութերով նախաքննության մարմինը հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ թիվ 24101419, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ թիվ 24101519, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ թիվ 24101619 քրեական գործերը, որոնք միացվել են թիվ 24101319 քրեական գործին` նախաքննությունը շարունակելով 24101319 համարի ներքո:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 7-ի որոշումներով Աշոտ Կիրակոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1.1. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Աշոտ Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

1.2. 2019 թվականի օգոստոսի 9-ին Աշոտ Կիրակոսյանը հայտնաբերվել է և ձերբակալվել: 2019 թվականի օգոստոսի 10-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է: Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 4-ի, դեկտեմբերի 4-ի և 2020 թվականի փետրվարի 4-ի որոշումներով մեղադրյալ Ա.Կիրակոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` յուրաքանչյուր անգամ երկու ամիս ժամկետով:

2. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Կիրակոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` երկու ամիս ժամկետով: Պաշտպան Կ.Քալանթարյանի միջնորդությունը` կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, մերժվել է:

3. Վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2020 թվականի մայիսի 6-ի որոշմամբ թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18 որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մեղադրյալ Ա.Կիրակոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի ապրիլի 4-ով թվագրված որոշումը՝ դատական նիստի արձանագրության համաձայն, կայացվել է 2020 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած դատական նիստում և նույն օրն առձեռն, ստորագրությամբ հանձնվել է պաշտպան Կ.Քալանթարյանին1:

6. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշումը մեղադրյալ Աշոտ Կամոյի Կիրակոսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը, այդ մասին ստորագրությամբ հավաստելով, ստացել է 2020 թվականի ապրիլի 3-ին: Այլ կերպ` բողոքարկվող որոշումը պաշտպանին փաստացի հասու է դարձել 2020 թվականի ապրիլի 3-ին, հետևաբար դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2020 թվականի ապրիլի 13-ը, մինչդեռ մեղադրյալի պաշտպան Կարեն Քալանթարյանն Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 2020 թվականի ապրիլի 14-ին:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (...) պաշտպան Կարեն Քալանթարյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետի խախտմամբ, հետևաբար բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու հիմքերը բացակայում են:

(...) [Պ]աշտպան Կարեն Քալանթարյանը, վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հանգամանքի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, հետևաբար ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության` բողոքը ժամկետանց լինելու հիմքով (...)»2։

7. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքն էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2020 թվականի ապրիլի 13-ին ժամը 18:59-ին3: Նշված բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 14-ին4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա և որի արդյունքում խախտվել են մեղադրյալ Ա.Կիրակոսյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման:

Բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային եղանակով` 2020 թվականի ապրիլի 13-ին: Բացի այդ, ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի որոշումը թվագրված է 2020 թվականի ապրիլի 4-ով: Ամփոփելով վերոշարադրյալը` բողոքաբերը եզրահանգել է, որ իր կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ իր վերաքննիչ բողոքը համարելով ժամկետում ներկայացված:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…)

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (…): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1.Վերաքննիչ բողոք բերվում են՝ (...)

3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»։

12. Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով5։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Կ.Քալանթարյանն առձեռն ստացել է 2020 թվականի ապրիլի 3-ին6:

- Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքն էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2020 թվականի ապրիլի 13-ին7:

- Վերաքննիչ դատարանը պաշտպան Կ.Քալանթարյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2020 թվականի ապրիլի 13-ը, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացվել է 2020 թվականի ապրիլի 14-ին8:

14. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոք ներկայացնելու եղանակի և ժամկետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման։ Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Կ.Քալանթարյանն առձեռն ստացել է 2020 թվականի ապրիլի 3-ին, որպիսի պայմաններում դրա վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում է 2020 թվականի ապրիլի 4-ից, հետևաբար պաշտպան Կ.Քալանթարյանը, վերաքննիչ բողոքն ապրիլի 13-ին էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան ուղարկելով, այն ներկայացրել է սահմանված ժամկետում։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության` փաստելով, որ պաշտպան Կ.Քալանթարյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է առձեռն 2020 թվականի ապրիլի 14-ին:

15. Նախորդ կետում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է մեղադրյալի` դատարանի մատչելիության իրավունքը, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման ժամկետի պահպանմամբ:

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մայիսի 6 որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար9: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Աշոտ Կամոյի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 6 որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե'ս նյութեր, հատոր 6, թերթեր 123-127, 136:

2 Տե'ս նյութեր, հատոր 7, թերթեր 15-18։

3 Տե'ս նյութեր, հատոր 7, թերթ 58։

4 Տե'ս նյութեր, հատոր 7, թերթ 1։

5 Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

6 Տե΄ս սույն որոշման 5-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

8 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: