Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2020-15.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2020 թվականի N 678-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՅԳԵՊԱՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՏԵՐԻ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ0059558) կողմից իրականացվող` «Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցին հարակից տարածքում ապաստարանի կառուցում և դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի պատերի ջրամեկուսացման աշխատանքներ» 38,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝0059558) կողմից «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07613551) 2020 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված եռակողմ պայմանագրում (պայմանագրի համար` N-01) նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական և ջրամեկուսացման աշխատանքների իրականացում` 38,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 5-ի N 678-Ա

որոշման

 

«ԴՊՐՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՏԵՐԻ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ռմբակոծման հետևանքով առաջացած ավերումների վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել առաջարկությամբ, բարեգործական նպատակներով մասնակցել մարզի սահմանամերձ գյուղերից մեկի ազգաբնակչության անվտանգության և պաշտպանության բարելավման գործին։

«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Տավուշի մարզպետարանի համաձայնությամբ նախատեսվեց մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեպար գյուղի դպրոցի հարակից տարածքում՝ հաստատված նախագծով կառուցել ապաստարան և նոր տեխնոլոգիայով իրականացնել նույն դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի 73 գծամետր երկարությամբ պատերի ջրամեկուսացման աշխատանքները։

Նշված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում բարձրացնել գյուղի ազգաբնակչության պաշտպանվածության և անվտանգության մակարդակը, ինչպես նաև բարելավել դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի շահագործման հուսալիությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպություն (ՀՀ, ք․ Երևան - 0002, Ամիրյան 26, ՀՎՀՀ՝ 00059558)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպություն (ՀՀ, ք․ Երևան - 0002, Ամիրյան 26, ՀՎՀՀ՝ 00059558)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեպար` համայնքային զարգացման բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

38 մլն դրամ, ֆինանսավորման աղբյուրը՝ «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության սեփական միջոցներ և հանգանակություններ։

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի Այգեպար համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

 Ծրագրի տևողությունը 6 (վեց) ամիս։

- սկիզբը՝ 30 հոկտեմբերի 2020 թ․

- ավարտը՝ 30 ապրիլի 2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ապաստարանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2021 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 35 մլն դրամ.

Դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի պատերի ջրամեկուսացման աշխատանքներ՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 3 մլն դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ապաստարանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ շուրջ 35 մլն դրամ.

Դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի 73 գծամետր երկարությամբ պարագծով պատերի մոտ 30 լիտր «Մապեստոպ» հատուկ նյութով ջրամեկուսացման աշխատանքների իրականացում՝ շուրջ 3 մլն դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված և բարեգործություն ստացողին բացի շինմոնտաժային աշխատանքների ծախսերից՝ կազմակերպական, գրասենյակային, գործուղման և այլ ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Տավուշի մարզպետարանի, Տավուշի մարզի Բերդ համայնքի և Այգեպարի գյուղապետարանի հետ բարեգործական ծրագրի և պայմանագրային պարտավորությունների իրականացման կազմակերպական բազմաբնույթ հարցերի լուծմանն ուղղված համագործակցություն։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.2021, N 375-Ա 15.05.2021, N 678-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան