ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 հnկտեմբերի 2020 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Կառավարությունն իր՝ 2020 թվականի հուլիսի 23-ի N 1223-Ա որոշմամբ 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 30-ին:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի հուլիսի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա)` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ին Նյու Յորքում` երեխաներին՝ իրենց իրավունքների խախտումների դեմ բողոքներ ներկայացնելու հնարավորություն տվող ազգային և տարածաշրջանային մեխանիզմներն ամրապնդելու և լրացնելու նպատակով:
2. Արձանագրությունը հնարավորություն է տալիս Երեխայի իրավունքների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու և լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաև առավել ընդլայնելու Կոնվենցիայի և համապատասխան դեպքերում դրա` «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և Կոնվենցիային կից` «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:
3. Հայաստանի Հանրապետությունը Արձանագրությամբ ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) ճանաչել Կոմիտեի՝ Արձանագրությամբ նախատեսված իրավասությունը (հոդված 1, կետ 1),
բ) ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը՝ ապահովելու համար, որ իր իրավազորության ներքո գտնվող ոչ մի անհատ Արձանագրության համաձայն ներկայացրած հաղորդագրությունների կամ Կոմիտեի հետ համագործակցության պատճառով չենթարկվի մարդու իրավունքների որևէ խախտման, վատ վերաբերմունքի կամ ահաբեկման (հոդված 4, կետ 1),
գ) ապահովել, որ որևէ անհատի կամ անհատների խմբի ինքնությունը հրապարակայնորեն չբացահայտվի՝ առանց նրանց հստակ արտահայտված համաձայնության (հոդված 4, կետ 2),
դ) գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ ներկայացնել Կոմիտե՝ պարզաբանելով հարցը և իրավական պաշտպանության այն միջոցը, եթե այդպիսին առկա է, որը Հայաստանի Հանրապետությունը կարող է տրամադրած լինել: Իր պատասխանը ներկայացնել հնարավորինս շուտ՝ վեց ամսվա ընթացքում (հոդված 8, կետ 2),
ե) պատշաճ ուշադրություն դարձնել Կոմիտեի տեսակետներին, ինչպես նաև, եթե այդպիսիք առկա են, առաջարկություններին, և Կոմիտե ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ, Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված և նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ (հոդված 11, կետ 1),
զ) Արձանագրության 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն արված հայտարարությունն ի պահ հանձնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա պատճենները փոխանցում է մյուս Կողմ պետություններին (հոդված 12, կետ 4),
է) Կոմիտեի փոխանցած եզրակացությունները, մեկնաբանությունները և առաջարկություններն ստանալուց հետո հնարավորինս շուտ՝ վեց ամսվա ընթացքում, Կոմիտե ներկայացնել իր նկատառումները (հոդված 13, կետ 5),
ը) ստանձնել պատշաճ ու ակտիվ միջոցներով և՛ չափահասներին, և՛ երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողներին, հավասարապես հասանելի ձևաչափերով լայնորեն հայտնի դարձնել և տարածել Արձանագրությունը և դյուրացնել մատչելիությունը Կոմիտեի տեսակետների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկություններին, մասնավորապես այն հարցերի վերաբերյալ, որոնցում ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը (հոդված 17):
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված դրույթներին, ի թիվս այլնի՝ նպատակաուղղված են ամրապնդելու և լրացնելու երեխաների իրավունքների պաշտպանության ազգային և տարածաշրջանային կառուցակարգերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
27 հոկտեմբերի 2020 թվականի ՍԴՈ-1557 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2020 թվական: