ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 24 սեպտեմբերի 2020 թ. |
ԲԴԽ-55-Ո-Կ-14 |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
||
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ռ. Վարդազարյանի, | |
մասնակցությամբ՝ |
Գ. Բեքմեզյանի, Ա. Հայկյանցի, Հ. Հովհաննիսյանի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ս. Միքայելյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Քոչարյանի, | |
Արդարադատության նախարար |
Ռ. Բադասյանի, | |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Դ. Գասպարյանի, | |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ |
Մ. Վասակյանի, | |
քարտուղարությամբ՝ |
Մ. Թելոյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար)՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 83-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 2020 թվականի մայիսի 8-ին Նախարարին ներկայացված հաղորդումը:
Նախարարի 2020 թվականի հունիսի 8-ի թիվ 62-Ա որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Վահե Խալաթյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 83-Ա որոշմամբ Նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Դիմողն իր դիրքորոշումը ներկայացնելու համար վկայակոչում է հետևյալ իրավական նորմերը.
Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից։
Դիմողը գտնում է, որ վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն այն դատական ատյանն է, որն իրավասու է դատական ստուգման ենթարկել առաջին ատյանի դատարանի դատական ակտերը, բեկանել դրանք, փոփոխել, կայացնել նոր դատական ակտ կամ ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության։ Ընդ որում, դատարանի կողմից կայացված դատական ակտերը պարտադիր կատարման ենթակա են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչը ոչ մի դեպքում չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով։ Մեջբերված դատավարական, ինչպես նաև սահմանադրական նորմի մեկնաբանմամբ, միաժամանակ Հայաստանի Հանրապետության դատարանակազմական տրամաբանությունից ուղղակիորեն բխում է, որ վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս ատյանի որոշումը բեկանելու և նոր քննության ուղարկելու հետևանքը բոլոր դեպքերում դատական ակտը կայացրած դատարանի կողմից այն նոր քննության ենթարկելն է։
Դիմողը պնդում է, որ Դատավորի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերն անհետևանք թողնելը և պաշտպանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացված երկրորդ, նոր փաստական հանգամանքների բացակայության պայմաններում նույն հիմքերով և հիմնավորումներով միջնորդությունը Դատարանի կողմից քննության առնելը, ինչպես նաև պաշտպանի 2020 թվականի ապրիլի 1-ի երրորդ միջնորդությունը քննության առնելն առանց վերադաս ատյանի ակտով բեկանված և նոր քննության ուղարկված նույն բովանդակությամբ միջնորդությունը քննելը տեղի է ունեցել Սահմանադրության 172-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ և 288-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ։ Արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանի իրավական դիրքորոշումներին շարունակաբար անդրադարձ չկատարելով, Դատավորը թույլ է տվել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ զերծ չի մնացել այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև զերծ չի մնացել իր վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց։
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին:
Նախարարին ներկայացրած իր գրավոր բացատրության մեջ Դատավորը Գլխավոր դատախազի հաղորդման մեջ նշված հանգամանքների դեմ առարկել է մասնակի, իսկ վերաքննիչ ատյանի որոշումից հետո միջնորդությունը նորից չքննելը պայմանավորել է պաշտպան Գ.Գրիգորյանի կողմից ներկայացված նոր միջնորդությունները քննության առնելով։
Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանի մեջ Դատավորն ընդգծել է, որ քրեական գործը ծավալուն է և բազմադրվագ, դատական նիստերն ընթանում են ծանր և հագեցած են բազմաթիվ ու բազմաբնույթ միջնորդություններով, ինչն էլ իր հերթին առաջացնում է բազմաթիվ դժվարություններ: Համընթաց իր վարույթում են գտնվում շուրջ 85 քրեական գործեր, ԱՆ պրոբացիայի ծառայության միջնորդություններ, մինչդատական վարույթի միջնորդություններ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով բողոքարկվող դիմումներ, բողոքներ, ԱՆ «Արմավիրի» ՔԿ հիմնարկի դատապարտյալների վերաբերյալ միջնորդություններ, դիմումներ: Իր համոզմամբ սույն կարգապահական վարույթը քրեական գործի դատական քննության փուլում առաջ է բերելու նոր, էլ ավելի ծանր իրավիճակ. մի կողմից առաջ է բերելու Դատավորի օրինական գործողությունների կաշկանդվածություն, մյուս կողմից՝ հաստատապես դառնալու է կողմերի համար շահարկման առարկա, ինչն անցանկալի է: Դատավորը նաև խնդրել է հնարավորության սահմաններում մեղմ գտնվել և հայցել է Բարձրագույն դատական խորհրդի բարեխղճությունը, ինչն իր հերթին կպարտավորեցնի իրեն ավելի ուշադիր լինել աշխատանքային գործունեության ընթացքում:
Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստում Դատավորի ներկայացուցիչը հայտնեց, որ 3 անգամ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը բավարարելու Դատավորի որոշումները հիմնավոր են և պատճառաբանված, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը հստակ նշում է այն դեպքերը, թե երբ է արգելվում կիրառել գրավ: Բացի դրանից Նախարարի միջնորդության մեջ նշված այն փաստարկը, որ բոլոր միջնորդությունները ներկայացվել են նույն հիմքով, Դատավորի ներկայացուցիչը ևս գնահատեց ոչ հիմնավոր, քանի որ 1-ին միջնորդությունից հետո ներկայացված 2-րդ միջնորդությամբ ներկայացվել են վկաների ցուցմունքներ, որոնք տրվել են դատաքննության փուլում, 3-րդ միջնորդությամբ ներկայացվել են ցուցմունքներ դատաքննության փուլում ձեռք բերված, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ԵԽ խորհրդատվությունը։ Դատավորի ներկայացուցիչը նշեց, որ սա կարևոր է, քանի որ մի շարք դատարաններ գրավի կիրառման հիմքում դրել են այդ խորհրդատվությունը:
Ներկայացուցիչը նաև նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը Դատավորը դեռ կանդրադառնա, նա պարտավոր չէ դրան անդրադառնալ դատավարության հենց այս փուլում, այսինքն՝ Դատավորի մոտ կաշկանդվածություն է ստեղծվում, երբ գործի քննության փուլում իրեն տալիս են ցուցումներ:
Դատավորի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ վերադաս դատական ատյանի որոշման արդյունքում պաշտպանի միջնորդությունը Դատավորի կողմից քննության չառնելը պայմանավորված է նաև Դատավորի ծանրաբեռնվածությամբ:
Դատավորի կողմից անկողմնակալության խախտման Նախարարի փաստարկը Դատավորի ներկայացուցիչը ևս հերքեց և նշեց, որ Դատավորի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի որոշման արդյունքում պաշտպանի միջնորդությունը քննության առարկա դարձնելը հենց կարող էր պաշտպանության կողմի մոտ ընկալվել որպես անաչառության և անկողմնակալության խախտում:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Դատարանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ բավարարվել է թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով մեղադրյալ Վոլոդյա Աբրահամյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
2. 2019 թվականի նոյեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազ Ա. Մնացականյանի բողոքը և Դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասով, բեկանել է և փոփոխել՝ գրավի կիրառումը համարել է ոչ իրավաչափ, կալանքը թողել է ուժի մեջ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ մերժել։
3. Պաշտպան Գ. Գրիգորյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին երկրորդ անգամ ներկայացվել է նախորդի հետ նույնաբովանդակ միջնորդություն, նույն հիմքերով և հիմնավորումներով, որը քննության է առնվել Դատարանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում և բավարարվել, նույն ամբաստանյալի նկատմամբ կրկին գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելը թույլատրելի է ճանաչվել:
4. 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ մեղադրողի կողմից բերված բողոքը 2020 թվականի փետրվարի 19-ին կրկին բավարարվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, Դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանվել է և նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` միջնորդությունը նորից քննության առնելու նպատակով:
5. Պաշտպանը 2020 թվականի ապրիլի 1-ին երրորդ անգամ միջնորդություն է ներկայացրել գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Նախորդ միջնորդություններից վերջինս տարբերվել է նրանով, որ դրա հիմքում որպես գրավի թույլատրելիության հիմնավորում նշվել է նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ԵԽ խորհրդատվությունը։
6. Դատարանը 2020 թվականի ապրիլի 16-ին բավարարել է և գրավի կիրառելիությունը երրորդ անգամ թույլատրելի ճանաչել՝ առանց Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի վերաբերյալ որևէ նշում կատարելու և դրանց անդրադառնալու:
7. Դատախազի կողմից բերված հերթական բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի հունիսի 9-ին բավարարել է, պաշտպանի միջնորդությունը՝ մերժել, իսկ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:
8. Գործի նյութերի և դատական նիստերի ձայնագրությունների ուսումնասիրմամբ պարզվել է, որ Դատարանում Վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը մուտք է եղել 2020 թվականի մարտի 3-ին, սակայն Դատարանը երկրորդ միջնորդությունը 2019 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում քննելիս տեղյակ է եղել Վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշման մասին, քանի որ դատախազն իր առարկությունների հետ մեկտեղ որոշման պատճենը տրամադրել է Դատարանին։
9. Վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի փետրվարի 19-ի որոշումը Դատարանում ստացվել է 2020 թվականի ապրիլի 8-ին (ըստ Դատավորի ձեռագիր նշման՝ ծանոթացել է 15.04.2020 թվականին):
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարության ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով Դատավորի կողմից կալանքը գրավով փոխարինելու պաշտպանի ներկայացրած երկրորդ միջնորդությունը քննության առնելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի խախտման,
2. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով Դատավորի կողմից՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննության չառնելը և նշված որոշման կայացումից հետո կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի ներկայացրած երրորդ միջնորդությունը քննության առնելը հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման,
3. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումը հանգեցրել է դատավորի անաչառ և անկողմնակալ լինելու վարքագծի կանոնի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման:
Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը նախատեսում է հնարավորություն միջնորդության կամ պահանջի մերժման դեպքում այն կրկին ներկայացնել քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին, սակայն 102-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ միջնորդության կամ պահանջի մերժման դեպքում այն քրեական դատավարության նույն փուլում կամ վարույթն իրականացնող նույն մարմնին կրկին ներկայացնելն օրենսդիրը սահմանափակում է նոր փաստարկի ներկայացման անհրաժեշտությամբ և նման սահմանափակումն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է դատական համակարգը ծանրաբեռնվածությունից պաշտպանելու, իրավունքի իրացումը չարաշահելն արգելելու, ինչպես նաև տրամաբանական և միասնական դատական պրակտիկա ձևավորելու իրավաչափ նպատակներ: Ճիշտ է, հաշվի առնելով արդարադատության շահը և մարդու դատական պաշտպանության հիմնարար իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը՝ օրենսդիրը թույլ է տվել քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում, կամ նույնական միջնորդության բավարարում, սակայն դատարանը պետք է հստակ պատճառաբանի կամ նոր փաստարկի առկայությունը կամ դրա բավարարման անհրաժեշտությունը՝ նոր միջնորդությունը քննության առարկա դարձնելու համար:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ պաշտպանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացված երկրորդ միջնորդության քննության արդյունքում Դատավորի կողմից ընդունված որոշումը չի պարունակում անդրադարձ պաշտպանի միջնորդություններում նոր փաստարկի ներկայացված կամ չներկայացված լինելու հարցին, ինչպես նաև չի հիմնավորվում դրա բավարարման անհրաժեշտությունը. ի կատարումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի՝ Դատավորը քննության առարկա չի դարձրել նոր փաստարկի առկայության հարցը, ինչպես նաև չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է քրեական դատավարության տվյալ փուլում հիմնավորվել նման միջնորդության բավարարումը։ Ուստիև, Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն անտեսելը գնահատում է որպես առանց նոր փաստարկի միջնորդությունը քննության առնելու, նույնանման միջնորդությունը բավարարելն առանց դրա հիմնավորումները նշելու փաստ, ինչով Դատավորը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի խախտում:
Ինչպես երկրորդ միջնորդությունը, այնպես էլ 2020 թվականի ապրիլի 1-ին՝ երրորդ միջնորդությունը Դատարանի կողմից քննելու մասին խոսելիս Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ատյանների միջև փոխհարաբերություններին և վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի առնչությամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դրսևորած վարքագծին: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնակարգումները, ըստ որոնց՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար (մաս 2-րդ) և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն (մաս 3-րդ), վերաբերում է բոլոր անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց: Հաշվի առնելով նշվածը՝ Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Դատարանի որոշումները բեկանելու պայմաններում կրկին պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունները քննելիս Վերաքննիչ քրեական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները և ցուցումները հաշվի չառնելը հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման: Անդրադառնալով Դատավորի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Դատավորի որոշումների բեկանման արդյունքում պաշտպանի նոր միջնորդությունները քննության առարկա դարձնելու, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները անտեսելու հարցին՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ «որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու /…/ դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից»: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններն ընդունում և ուսումնասիրում են կողմերի ներկայացրած ապացույցներն իրենց համակցության մեջ, մինչդեռ վերաքննիչ դատարանները գործն ըստ էության չեն քննում, այլ ստուգում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատական ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Ուստիև, վկայակոչված իրավական նորմերի ուժով Դատավորը պետք է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Դատարանի որոշման բեկանման և նոր քննության ուղարկելու արդյունքում այդ միջնորդությունը քննության առարկա դարձներ, այլ ոչ թե պաշտպանի՝ կալանքը գրավով փոխարինելու երրորդ միջնորդությունը նոր քննության առարկա դարձներ:
Տվյալ պարագայում Դատավորը խախտել է Սահմանադրության 172-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնք իրենց հերթին դատական համակարգի արդյունավետության, դատական համակարգի նկատմամբ վստահության, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման, իրավական որոշակիության սկզբունքի կարևորագույն երաշխիքներից են: Այս համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ թեև որևէ նորմատիվ իրավական ակտով նախատեսված չէ, թե ինչ ժամկետներում պետք է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերաքննիչ դատարանի կողմից որոշման բեկանման արդյունքում նոր քննություն իրականացնի, այնուհանդերձ Սահմանադրության 172-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համադրությունից բխում է, որ դատարանը պետք է իրականացնի նման քննություն վերաքննիչ դատարանի կողմից որոշումը բեկանելուց անմիջապես հետո, և կարող է նույն պահանջով կրկին ներկայացված միջնորդությունը քննության առարկա դարձնել միայն բեկանված որոշման արդյունքում միջնորդության նոր քննությունից հետո՝ բացառելու համար նույն հարցի կրկնակի քննությունը:
Ուստիև, Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի ներկայացուցչի այն փաստարկը, որ Դատավորը կարող է Վերաքննիչ քրեական դատարանի որոշման արդյունքում պաշտպանի միջնորդությունը քննել հետագայում և պարտավորված չէ այն քննել դատավարության հենց այս փուլում: Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում նաև Դատավորի ներկայացուցչի այն փաստարկը, որ նման քննության արդյունքում Դատավորի վարքագիծը կարող է ընկալվել որպես կողմնակալ, քանզի վերադաս դատական ատյանի ընդունված որոշումները կոչված են երաշխավորելու դատական իրավունքի պաշտպանությունը և արդարադատության շահը և ոչ թե ընկալվում են որպես ցուցում, ինչպես այն որակել է Դատավորի ներկայացուցիչը:
Այս հարցի համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև շեշտադրել, որ Դատավորի ներկայացուցիչն ընդունեց, որ միգուցե Դատավորը կարող էր Վերաքննիչ քրեական դատարանի որոշման արդյունքում քննել նոր քննության ուղարկված միջնորդությունը, սակայն ծանրաբեռնվածության պատճառով դա չի արել:
Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած դատական ակտերն անհետևանք թողնելու, ինչպես նաև պաշտպանի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ երկրորդ և երրորդ միջնորդությունը քննության առնելու, ինչպես նաև 2020 թվականի ապրիլի 1-ի երրորդ միջնորդությունը քննության առնելը՝ առանց վերադաս ատյանի ակտով բեկանված և նոր քննության ուղարկված միջնորդությունը քննելու արդյունքում Դատավորի կողմից թույլ են տրվել Սահմանադրության 172-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով և 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված վկայակոչված դատավարական նորմերի խախտումները կասկածի տակ են դրել դատավորի անկողմնակալ և անաչառ լինելը՝ հանգեցնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտման: Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում վարույթը հարուցած մարմնի այն դիրքորոշումը, ըստ որի՝ դատավորների վարքագծին ուղղված իմպերատիվ պահանջներ սահմանող նորմերն ամրագրում են դատավորի կարգավիճակի համար անկյունաքարային այն հիմնարար սկզբունքը, համաձայն որի՝ արդարադատություն իրականացնելիս կամ որպես դատարան իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև դրանից դուրս դատավորը պետք է ձեռնպահ մնա այնպիսի գործողությունների կատարումից, որոնք որևէ կերպ կարող են կասկածի տակ դնել նրա անաչառությունը կամ անկողմնակալությունը, ինչպես նաև անաչառ դիտորդի մոտ ստեղծեն որևէ կողմին նախապատվություն տալու մասին տպավորություն։ Նշված դրույթներն ուղղակիորեն բխում են նաև դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներից, համաձայն որի՝ դատավորի անաչառությունը վերաբերում է ոչ միայն հենց նրա կողմից կայացված որոշմանն, այլ նաև որոշման կայացմանն ուղղված գործողություններին։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնի խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը, ի պաշտոնե տիրապետելով ՀՀ օրենսդրությանը, պարտավոր է եղել գիտակցել և հասկանալ իր գործողությունները և դրանց հետևանքները:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին հայտարարել խիստ նկատողություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ | |
Անդամներ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Ա. ՀԱՅԿՅԱՆՑ | ||
Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | ||
Առկա է հատուկ կարծիք պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ |
Մ. ՄԱԿՅԱՆ | |
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մխիթարյան | ||
Վ. Քոչարյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«24» սեպտեմբերի 2020 թ. |
ք. Երևան |
Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Ծ Ի Ք
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կայացված ԲԴԽ-55-Ո-Կ-14 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 2020 թվականի մայիսի 8-ին Նախարարին ներկայացված հաղորդումը:
Նախարարի 2020 թվականի հունիսի 8-ի թիվ 62-Ա որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Վահե Խալաթյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
2020 թվականի օգոստոսի 10-ի 83-Ա որոշմամբ Նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Դիմողն իր դիրքորոշումը ներկայացնելու համար վկայակոչում է հետևյալ իրավական նորմերը.
Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից»։
Դիմողը գտնում է, որ վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն այն դատական ատյանն է, որն իրավասու է դատական ստուգման ենթարկել առաջին ատյանի դատարանի դատական ակտերը, բեկանել դրանք, փոփոխել, կայացնել նոր դատական ակտ կամ ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության համար։ Ընդ որում, դատարանի կողմից կայացված դատական ակտերը պարտադիր կատարման ենթակա են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչը ոչ մի դեպքում չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով։ Մեջբերված դատավարական, ինչպես նաև սահմանադրական նորմի մեկնաբանմամբ, միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետության դատարանակազմական տրամաբանությունից ուղղակիորեն բխում է, որ վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս ատյանի որոշումը բեկանելու և նոր քննության ուղարկելու հետևանքը բոլոր դեպքերում դատական ակտը կայացրած դատարանի կողմից այն նոր քննության ենթարկելն է։
Դիմողը պնդում է, որ Դատավորի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերը անհետևանք թողնելը և պաշտպանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացված երկրորդ, նոր փաստական հանգամանքների բացակայության պայմաններում նույն հիմքերով և հիմնավորումներով միջնորդությունը Դատարանի կողմից քննության առնելը, ինչպես նաև պաշտպանի 2020 թվականի ապրիլի 1-ի երրորդ միջնորդությունը քննության առնելը առանց վերադաս ատյանի ակտով բեկանված և նոր քննության ուղարկված նույն բովանդակությամբ միջնորդությունը քննելը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ մասի 4-րդ և 288-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ։ Արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանի իրավական դիրքորոշումներին շարունակաբար անդրադարձ չկատարելով, Դատավորը թույլ է տվել նաև Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ զերծ չի մնացել այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև զերծ չի մնացել իր վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց։
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին և գրավոր պատասխան Բարձրագույն դատական խորհրդին:
Նախարարին ներկայացված իր գրավոր բացատրության մեջ Դատավորը Գլխավոր դատախազի հաղորդման մեջ նշված հանգամանքների դեմ առարկել է մասնակի, իսկ վերաքննիչ ատյանի որոշումից հետո միջնորդությունը նորից չքննելը պայմանավորել է պաշտպան Գ. Գրիգորյանի կողմից ներկայացված նոր միջնորդությունները քննության առնելով։
Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված գրավոր պատասխանի մեջ Դատավորն ընդգծել է, որ քրեական գործը ծավալուն է և բազմադրվագ, դատական նիստերն ընթանում են ծանր և հագեցած են բազմաթիվ և բազմաբնույթ միջնորդություններով, ինչն էլ իր հերթին առաջացնում է բազմաթիվ դժվարություններ: Համընթաց իր վարույթում է գտնվում շուրջ 85 քրեական գործեր, ԱՆ պրոբացիայի ծառայության միջնորդություններ, մինչդատական վարույթի միջնորդություններ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 և 290-րդ հոդվածներով բողոքարկվող դիմումներ, բողոքներ ԱՆ «Արմավիրի» ՔԿ հիմնարկի դատապարտյալների վերաբերյալ միջնորդություններ, դիմումներ: Իր համոզմամբ սույն կարգապահական վարույթը քրեական գործի դատական քննության փուլում առաջ է բերելու նոր, էլ ավելի ծանր իրավիճակ, մի կողմից առաջ է բերելու Դատավորի օրինական գործողությունների կաշկանդվածություն, մյուս կողմից՝ հաստատապես դառնալու է կողմերի համար շահարկման առարկա, ինչն անցանկալի է: Դատավորը նաև խնդրել է հնարավորության սահմաններում մեղմ գտնվել և հայցել է Բարձրագույն դատական խորհրդի բարեխղճությունը, ինչն իր հերթին կպարտավորեցնի իրեն ավելի ուշադիր լինել աշխատանքային գործունեության ընթացքում:
Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստում Դատավորի փաստաբանը հայտնեց, որ 3 անգամ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը բավարարելու Դատավորի որոշումները հիմնավոր են և պատճառաբանված, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը հստակ նշում է այն դեպքերը, թե երբ է արգելվում կիրառել գրավ: Բացի դրանից Նախարարի միջնորդության մեջ նշված այն փաստարկը, որ բոլոր միջնորդությունները ներկայացվել են նույն հիմքով, Դատավորի փաստաբանը ևս գնահատեց ոչ հիմնավոր, քանի որ 1-ին միջնորդությունից հետո ներկայացված 2-րդ միջնորդությամբ ներկայացվել է վկաների ցուցմունքներ, որոնք տրվել են դատաքննության փուլում, 3-րդ միջնորդությամբ ներկայացվել են ցուցմունքներ դատաքննության փուլում ձեռքբերված, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ԵԽ խորհրդատվությունը։ Դատավորի փաստաբանը նշեց, սա կարևոր է, քանի որ մի շարք դատարաններ գրավի կիրառման հիմքում դրել են այդ խորհրդատվությունը:
Փաստաբանը նաև նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշմանը Դատավորը դեռ կանդրադառնա, նա պարտավոր չէ դրան անդրադառնալ դատավարության հենց այս փուլում, այսինքն՝ Դատավորի մոտ կաշկանդվածություն է ստեղծվում, երբ գործի քննության փուլում իրեն տալիս են ցուցումներ:
Դատավորի փաստաբանը նաև հայտնեց, որ վերադաս դատական ատյանի որոշման արդյունքում պաշտպանի միջնորդությունը Դատավորի կողմից քննության չառնելը պայմանավորված է նաև Դատավորի ծանրաբեռնվածությամբ:
Դատավորի կողմից անկողմնակալության խախտման Նախարարի փաստարկը Դատավորի փաստաբանը ևս հերքեց և նշեց, որ Դատավորի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի որոշման արդյունքում պաշտպանի միջնորդությունը քննության առարկա դարձնելը հենց կարող էր պաշտպանության կողմի մոտ ընկալվել որպես անաչառության և անկողմնակալության խախտում:
4 Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Դատարանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ բավարարվել է թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով մեղադրյալ Վոլոդյա Աբրահամյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
2. 2019 թվականի նոյեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազ Ա. Մնացականյանի բողոքը, Դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը կալանավորումը գրավով փոխարինելու մասով բեկանվել է և փոփոխվել, գրավի կիրառումը համարվել է ոչ իրավաչափ, կալանքը թողնվել է ուժի մեջ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ մերժվել։
3. Պաշտպան Գ. Գրիգորյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին երկրորդ անգամ ներկայացվել է նախորդի հետ նույնաբովանդակ միջնորդություն, նույն հիմքերով և հիմնավորումներով, որը քննության է առնվել Դատարանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում և բավարարվել, նույն ամբաստանյալի նկատմամբ կրկին գրավը՝ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց կիրառելը թույլատրելի է ճանաչվել:
4. 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ մեղադրողի կողմից բերված բողոքը 2020 թվականի փետրվարի 19-ին կրկին բավարարվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, Դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանվել է և նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` միջնորդությունը նորից քննության առնելու նպատակով:
5. Պաշտպանը 2020 թվականի ապրիլի 1-ին երրորդ անգամ միջնորդություն է ներկայացրել գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Նախորդ միջնորդություններից վերջինս տարբերվել է նրանով, որ դրա հիմքում որպես գրավի թույլատրելիության հիմնավորում նշվել է նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ԵԽ խորհրդատվությունը։
6. Դատարանը 2020 թվականի ապրիլի 16-ին բավարարել է և գրավի կիրառելիությունը երրորդ անգամ թույլատրելի ճանաչել՝ առանց վերաքննիչ դատարանի դատական ակտերի վերաբերյալ որևէ նշում կատարելու և դրանց անդրադառնալու:
7. Դատախազի կողմից բերված հերթական բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի հունիսի 9-ին բավարարել է, պաշտպանի միջնորդությունը՝ մերժել, իսկ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:
8. Գործի նյութերի և դատական նիստերի ձայնագրությունների ուսումնասիրմամբ պարզվել է, որ Դատարանում Վերաքննիչ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը մուտք է եղել 2020 թվականի մարտի 3-ին, սակայն Դատարանը երկրորդ միջնորդությունը 2019 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում քննելիս տեղյակ է եղել Վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշման մասին, քանի որ դատախազն իր առարկությունների հետ մեկտեղ որոշման պատճենը տրամադրել է Դատարանին։
9. Վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի փետրվարի 19-ի որոշումը Առաջին ատյանի դատարանում ստացվել է 2020 թվականի ապրիլի 8-ին (ըստ դատավորի ձեռագիր նշման՝ ծանոթացել է 15.04.2020թ.-ին):
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամների մեծամասնության պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարության ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի փաստաբանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով Դատավորի կողմից կալանքը գրավով փոխարինելու պաշտպանի ներկայացրած երկրորդ միջնորդությունը քննության առնելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի խախտման,
2. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով Դատավորի կողմից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված Կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննության չառնելը և նշված որոշման կայացումից հետո կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի ներկայացրած երրորդ միջնորդությունը քննության առնելը հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման,
3. արդյո՞ք թիվ ԱՐԴ1/0081/01/17 քրեական գործով դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումը հանգեցրել է դատավորի անաչառ և անկողմնակալ լինելու վարքագծի կանոնի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման:
ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից»։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը նախատեսում է հնարավորություն միջնորդության կամ պահանջի մերժման դեպքում այն կրկին ներկայացնել քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին, սակայն 102-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ միջնորդության կամ պահանջի մերժման դեպքում այն քրեական դատավարության նույն փուլում կամ վարույթն իրականացնող նույն մարմնին կրկին ներկայացնելն օրենսդիրը սահմանափակում է նոր փաստարկի ներկայացման անհրաժեշտությամբ և նման սահմանափակումն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է դատական համակարգը ծանրաբեռնվածությունից պաշտպանելու, իրավունքի իրացումը չարաշահելը արգելելու, ինչպես նաև տրամաբանական և միասնական դատական պրակտիկա ձևավորելու իրավաչափ նպատակներ: Ճիշտ է, հաշվի առնելով արդարադատության շահը և մարդու դատական պաշտպանության հիմնարար իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը՝ օրենսդիրը թույլ է տվել քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում, կամ նույնական միջնորդության բավարարում, սակայն դատարանը պետք է հստակ պատճառաբանի կամ նոր փաստարկի առկայությունը կամ դրա բավարարման անհրաժեշտությունը՝ նոր միջնորդությունը քննության առարկա դարձնելու համար:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ պաշտպանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացված երկրորդ միջնորդության քննության արդյունքում Դատավորի կողմից ընդունված որոշումը չի պարունակում անդրադարձ պաշտպանի միջնորդություններում նոր փաստարկի ներկայացված կամ չներկայացված լինելու հարցին, ինչպես նաև չի հիմնավորվում դրա բավարարման անհրաժետությունը. Ի կատարումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի Դատավորը քննության առարկա չի դարձրել նոր փաստարկի առկայության հարցը՝, ինչպես նաև չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է քրեական դատավարության տվյալ փուլում հիմնավորվել նման միջնորդության բավարարումը։ Ուստիև, Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն անտեսելը գնահատում է որպես առանց նոր փաստարկի միջնորդությունը քննության առնելու, նույնանման միջնորդությունը բավարարելը առանց դրա հիմնավորումները նշելու փաստ, ինչով Դատավորը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի խախտում:
Ինչպես երկրորդ միջնորդության, այնպես էլ 2020 թվականի ապրիլի 1-ին՝ երրորդ միջնորդությունը դատարանի կողմից քննելու մասին խոսելիս Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ատյանների միջև փոխհարաբերություններին և վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի առնչությամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դրսևորած վարքագծին: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնակարգումները, ըստ որոնց՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար (մաս 2-րդ) և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն (մաս 3-րդ), վերաբերում է բոլոր անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց: Հաշվի առնելով նշվածը՝ Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Դատարանի որոշումները բեկանելու պայմաններում կրկին պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունները քննելիս Վերաքննիչ քրեական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները և ցուցումները հաշվի չառնելը հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման: Անդրադառնալով Դատավորի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Դատավորի որոշումների բեկանման արդյունքում պաշտպանի նոր միջնորդությունները քննության առարկա դարձնելու, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները անտեսելու հարցին՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ «որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու /…/ դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից»: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները ընդունում և ուսումնասիրում են կողմերի ներկայացրած ապացույցներն իրենց համակցության մեջ, մինչդեռ վերաքննիչ դատարանները գործն ըստ էության չեն քննում, այլ ստուգում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատական ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Ուստիև, վկայակոչված իրավական նորմերի ուժով Դատավորը պետք է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Դատարանի որոշման բեկանման և նոր քննության ուղարկելու արդյունքում այդ միջնորդությունը քննության առարկա դարձներ, այլ ոչ թե պաշտպանի՝ կալանքը գրավով փոխարինելու երրորդ միջնորդությունը նոր քննության առարկա դարձներ:
Տվյալ պարագայում Դատավորը խախտել է ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնք իրենց հերթին դատական համակարգի արդյունավետության, դատական համակարգի նկատմամբ վստահության, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման, իրավական որոշակիության սկզբունքի կարևորագույն երաշխիքներից են: Այս համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ թեև որևէ նորմատիվ իրավական ակտով նախատեսված չէ, թե ինչ ժամկետներում պետք է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերաքննիչ դատարանի կողմից որոշման բեկանման արդյունքում նոր քննություն իրականացնի, այնուհանդերձ ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համադրությունից բխում է, որ դատարանը պետք է իրականացնի նման քննություն Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը բեկանելուց անմիջապես հետո, և կարող է նույն պահանջով կրկին ներկայացված միջնորդությունը քննության առարկա դարձնել միայն բեկանված որոշման արդյունքում միջնորդության նոր քննությունից հետո՝ բացառելու համար նույն հարցի կրկնակի քննությունը:
Ուստիև, Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի փաստաբանի այն փաստարկը, որ Դատավորը կարող է Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում պաշտպանի միջնորդությունը քննել հետագայում և պարտավորված չէ այն քննել դատավարության հենց այս փուլում: Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում նաև Դատավորի փաստաբանի այն փաստարկը, որ նման քննության արդյունքում Դատավորի վարքագիծը կարող է ընկալվել որպես կողմնակալ, քանզի վերադաս դատական ատյանի ընդունված որոշումները կոչված են երաշխավորելու դատական իրավունքի պաշտպանությունը և արդարադատության շահը և ոչ թե ընկալվում են որպես ցուցում, ինչպես այն որակել է Դատավորի փաստաբանը:
Այս հարցի համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև շեշտադրել, որ Դատավորի փաստաբանն ընդունեց, որ միգուցե Դատավորը կարող էր Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում քննել նոր քննության ուղարկված միջնորդությունը, սակայն ծանրաբեռնվածության պատճառով դա չի արել:
Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած դատական ակտերն անհետևանք թողնելու, ինչպես նաև պաշտպանի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ երկրորդ և երրորդ միջնորդությունը քննության առնելու, ինչպես նաև 2020 թվականի ապրիլի 1-ի երրորդ միջնորդությունը քննության առնելը՝ առանց վերադաս ատյանի ակտով բեկանված և նոր քննության ուղարկված միջնորդությունը քննելու արդյունքում Դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով և 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված վկայակոչված դատավարական նորմերի խախտումները կասկածի տակ են դրել դատավորի անկողմնակալ և անաչառ լինելը՝ հանգեցնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտման: Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում վարույթը հարուցած մարմնի այն դիրքորոշումը, ըստ որի՝ դատավորների վարքագծին ուղղված իմպերատիվ պահանջներ սահմանող նորմերն ամրագրում են դատավորի կարգավիճակի համար անկյունաքարային այն հիմնարար սկզբունքը, ըստ որի, արդարադատություն իրականացնելիս կամ որպես դատարան իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև դրանից դուրս դատավորը պետք է ձեռնպահ մնա այնպիսի գործողությունների կատարումից, որոնք որևէ կերպ կարող են կասկածի տակ դնել նրա անաչառությունը կամ անկողմնակալությունը, ինչպես նաև անաչառ դիտորդի մոտ ստեղծեն որևէ կողմին նախապատվություն տալու մասին տպավորություն։ Նշված դրույթներն ուղղակիորեն բխում են նաև դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներից, համաձայն որի՝ դատավորի անաչառությունը վերաբերում է ոչ միայն հենց նրա կողմից կայացված որոշմանն, այլ նաև որոշման կայացմանն ուղղված գործողություններին։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնի խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորն ի պաշտոնե տիրապետելով ՀՀ օրենսդրությանը, պարտավոր է եղել գիտակցել և հասկանալ իր գործողությունները և դրանց հետևանքները:
Վերոգրյալ հիմնավորումներից ելնելով Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է՝ Արդարադատության նախարարի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին հայտարարել խիստ նկատողություն:
6. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մ.Մակյանի իրավական դիրքորոշումը.
Ուսումնասիրելով ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին թիվ 83-Ա որոշումը, ծանոթանալով այդ որոշմանը կից ներկայացված նյութերին, հիմք ընդունելով նշված կարգապահական վարույթի վերաբերյալ կայացած նիստում կողմերի ներկայացված դիրքորոշումները, ինչպես նաև քննարկման առարկա դարձնելով ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կայացված թիվ ԲԴԽ-55-Ո-Կ-14 որոշման հիմնավորումները՝ համաձայն չեմ նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ ներքոհիշյալ պատճառաբանություններով.
6.1 Դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու մասով.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«4. Միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»:
Մեջբերված իրավանորմի պարզ վերլուծությունը թույլ է տալիս գալու եզրահանգման, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, հիշյալ իրավանորմի կիրառումը օրենսդիրը պայմանավորել է դրան նախորդող որոշակի հանգամանքով, այն է՝ միջնորդության կամ պահանջի մերժված լինելը, ինչը քննարկվող դեպքում առկա չէ: Հարկ է արձանագրել, որ ամբաստանյալ Վ.Աբրահամյանի պաշտպան Գ.Գրիգորյանի կողմից իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ բոլոր երեք միջնորդությունները դատարանի կողմից չեն մերժվել, ընդհակառակը՝ բավարարվել են: Հետևաբար, առհասարակ չի կարող խոսք գնալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված օրենսդրական արգելքի մասին: Ինչ վերաբերում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 07-ին կայացված՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը մասնակիորեն՝ կիրառված կալանավորում խափանման միջոցը գրավով փոխարինելու մասով բեկանելուն, ապա հարկ է արձանագրել, որ տվյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանը քննարկել է ոչ թե պաշտպան Գուրգեն Գրիգորյանի միջնորդությունը, այլ նրա միջնորդության հիման վրա առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը բողոքարկելու վերաբերյալ դատախազի վերաքննիչ բողոքը: Ասվածից հետևում է, որ երկրորդ անգամ նույն պաշտպանի, նույն պահանջով ներկայացված միջնորդությունը քննարկելու համար առաջին ատյանի դատարանը որևէ իրավական արգելք չի ունեցել: Ավելին, գտնում եմ, որ հիշատակված քրեադատավարական նորմը միջնորդությունների քննարկման սահմանափակման առումով հակասության մեջ չի մտնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իր մի շարք նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների հետ, ավելին, բխում է 2006թ-ի նոյեմբերի 27-ին թիվ 974-րդ ժողովում Եվրոպայի խորհրդի նախարարների Կոմիտեի կողմից ընդունված թիվ /2006/ 13 հանձնարարականից, համաձայն որի՝ «Եվրոպական դատարանն ընդունելի է համարել երկու տարբերակներն էլ, որի պայմաններում ներպետական դատարանները կամ պարբերաբար պետք է անդրադառնան անձանց խափանման միջոցի հարցին կամ հնարավորություն ընձեռեն դատավարության մասնակիցներին այդպիսի միջնորդություններով հանդես գալ իրենց նախընտրած ցանկացած պահին»: Այլ կերպ ասած, արձանագրելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կառուցակարգերը քրեական վարույթ իրականացնող առանցքային սուբյեկտին՝ դատարանին, չեն պարտավորեցնում սեփական նախաձեռնությամբ և որոշակի պարբերականությամբ քննարկման առարկա դարձնել անազատության մեջ գտնվող անձին ազատ արձակելու հնարավորության հարցը, այդուամենայնիվ, սահմանում են պարտավորություն՝ այդ հարցը քննարկման առարկա դարձնել ցանկացած պահի՝ այդպիսի միջնորդություն ներկայացված լինելու դեպքում, քանի որ նույն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե սույն օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ:
Բացի այդ, նմանատիպ միջնորդությունների՝ անկախ այն ներկայացնելու ժամանակային և փուլային առանձնահատկություններից, քննության անխուսափելիությունը բխում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներից առ այն, որ՝ «4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է», իսկ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»: Գտնում եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերը նշված գործով ամբաստանյալի նկատմամբ ընտրված կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցն առաջին անգամ վերացնելուց հետո դարձյալ գրավ կիրառելու մասին միջնորդությունը դատարանն առանց քննության թողնել չէր կարող և հենց այդ դեպքում կոպտորեն կխախտվեր անազատության մեջ գտնվող անձի հիմնարար իրավունքներից մեկը՝ իրավասու մարմնի կողմից այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ իրեն ազատ արձակելու համատեքստում: Ինչ վերաբերում է Խորհրդի որոշմամբ արձանագրված այն դիտարկմանը, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը «… հետապնդում է դատական համակարգը ծանրաբեռնվածությունից պաշտպանելու, իրավունքի իրացումը չարաշահելը արգելելու, ինչպես նաև տրամաբանական և միասնական դատական պրակտիկա ձևավորելու իրավաչափ նպատակներ», գտնում եմ, որ նախ՝ անձի ազատության իրավունքն ունի առավել բարձր արժեք և այն գերակայում է վերջինիս՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին, բացի այդ, քննարկվող դեպքում առաջին ատյանի դատարանում միջնորդությունները բավարարվելու արդյունքում կայացված որոշումները Վերաքննիչ դատարանի կողմից բեկանվելու պարագայում գործի քննության ձգձգումներ չէր կարող տեղի ունենալ, քանի որ կայացված և վիճարկված դատական ակտերը հանդիսանում են գործն ըստ էության չլուծող միջանկյալ դատական ակտեր, որոնց բողոքարկումը, փոփոխումը կամ բեկանումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող բուն քրեական գործի բնականոն ընթացքի վրա: Այս առումով ցանկանում եմ ընդգծել նաև, որ ամբաստանյալ Վոլորդյա Աբրահամյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան է ստացվել 2017 թվականի դեկտեմբերի 27-ին: Այսինքն՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը առաջին ատյանի դատարանի կողմից առաջին անգամ գրավով փոխարինվել է գործը վարույթ ընդունելուց ավելի քան 1 տարի 8 ամիս անց՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, երկրորդը՝ դրանից 3 ամիս, իսկ երրորդը՝ ևս 4 ամիս անց: Ասվածից հետևում է, որ դատարանում քննվող ցանկացած քրեական գործով նմանատիպ ժամանակահատվածում հնարավոր են տեղի ունենալ այնպիսի ոչ փուլային փոփոխություններ, որոնք ինքնին կարող են բերել նմանատիպ միջնորդությունների ներկայացման՝ անկախ դրանց համար նոր հիմք հանդիսացած հանգամանքների առկայությունից:
Վերահաստատելով այն դիրքորոշումս, որ նմանատիպ միջնորդությունների հարուցման և դրանք չմերժելու պարագայում դատարանի պարտավորությունն է այն կրկին քննարկման առարկա դարձնելը, այդուհանդերձ, հարկ եմ համարում ընդգծել, որ կարգապահական վարույթի համար հիմք հանդիսացած և Խորհրդին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ 2019 թվականի նոյեմբերի 21-ին պաշտպանի կողմից երկրորդ անգամ՝ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության մեջ ի թիվս նախկինում ներկայացված հիմքերի, որպես իր պաշտպանյալին գրավով ազատելու նոր հիմք պաշտպանի կողմից ներկայացվել է լիովին նոր փաստարկ, այն է՝ «Վոլոդյա Աբրահամյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հարցը քննելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջինս ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ ազատվել է կալանքից և մինչև 2019 թվականի նոյեմբերի 07-ը՝ շուրջ երկու ամիս, գտնվել է ազատության մեջ, և այդ ժամանակահատվածում չի կատարել որևէ հակաօրինական արարք»: Դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կայացված որոշմամբ արձանագրել է պաշտպանի կողմից ներկայացված տվյալ փաստարկը, իսկ որոշման պատճառաբանական մասում՝ հանգել որոշակի հետևությունների: Գտնում եմ, որ դատավորի հիշյալ մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումներից առ այն, որ՝ «2. Դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա»:
Հետևաբար, համակարծիք չեմ Խորհրդի մեծամասնությունը կազմող անդամների այն պնդումներին, որ երկրորդ անգամ գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս այն կիրառելու, ինչպես նաև միջնորդությունն առհասարակ քննելու համար նոր փաստարկներ չեն ներկայացվել:
6.2 ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու մասով.
2019 թվականի դեկտեմբերի 18-ին ամբաստանյալ Վոլոդյա Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշում կայացնելուց և այն վերաքննության կարգով բողոքարկվելուց հետո, 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նույն հարցի վերաբերյալ որոշել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել և նյութերը վերադարձնել նույն դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառելու մասին պաշտպան Գ.Գրիգորյանի միջնորդությունը նորից քննության առնելու համար: Մինչև Վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումն առաջին ատյանի դատարան ստանալը, պաշտպան Գրիգորյանի կողմից 2020 թվականի ապրիլի 06-ին կրկին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Որպես միջնորդության նոր փաստարկ՝ պաշտպանը մատնանշել է Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ)՝ ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքների վերաբերյալ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակված հայտարարությունը: Այլ խոսքով, միջնորդության քննարկման և բավարարման համար պաշտպանի կողմից առաջ է քաշվել միանգամայն, նախկինում երբևէ չներկայացված հիմք, հետևաբար, այն աներկբա քննարկման առարկա պետք է դարձվեր դատարանի կողմից: Անդրադառնալով Խորհրդի կողմից կայացված որոշմամբ արձանագրված այն փաստարկին, որ «Վկայակոչված իրավական նորմերի ուժով Դատավորը պետք է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Դատարանի որոշման բեկանման և նոր քննության ուղարկելու արդյունքում այդ միջնորդությունը քննության առարկա դարձներ, այլ ոչ թե պաշտպանի՝ կալանքը գրավով փոխարինելու երրորդ միջնորդությունը նոր քննության առարկա դարձներ», գտնում եմ, որ այս առումով ևս դատավորի կողմից քրեադատավարական օրենքի որևէ նորմի խախտում թույլ չի տրվել, քանի որ գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ պաշտպան Գրիգորյանի կողմից վերը նշված՝ երրորդ միջնորդությունը դատարան է ներկայացվել 2020 թվականի ապրիլի 06-ին: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2020 թվականի փետրվարի 19-ին կայացված որոշմանը դատավորը ծանոթացել է միջնորդությունը քննարկելուց մեկ օր առաջ՝ 15.04.2020թ-ին: Դատարանը հիշյալ հարցի քննարկումն իրականացրել է 2020 թվականի ապրիլի 16-ին: Ժամանակագրական տվյալները վկայում են այն մասին, որ միջնորդության քննարկումն, ի վերջո, իրականացվել է ինչպես պաշտպանի կողմից միջնորդությունը ներկայացնելուց, այնպես էլ վերաքննիչ դատարանից բեկանման վերաբերյալ որոշումը ստանալուց հետո: Հետևաբար, պնդումներն առ այն, որ խափանման միջոցի հարցի քննարկումն իրականացվել է ոչ թե Վերաքննիչ քրեական դատարանի որոշման պահանջների պահպանմամբ, այլ պաշտպանի միջնորդությամբ, առարկայազուրկ են: Նշված փաստարկը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Վերաքննիչ քրեական դատարանը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ինքն է սահմանել ծավալ, այն է՝ պարտավորեցրել է դատարանին ամբաստանյալ Վ.Աբրահամյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին պաշտպան Գրիգորյանի միջնորդությունը քննության առնել նորից: Ասվածից հետևում է, որ անկախ այն բանից, թե Վոլոդյա Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը երրորդ անգամ քննարկվել է պաշտպանի միջնորդությամբ, թե վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման համատեքստում, որևէ նշանակություն ունենալ չի կարող, քանի որ, ըստ էության, քննարկման առարկա է դարձվել նույն հարցը՝ առավել ևս այն պայմաններում, երբ երկու դեպքում էլ քննության է առնվել նույն պաշտպանի կողմից մի դեպքում ներկայացված նախորդ, իսկ մյուս դեպքում՝ նոր միջնորդությունները:
Ինչ վերաբերում է Խորհրդի արտահայտած այն դիրքորոշմանը, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվելուց հետո, բեկանման հիմքում դրված հանգամանքները առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի չեն առնվել և դրանց անդրադարձ չի կատարվել, ապա հարկ եմ համարում արձանագրել, որ դա կարող է կասկածի տակ դնել միայն Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հիմնավորվածությունը և դրա ենթադրաբար պատճառաբանված չլինելը, մինչդեռ, վարույթ հարուցող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Խորհրդին միջնորդություն չի ներկայացվել, իսկ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ 1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը»: Վերը շարադրվածի լույսի ներքո գտնում եմ, որ դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք ենթադրաբար կարող էր հանդիսանալ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը չկատարելը, համաձայն որի, «3. Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված»: Հետևաբար, համակարծիք չեմ Խորհրդի որոշմամբ առաջ քաշված այն հիմնավորմանը, որ դատավոր Խալաթյանը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելով թույլ է տվել դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, քանի որ հիշյալ նորմը չի կարող դիտվել որպես դատավարական: Նույն նաև ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի առնչությամբ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելուն, ապա դա ընդհանրապես որևէ աղերս չունի քննարկվող դեպքի հետ, քանի որ քրեադատավարական օրենքի հիշյալ իրավադրույթը զետեղված է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կարգավորող 39-րդ գլխում և վերաբերելի է քրեական գործի նախաքննության ընթացքում դատարանի կողմից անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերաքննության կարգով դատական ստուգմանը: Մինչդեռ, ինչպես նշվեց վերևում, դատավոր Խալաթյանի կողմից այս դեպքում բոլոր որոշումները կայացվել են գործի դատական քննության փուլում, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմինը, ի դեմս դատարանի, հանդիսանում է դատավորը:
Ամփոփելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով՝
գտնում եմ՝
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կայացված ԲԴԽ-55-Ո-Կ-14 որոշմամբ արձանագրված փաստարկներով չի հիմնավորվել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանի կողմից քրեադատավարական օրենքի որևէ նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հանգամանքը, որը կարող էր հանգեցնել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-ր մասի 3-րդ կետի խախտման և հիմք հանդիսանար վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ` | Մ. Մակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|