26.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2020 թվականի N 1721-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունում «կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության կամ» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը «զինծառայողը» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «ավարտից հետո 5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «ժամանակ կամ դրա ավարտից հետո» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Ռազմական դրության ժամանակ զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում սույն կարգով սահմանված գործընթացը կարող է իրականացվել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ, որի շրջանակներում այդ ստորաբաժանումը, համագործակցելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովում է հատուցման դեպքի հանգամանքների և օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմնի գրության ու սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ստացումը և սույն կարգի 4-րդ կետի պահանջների համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների ներկայացումը հատուցման հիմնադրամին: Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում փաստաթղթերին կցվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավորական հիմունքներով ներգրավելու մասին տեղեկանքը՝ տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից: Սույն կետով նախատեսված կարգով հատուցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցվում է՝ այդ տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ համապատասխան շահառուի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2020 թվական: