Գլխավոր տեղեկություն
Համար
N 1586-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.12.2020-11.12.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 27.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.2021

 

27.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2020 թվականի N 1586-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից.

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:

2. Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

27.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:

2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:

4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:

6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ

 

7. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16.00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան:

 

III. ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 02.12.20 N 1917-Ն)

 

 

IV. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 02.12.20 N 1917-Ն)

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:

12. Որպես քաղաքացիական պաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները:

 

VI. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

13. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

14. Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից:

 

VII. ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

(գլուխը լրաց. 02.10.20 N 1626-Ն)

 

15. (կետն ուժը կորցրել է 02.12.20 N 1917-Ն)

16. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կարող են կիրառվել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետության որևէ վարչատարածքային միավոր կամ որևէ առանձին տարածք (ճանապարհ) մուտք գործելը կամ դուրս գալը՝ պետական անվտանգության երաշխավորման, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:

17. Սույն գլխով նախատեսված ռեժիմն ապահովելու նպատակով կարող են նաև տեղադրվել հատուկ անցակետեր:

 

VIII․ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

(բաժինը լրաց. 10.10.20 N 1667-Ն)

 

18. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի N 1632-Ն որոշումը, բացառությամբ N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի։

(հավելվածը լրաց. 02.10.20 N 1626-Ն, 08.10.20 N 1655-Ն, 10.10.20 N 1667-Ն, փոփ. 02.12.20 N 1917-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան