ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
6 նոյեմբերի 2020 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր՝ 2020 թվականի հուլիսի 30-ի N 1248-Ա որոշմամբ 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 7-ին:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի օգոստոսի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին Բիշկեկում:
2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 13 հոդվածներից և Հավելվածից:
3. Համաձայնագրի առարկան դրան մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումն է մի պետության տարածքից մյուս պետության տարածք ռադիոակտիվ այն աղբյուրների տեղափոխման դեպքում, որոնք ունեն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածի շեմային արժեքների 1-ին և 2-րդ դասերին հավասար կամ գերազանցող ռադիոնուկլիդային ակտիվություն (հոդված 1, մաս 1)։
4. Համաձայնագիրը՝ մասնակից պետությունների կողմից, ի թիվս այլ նկատառումների, կնքվել է.
ա) ղեկավարվելով միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառում միջազգային պայմանագրերով և հաշվի առնելով 2014 թվականի նոյեմբերի 21-ի՝ «ԱՊՀ անդամ երկրների՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության» հայեցակարգով,
բ) ռադիոակտիվ աղբյուրների հետ կապված հնարավոր վթարների և կանխամտածված անօրինական գործողությունների հետևանքներից բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով,
գ) ելնելով Համաձայնագրի կողմ պետությունների՝ սեփական անվտանգության ապահովման և ազգային շահերի պաշտպանությունից, ներառյալ ահաբեկչությանը և ռադիոակտիվ աղբյուրների ապօրինի շրջանառությանը հակազդման անհրաժեշտությունից:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) աջակցել Համաձայնագրի կողմ պետությանը ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտումների հայտնաբերման և կանխման հարցում (հոդված 1, մաս 3),
բ) կազմակերպել ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի ներդրումը՝ համաձայն ԱԷՄԳ-ի կողմից առաջարկվող՝ ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման (հոդված 1, մաս 4),
գ) ապահովել 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ աղբյուրների հաշվառման համակարգի ներդրումը, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումն ու պահպանումը, կորստի, գողության կամ չթույլատրված օգտագործման կանխարգելումը (հոդված 1, մաս 5),
դ) տեղեկություն տրամադրող կողմի օրենսդրությամբ սահմանափակ համարվող տեղեկությունը չտարածել և չտրամադրել երրորդ կողմի՝ առանց այդ տեղեկությունը տրամադրող Կողմի լիազորված (իրավասու) մարմնի գրավոր համաձայնության (հոդված 3, մասեր 3-4),
ե) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված (իրավասու) մարմինը մշակի ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման մասին տեղեկատվության միասնական կարգ և փոխանակման ձևեր, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված (իրավասու) մարմինն ինքնուրույն հոգա Համաձայնագրով իր պարտավորությունների կատարման հետ կապված ծախսերը (հոդված 4),
զ) ապահովել լիազորված (իրավասու) մարմնի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետությունում սահմանված՝ 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ աղբյուրների նախատեսվող փոխադրման վերաբերյալ նախնական ծանուցման ընթացակարգերը, ներառյալ Համաձայնագրի որևէ կողմի ավելի վաղ փոխանցված տեղեկատվության ուղղումները (հոդված 5),
է) Հայաստանի Հանրապետությունում սահմանել կարգ, որով 1-ին և 2-րդ դասի ռադիոակտիվ աղբյուրների փոխադրումն իրականացվում է միայն Համաձայնագրի մասնակից ընդունող կողմի լիազորված (իրավասու) մարմնի հաստատումն ստանալուց հետո այն մասին, որ ընդունող այդ կողմն ունի ռադիոակտիվ աղբյուրների ստացման և տիրապետման թույլտվություն (հոդված 6),
ը) տեղեկատվական փոխգործակցության ընթացքում Հայաստանի Հանրապետության լիազորված (իրավասու) մարմնի կողմից ապահովել տեղեկատվական փոխգործակցության վրա ազդող ծրագրային և տեխնիկական լուծումների մասին կանոնավոր փոխադարձ ծանուցումը, փոխանցվող տեղեկության հուսալիությունը և ամբողջականությունը, նախապես փոխանցված տեղեկության մեջ օպերատիվ կերպով ուղղումներ կատարելը, չկանխատեսված հանգամանքների առաջացման դեպքում տեղեկության փոխանցման կամ ընդունման (պաշտոնական հարցումների) անհնարինության մասին ժամանակին նախազգուշացնելը, ստացված տեղեկության օգտագործումը բացառապես Համաձայնագրի նպատակներով, փոխանակման արդյունքում ստացվող, տարածման և (կամ) տրամադրման համար սահմանափակ տեղեկատվության նկատմամբ հասանելիություն ունեցող անձանց շրջանակի սահմանափակումը, իսկ գաղտնի տվյալների փոխանցման դեպքում` ստացված տեղեկատվության պաշտպանության ապահովման ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան (հոդված 8):
6. Համաձայնագրով նախատեսված է, որ Համաձայնագրի կողմ պետության լիազորված (իրավասու) մարմինների համաձայնեցմամբ Համաձայնագրի որոշ դրույթներ կարող են կիրառվել ռադիոակտիվ աղբյուրների այլ կատեգորիաների նկատմամբ (հոդված 1, մաս 2)։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի կողմ պետության լիազորված (իրավասու) մարմնի այսպիսի լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված (իրավասու) մարմնի հայեցողության շրջանակին վերաբերելի մասով, չի կարող ներառել Համաձայնագրով չնախատեսված ռադիոակտիվ աղբյուրների այնպիսի կատեգորիաներ, որոնք էականորեն տարբերվում են Համաձայնագրով նախատեսվածներից։
7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրով նախատեսված է՝ Համաձայնագրով ստանձնված պարտավորությունների կատարման իմաստով լիազորված (իրավասու) մարմնի գործառույթները կարող են իրականացվել նախարարության, գերատեսչության, պետական կորպորացիայի կամ այլ կազմակերպության կողմից (հոդված 2, մաս 2):
Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այնքանով, որքանով Համաձայնագրի շրջանակում նման գործառույթը վերաբերելի է Հայաստանի Հանրապետության որևէ իրավասու կամ լիազոր մարմնի, ապա նման պետական մարմնի լիազորումը պետք է համապատասխանի Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջին։
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Համաձայնագրի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից բխում է, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «երրորդ կողմ» հասկացությունը ներառում է ինչպես Համաձայնագրի կողմ չհանդիսացող, այնպես էլ Համաձայնագրի կողմ հանդիսացող ցանկացած այլ պետություն, որը չի հանդիսանում Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվություն ստացող պետությունը։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
6 նոյեմբերի 2020 թվականի ՍԴՈ-1558 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|