ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի փետրվարի 5-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի տարեկան գործունեության ծրագիրը (կցվում է):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
Երևան
2001 թվական
Բովանդակություն
Ներածություն
1. Տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը և առկա հիմնախնդիրների բացահայտումը
1.1. Տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը
1.2. Առկա հիմնախնդիրները
1.2.1. Օրենսդրությանն ու մեթոդաբանությանն առնչվող խնդիրները
1.2.2. Տեղեկությունների հավաքման հետ կապված խնդիրները
1.2.3. Կանոնակարգման ենթակա այլ խնդիրներ
2. Տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը և կարգավորման մեխանիզմները
2.1. Ապրանքային շուկաների ուսումնասիրությունը և կարգավորման մեխանիզմները
2.2. Օրենսդրական դաշտի և մեթոդական բազայի կատարելագործումը
2.3. Տեղեկությունների հավաքումը և տեղեկատվական բազայի ստեղծումը
2.4. Տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների ժամանակացույցը
3. Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ խնդիրներ
3.1. Հանձնաժողովի աշխատանքների հրապարակայնության ապահովումը
3.2. Աշխատակազմի մասնագիտական որակավորումը
3.3. Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի գործունեության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) մշակվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի դրույթների համաձայն:
Տնտեսական մրցակցության պաշտպանությունը պետության կարևոր գործառույթներից է, որը կոչված է նպաստելու երկրի տնտեսության զարգացման գործընթացին, քաղաքակիրթ շուկայի ձևավորմանը, բարեխիղճ մրցակցության ապահովմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:
Տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում տնտեսության զարգացման ընթացիկ փուլի առանձնահատկություններով, որոնք, ի թիվս այլ հարցերի, պահանջում են տնտեսական մրցակցության արդյունավետ պաշտպանության և ազատ մրցակցության իրավական հիմքերի ձևավորում ու ամրապնդում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության ձևավորման հիմնարար քայլերից է, որի իրագործումը պահանջում է հանրապետության տնտեսության գերակայությունների զարգացմանը համահունչ միջոցառումների իրականացում: Այս առումով, ընթացիկ տարին տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման սկզբնավորման տարի է.
- 2000 թվականի նոյեմբերի 6-ին ընդունվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք).
- 2001 թվականի հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվեցին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամները.
- 2001 թվականի հունվար-հուլիս ամիսներին ընդունվեց Հանձնաժողովի կանոնադրությունը, հաստատվեց կառուցվածքը, ձևավորվեց աշխատակազմը, ուսումնասիրվեց տնտեսական մրցակցության դաշտը կանոնակարգող օրենսդրությունը, մշակվեցին և ընդունվեցին Հանձնաժողովի հետագա գործունեության համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները, կարգերը, աշխատանքի ներքին կանոնակարգմանն ուղղված փաստաթղթերը, ուսումնասիրվեցին միջազգային համապատասխան փորձն ու ոլորտին առնչվող այլ տեղեկատվություն.
- 2001 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մրցակցային դաշտի առկա իրավիճակի պարզաբանման համար ուսումնասիրվեցին մի շարք ապրանքային շուկաներ.
- հաստատվեցին կապեր ԱՊՀ երկրների համապատասխան կազմակերպությունների հետ, մասնակցություն ցուցաբերվեց «ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի» աշխատանքներին:
Ծրագիրը մշակված է տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը համաձայն և նպատակ ունի վերլուծել մրցակցության իրավիճակը Հայաստանի Հանրապետության մի շարք ապրանքային շուկաներում, բացահայտել առկա հիմնախնդիրները, ներկայացնել 2002 թվականի ընթացքում դրանց կարգավորման մեխանիզմները և լուծմանն ուղղված միջոցառումները:
Օրենքի պահանջներից ելնելով՝ Ծրագրի առաջին բաժնում տրված են հանրապետության առանձին ապրանքային շուկաներում տնտեսական մրցակցության վիճակի համառոտ բնութագիրը և առկա հիմնախնդիրները: Երկրորդ բաժինը նվիրված է 2002 թվականի ընթացքում մրցակցության զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացմանը և կարգավորման մեխանիզմներին: Միաժամանակ Ծրագրում տեղ է հատկացված նաև միջազգային կապերի ընդլայնմանը, հրապարակայնության ապահովմանը և Հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտական որակավորման բարձրացման հետ կապված միջոցառումներին: Ծրագրում տրված է նաև միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
1. Տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը և առկա հիմնախնդիրների բացահայտումը
1.1. Տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը
Գործունեության ընթացքում Հանձնաժողովն ուսումնասիրել է մի շարք ապրանքային շուկաների մրցակցային միջավայրը: Հաշվի առնելով հանրապետությունում տնտեսական մրցակցության առկա իրավիճակը՝ ուսումնասիրությունների համար Հանձնաժողովը հիմնականում ընտրել է բարձր կենտրոնացվածություն ունեցող մի քանի ապրանքային շուկա: Այդ պատճառով ներկայացվող արդյունքները չեն կարող տարածվել և բնորոշ լինել ամբողջ տնտեսության համար:
Վերլուծությունները ներառել են համապատասխան շուկայում յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի իրացման ծավալները և կենտրոնացվածության աստիճանը, իսկ առանձին շուկաներում նաև համակենտրոնացման, հակամրցակցային համաձայնությունների և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները, բացահայտվել են գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտները:
Դիտարկված ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանի վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք շուկաներում դրանց մասնակիցներից առնվազն երկուսը կամ երեքը ձեռք են բերել համատեղ շուկայական իշխանության ներուժ (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Առանձին ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանը
հ/հ |
Ապրանքային շուկաների անվանումը |
Իրացման ընդհանուր ծավալում խոշոր տնտեսավարող սուբյեկտների բաժինը % | ||
Առաջինը |
Առաջին երկուսը |
Առաջին երեքը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Կերակրի և տեխնիկական աղ |
99.99 |
100 |
- |
2 |
Գարեջուր |
74.62 |
99.53 |
99.56 |
3 |
Հանքային ջրերի շշալցում |
37.10 |
57.40 |
74.80 |
4 |
Սուրճ |
34.86 |
55.50 |
72.00 |
5 |
Զովացուցիչ ջրեր |
66.41 |
87.01 |
88.15 |
6 |
Ծխախոտ |
39.74 |
75.22 |
84.17 |
7 |
Կոնյակ |
83.60 |
91.10 |
95.10 |
8 |
Փրփրուն գինի և շամպայն |
84.70 |
91.10 |
95.30 |
9 |
Պաղպաղակ |
38.60 |
73.70 |
86.30 |
10 |
Գաջ |
55.70 |
100 |
- |
11 |
Դեղորայք |
12.67 |
22.95 |
28.83 |
Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից, ներկայացված տասնմեկ ապրանքային շուկաներից տասում կենտրոնացվածության աստիճանը բավականին մեծ է (առաջին երկու սուբյեկտների մասնաբաժինը մեծ է 50 տոկոսից, առաջին երեքինը՝ 70 տոկոսից): Ընդ որում, այդ տասնմեկ ապրանքային շուկաներից ութում առաջին երեք սուբյեկտների մասնաբաժինը մեծ է 80 տոկոսից: Սա վկայում է այդ ապրանքային շուկաներում երկու կամ երեք տնտեսավարող սուբյեկտների՝ համատեղ շուկայական իշխանություն ունենալու մասին: Ներկայացված շուկաներից ինը պատկանում են պարենային ապրանքներին (ներառյալ՝ ոգելից խմիչքներ և ծխախոտ): Ընդ որում, կենտրոնացվածության աստիճանն առավել բարձր է տնտեսության հենց այս ճյուղում (ապրանքային շուկաներում առաջին երկու սուբյեկտների մասնաբաժինը մեծ է 50 տոկոսից, առաջին երեքինը՝ 70 տոկոսից):
Այսպիսով, ուսումնասիրված ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանը բավականին մեծ է և խոսում է այդ ապրանքային շուկաներում մրցակցության սահմանափակ լինելու մասին, ինչը բնորոշ է անցումային տնտեսությամբ փոքր երկրներին: Հետևաբար, կենտրոնացվածության մեծ աստիճան ունեցող շուկաներում հնարավոր չարաշահումները կանխարգելելու և սահմանափակելու նպատակով ծրագրավորվող տարում Հանձնաժողովը դրանք իր մշտական հսկողության տակ կպահի:
Ուսումնասիրված ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների շուկայական իշխանության մասին են վկայում աղյուսակ 2-ի տվյալները:
Աղյուսակ 2. Առանձին ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների թիվը, գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների առկայությունը
հ/հ |
Ապրանքային շուկաների անվանումը |
Մրցակցող |
Գերիշխող դիրք ունեցող |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Սուրճ |
20 |
+ |
2 |
Գարեջուր |
5 |
+ |
3 |
Գաջ* |
2 |
+ |
4 |
Կերակրի և տեխնիկական աղ |
2 |
+ |
5 |
Զովացուցիչ ջրեր |
54 |
+ |
6 |
Ծխախոտ |
12 |
+ |
7 |
Կոնյակ |
17 |
+ |
8 |
Փրփրուն գինի և շամպայն |
6 |
+ |
9 |
Պաղպաղակ* |
8 |
+ |
10 |
Դեղորայք |
77 |
- |
11 |
Հանքային ջրերի շշալցում |
20 |
+ |
* Առկա են գերիշխող դիրք ունեցող երկու տնտեսավարող սուբյեկտներ
Ինչպես երևում է աղյուսակից, ուսումնասիրված ապրանքային շուկաներից հինգը ունեն ոչ ավելի, քան տասը մասնակից, երկու ապրանքային շուկաներում (գաջի և կերակրի ու տեխնիկական աղի)՝ երկուական մասնակից: Տասնմեկ ապրանքային շուկաներից տասում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Պարենային ապրանքների (ներառյալ՝ ոգելից խմիչքներ և ծխախոտ) բոլոր ինն ապրանքային շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ:
Ուսումնասիրված ապրանքային շուկաներից միայն մեկում (դեղորայքի) չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Դեղորայքի շուկայում կենտրոնացվածության աստիճանի ցածր մակարդակը (առաջին երկու և առաջին երեք սուբյեկտների մասնաբաժինները կազմում են համապատասխանաբար մոտ 23 և 29 տոկոս) վկայում է շուկայի մրցակցային լինելու փաստի մասին:
Սուրճի ապրանքային շուկայում բացահայտվել է գերիշխող դիրք ունեցող մեկ տնտեսավարող սուբյեկտ, սակայն Հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ որոշում չի կայացվել, քանի որ ուսումնասիրության պահին տվյալ սուբյեկտը լուծարված է եղել: Միաժամանակ հարկ է նշել, որ կետրոնացվածության ցուցանիշները (որոնք կազմում են համապատասխանաբար մոտ 56 և 72 տոկոս) չեն բացառում շուկայական իշխանությամբ օժտված տնտեսավարող սուբյեկտների առկայությունը: Հետևաբար այս ապրանքային շուկան ևս ծրագրավորվող տարում Հանձնաժողովի տեսադաշտում է լինելու:
Բացի նշված շուկաներից, ուսումնասիրվել են նաև հանքային ջրերի արդյունահանման յոթ ապրանքային շուկաներ, որոնցում 100 տոկոս մասնաբաժնով գերիշխող դիրք գրավող են ճանաչվել հինգ տնտեսավարող սուբյեկտներ:
Վերոհիշյալ ուսումնասիրությունից բացի, Հանձնաժողովը սկսել է ևս ութ ապրանքային շուկաների ուսումնասիրություն (բենզին, քսայուղեր, դիզվառելիք, մարդատար ավտոմեքենա, բրինձ, ռեակտիվ վառելանյութ, ռետինե անվադողեր, շաքար): Նախնական տվյալներով այդ ապրանքային շուկաներից երեքում հավանական է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների առկայություն: Միաժամանակ Հանձնաժողովը ձեռնամուխ է եղել հեռահաղորդակցության ոլորտի որոշ ծառայությունների շուկաների ուսումնասիրությանը:
Հետազոտված շուկաներից կենտրոնացվածությունը մեծ է այն շուկաներում, որոնցում գործում են այնպիսի տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ԽՍՀՄ տարիներին կառուցվել են որպես խոշոր մասնագիտացված կազմակերպություններ և կոչված են եղել ամբողջովին բավարարելու ոչ միայն Հայաստանի պահանջարկը, այլ նաև միութենական պահանջարկի զգալի մասը: Ներկայումս, զրկված լինելով նախկին շուկաների մեծ մասից, նման կազմակերպությունները հիմնականում աշխատում են ներքին շուկայում (գարեջրի, գաջի, կոնյակի, շամպայն-գինիների գործարանները, աղի կոմբինատը): Այդ մասին է վկայում և վերը բերված աղյուսակը, որտեղից ակնհայտ է, որ նշված շուկաներում առկա են գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտներ, ընդ որում՝ առավել մեծ իրացման ծավալներ ունեցող մեկ սուբյեկտի մասնաբաժինը տատանվում է 55,7 և 99.9 տոկոսի, իսկ առաջին երեք խոշոր սուբյեկտներինը՝ 95,1 և 99.9 տոկոսի միջև:
Տեղական արտադրության վրա հիմնված վերոհիշյալ ապրանքային շուկաների կենտրոնացվածության բարձր լինելը մասամբ պայմանավորված է շուկայի մուտքի մի շարք խոչընդոտներով՝
- արդեն իսկ հագեցված շուկայում մեծ կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությամբ.
- կապիտալի պտույտի դանդաղությամբ (հետգնման երկարատև ժամկետի առկայությամբ).
- տնտեսության իրական հատվածի համար փոխառու միջոցների դժվար հասանելիությամբ և այլն:
Ի տարբերություն տեղական արտադրության հիման վրա ձևավորված ապրանքային շուկաների, ներկրման հաշվին ձևավորված ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանը համեմատաբար ցածր է: Այսպես, դիտարկվող «ներկրման» շուկաներից չորսում չկան գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտներ, առավել մեծ իրացում ունեցող մեկ սուբյեկտի մասնաբաժինը տատանվում է 15,7 տոկոսի և 82,5 տոկոսի միջև, իսկ առաջին երեք խոշոր սուբյեկտներինը՝ 35,5 տոկոսի և 95,5 տոկոսի միջև:
Ներկրման վրա հիմնված ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանի ցածր լինելը հիմնականում պայմանավորված է նրանով, որ տվյալ շուկաները հիմնված են արագ շրջանառվող և կայուն շահութաբերություն ապահովող առևտրային կապիտալի վրա։ Շուկայի հասանելիության աստիճանը, այնուամենայնիվ, բարձր է, և երկրի արտաքին առևտրական ռեժիմն ազատական է: Այդ է պատճառը, որ ներկրման վրա հիմնված՝ մեր կողմից ուսումնասիրված ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտ-մասնակիցների քանակն անհամեմատ ավելի մեծ է, քան «արտադրության» վրա հիմնված շուկաներում:
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ մի շարք հանգամանքների, մասնավորապես՝ «անձանց խմբի», «հակամրցակցային համաձայնությունների» բացահայտման հնարավորությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ուսումնասիրության արդյունքների վրա:
Հարկ է նշել նաև, որ Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է պաշտոնական և մատչելի տեղեկության հիման վրա, որը ոչ միշտ է արտացոլում շուկայի իրական պատկերը:
1.2. Առկա հիմնախնդիրները
Հանձնաժողովի գործունեության մի քանի ամիսների ընթացքում բացահայտված հիմնախնդիրները կարելի է դասակարգել հետևյալ կերպ՝ օրենսդրության և մեթոդաբանության, տեղեկությունների հավաքման հետ կապված և այլն:
1.2.1 Օրենսդրությանն ու մեթոդաբանությանն առնչվող խնդիրները
Օրենքը կիրարկելիս առաջացել են մի շարք օրենսդրական և մեթոդաբանական խնդիրներ, որոնց համալիր լուծումը հնարավորություն կտա տնտեսական մրցակցության պաշտպանությունը և Հանձնաժողովի գործառույթներն իրականացնել կանոնակարգված և համակողմանիորեն: Այդ կապակցությամբ ծրագրավորվող տարում անհրաժեշտ է Օրենքում կատարել մի շարք լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝
- տարբերակել «բնական մենաշնորհ», «մենաշնորհ» և «գերիշխող դիրք» հասկացությունները, քանի որ Օրենքը սահմանում է միայն «գերիշխող դիրք» հասկացությունը, մինչդեռ «մենաշնորհ» և «բնական մենաշնորհ» տնտեսագիտական կատեգորիաները մասնակիորեն են համընկնում «գերիշխող դիրք» հասկացության հետ: Դրանով կհստակեցվեն Օրենքի 3-րդ գլխի «գերիշխող դիրքի» չարաշահմանը վերաբերող դրույթները.
- հստակեցնել «չունի մրցակից կամ չի հանդիպում որևէ էական մրցակցության» արտահայտությունը, Օրենքում նշել «էական մրցակցության չհանդիպելու» արտահայտության չափանիշները.
- ամրագրել դրույթ «համատեղ գերիշխման» մասին, քանի որ շուկայում կենտրոնացվածության աստիճանը համեմատաբար մեծ է.
- ավելացնել կետ «շուկայի աշխարհագրական սահմանների» մասին, որը կհատկորոշի այն հանգամանքը, որ շուկան ընդգրկում է որոշակի տարածք և կարող է ներառել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքներ.
- լրացնել Օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Հանձնաժողովին տրամադրվող տեղեկատվությանը, ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների կողմից (սույն առաջարկի հետ կապված հիմնավորումը բերված է 1.2. 2-րդ ենթակետում).
հստակեցնել Հանձնաժողովի իրավասությունները նորմատիվ-իրավական ակտերի մշակման և հաստատման հարցերում. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով հանձնաժողովին տրված «ընդունել իրավական ակտեր» իրավասությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Առաջարկվող փոփոխությունները հստակորեն կկանոնակարգեն Հանձնաժողովի համար չափազանց կարևոր խնդիրները:
1.2.2 Տեղեկությունների հավաքման հետ կապված խնդիրները
Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում բացահայտված հիմնախնդիրների հաջորդ շարքը պայմանավորված է Հանձնաժողովին հասանելի տեղեկատվական բազայի հետ: Ապրանքային շուկաների վերլուծությունը պահանջում է ոչ միայն մակրոտնտեսական, այլև միկրոտնտեսական ցուցանիշների, նախ և առաջ՝ ըստ առանձին տնտեսավարող սուբյեկտների տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հավաստի տեղեկատվության առկայություն: Ներկայումս նմանատիպ տեղեկատվություն մշակվում է մի շարք տնտեսական գերատեսչություններում և ծառայություններում (Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային կոմիտե, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով, պետական կառավարման այլ մարմիններ): Չնայած դրան, անցած ամիսների ընթացքում Հանձնաժողովն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական բազան ձևավորելիս հանդիպել է որոշակի դժվարությունների և խոչընդոտների: Ապրանքային շուկաներում իրացման ընդհանուր ծավալները, ինչպես նաև համապատասխան ապրանքային շուկաներում նշանակալի գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների իրացման ծավալների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության որևէ գերատեսչության կողմից չի հավաքվում և չի ամփոփվում: Մինչև Օրենքի ընդունումն ու Հանձնաժողովի ստեղծումը հիշյալ տեղեկատվության պահանջարկը չի եղել և դա հաշվարկելու անհրաժեշտություն չի առաջացել: Այսօր անհրաժեշտություն է առաջացել համապատասխան մարմնի կողմից պահանջվող տեղեկատվության անընդմեջ հավաքումը և պարբերաբար ներկայացումը Հանձնաժողով:
Երկրորդ՝ տարբեր պատճառներով պետական կառավարման մարմինները, շատ դեպքերում նաև տնտեսավարող սուբյեկտները, չեն տրամադրում կամ անհարկի ուշացումներով են տրամադրում Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությունը, չնայած Օրենքի 28-րդ հոդվածը պարտավորեցնում է ներկայացնել այդ տեղեկատվությունը:
Երրորդ՝ ստացված տեղեկատվությունը միշտ չէ, որ արժանահավատ է: Օրինակ, մի շարք ապրանքային շուկաների (սուրճի, պաղպաղակի, գարեջրի, շամպայնի և փրփրուն գինիների, կերակրի և տեխնիկական աղի, կոնյակի, ծխախոտի, զովացուցիչ ջրերի) վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտներից և Վիճակագրության ազգային ծառայությունից ստացված տեղեկատվությունների միջև կան էական տարբերություններ: Դա մասամբ պայմանավորված է տեղեկատվության մշակման մեթոդաբանությամբ (սկզբնական վիճակագրական տեղեկություններն ընտրանքային եղանակով հավաքվում են սահմանափակ թվով տնտեսավարող սուբյեկտներից, և դրանք էքստրապոլյացիայի եղանակով տարածվում են մնացած սուբյեկտների նկատմամբ):
Չորրորդ՝ տարբեր գերատեսչություններից ստացված նույն սուբյեկտի մասին տեղեկությունները երբեմն չեն համընկնում: Տեղեկությունների հավաքման և մշակման մեթոդաբանության տարբերությամբ պայմանավորված (միևնույն ցուցանիշների չափի միավորների, ագրեգացման աստիճանի և այլն) նույնանուն ցուցանիշները ևս լինում են անհամադրելի (օրինակ, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային կոմիտեի ցուցանիշները):
1.2.3 Կանոնակարգման ենթակա այլ խնդիրներ
Հանձնաժողովը որոշ խոչընդոտների է հանդիպում նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում: Օրենքի դրույթներից ելնելով՝ նշված մարմինների գործողություններն ու վարքագիծը նույնպես կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությունների: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները Հանձնաժողովի հետ կանխավ չհամաձայնեցնելը երբեմն Հանձնաժողովին ստիպում է դիտարկել արդեն իսկ ձևավորված անհավասար մրցակցային դաշտը: Հետևաբար անհրաժեշտ է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այն որոշումները, որոնք կարող են հանգեցնել անհավասար մրցակցային դաշտի ձևավորման, վաղօրոք համաձայնեցվեն Հանձնաժողովի հետ:
2. Տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը և կարգավորման մեխանիզմները
Տնտեսական մրցակցության իրավիճակը և գոյություն ունեցող հիմնախնդիրները թելադրում են առաջիկա տարում իրականացվելիք այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մրցակցային դաշտը հնարավորինս կանոնակարգելու, տնտեսավարող սուբյեկտների համար գործարարության առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, ապրանքային շուկաներ նոր սուբյեկտների մուտք գործելը խոչընդոտող երևույթները հայտնաբերելու և վերացնելու, օրենսդրական դաշտը կատարելագործելու, համապարփակ տեղեկատվական բազա ստեղծելու համար:
2.1. Ապրանքային շուկաների ուսումնասիրությունը և կարգավորման մեխանիզմները
Տնտեսական մրցակցության պաշտպանությունն իրականացնելու, տեղ գտած սահմանափակումները վերացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ապրանքային շուկաները: Այդ նպատակով Հանձնաժողովը նախատեսում է 2002 թվականի ընթացքում ուսումնասիրել հետևյալ ապրանքային և ծառայությունների շուկաները՝
ա) պարենային ապրանքներ՝ ցորեն, ցորենի ալյուր, շաքարավազ, կենդանական յուղ, բուսական յուղ, էթիլային սպիրտ, օղի, կոնյակ, գինի.
բ) դեղորայք.
գ) նավթամթերք՝ բենզին, դիզելային վառելիք.
ե) շինանյութեր՝ ցեմենտ, քար (տուֆ, բազալտ, գրանիտ, մարմար), մետաղ.
զ) ուղևորափոխադրումներ (ավտոմոբիլային).
է) զբոսաշրջություն:
Ապրանքային շուկաների ուսումնասիրության նպատակն է վերլուծել շուկաներում տիրող մրցակցային իրավիճակը և բացահայտել օրենքով չթույլատրված գործողությունները։ Դրանք են՝
- հակամրցակցային համաձայնությունները.
- գերիշխող դիրքի չարաշահումները.
- արգելված համակենտրոնացումները.
- անբարեխիղճ մրցակցությունը:
Նշված խնդիրներն իրագործելու համար շուկաների ուսումնասիրության ընթացքում պետք է որոշվեն՝
- ապրանքային շուկաների ծավալները, ապրանքային և աշխարհագրական սահմանները.
- շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտները, համապատասխան շուկայում նրանց գրաված դիրքը.
- շուկայական իշխանություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների ազդեցության հետևանքները տվյալ ապրանքային շուկայի վրա.
- շուկաների կենտրոնացվածության աստիճանը, շուկա մուտք գործելու խոչընդոտները.
- պետության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության ազդեցությունն այդ շուկաների վրա և այլն:
Միաժամանակ, 2002 թվականին միջոցառումների իրականացման ժամանակացույցում ընդգրկված ապրանքային շուկաների ուսումնասիրությանը զուգահեռ, նախատեսվում է հսկողության տակ պահել նախորդ տարում ուսումնասիրված ապրանքային շուկաները:
Ուսումնասիրության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսավարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերմանը: Նման համաձայնությունների հայտնաբերմանը, կանխարգելմանը, սահմանափակմանն ու արգելմանն ուղղված հիմնական միջոցառումներն են՝
- ապրանքային շուկաներում գործող գների ուսումնասիրությունը.
- իրացման կամ ձեռք բերման ծավալներով, ապրանքների տեսականիով, սպառողների կամ մատակարարների խմբերով, ինչպես նաև տարածքային սկզբունքով շուկայի բաժանման դրսևորումների բացահայտումը.
- տնտեսավարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելու խոչընդոտների հայտնաբերումը և վերացումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակամրցակցային համաձայնությունները (այդ թվում՝ համաձայնեցված գործողությունները) հիմնականում կայացվում են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, դրանց բացահայտումը և այդ փաստերի ապացուցման հնարավորությունը կապված են դժվարությունների հետ:
Առաջիկա տարվա ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է ապրանքային շուկաների հետազոտության միջոցով բացահայտել գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին և վարել դրանց կենտրոնացված ռեեստրը (գրանցամատյանը): Այստեղ Հանձնաժողովի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որպեսզի գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները չարաշահեն իրենց զբաղեցրած դիրքը:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ դիրքի չարաշահման կանխարգելման, նախազգուշացման և սահմանափակման համար նախատեսվող միջոցառումներն են՝
- գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտների բացահայտումը և ռեեստրի վարումը.
- գերիշխող ճանաչված տնտեսավարող սուբյեկտների գործունեության հետազոտումը.
- չարաշահումների բացահայտումը և վերացումը.
- շուկա մուտք գործելու խոչընդոտների վերացմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Համակենտրոնացումների (որոնք հիմնականում արտահայտվում են տնտեսավարող սուբյեկտների միաձուլմամբ, մեկ սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցների կամ փայաբաժնի ձեռքբերմամբ) բացահայտման և կարգավորման համար Հանձնաժողովը, սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայի հետ, կիրականացնի հետևյալ միջոցառումները՝
- մասնակիցների ձեռնարկատիրական գործունեության համակարգման նպատակով տնտեսավարող սուբյեկտների միավորման արդյունքում ստեղծվող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
- տարբեր ապրանքային շուկաներում համակենտրոնացումների բացահայտումը, շուկայի վրա դրանց ազդեցության հետազոտումը.
- գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումների հայտնաբերումն ու լուծարումը:
Անբարեխիղճ մրցակցության (որը դրսևորվում է տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության նկատմամբ շփոթություն առաջացնելու, սուբյեկտին կամ նրա գործունեությունը վարկաբեկելու, հասարակությանը մոլորեցնելու, տնտեսավարող սուբյեկտների համբավին, վարկարժեքին վնասելու մեջ) բացահայտման ուղղությամբ Հանձնաժողովը, լիազորված և շահագրգիռ այլ մարմիների հետ համատեղ, վերահսկելու է ապրանքային նշանների կեղծման, նմանակման, ֆիրմային անվանումների ապօրինի օգտագործման, ազնվության, բարեխղճության, արդարության սկզբունքների խախտումների դրսևորումները: Անբարեխիղճ մրցակցության բացահայտման և վերացման գործընթացում Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու նաև գովազդը, քանի որ վերջինիս միջոցով է դրսևորվում անբարեխիղճ մրցակցության դեպքերի մեծ մասը: Այս հարցում արդյունավետ աշխատելու համար Հանձնաժողովը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և լիազոր այլ մարմինների հետ:
2.2. Օրենսդրական դաշտի և մեթոդական բազայի կատարելագործումը
Հանձնաժողովի նախորդ ամիսների գործունեությունն ի հայտ բերեց նորմատիվ-իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև տնտեսական մրցակցության հիմնախնդիրների հետ սերտ առնչություն ունեցող մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ինչը պայմանավորված է օրենքները միմյանց համապատասխանեցնելու, շուկայում տեղի ունեցող իրադարձություններին և փոփոխություններին արագ արձագանքելու, տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխելու պահանջով:
Փոփոխությունների առավել ծավալուն մասը վերաբերելու է Օրենքում կատարվելիք բարեփոխումներին, որոնք բերված են Ծրագրի 1.2.1 ենթակետում:
Հանձնաժողովը, իր ստեղծման օրվանից սկսած, իրականացնում է իրավաստեղծ գործունեություն: Մշակվել են մի շարք իրավական ակտեր, որոնք կարգավորում են Հանձնաժողովի աշխատանքը, մասնավորապես՝
- Հանձնաժողովի՝ 18 ապրիլի 2001 թ. թիվ 5 որոշմամբ հաստատված «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման մեթոդական ցուցումները», որոնք նախատեսված են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության իրականացման մեթոդական ապահովման նպատակով՝ ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման համար.
- Հանձնաժողովի՝ 30 ապրիլի 2001 թ. թիվ 8 որոշմամբ հաստատված «Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման մեթոդական ցուցումները» որոշումը սահմանում է տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման չափանիշները.
- Հանձնաժողովի՝ 13 ապրիլի 2001 թ. թիվ 4 որոշմամբ հաստատված «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի (գրանցամատյանի) վարման կարգը»:
Նշված իրավական ակտերից բացի, Հանձնաժողովն ընդունել է մոտ հիսուն որոշումներ, որոնք առնչվում են տարբեր ապրանքային շուկաների ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանների որոշմանը, ապրանքային շուկաներում ուսումնասիրությունների իրականացմանը, արդյունքների ամփոփմանը, գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտներին:
Օրենքի կիրարկումը լիարժեք ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել մի շարք նորմատիվ-իրավական ակտեր, որոնք մասնավորապես կվերաբերեն՝
- ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի վերլուծությանը և գնահատմանը.
- համակենտրոնացումների նկատմամբ հսկողության իրականացմանը.
- հակամրցակցային համաձայնությունների դրույթների կիրառմանը.
- գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումներին.
- բարեխիղճ մրցակցության խախտումներին:
Հանձնաժողովի կողմից նոր իրավական ակտեր ընդունելու, ինչպես նաև մրցակցային օրենսդրությունը կազմող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակն է հստակեցնել Օրենքի մի շարք դրույթներ, որոնք տարակարծությունների տեղիք են տալիս, ընդլայնել Հանձնաժողովի իրավասությունները տեղեկությունների հավաքման հարցում, ավելի իրատեսական դարձնել Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցները, հստակեցնել Հանձնաժողովի իրավասությունները նորմատիվ-իրավական ակտերի ընդունման հարցում:
2.3. Տեղեկությունների հավաքումը և տեղեկատվական բազայի ստեղծումը
Ապրանքային շուկաների ուսումնասիրության, վերլուծության և դրա արդյունքում Օրենքի խախտումներն ի հայտ բերելու և վերացնելու հիմնական նախապայմանն ամբողջական և հավաստի տեղեկատվությանը տիրապետելն է: Ընթացիկ տարում կատարված աշխատանքները ցույց տվեցին, որ առանց այս հիմնախնդրի լուծման անհնար է մրցակցային դաշտը կանոնակարգելու ուղղությամբ լուրջ արդյունքներ ակնկալել:
Խնդրի լուծման համար առաջին հերթին նախատեսվում է լրացումներ կատարել Օրենքում՝ տեղեկությունների հավաքման գործում Հանձնաժողովի իրավասություններն ընդլայնող դրույթներով: Պետք է հստակեցվեն, թե պետական կառավարման համապատասխան մարմինները Հանձնաժողովին ինչպիսի տվյալներ, ինչ ծավալներով, որ աղբյուրներից, ինչ ժամանակահատվածներում և ինչպիսի պարբերականությամբ պետք է տրամադրեն:
Հանձնաժողովը տարվա ընթացքում կամփոփի Ծրագրով ինչպես նախատեսված, այնպես էլ չնախատեսված ապրանքային շուկաներին վերաբերող տեղեկությունները և կնորացնի իր տեղեկատվական բազան, ինչի համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- տեղեկատվական բազայի ընդլայնում և նորացում.
- հավաքված տեղեկությունների դասակարգում, ամփոփում և վերլուծություն.
- համագործակցություն պետական կառավարման մարմինների հետ.
- համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
2.4. Տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների ժամանակացույցը
Հանձնաժողովի կողմից իրականացվելիք տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ցանկում ներկայացվում են ծրագրավորվող միջոցառումների անվանումները և դրանց կատարման ժամկետները:
Աղյուսակ 3. Տնտեսական մրցակցության պաշտպանության 2002 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը
|
Միջոցառումների անվանումը |
Կատարման ժամկետը |
1
|
Ապրանքային և ծառայությունների շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն (հակամրցակցային համաձայնություններ, գերիշխող դիրքի չարաշահում, Օրենքով արգելված համակենտրոնացումներ և անբարեխիղճ մրցակցություն) |
- |
- ցորեն |
2րդ եռամսյակ | |
- ցորենի ալյուր |
3րդ եռամսյակ | |
- շաքարավազ |
1ին եռամսյակ | |
- կենդանական յուղ |
3րդ եռամսյակ | |
- բուսական յուղ |
3րդ եռամսյակ | |
- էթիլային սպիրտ |
1ին եռամսյակ | |
- օղի |
1ին եռամսյակ | |
- կոնյակ |
2րդ եռամսյակ | |
- գինի |
2րդ եռամսյակ | |
2. Դեղորայք |
2րդ եռամսյակ | |
3. Նավթամթերք |
3րդ եռամսյակ | |
- բենզին |
3րդ եռամսյակ | |
- դիզելային վառելիք |
3րդ եռամսյակ | |
4. Շինանյութեր |
4րդ եռամսյակ | |
- ցեմենտ |
4րդ եռամսյակ | |
- քար (տուֆ, բազալտ, գրանիտ, մարմար) |
4րդ եռամսյակ | |
- մետաղ |
4րդ եռամսյակ | |
5. Ուղևորափոխադրումներ (ավտոմոբիլային) |
3րդ եռամսյակ | |
6. Զբոսաշրջություն |
4րդ եռամսյակ | |
2 |
Օրենքում, ինչպես նաև այլ իրավական ակտերում լրացումների և փոփոխությունների նախագծերի ներկայացում |
2րդ եռամսյակ |
3 |
Օրենքի կիրառումն ապահովող նորմատիվ-իրավական ակտերի մշակում |
1ին եռամսյակ |
4 |
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում |
2րդ եռամսյակ |
Ժամանակացույցում ամրագրված միջոցառումներից բացի, Հանձնաժողովի կողմից կիրականացվեն նաև այլ աշխատանքներ և ուսումնասիրություններ՝ համաձայն ստացվող դիմումների, զանգվածային լրատվական միջոցներում հրապարակումների, ինչպես նաև սեփական նախաձեռնությունների հիման վրա:
3. Տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ խնդիրներ
3.1. Հանձնաժողովի աշխատանքների հրապարակայնության ապահովումը
Հանձնաժողովը նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ իր նպատակներն ու խնդիրները հանրությանը հասու դարձնելու և իր գործունեության հրապարակայնությունն ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով Հանձնաժողովը նախատեսում է աշխատանքներ իրականացնել հետևյալ խմբերի հետ՝
- տնտեսավարող սուբյեկտներ.
- սպառողներ.
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.
- հետաքրքրության այլ խմբեր (ԶԼՄ և այլն):
Նշված խմբերի հետ աշխատանքները կիրականացվեն քննարկումների, կլոր սեղանների, սեմինարների (այդ թվում` արտագնա), մամուլի ասուլիսների, ինտերնետային էջերի ստեղծման, Հանձնաժողովի պաշտոնական տեղեկագրի հրատարակման, հրապարակումների, պարզաբանումների, մեկնաբանությունների միջոցով:
Հանրության հետ իրականացվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է՝
- հրապարակել ազատ տնտեսական մրցակցության ապահովման համար հիմք հանդիսացող օրենքներն ու իրավական ակտերը, ներկայացնել Հանձնաժողովի անդամների, այլ պաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններն ու պարզաբանումները.
- լուսաբանել օրենսդրության խախտման առավել բնորոշ և մրցակցության սահմանափակման բացահայտված դեպքերը.
- լուսաբանել Հանձնաժողովի կատարած աշխատանքը և նախատեսվող միջոցառումները.
- հրապարակել գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտների ցանկը.
- պարբերաբար մեկնաբանել մրցակցությանն առնչվող հասարակությանը հուզող հարցերը.
- ներկայացնել այլ երկրների նմանատիպ մարմինների գործունեությանը վերաբերող նյութեր:
Մարզերում տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման արդյունավետության և Հանձնաժողովի աշխատանքների հրապարակայնության ապահովման նպատակով Հանձնաժողովը նախատեսում է բազմակողմանի համագործակցություն տարածքային կառավարման մարմինների հետ:
3.2. Աշխատակազմի մասնագիտական որակավորումը
Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունն զգալիորեն պայմանավորված է աշխատակազմի մասնագիտական որակավորմամբ: Որակյալ մասնագետներով Հանձնաժողովի աշխատակազմը համալրելու և աշխատակազմի մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով նախատեսվում է՝
- ըստ անհրաժեշտության, Հանձնաժողովի աշխատակազմի համալրում մրցութային եղանակով.
- տեղական մասնագետների մասնակցությամբ նպատակային ուսումնական ծրագրերի իրականացում.
- միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մրցակցային քաղաքականության իրականացման և միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով դասընթացների ու խորհրդատվությունների կազմակերպում, համապատասխան մասնագետների պատրաստման գործում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համագործակցություն:
3.3. Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ
Ծրագրավորվող տարում Հանձնաժողովը շարունակելու է աշխատանքը ԱՊՀ և արտերկրի նույնանման մարմինների, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների հետ: ԱՊՀ շրջանակներում իրականացված կապերն ու շփումները կվերածվեն գործնական պայմանագրային հարաբերությունների: Նախատեսվում է համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր կնքել Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուկրաինայի նմանատիպ մարմինների հետ:
ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդում, որպես Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարմին, Հանձնաժողովը կշարունակի աշխատանքները վերոհիշյալ խորհրդի շրջանակներում (հակամենաշնորհային քաղաքականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի մշակում և այլ գործունեություն):
Ծրագրավորվող տարում Հանձնաժողովը կշարունակի համագործակցել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի հետ առնչություն ունեցող միջազգային կազմակերպությունների՝ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD), Համաշխարհային բանկի (WB), ԱՊՀ երկրներին տեխնիկական օժանդակության (TACIS), Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO), Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) և այլն: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները սահմանափակ են, Հանձնաժողովն ակնկալում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը՝ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվելիք ծրագրերում Հանձնաժողովի կարիքները պատշաճ կերպով ներկայացնելու կապակցությամբ: Հանձնաժողովը չի կարող ամբողջովին իրագործել իր կանոնադրական խնդիրներն առանց համապատասխան տեխնիկական միջոցների, ինչի աղբյուրներից է համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող տեխնիկական օժանդակությունը: Նմանատիպ օժանդակությունը, ըստ Հանձնաժողովի, կարող է լինել հետևյալ ուղղություններով՝
- միջազգային խորհրդատվության ստացում.
- արտերկրում նպատակային ուսուցողական ծրագրերին Հանձնաժողովի աշխատակիցների մասնակցության ապահովում.
- տեխնիկական հագեցվածության ապահովում: