Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/7748/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ/7748/05/18
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան  

Դատավորներ՝

Ա. Առաքելյան

 

Ք.    Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Գ. հակոբյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում քննելով Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ Վարդան Մկրտչյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես գործի քննության հետ կապված այլ ծախսի հատուցման գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Վարդան Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքով.

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված այն հարցի վերաբերյալ, թե կարո՞ղ է անձը վարչական պատասխանատվության ենթարկվել այն նշանի պահանջը չկատարելու համար, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի կողմից 04.05.2018 թվականին թիվ ՎԴ/2302/05/18, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 26.07.2019 թվականին թիվ ՎԴ/8394/05/18, 07.11.2019 թվականին թիվ ՎԴ/3146/05/18 և 08.11.2019 թվականին թիվ ՎԴ/5135/05/18 վարչական գործերով կայացված դատական ակտերում սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում վկայակոչված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1) կիրառվել են Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վարդան Մկրտչյանը, 05.05.2018 թվականին վարելով «BMW» մակնիշի 35AX162 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 5 և 17).

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 5).

3) Ծառայության պետի 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշմամբ Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808064915, 1808059112, 1808058546,1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումները թողնվել են անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման (գ.թ. 6).

4) ՀՀ վարչական դատարանի կողմից 04.05.2018 թվականին թիվ ՎԴ/2302/05/18 վարչական գործով կայացված՝ օրինական ուժի մեջ մտած վճռում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 26.07.2019 թվականին թիվ ՎԴ/8394/05/18, 07.11.2019 թվականին թիվ ՎԴ/3146/05/18 և 08.11.2019 թվականին թիվ ՎԴ/5135/05/18 վարչական գործերով կայացված՝ օրինական ուժի մեջ մտած որոշումներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և Որոշում 1-ը, ըստ էության, կիրառվել են նաև այն մեկնաբանությամբ, որ համապատասխան ճանապարհային նշանը, որի պահանջը վարորդը չի կատարել, Որոշում 1-ով հաստատված չէ, չի համապատասխանում այդ որոշմանը, հետևաբար այդ նշանի պահանջը չկատարելը չի կարող հանգեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության առաջացմանը, իսկ այդ նշանի պահանջը չկատարելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործերով ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում (ՀՀ վարչական դատարանի կողմից 04.05.2018 թվականին թիվ ՎԴ/2302/05/18, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 26.07.2019 թվականին թիվ ՎԴ/8394/05/18, 07.11.2019 թվականին թիվ ՎԴ/3146/05/18 և 08.11.2019 թվականին թիվ ՎԴ/5135/05/18 վարչական գործերով կայացված դատական ակտեր) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և Որոշում 1 կիրառվել են հակասող մեկնաբանությամբ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մկրտչյանը, 05.05.2018 թվականին վարելով «BMW» մակնիշի 35AX162 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Վարդան Մկրտչյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը:

Դատարանը, հետազոտելով գործում առկա տեսանյութերը և տեսանյութերից հանված լուսանկարը, արձանագրել է, որ «դրանցում առկա 5.15.1 ճանապարհային նշանի ձախ երթևեկելի գոտիով որպես երթևեկության թույլատրելի ուղղություն նշված է հետադարձ և դեպի ուղիղ ուղղությունները, մինչդեռ հայցվորի վարած տրանսպորտային միջոցը երթևեկել է դեպի ձախ, ուստի (…) «BMW» մակնիշի 35AX162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 05.05.2018 թվականին ժամը 17:58-ին ք. Երևան, Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի պահպանել Որոշում 1-ով սահմանված 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը», «հայցվորի գործողություններում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը», «Որոշում 1-ի 5.15.1 ճանապարհային նշանի բովանդակությունից՝ «5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները՝ դրանցից յուրաքանչյուրով», բխում է, որ նշանի վրա կարող է նշվել երթևեկության ցանկացած ուղղություն այդ գոտիով», ու գտել է, որ առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով որևէ հիմք թիվ 1808059112 որոշումն անվավեր ճանաչելու համար։

Վերաքննիչ դատարանը Վարդան Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 23.11.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, ու հավելելով, որ նույնիսկ այն դեպքերում, երբ ճանապարհային նշանները երթևեկության մասնակիցների կողմից ընկալվում են որպես երթևեկության կանոններին հակասող, ապա, միևնույնն է` վերջիններս պարտավոր են ենթարկվել այդ ճանապարհային նշանի պահանջներին, բացի այդ, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում տեղադրված երթևեկության ուղղություններ ցույց տվող ճանապարհային նշանի համապատասխանությունը Որոշում 1-ի Հավելված 1-ի պահանջներին, չի վիճարկվել, ինչը ևս վկայում է այն մասին, որ այդ նշանի պահանջները ենթակա են եղել պարտադիր կատարման։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, Վարդան Մկրտչյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան» պահանջը չկատարելու համար, Վարդան Մկրտչյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է:

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշման անվավերությունն ինքնին հիմք է նաև այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը՝ Ծառայության պետի «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշումը մասնակի՝ թիվ 1808059112 որոշման մասով, անվավեր ճանաչելու համար։

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն բողոքի քննությամբ վճռաբեկ բողոքի հիմքը հաստատվեց, որի պայմաններում նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և Որոշում 1-ն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսեր են՝ դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսեր:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Վարդան Մկրտչյանն ինչպես սույն գործով հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքները ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, հետևաբար հայցապահանջը բավարարվելու դեպքում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:

Նման պայմաններում սույն գործով հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարդան Մկրտչյանի (Պատվիրատու) և անհատ ձեռնարկատեր Մհեր Հակոբյանի (Կատարող) միջև 13.07.2018 թվականին կնքված իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի 1.1, 1.2 և 2.1 կետերից հետևում է, որ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել իրավաբանական խորհրդատվական վճարովի ծառայություններ սույն գործով վիճարկվող վարչական ակտի բողոքարկման հարցերով, ինչը ներառում է խորհրդատվության իրականացում (15.000 ՀՀ դրամ), հայցադիմումի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և Պատվիրատուի ստորագրությամբ ներկայացում (ևս 15.000 ՀՀ դրամ), որոշման բողոքարկում արտադատական և դատական կարգով (ևս 20.000 ՀՀ դրամ), այսինքն՝ ծառայության գինը կազմում է 50.000 ՀՀ դրամ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում ներկայացուցչի միջոցով հանդես գալը, որպես կանոն, պարտադիր չէ, և դատավարության մասնակիցն իրավունք ունի դատավարական գործողությունները կատարելու նաև անձամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մաս)։

Միաժամանակ նկատի ունենալով, որ տվյալ դեպքում հայցվորը, դատարանում ինքնուրույն հանդես գալու, դատավարական գործողություններն ինքնուրույն կատարելու նպատակով, իրավախորհրդատվական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքելով, օգտվել է այլ անձի մատուցած ծառայություններից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կատարած (կատարելիք) ծախսը պետք է ճանաչել անհրաժեշտ ծախս, այն ներառել դատական ծախսերի կազմում և օրենքով սահմանված կարգով բաշխել դատավարության մասնակիցների միջև։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ինչի արդյունքում բավարարվում է նաև նրա ներկայացրած հայցը, ուստի Ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների համաձայն, ենթակա է բռնագանձման վճռաբեկ բողոք ներկայացրած անձ Վարդան Մկրտչյանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված գործի քննության հետ կապված այլ ծախսը։ Ընդ որում, հատուցման չափը որոշելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշելու չափանիշներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշմամբ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները վերաբերում են ներկայացուցչի վճարի ողջամիտ չափը որոշելուն, սակայն դրանք կարող են կիրառվել նաև այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն իր իրավունքների դատական պաշտպանությունն իրականացնում է ոչ թե ներկայացուցչական, այլ՝ միայն իրավախորհրդատվական ծառայություններից օգտվելու միջոցով։

Տվյալ դեպքում հիմք ընդունելով սույն գործի բարդությունը, իրավախորհրդատուի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում, ինչը հաստատվում է այդ դատավարական փաստաթղթերում առկա գրառումներով), Վարդան Մկրտչյանի և անհատ ձեռնարկատեր Մհեր Հակոբյանի միջև 13.07.2018 թվականին կնքված իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված՝ իրավախորհրդատուին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարի չափի հարաբերակցությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ ծախսի ողջամիտ չափը կարող է կազմել հենց պայմանագրում նշված 50.000 ՀՀ դրամը: Հետևաբար Ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի անհրաժեշտ է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսի հատուցման գումար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` Վարդան Մկրտչյանի հայցը բավարարել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը և «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշումը մասնակի՝ թիվ 1808059112 որոշման մասով, ճանաչել անվավեր:

2. Պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վարդան Մկրտչյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսի հատուցման գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
 

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

03.07.2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/7748/05/18 վարչական գործով 03.07.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.07.2020 թվականին քննելով Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ Վարդան Մկրտչյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` Վարդան Մկրտչյանի հայցը բավարարել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը և «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշումը մասնակի՝ թիվ 1808059112 որոշման մասով, ճանաչել անվավեր:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանս և Մամիկոն Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես գործի քննության հետ կապված այլ ծախսի հատուցման գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Վարդան Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Բողոքում բարձրացված այն հարցի վերաբերյալ, թե կարո՞ղ է անձը վարչական պատասխանատվության ենթարկվել այն նշանի պահանջը չկատարելու համար, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի կողմից 04.05.2018 թվականին թիվ ՎԴ/2302/05/18, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 26.07.2019 թվականին թիվ ՎԴ/8394/05/18, 07.11.2019 թվականին թիվ ՎԴ/3146/05/18 և 08.11.2019 թվականին թիվ ՎԴ/5135/05/18 վարչական գործերով կայացված դատական ակտերում սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում վկայակոչված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1) կիրառվել են Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Վարդան Մկրտչյանը, 05.05.2018 թվականին վարելով «BMW» մակնիշի 35AX162 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 5 և 17).

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 5).

3) Ծառայության պետի 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշմամբ Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումները թողնվել են անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման (գ.թ. 6).

4) ՀՀ վարչական դատարանի կողմից 04.05.2018 թվականին թիվ ՎԴ/2302/05/18 վարչական գործով կայացված՝ օրինական ուժի մեջ մտած վճռում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 26.07.2019 թվականին թիվ ՎԴ/8394/05/18, 07.11.2019 թվականին թիվ ՎԴ/3146/05/18 և 08.11.2019 թվականին թիվ ՎԴ/5135/05/18 վարչական գործերով կայացված՝ օրինական ուժի մեջ մտած որոշումներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և Որոշում 1-ը, ըստ էության, կիրառվել են նաև այն մեկնաբանությամբ, որ համապատասխան ճանապարհային նշանը, որի պահանջը վարորդը չի կատարել, Որոշում 1-ով հաստատված չէ, չի համապատասխանում այդ որոշմանը, հետևաբար այդ նշանի պահանջը չկատարելը չի կարող հանգեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության առաջացմանը, իսկ այդ նշանի պահանջը չկատարելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործերով ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում (ՀՀ վարչական դատարանի կողմից 04.05.2018 թվականին թիվ ՎԴ/2302/05/18, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 26.07.2019 թվականին թիվ ՎԴ/8394/05/18, 07.11.2019 թվականին թիվ ՎԴ/3146/05/18 և 08.11.2019 թվականին թիվ ՎԴ/5135/05/18 վարչական գործերով կայացված դատական ակտեր) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և Որոշում 1-ը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցների վարորդներին ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (…):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`

ա) նախազգուշացնող,

բ) առավելության,

գ) արգելող,

դ) թելադրող,

ե) հատուկ թելադրանքի,

զ) տեղեկատվական,

է) սպասարկման,

ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):

Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մկրտչյանը, 05.05.2018 թվականին վարելով «BMW» մակնիշի 35AX162 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Վարդան Մկրտչյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը:

Դատարանը, հետազոտելով գործում առկա տեսանյութերը և տեսանյութերից հանված լուսանկարը, արձանագրել է, որ «դրանցում առկա 5.15.1 ճանապարհային նշանի ձախ երթևեկելի գոտիով որպես երթևեկության թույլատրելի ուղղություն նշված է հետադարձ և դեպի ուղիղ ուղղությունները, մինչդեռ հայցվորի վարած տրանսպորտային միջոցը երթևեկել է դեպի ձախ, ուստի (…) «BMW» մակնիշի 35AX162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 05.05.2018 թվականին ժամը 17:58-ին ք. Երևան, Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի պահպանել Որոշում 1-ով սահմանված 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը», «հայցվորի գործողություններում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը», «Որոշում 1-ի 5.15.1 ճանապարհային նշանի բովանդակությունից՝ «5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները՝ դրանցից յուրաքանչյուրով», բխում է, որ նշանի վրա կարող է նշվել երթևեկության ցանկացած ուղղություն այդ գոտիով», ու գտել է, որ առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով որևէ հիմք թիվ 1808059112 որոշումն անվավեր ճանաչելու համար։

Վերաքննիչ դատարանը Վարդան Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 23.11.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, ու հավելելով, որ նույնիսկ այն դեպքերում, երբ ճանապարհային նշանները երթևեկության մասնակիցների կողմից ընկալվում են որպես երթևեկության կանոններին հակասող, ապա, միևնույնն է` վերջիններս պարտավոր են ենթարկվել այդ ճանապարհային նշանի պահանջներին, բացի այդ, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում տեղադրված երթևեկության ուղղություններ ցույց տվող ճանապարհային նշանի համապատասխանությունը Որոշում 1-ի Հավելված 1-ի պահանջներին, չի վիճարկվել, ինչը ևս վկայում է այն մասին, որ այդ նշանի պահանջները ենթակա են եղել պարտադիր կատարման։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը, Վարդան Մկրտչյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Վարդան Մկրտչյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է:

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշման անվավերությունն ինքնին հիմք է նաև այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտը՝ Ծառայության պետի «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշումը մասնակի՝ թիվ 1808059112 որոշման մասով, անվավեր ճանաչելու համար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն բողոքի քննությամբ վճռաբեկ բողոքի հիմքը հաստատվեց, որի պայմաններում նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և Որոշում 1-ն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` Վարդան Մկրտչյանի հայցը բավարարել՝ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը և «Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումներն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշումը մասնակի՝ թիվ 1808059112 որոշման մասով, ճանաչել անվավեր:

 

5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

5.1. Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե տեղադրված ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:

 

5.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

1) նախազգուշացնող.

2) առավելության.

3) արգելող.

4) թելադրող.

5) հատուկ թելադրանքի.

6) տեղեկատվության.

7) սպասարկման.

8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանների վերը նշված խմբերը սահմանված են նաև Որոշում 2-ով հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետով։

Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:

Նույն հավելվածի Ձև 1-ով սահմանված է նաև 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Որոշում 1-ում այդ նշանը պատկերված է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

Միևնույն ժամանակ Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:

 

5.3. Վերոգրյալից հետևում է, որ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հաստատված համարել վերջինիս կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու փաստը։

Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանները սահմանված են Որոշում 1-ով։ Մասնավորապես՝ նշված որոշմամբ հաստատված Հավելված 1-ում առանձնացվում են թվով 8 խումբ ճանապարհային նշաններ, այդ թվում՝ «Հատուկ թելադրանքի նշանները»: Վերջիններս մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Սպառիչ կերպով սահմանվում են հատուկ թելադրանքի նշանները, այդ թվում նաև՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Փաստորեն, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը կոչված է ճանապարհային երթևեկության մասնակիցներին ցույց տալու հետևյալը.

- երթևեկության գոտիների թիվը,

- երթևեկության թույլատրելի ուղղությունները երթևեկության գոտիներից յուրաքանչյուրով։

Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը Որոշում 1-ով սահմանել է նաև ճանապարհային նշանների պատկերները։ ՀՀ կառավարության կողմից ճանապարհային նշանների պատկերների սահմանումը կոչված է ապահովել դրանց ճանաչողական գործառույթի իրականացումը, քանի որ այդ պատկերների միջոցով է ճանապարհային երթևեկության մասնակիցը կարողանում ճանաչել տեղադրված ճանապարհային նշանը, ընկալել դրա բնույթը, կարգավորման առարկան և դրանով ներկայացվող պահանջը։ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը ՀՀ կառավարության կողմից պատկերվել է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:

 

5.4. Գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի՝ վերը նկարագրված պատկերն ընդամենն օրինակ է, որը ճանապարհային երթևեկության մասնակիցներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այդ նշանի ընդհանուր տեսքի, հիմնական բնութագրիչների վերաբերյալ։ Սակայն ՀՀ կառավարության կողմից 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի՝ միայն վերը նկարագրված պատկերի սահմանումը չի նշանակում, որ այդ նշանը ցանկացած պարագայում պետք է ունենա հենց այդ տեսքը, այսինքն՝ ցույց տա երեք գոտուց կազմված ճանապարհ, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ։ Մեր կարծիքով՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով կարող են սահմանվել նաև երթևեկության գոտիների այլ քանակ և (կամ) դրանցով երթևեկության այլ ուղղություններ։ Նման դատողության հիմքում ընկած են երկու հիմնական փաստարկներ: Այսպես՝

 

5.5. Առաջին, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» (…) նշանները կիրառվում են խաչմերուկում յուրաքանչյուր գոտիով երթևեկության թույլատրելի ուղղությունները նշելու համար, որտեղ պահանջվում է գոտիների օգտագործումն ապահովել տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան (…):

Վերոգրյալից պարզ է դառնում, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի կիրառումը պայմանավորված է երթևեկության գոտիների օգտագործումը տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան ապահովելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը բոլոր ճանապարհներին միատեսակ չէ։ Դա նշանակում է, որ իրավասու մարմինը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության կիրառել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը։ Այսինքն՝ քննարկվող նշանի վրա սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ։

Երկրորդ, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն՝ (…) 5.15.1 նշանը բնակավայրերից դուրս խաչմերուկից առաջ` տվյալ ուղղությամբ երթևեկության երեքից ոչ ավելի, բնակավայրերում` ոչ ավելի, քան երկու գոտիներ ունեցող ճանապարհներին թույլատրվում է տեղակայել ճանապարհի աջ կողմում (…)։

Վերոգրյալից հետևում է, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը և դրա պատկերը սահմանած մարմինը՝ ՀՀ կառավարությունը, առնվազն թույլատրելի է համարել քննարկվող նշանը նաև բնակավայրերում երեքից պակաս գոտիներ ունեցող ճանապարհներին տեղակայելը՝ սահմանելով դրա կարգը (տեղակայման թույլատրելի վայրը)։ Նման պայմաններում (5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, օրինակ, երկու երթևեկության գոտի ունեցող ճանապարհին տեղակայելու դեպքում) օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել այդ նշանի կիրառումը հենց ՀՀ կառավարության կողմից սահմանած պատկերով, քանի որ այդ պատկերը նախատեսված է երթևեկության երեք գոտիների համար։ Փաստորեն, ՀՀ կառավարությունը, սահմանելով 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը և դրա պատկերը, այդ նշանի կիրառումը չի սահմանափակել միայն իր կողմից սահմանված պատկերով։ Հետևաբար, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը սլաքների այլ ուղղություններով տեղադրելու հնարավորության բացառումը չի բխում նաև այն սահմանող մարմնի՝ ՀՀ կառավարության կամքից։

Այսպիսով, գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները կարող են չհամընկնել Որոշում 1-ով սահմանված՝ այդ նշանի պատկերում ներկայացված սլաքների ուղղություններին, և նման ճանապարհային նշանի պահանջը չկատարելու դեպքում ևս անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։

 

5.6. Սույն հատուկ կարծիքով, վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև Որոշում 2-ի Հավելված 3-ի 7-րդ կետով սահմանված իրավակարգավորմանը, որն ըստ էության ընկած է Վճռաբեկ դատարանի դատողությունների հիմքում։ Մասնավորապես՝ նշված իրավանորմի համաձայն՝ (…) նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գտնում ենք, որ այս դրույթը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել ճանապարհային նշանների պատկերները ՀՀ կառավարության կողմից սահմանելու նպատակը։ Ինչպես նշվեց, ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումը։ Այդ տեսանկյունից ՀՀ կառավարության կողմից պետք է հաստատման ենթակա լինեն նշանի պատկերում այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են նշանի այն բնութագրերին, որոնց փոփոխությունը կարող է անձանց մոտ անորոշություն, շփոթ առաջացնել այդ նշանի բնույթի, դրա կարգավորման առարկայի, դրանով ներկայացվող պահանջի վերաբերյալ։ Մինչդեռ սլաքներով սահմանված երթևեկության ուղղությունները չեն կարող համարվել Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի էական հատկանիշ, քանի որ ակնհայտ է, որ այդ նշանը կարող է օգտագործվել ոչ միայն երեք (ինչպես պատկերված է Որոշում 1-ում), այլև այլ թվով գոտիներ ունեցող ճանապարհների վրա երթևեկությունը կարգավորելու նպատակով։ Բացի այդ, ինչպես նշվեց, դրանում պատկերված սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ։ Ուստի Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանում երթևեկության ուղղությունները պայմանական բնույթ են կրում և ըստ անհրաժեշտության ենթակա են փոփոխման, ինչի համար ՀՀ կառավարության կողմից հաստատում չի պահանջվում։

Ավելին՝ Որոշում 1-ում առկա են նաև այլ նշանների խիստ որոշակիացված պատկերներ, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանների պատկերների վրա գրված է «Ապարան» բառը, 5.25 «Բնակավայրի սկիզբ» և 5.26. «Բնակավայրի վերջ» նշանների վրա՝ «Թալին» բառը և այլն։

Եթե վերը նշված նշանների՝ սահմանված պատկերները համարվում են այդ նշանների միակ թույլատրելի պատկերները, և դրանցում ցանկացած փոփոխություն ենթակա է հաստատման ՀՀ կառավարության կողմից, ստացվում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հաստատի, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի անվանումներով, քանի որ հակառակ դեպքում տեղադրվող նշանը չի համապատասխանի սահմանված նշանի հատկանիշներին։

Գտնում ենք, որ նման մոտեցումը խիստ մեխանիկական է և չի բխում ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումն ապահովելու՝ ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակից։ Կարծում ենք, որ ինչպես 5.23.1, 5.23.1, 5.25 և 5.26 նշանների պատկերներում նշված բնակավայրերի անվանումները, այնպես էլ 5.15.1 նշանի պատկերում արտացոլված սլաքների ուղղությունները պայմանական են և ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել։

Ամփոփելով վերոգրյալը՝ եզրակացնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջի խախտում կարող է առկա լինել ոչ միայն այն դեպքում, երբ տեղադրված ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը՝ դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, լիովին համապատասխանում է այդ նշանի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, այլև այն դեպքում, երբ տեղադրված նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:

 

5.7. Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մկրտչյանը, 05.05.2018 թվականին վարելով «BMW» մակնիշի 35AX162 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:

Վարդան Մկրտչյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 21.05.2018 թվականի թիվ 1808059112 որոշումը:

Դատարանը, հետազոտելով գործում առկա տեսանյութերը և տեսանյութերից հանված լուսանկարը, արձանագրել է, որ «դրանցում առկա 5.15.1 ճանապարհային նշանի ձախ երթևեկելի գոտիով որպես երթևեկության թույլատրելի ուղղություն նշված է հետադարձ և դեպի ուղիղ ուղղությունները, մինչդեռ հայցվորի վարած տրանսպորտային միջոցը երթևեկել է դեպի ձախ, ուստի (…) «BMW» մակնիշի 35AX162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 05.05.2018 թվականին ժամը 17:58-ին ք. Երևան, Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի պահպանել Որոշում 1-ով սահմանված 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը», «հայցվորի գործողություններում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը», «Որոշում 1-ի 5.15.1 ճանապարհային նշանի բովանդակությունից՝ «5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները՝ դրանցից յուրաքանչյուրով», բխում է, որ նշանի վրա կարող է նշվել երթևեկության ցանկացած ուղղություն այդ գոտիով», ու գտել է, որ առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով որևէ հիմք թիվ 1808059112 որոշումն անվավեր ճանաչելու համար։

Վերաքննիչ դատարանը Վարդան Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 23.11.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, ու հավելելով, որ նույնիսկ այն դեպքերում, երբ ճանապարհային նշանները երթևեկության մասնակիցների կողմից ընկալվում են որպես երթևեկության կանոններին հակասող, ապա, միևնույնն է` վերջիններս պարտավոր են ենթարկվել այդ ճանապարհային նշանի պահանջներին, բացի այդ, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան /Երզնկյան/ Բաղրամյան խաչմերուկի հատվածում տեղադրված երթևեկության ուղղություններ ցույց տվող ճանապարհային նշանի համապատասխանությունը Որոշում 1-ի Հավելված 1-ի պահանջներին, չի վիճարկվել, ինչը ևս վկայում է այն մասին, որ այդ նշանի պահանջները ենթակա են եղել պարտադիր կատարման։

 

5.8. Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ այն նշանը, որի պահանջը չկատարելու համար հայցվորը ենթարկվել է պատասխանատվության, ունի հետևյալ տեսքը. առկա են երթևեկության երեք գոտիներ, աջ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ, մեջտեղի գոտուց՝ երթևեկել ուղիղ, ձախ եզրային գոտուց՝ երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ։ Ըստ տեսանյութի՝ հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը ձախ եզրային գոտուց կատարել է ձախ շրջադարձ։

Ինչպես վերը նշվեց, այն հանգամանքը, որ տեսանյութում առկա ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը՝ դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, ամբողջությամբ չի համապատասխանում 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, դեռևս չի նշանակում, որ տեսանյութում առկա նշանը Որոշում 1-ի համաձայն գոյություն չունեցող ճանապարհային նշան է։ Մեր գնահատմամբ տեսանյութում առկա նշանը 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 6.3.1. «Հետադարձի տեղ» (որով ձախ շրջադարձն արգելվում է) ճանապարհային նշանների համակցություն է, ուստի այն պարունակում է նաև 5.15.1 նշանի հատկանիշները։ Դա իր հերթին նշանակում է, որ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է ենթարկվեն տեղադրված ճանապարհային նշանին՝ կատարելով դրա պահանջը։ Ուստի տվյալ դեպքում հայցվորը, ձախ եզրային գոտուց կատարելով ձախ շրջադարձ, խախտել է 5.15.1 նշանի պահանջը՝ հաշվի առնելով, որ տեղադրված նշանը ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ կատարելու հնարավորություն չէր տալիս։

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ եթե տեսանյութում առկա ճանապարհային նշանի պահանջները հայցվորի համար ամբողջությամբ հասկանալի չէին, քանի որ տեղադրված նշանի պատկերն ամբողջությամբ չէր համապատասխանում 5.15.1 նշանի՝ Որոշում 1-ում սահմանված պատկերին, ապա հայցվորը պետք է կատարեր այդ նշանի՝ իր համար հասկանալի պահանջը, այսինքն՝ ընտրեր երթևեկության՝ տեղադրված նշանով թույլատրված այն ուղղությունը, որը համապատասխանում է 5.15.1 նշանի՝ Որոշում 1-ում սահմանված պատկերում նշված ուղղությանը, այսինքն՝ երթևեկեր ուղիղ։ Այսպիսով, գտնում ենք, որ տեսանյութում տեսանելի ճանապարհային նշանի առկայության պայմաններում հայցվորն ամեն դեպքում իրավունք չուներ ձախ եզրային գոտուց կատարել ձախ շրջադարձ։

Միաժամանակ գտնում ենք, որ 6.3.1 նշանի առկայությունը տվյալ դեպքում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար անորոշություն չի առաջացնում, քանի որ առկա կարգավորումը հստակ է. ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ, միաժամանակ այդ գոտուց թույլատրվում է նաև կատարել հետադարձ։ Իսկ այն հարցը, թե արդյոք իրավաչափ է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցումը, թե՝ ոչ, վերաբերում է տեղադրված ճանապարհային նշանի՝ որպես վարչական ակտի իրավաչափությանը, ինչը սույն գործով քննության առարկա չէ, ուստի տվյալ դեպքում պետք է ելնել չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից (վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ, տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։

Նման պայմաններում իրավաչափ ենք համարում Ծառայության կողմից հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելը՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար։ Նման իրավաչափ եզրահանգման է եկել նաև Վերաքննիչ դատարանը՝ հայցը մերժելու մասին Դատարանի վճռի դեմ Վարդան Մկրտչյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով։

 

5.9. Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, ուստի գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը՝ սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

Մ. Դրմեյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական: