ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԱՎԴ/0009/11/18 |
ԱՎԴ/0009/11/18 |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի հոկտեմբերի 23-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա.Գևորգյանի (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին)` 2018 թվականի մարտի 12-ի որոշմամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության պատճառաբանությամբ:
Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Գ.Խաչիկյանի՝ 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ վերը նշված որոշումը վերացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 37200118 քրեական գործը:
1.1 Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ Արմեն Մովսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, և քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Վերոնշյալ որոշման դեմ «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Տեր-Սիմոնյանի բողոքի կապակցությամբ, Վայոց ձորի մարզի դատախազը 2018 թվականի հունիսի 27-ի գրությամբ պարզաբանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 263-րդ հոդվածի կարգով բողոքը քննության առնելու անհնարինության վերաբերյալ` այն պատճառաբանությամբ, որ Ա․Տեր-Սիմոնյանը չի հանդիսանում նշված հոդվածով նախատեսված սուբյեկտներից որևէ մեկը։
2. «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Օսիկյանի բողոքի քննության արդյունքում, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի հունիսի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության իրավունքների և ազատությունների խախտումը:
3. Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալ Գ.Խաչիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 18-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
4.1 Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 16-ի թիվ ԱՎԴ3/0406/02/17 քաղաքացիական գործով կայացված վճռի համաձայն. «(…) ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավարին պարտավորեցնել չխոչընդոտելու «Վայկ Մելտալ» ՍՊԸ կողմից 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ի դեմս նախարար Լևոն Յոլյանի և «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ Պ-005 ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը, և «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր (հողօգտագործման պայմանագիր)` նշված ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված` ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բազմամետաղային հանքավայրի 625 հա կազմող տարածքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար` ըստ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տրված թիվ ԵՈՒՀ-29/005 ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնության: (…)»1:
5.1 Վերը նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի նոյեմբերի 15-ին2, որի հիման վրա 2017 թվականի դեկտեմբերի 4-ին տրվել է կատարողական թերթ3, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին հարուցվել է կատարողական վարույթ4:
5.2 Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի հարկադիր կատարողի՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Մովսիսյանը պարտավորվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 18-ը «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության հետ կնքել համաձայնագիր (հողօգտագործման պայմանագիր)5:
6. ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավար Ա.Մովսիսյանը 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 95 որոշմամբ համայնքի ավագանուն է ներկայացրել հողօգտագործման պայմանագիր կնքելու համար համայնքի բազմամետաղային հանքավայրի 625 հա մակերեսով տարածքը «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության օգտագործմանը տրամադրելու մասին առաջարկություն6, որը համայնքի ավագանու` նույն թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 42 որոշմամբ մերժվել է7:
7. Նախաքննության մարմնի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն. «(…) [Ն]ախաքննության ընթացքում [կատարված քննչական գործողությունների] արդյունքներով ևս չի հիմնավորվել Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դիտավորությամբ չկատարելու հանգամանքը:
(…)
Արմեն Մովսիսյանը հիմք ընդունելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՎԴ3/0406/02/17 վճիռն ու նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարը հողօգտագործման պայմանագիր կարող է կնքել միայն համայնքի ավագանու համապատասխան որոշման առկայության դեպքում, 2017 թվականի դեկտեմբերի 14-ին որոշում է կայացրել հողօգտագործման պայմանագիր կնքելու համար Գլաձոր համայնքի ավագանուն առաջարկել համայնքի բազմամետաղային հանքավայրի 625 հա մակերեսով տարածքը օգտագործման հանձնել «Վայկ Մետալ» ՍՊ ընկերությանը (…)։
(…) Համայնքի ավագանու որոշման առկայությամբ հողօգտագործման պայմանագիր կնքելու իրավունքը հաստատվում է նաև ՀՀ հողային օրենսգրքով և ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 12-ի Ն-286 «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշմամբ:
(…) Գլաձոր համայնքի ավագանու բոլոր անդամները (…) ցուցմունք են տվել այն մասին, որ (…) իրենք դեմ են արտահայտվել պայմանագիր կնքելուն՝ դրսևորելով իրենց անհատական մոտեցումն այդ խնդրին, ինչ վերաբերվում է համայնքի ղեկավարին, ապա նա տվյալ հարցը համայնքի ավագանու անդամներին ներկայացնելիս իր անձնական կարծիքը չի հայտնել կամ որևէ մեկին չի առաջարկել կողմ կամ դեմ քվեարկել (…):
Տվյալ դեպքում քրեական գործի նախաքննությամբ (…) ձեռք չեն բերվել (…) Արմեն Մովսիսյանի կողմից (…) դատարանի վճիռը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ փաստական տվյալներ, ուստի նրա արարքում բացակայում է [քրեական] օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով [նախատեսված] հանցագործության հանցակազմը: (…)»8:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 18-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) [Տ]վյալ դեպքում առկա [է] [Առաջին ատյանի] դատարանի (…) օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Գլաձոր համայնքի ղեկավարը (…) պարտավորվել է չխոչընդոտել [ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների] նախարարության (…) և «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ Պ-005 ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը և «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր (հողօգտագործման պայմանագիր)` նշված ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված` ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բազմամետաղային հանքավայրի 625 հա կազմող տարածքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար (…), և [համայնքի ավագանու անդամների] ցուցմունքները՝ ըստ որոնց՝ համայնքի ղեկավարը ավագանու անդամների քննարկմանն է ներկայացրել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հետ հողօգտագործման պայմանագիր կնքելու համաձայնություն տալու և հողհատկացում կատարելու հարցը, մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ Հետախուզական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ հողամասերը չեն վերցվում և ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի Ն-286 որոշման 73-րդ մասի համաձայն՝ հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամասերն օգտագործողի հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչի ուղղությամբ նախաքննական մարմինը չի ձեռնարկել համապատասխան քննչական և դատավարական գործողություններ: (…)9:
Վերոշարադրյալի հաշվառմամբ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ «(…) [Ք]րեական գործի նախաքննությունն իրականացվել է ոչ լիարժեք, քրեական գործում առկա տվյալները լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման չեն ենթարկվել՝ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ինչի արդյունքում խախտվել են «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի իրավունքները: (…)10:
9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստել է, որ «(…) Ա.Մովսիսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության փաստը պետք է քննարկման առարկա դառնար Դատարանի 2017 թվականի հունիսի 16-ի վճռի մեջ մատնանշված հանգամանքների, Դատարանի կողմից կատարված վերլուծությունների և Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման ուղղությամբ Գլաձոր համայնքի ղեկավար Ա.Մովսիսյանի կատարած գործողությունների համատեքստում, ինչի արդյունքում միայն հնարավոր կլիներ հիմնավոր և իրավաչափ եզրահանգման գալ Ա.Մովսիսյանի գործողությունների վերաբերյալ: (…)11:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա:
Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է չպատճառաբանված դատական ակտ, որի հիմնավորվածությունը փորձել է պատճառաբանել բացառապես ընդհանուր բնույթի ձևակերպումներով այն մասին, որ նախաքննության մարմինը չի կատարել լիարժեք քննություն, իսկ քրեական գործում առկա տվյալները լրիվ, բազմակողմանի հետազոտման ու գնահատման չեն ենթարկվել:
Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել «Վայկ-Մետալ» ՍՊ ընկերության իրավունքների և ազատությունների խախտումները` ստորադաս դատարանները որևէ կերպ չեն պատճառաբանել, թե քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ նշված ընկերության որ իրավունքները կամ ազատություններն են խախտվել, և ինչում են դրանք դրսևորվել, ինչն էլ ողջամտորեն անիրագործելի է դարձրել իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` դատարանների կողմից սահմանված՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը։
Անդրադառնալով դատարանների` բողոքարկվող որոշման պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությանը, որ ՀՀ hողային օրենսգրքի 83-րդ հոդվածի կամ ՀՀ Կառավարության՝ 2001 թվականի ապրիլի 12-ի Ն-286 որոշման ուղղությամբ նախաքննական մարմինը չի ձեռնարկել համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, բողոք բերած անձը նշել է, որ դրանք իրենց բնույթով վերացական են և գործում առկա փաստական տվյալների պայմաններում որևէ նշանակություն չէին կարող ունենալ՝ Ա.Մովսիսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար։
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկների՝ բողոքաբերը, վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը, փաստել է, որ անկախ հողամասն օգտագործման տրամադրելու նպատակից, համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման կարող է տրամադրվել միայն ավագանու որոշմամբ: Նշվածից հետևում է, որ համայնքի ղեկավարը, որպեսզի կատարեր դատարանի վճիռը, պետք է կնքեր հողօգտագործման պայմանագիր, ինչը, բնականաբար, չէր կարող անել առանց ավագանու որոշման:
Բողոքի հեղինակը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարրերը և գնահատելով սույն քրեական գործում առկա փաստական տվյալները, նշել է նաև, որ Ա.Մովսիսյանը չի ունեցել ուղղակի դիտավորություն` դատական ակտը չկատարելու վերաբերյալ և ըստ էության իրականացրել է համապատասխան գործողություններ՝ սպառելով օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Ավելին՝ նա նաև չի խոչընդոտել «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության կողմից 2016 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը, և ավագանու որոշման վրա ազդող որևէ ներգործություն համայնքի ավագանու անդամների նկատմամբ չի գործադրել:
Արդյունքում, բողոք բերած անձը եզրահանգել է, որ ստորադաս դատարանները, ուղղակիորեն անտեսելով քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն այն մասին, որ դատական ակտը կատարելու պարտավորություն ունեցող սուբյեկտի կողմից այն դիտավորությամբ չկատարելու կամ կատարելուն խոչընդոտելու հանգամանքը հերքվել է, եկել են սխալ եզրահանգման առ այն, որ նախաքննության մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել դատական ակտը կատարելու պարտականություն ունեցող սուբյեկտին և նրա մեղավորության հարցը պարզելու ուղղությամբ:
11. Վերոգրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող՝ «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
⚖13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (...)»:
Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`
- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,
- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:
Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին12:
⚖14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «1.Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված։
(…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված։ Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»։
Վճռաբեկ դատարանը Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է, որ «(...) [Յ]ուրաքանչյուր դեպքում դատարանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր։ Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա։ Հակառակ պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի։ Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին»13:
Վերոնշյալ իրավադրույթների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել նաև այն մասին, որ «(…) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի՝
ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,
բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել: (...)»14:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունիսի 16-ի վճռով Ա.Մովսիսյանը պարտավորվել է չխոչընդոտել «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության կողմից կնքված ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը և «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության հետ կնքել համաձայնագիր (հողօգտագործման պայմանագիր)՝ նշված տարածքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար15: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի նոյեմբերի 15-ին16:
- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի հարկադիր կատարողի՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Մովսիսյանը պարտավորվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 18-ը «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության հետ կնքել համաձայնագիր (հողօգտագործման պայմանագիր)17:
- Ա.Մովսիսյանը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին համայնքի ավագանուն է ներկայացրել հողօգտագործման պայմանագիր կնքելու համար համայնքի բազմամետաղային հանքավայրի 625 հա մակերեսով տարածքը «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության օգտագործմանը տրամադրելու մասին առաջարկություն, որը համայնքի ավագանու` նույն թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է18:
- Նախաքննության մարմինը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել՝ Ա.Մովսիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության պատճառաբանությամբ19:
- Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը բավարարել է՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմողի խախտված իրավունքները՝ այն հիմնավորմամբ, որ նախաքննությունն իրականացվել է ոչ լիարժեք, քրեական գործում առկա տվյալները լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման չեն ենթարկվել, ՀՀ հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի և ՀՀ կառավարության՝ 2001 թվականի ապրիլի 12-ի Ն-286 որոշման ուղղությամբ համապատասխան քննչական և դատավարական գործողություններ չեն ձեռնարկվել20:
- Օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ա.Մովսիսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության փաստը պետք է քննարկման առարկա դառնար Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռի մեջ մատնանշված հանգամանքների, դատարանի վերլուծությունների և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման ուղղությամբ Ա.Մովսիսյանի կողմից ձեռնարկված գործողությունների համատեքստում21:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում դրել են այն ընդհանրական դատողությունը, թե նախաքննության մարմինը չի կատարել լիարժեք քննություն, լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա տվյալները։ Սույն որոշման 14-րդ կետում վկայակոչված նախադեպային որոշումների լույսի ներքո ստորադաս դատարաններն իրենց պատճառաբանություններում հստակ չեն նշել, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտումն ինչում է դրսևորվել և դրա հետևանքով «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության որ իրավունքն է խախտվել: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերում արտացոլված հետևությունները պատճառաբանված չեն։
Ավելին, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը՝ ներկայացված բողոքը բավարարելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավարն իրավասու չէր միանձնյա՝ առանց համայնքի ավագանու թույլտվության, «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության հետ կնքելու համաձայնագիր (հողօգտագործման պայմանագիր): Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել վերաբերելի օրենսդրությունը, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ, 35-րդ և 43-րդ հոդվածների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 17-րդ հոդվածի կարգավորումները, որոնք վկայում են այն մասին, որ համայնքի ղեկավարն իր լիազորությունները` համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի, հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագիր կնքելու հետ կապված, իրավասու է իրացնելու բացառապես համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ: Հետևաբար, այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկի հետ, որ Ա.Մովսիսյանը «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության հետ հողօգտագործման պայմանագիր կարող էր կնքել միայն ավագանու թույլտվությամբ, ինչի մասին նշել է նաև նախաքննության մարմինը՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ22:
Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատողություններին` Ա.Մովսիսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության փաստը պարզելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ա.Մովսիսյանը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի հարկադիր կատարողի՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ պարտավորվելով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 18-ը «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության հետ կնքել համաձայնագիր (հողօգտագործման պայմանագիր), հաջորդ իսկ օրը համայնքի ավագանուն ներկայացրել է առաջարկություն՝ հողօգտագործման պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Սակայն, ավագանին, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մերժել է առաջարկը՝ չտալով իր համաձայնությունը: Վերը նշված հանգամանքների համակցության պայմաններում, լրացուցիչ նախաքննության կատարման անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների դատողություններն ընդունելի լինել չեն կարող։
Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն հետևությունը, որ ստորադաս դատարանները, անտեսելով քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, որոնցով հերքվել է Ա.Մովսիսյանի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու կամ կատարելուն խոչընդոտելու հանգամանքը, եկել են սխալ եզրահանգման առ այն, որ նախաքննության մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող՝ «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ և 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող՝ «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ա․Օսիկյանի բողոքը պետք է մերժել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող՝ «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության տնօրեն Ա․Օսիկյանի բողոքի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 18-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը բեկանել և փոփոխել: Դիմող՝ «Վայկ Մետալ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ա․Օսիկյանի բողոքը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________
1 Տե՛ս քրեական գործ, թերթ 41:
2 Տե՛ս քրեական գործ, թերթեր 56-57:
3 Տե՛ս քրեական գործ, թերթ 15:
4 Տե՛ս քրեական գործ, թերթ 22:
5 Տե՛ս քրեական գործ, թերթ 23:
6 Տե՛ս քրեական գործ, թերթ 27։
7 Տե՛ս քրեական գործ, թերթ 28։
8 Տե՛ս քրեական գործ, թերթեր 216-221:
9 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 76-77:
10 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 77:
11 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթ 52:
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի վերաբերյալ գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի վերաբերյալ գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշումները:
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշման 14-րդ կետը։
14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 18-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:
18 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
19 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
20 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
21 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
22 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|