ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 հnկտեմբերի 2020 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ III (ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ). ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ/ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Խաչատրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի հուլիսի 30-ի N 1250-Ա որոշմամբ որոշել է 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 5-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, վերոնշյալ նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստա-թղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին՝ 2015 թվականի դեկտեմբերի 11-ով թվագրված՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:
2. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):
3. Նամակ-համաձայնագրով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագ-րի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների փոփոխությունները Վերականգնման վարկերի բանկի համար ուժի մեջ կմտնեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը Նամակ-համաձայնագրի վավերացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գրավոր հաստատումը ստանալու դեպքում և պահից:
4. Նամակ-համաձայնագրով փոփոխություն է կատարվում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի 3.2-րդ հոդվածում, և մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը մասամբ կկրի այդ երկարաձգման հետևանքով Վերականգնման վարկերի բանկի կրած վերաֆինանսավորման ծախսերը, որը կհաշվարկվի Վերականգնման վարկերի բանկի կողմից կապիտալի շուկայի գործունեության՝ վերջնահաշվարկի օրվա դրությամբ գերակայող պայմանների հիման վրա:
5. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվելու համար վճարել 1.180.000 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո Վերականգնման վարկերի բանկին, եթե վերջինիս և փոխառուի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինի:
6. Նամակ-համաձայնագիրն ունի հավելվածներ` Հավելված 1ա. «Պարտավորությունների պահպանումը Փոխառուի կողմից» և Հավելված 1բ. «Պարտավորությունների պահպանումը Ծրագրի իրականացման գործակալության կողմից», որոնք դառնում են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասեր:
7. Հայաստանի Հանրապետությունը Նամակ-համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) սկսած 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը` յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին և դեկտեմբերի 30-ին մարել վարկը 6.916.666,66 (վեց միլիոն ինը հարյուր տասնվեց հազար վեց հարյուր վաթսունվեց եվրո և վաթսունվեց եվրոսենթ) եվրո մասնաբաժնով, իսկ 2030 թվականի դեկտեմբերի 30-ին՝ 6.916.666,74 (վեց միլիոն ինը հարյուր տասնվեց հազար վեց հարյուր վաթսունվեց եվրո և յոթանասունչորս եվրոսենթ) եվրո մասնաբաժնով,
բ) մշտապես կատարել Նամակ-համաձայնագրով նախատեսված Հավելված 1ա-ով սահմանված պարտավորությունները,
գ) Վերականգնման վարկերի բանկին անհապաղ տրամադրել «Ճանաչե՛ք Ձեր հաճախորդին» կանոնի համաձայն պահանջվող բոլոր համապատասխան տեղեկությունները կամ համանման տեղեկություններ, որոնք կարող է հայցել Վերականգնման վարկերի բանկը,
դ) ցանկացած Պատժելի գործելակերպի, փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարքի մասին տեղեկանալուց կամ դրա վերաբերյալ կասկածներ ունենալուց անմիջապես հետո այդ մասին անհապաղ և սեփական նախաձեռնությամբ տեղեկացնել Վերականգնման վարկերի բանկին,
ե) Վերականգնման վարկերի բանկին տրամադրել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ ցանկացած և բոլոր տեղեկություններն ու հաշվետվությունները, որոնք Վերականգնման վարկերի բանկը կարող է պահանջել Նամակ-համաձայնագրով նախատեսված՝ 1ա Հավելվածի նպատակների համար,
զ) հնարավորություն տալ Վերականգնման վարկերի բանկին և դրա գործակալներին Նամակ-համաձայնագրով նախատեսված 1ա Հավելվածի նպատակներով ցանկացած ժամանակ ստուգելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և դրա (ենթա)կապալառուների և այլ շահագրգիռ կողմերի՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրին առնչվող մյուս բոլոր փաստաթղթերը և այցելել այդ ծրագրում ներառված կայանքները,
է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կամ Վերականգնման վարկերի բանկին՝ Նամակ-համաձայնագրով նախատեսված 1ա Հավելվածում նախատեսված Պատժելի գործելակերպի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարք հայտնի դառնալուց կամ դրանց առնչությամբ կասկածներ ունենալուց անմիջապես հետո լիովին համագործակցել Վերականգնման վարկերի բանկի և դրա գործակալների հետ՝ որոշելու համար՝ արդյոք տեղի է ունեցել համապատասխանության հետ կապված այդպիսի դեպք,
ը) «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրով ծրագրի առնչությամբ չկնքել որևէ գործարք կամ չներգրավվել որևէ այլ գործունեության մեջ, որը կարող է արգելված լինել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կամ Եվրոպական միության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից։
Սահմանադրական դատարանը կարևորում է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. Խաչատրյան |
2 հոկտեմբերի 2020 թվականի ՍԴՈ-1551 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական: