ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 փետրվարի 2013 թ. |
N 604-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ և 35-րդ կետերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել «Երևան քաղաքի պատվավոր կոչումները և պարգևները» համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել.
1) «Երևանի պատվավոր քաղաքացի» վկայականի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,
2) Երևանի քաղաքապետի պատվոգրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի,
3) Երևանի քաղաքապետի շնորհակալագրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված N 1 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու հարաբերությունները։
2. Երևան քաղաքի պատվավոր կոչումները և պարգևները նպատակ ունեն բարձր գնահատականի և խրախուսանքի արժանացնել անձանց և կազմակերպություններին՝ Երևանի հանրության առջև ունեցած առանձնահատուկ ծառայությունների, Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարօրությանն ուղղված նշանակալի ներդրումների, գիտության, առողջապահության, կրթության, արվեստի, գրականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի և մի շարք այլ բնագավառներում ունեցած ակնառու հաջողությունների, ինչպես նաև հասարակական, քաղաքական, բարեգործական արդյունավետ գործունեության համար։
(2-րդ կետը փոփ. 08.09.20 N 273-Ն)
3. Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա պետությունների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց /այսուհետ՝ քաղաքացիներ/, ինչպես նաև կազմակերպություններին, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվներին։
3.1. Անձիք, կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների շնորհմանը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի կարծիքի հիման վրա:
(3.1-ին կետը լրաց. 08.09.20 N 273-Ն)
4. Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու հիմնական սկզբունքներն են՝
1) պատվավոր կոչումների և պարգևների ներկայացվողներին առաջադրվող պահանջների ու պայմանների հավասարությունը և անկողմնակալությունը.
2) գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը.
3) պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու իրավասությունների հստակ սահմանազատումը Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների՝ Երևանի ավագանու և քաղաքապետի միջև:
2. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
5. Երևան քաղաքի պարգևներն են՝
1) Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ,
1.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալ,
2) Երևան քաղաքի մրցանակներ,
3) Երևանի քաղաքապետի պատվոգիր,
4) Երևանի քաղաքապետի շնորհակալագիր:
(5-րդ կետը լրաց. 11.02.14 N 122-Ն)
6. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվում են՝
1) Երևան քաղաքում ծավալած պետական, գիտական, ստեղծագործական, մշակութային և այլ գործունեության համար.
2) ազգային փոքրամասնությունների հետ բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը և օտարերկրյա պետությունների հետ փոխշահավետ գործակցության զարգացմանը նպաստելու համար.
3) ի շահ Երևան քաղաքի և երևանցիների իրականացրած բարեգործական գործունեության համար.
4) Երևան քաղաքի զարգացման գործում մեծ ներդրումների, երևանցիների բարեկեցությանը միտված գործունեության համար:
7. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալը «Երևան» մակագրությամբ ուղղանկյուն ամրակից կախված շրջանաձև մեդալն է, որը երիզված է Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող եռանկյունիներով։
8. Երկրորդ շրջագծի մեջ պատկերված է Երևանի քաղաքապետարանի շենքը, որի ներքևում պատկերված է իշխանություն խորհրդանշող գավազանը բռնած թևավոր առյուծը։
9. Մեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից։
10. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը։
11. Ոսկե մեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին է հանձնում Երևանի քաղաքապետը։
12. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում։
12.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվում են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար։
(12.1-ին կետը լրաց. 11.02.14 N 122-Ն)
12.2) «Արգիշտի առաջին» հուշամեդալը «ԱՐԳԻՇՏԻ Ա» մակագրությամբ ժապավենից կախված շրջանաձև հուշամեդալ է, որի կենտրոնում պատկերված է Արգիշտի Ա թագավորի դիմաքանդակը։
(12.2-րդ կետը լրաց. 11.02.14 N 122-Ն)
12.3) Հուշամեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից։
(12.3-րդ կետը լրաց. 11.02.14 N 122-Ն)
12.4) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը։
(12.4-րդ կետը լրաց. 11.02.14 N 122-Ն)
12.5) «Արգիշտի առաջին» հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը։
(12.5-րդ կետը լրաց. 11.02.14 N 122-Ն)
12.6) «Արգիշտի առաջին» հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում:
(12.6-րդ կետը լրաց. 11.02.14 N 122-Ն)
13. Երևան քաղաքի ամենամյա մրցանակներն ըստ բնագավառների հետևյալներն են.
1) «Երևան քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում»,
2) «Երևան քաղաքի մրցանակ առողջապահության բնագավառում»,
3) «Երևան քաղաքի մրցանակ գիտության և կրթության բնագավառում»,
4) «Երևան քաղաքի մրցանակ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի բնագավառում»,
5) «Երևան քաղաքի մրցանակ լրագրության և տեղեկատվության բնագավառում»,
6) «Երևան քաղաքի մրցանակ քաղաքաշինության բնագավառում»:
14. Ամենամյա մրցանակներ շնորհվում են մասնագիտական, ստեղծագործական, գիտական և մանկավարժական գործունեության համար։
15. Երևան քաղաքի մրցանակը գրականության և արվեստի բնագավառում շնորհվում է առավել տաղանդավոր, արդիականությամբ և առանձնահատկությամբ աչքի ընկնող այն ստեղծագործությունների համար, որոնք հասարակական ճանաչում են ստացել և նպաստում են Երևան քաղաքում գրականության և արվեստի զարգացմանը։
16. Գրական ստեղծագործությունները մրցանակի են ներկայացվում միայն դրանք հրապարակելուց հետո, իսկ արվեստի ստեղծագործությունները՝ համերգներով, ցուցահանդեսներով, ներկայացումներով, կինոցուցադրումներով, մամուլով և հեռուստատեսությամբ հանրությանը լայնորեն ծանոթացնելուց հետո։
17. Երևան քաղաքի մրցանակն առողջապահության բնագավառում շնորհվում է այն բժիշկներին, բժիշկ-գիտնականներին և առողջապահության բնագավառի այլ աշխատողների, որոնք նպաստել են Երևան քաղաքում գործնական առողջապահության և բժշկական գիտության զարգացմանը՝ ստանալով հանրային ճանաչում։
18. Մրցանակի հավակնող աշխատանքները քննարկվում են բուժաշխատողների կոլեկտիվներում, հասարակական կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցներում։
19. Առողջապահության բնագավառի աշխատանքները կարող են մրցանակի ներկայացվել դրանք հրապարակելուց, կլինիկական փորձարկումներից, քաղաքի գործնական առողջապահության համակարգում ներդնելուց հետո միայն։
20. Երևան քաղաքի մրցանակը գիտության և կրթության բնագավառում շնորհվում է գիտնականներին՝ գիտության զարգացման գործում ձեռք բերած մեծ նվաճումների համար, հանրակրթության և նախադպրոցական հաստատությունների առավել տաղանդավոր ուսուցիչներին, դաստիարակներին և հաստատությունների ղեկավարներին՝ երեխաներին և դեռահասներին ուսուցանելու և դաստիարակելու գործում ունեցած մեծ արդյունքների համար, այն անձանց և կազմակերպություններին, որոնք էական ներդրում ունեն Երևան քաղաքում գիտության և կրթության զարգացման ասպարեզում։
21. Մրցանակի հավակնող նյութերն ու աշխատանքները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան։
22. Թեկնածուներին վերաբերող նյութերը և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել դրանք հրապարակելուց, գործնականում ներդնելուց, աշխատանքային կոլեկտիվներում, հասարակական կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցներում քննարկելուց հետո միայն։
23. Երևան քաղաքի մրցանակը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի բնագավառում շնորհվում է քաղաքացիների առողջությունն ամրապնդելուն, ակտիվ հանգիստը կազմակերպելուն, ֆիզիկական կատարելության հասնելուն, երեխաներին և պատանիներին կանոնավոր կերպով մարզական ասպարեզում ընդգրկելուն միտված առավել նշանակալի միջոցառումների և աշխատանքների, քաղաքացիների ֆիզիկական դաստիարակության հեռանկարային մեթոդներ և համակարգեր մշակելու և ներդնելու, քաղաքի հյուրանոցազբոսաշրջային համակարգում ֆինանսական և ներդրումային արդյունավետ քաղաքականություն իրագործելու, զբոսաշրջության և ենթակառուցվածքների մակարդակի որակական բարելավման, Երևան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները վերհանելու, քարոզելու և զբոսաշրջային սպասարկման ձևերը կատարելագործելու համար։
24. Մրցանակի հավակնող աշխատանքները քննարկվում են համապատասխան հաստատությունների աշխատանքային կոլեկտիվներում և առաջարկությունները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին, մշակույթի և տուրիզմի վարչություն են ներկայացնում Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները։
25. Մրցանակի հավակնող աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել դրանք հրապարակելուց, հասարակական քննարկումից և ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում փաստացի ներդնելուց հետո միայն։
26. Երևան քաղաքի մրցանակը լրագրության և տեղեկատվության բնագավառում շնորհվում է այդ բնագավառում ցուցաբերած ակտիվ գործունեության, բարձր պրոֆեսիոնալիզմի, Երևանի կյանքին վերաբերող դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ, ստույգ և անկողմնակալ տեղեկատվության համար:
27. Թեկնածուներին վերաբերող նյութերը և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել դրանք հրապարակելուց, մամուլով և հեռուստատեսությամբ հանրությանը լայնորեն ծանոթացնելուց հետո միայն։
28. Երևան քաղաքի մրցանակը քաղաքաշինության բնագավառում շնորհվում է այդ բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների, ճարտարապետական յուրօրինակ կառույցների նախագծման և շինարարության համար։
29. Քաղաքաշինության բնագավառի աշխատանքները կարող են մրցանակի ներկայացվել դրանք իրականացնելուց և հասարակական ճանաչում ստանալուց հետո միայն։
30. Տվյալ բնագավառում մրցանակի հավակնող աշխատանքները ներկայացվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված մրցանակային հանձնաժողով։
31. Երևան քաղաքի մրցանակով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը։
32. Մրցանակի արժանացած անհատին /կազմակերպություններին, ստեղծագործական կամ աշխատանքային կոլեկտիվներին/ մրցանակի դափնեկրի վկայագիր, ինչպես նաև դրամական պարգև կամ հուշանվեր է հանձնում Երևանի քաղաքապետը հանդիսավոր պայմաններում։
33. Նոր խոշոր ձեռքբերումների համար մրցանակի դափնեկիրը կարող է նորից դրան արժանանալ։
34. Երևանի քաղաքապետի պատվոգրով անձինք /կազմակերպությունները, ստեղծագործական կամ աշխատանքային կոլեկտիվները/ պարգևատրվում են Երևան քաղաքի զարգացման գործում մեծ ներդրումների և Երևանի հանրությանը մատուցած ծառայությունների համար։
35. Երևանի քաղաքապետի պատվոգրի գեղարվեստական ձևավորման տարրերը ստվարաթղթի վրա գունավոր են, իսկ գրությունները՝ սև, կատարված ուղղահայաց (գրքային) տարբերակով։
36. Պատվոգրի վերևի մասի կենտրոնում զետեղված է Երևան քաղաքի զինանշանը, ավելի ներքև ձևավոր շրջանակում «Երևանի քաղաքապետի» գրությունն է՝ մեկ տողով, որի ներքևում՝ «ՊԱՏՎՈԳԻՐ» գրությունն է։ Պատվոգրի կենտրոնում նշվում է պարգևատրվածի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը /կազմակերպության, հիմնարկի անվանումը/ և հակիրճ հիմնավորվում է պարգևատրվելու հանգամանքը։ Տեքստից ներքև մեկ տողի վրա գրություններ են ՝ «Երևանի քաղաքապետ», քաղաքապետի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրությունն ու կնիքը։
37. Պատվոգրի շրջանակի ստորին ձախ մասում նշվում է պատվոգրի տրման ամսաթիվը, իսկ շրջանակի կենտրոնում՝ Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածն է՝ ձվաձև կրկնակի շրջանակում ներառված։
38. Պատվոգիրը զետեղվում է հատուկ փափուկ թղթապանակում։
39. Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը և այն պարգևատրված անձին է հանձնում հանդիսավոր պայմաններում։
40. Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրվում են Երևան քաղաքի հանրության առջև վաստակ ունեցող քաղաքացիները /կազմակերպությունները, ստեղծագործական կամ աշխատանքային կոլեկտիվները/՝ տնտեսական, գիտահետազոտական, սոցիալ-տնտեսական, հասարակական և բարեգործական գործունեության համար։
41. Երևանի քաղաքապետի շնորհակալագրի գեղարվեստական ձևավորման տարրերը ստվարաթղթի վրա գունավոր են, իսկ գրությունները՝ սև, կատարված ուղղահայաց (գրքային) տարբերակով։
42. Շնորհակալագրի վերևի մասի կենտրոնում զետեղված է Երևան քաղաքի զինանշանը, ավելի ներքև ձևավոր շրջանակում «Երևանի քաղաքապետի» գրությունն է՝ մեկ տողով, ավելի ցածր՝ «ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ» գրությունն է։ Շնորհակալագրի կենտրոնում նշվում է պարգևատրվածի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը /կազմակերպության, հիմնարկի անվանումը/ և հակիրճ հիմնավորվում է պարգևատրվելու հանգամանքը։ Տեքստից ներքև մեկ տողի վրա գրություններ են՝ «Երևանի քաղաքապետ», քաղաքապետի անունը, ազգանունը, ստորագրությունն ու կնիքը։
43. Շնորհակալագրի շրջանակի ստորին ձախ մասում նշվում է շնորհակալագրի տրման ամսաթիվը, իսկ շրջանակի կենտրոնում՝ Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածն է՝ ձվաձև կրկնակի շրջանակում ներառված։
44. Շնորհակալագիրը զետեղվում է հատուկ փափուկ թղթապանակում։
45. Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը և այն պարգևատրված անձին է հանձնում հանդիսավոր պայմաններում։
3. ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
46. Երևանի պատվավոր կոչումներն են՝
1) Երևանի պատվավոր քաղաքացի,
2) Երևանի պատվավոր կոչումներ՝ ըստ մասնագիտությունների:
47. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին քաղաքի զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար՝ քաղաքի բարօրությանը, բարգավաճմանը միտված անձնական գործունեությունը խրախուսելու նպատակով։
48. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու հիմքերն են՝
1) բացառիկ մեծ վաստակը Երևան քաղաքի բարգավաճման գործում,
2) քաղաքացու հեղինակությունը Երևան քաղաքի բնակչության շրջանում, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի համար նշանակալի գործունեությամբ:
49. Օտարերկրյա պետությունների քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվում է նաև այլ հիմքերով, այդ թվում՝ այս կոչումը շնորհելուց բխող հասարակական-քաղաքական հնչեղությամբ։
50. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացած անհատին շնորհվում է «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալ, «Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշան, «Երևանի պատվավոր քաղաքացու» վկայական և շնորհագիր։
51. «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալի դիմային մասում պատկերված է Երևանի զինանշանը, որը ներքևից կիսաշրջագծում է «Երևանի պատվավոր քաղաքացի» մակագրությունը։
52. Հուշամեդալի հակառակ կողմում, որպես հնի ու նորի համադրում, պատկերված է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևան քաղաքի հատակագիծը, որի աջ կողմում Երևանի նախահայր Արգիշտի թագավորի հարթաքանդակն է՝ քաղաքի տարեթիվը փաստող սեպագիր արձանագրությամբ։
53. Հուշամեդալը պատրաստվում է արծաթից։
54. «Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշանի վրա Երևանի քաղաքապետարանի շենքի մոդելն է, որի ներքևում՝ պատվանդանի վրա «Երևան» մակագրությունն է։
55. Կրծքանշանը պատրաստվում է ոսկեջրած արծաթից։
56. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ որոշումը ընդունում է Երևան քաղաքի ավագանին՝ Երևանի քաղաքապետի առաջարկությամբ, անհատապես, ցմահ, և այդ կոչումը հետ վերցնելու ենթակա չէ։
57. Երևանի քաղաքապետը ստորագրում է Պատվավոր քաղաքացու վկայականը։
58. «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալը, «Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշանը և «Երևանի պատվավոր քաղաքացու» վկայականն ու շնորհագիրը այդ կոչմանն արժանացած քաղաքացուն հանձնում է Երևանի քաղաքապետը՝ հանդիսավոր պայմաններում։
59. Պատվավոր քաղաքացիների անունները ժամանակագրական կարգով գրանցվում են Երևան քաղաքի Պատվավոր քաղաքացիների մատյանում։
60. Երևան քաղաքի Պատվավոր քաղաքացիների մատյանը մշտապես պահպանվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում։
61. Երևան քաղաքի պատվավոր կոչումներն ըստ մասնագիտությունների շնորհվում են մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար։
62. Ըստ մասնագիտությունների Երևան քաղաքի պատվավոր կոչումների տեսակներն են`
1) Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ.
2) Երևան քաղաքի պատվավոր բժիշկ.
3) Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ.
4) Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ.
5) Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող.
6) Երևան քաղաքի պատվավոր փրկարար.
7) Երևան քաղաքի պատվավոր շինարար։
(62-րդ կետը լրաց. 08.09.20 N 273-Ն)
63. Ըստ մասնագիտությունների Երևան քաղաքի պատվավոր կոչումներ շնորհելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը, որը Երևան քաղաքի պատվավոր կոչմանն արժանացած անձին հուշամեդալ և շնորհագիր է հանձնում հանդիսավոր պայմաններում։
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
64. Պարգևատրված անձի մահվան դեպքում պարգևները և դրանց վկայագրերը կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ և Երևանի քաղաքապետի գիտությամբ հանձնվել թանգարաններին։
65. Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պարգևները և դրանց վկայագրերը վերադարձվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ։
66. Երևան քաղաքի պարգևներով պարգևատրված քաղաքացիները, դրանց վկայագրերը կորցնելու դեպքում պահպանում են իրենց իրավունքները։
67. Պարգևների կրկնօրինակներ տրվում են պարգևատրված անձի դիմումի հիման վրա՝ Երևանի քաղաքապետի կողմից։
68. Կորցրած պարգևների և դրանց վկայագրերի կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
(հավելվածը լրաց. 11.02.14 N 122-Ն, փոփ., լրաց. 08.09.20 N 273-Ն)
Հավելված N 2 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման |
ՁԵՎ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N
Անուն, ազգանուն
ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Շնորհված է Երևան քաղաքի ավագանու -----------------թ. հ. –Ա որոշմամբ
ՔԱՂԱՔԱՊԵՏ -------------- Անուն, ազգանուն
Ստորագրություն, կնիք |
YEREVAN MUNICIPALITY CERTIFICATE N
Name, last name
HONOURABLE CITIZEN OF YEREVAN
AWORDED BY THE DECISION OF THE COUNCIL OF THE ELDERS OF YEREVAN
----------------- N-A
MAYOR ----------------- Name, last name |
Հավելված N 3 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման |
ՁԵՎ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
Պ Ա Տ Վ Ո Գ Ի Ր
_______________________________________________________________________
Պաշտոնը
_______________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն
_______________________________________________________________________
Պարգևատրելու հանգամանքը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
_____________________________ Ստորագրություն, կնիք |
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ |
«___» ________ __________ Ամիս ամսաթիվ տարեթիվ |
Հավելված N 4 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման |
ՁԵՎ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
_______________________________________________________________________
Պաշտոնը
_______________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն
_______________________________________________________________________
Պարգևատրելու հանգամանքը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
_____________________________ Ստորագրություն, կնիք |
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ |
«___» ________ __________ Ամիս ամսաթիվ տարեթիվ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.11.2024, N 226-Ն | 26.11.2024, N 604-Ն | |
25.06.2024, N 153-Ն | 05.07.2024, N 604-Ն | |
25.05.2021, N 387-Ն | 04.06.2021, N 604-Ն | |
08.09.2020, N 273-Ն | 26.09.2020, N 604-Ն | |
11.02.2014, N 122-Ն | 06.03.2014, N 604-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|