Գլխավոր տեղեկություն
Համար
N 1625-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2020

 

02.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2020 թվականի N 1625-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և 44-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը՝ համաձայն N 12 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

02.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1625-Ն որոշման

 

 

«Հավելված N 12

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց (այսուհետ՝ տուժած անձինք) բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

3. Տուժած անձն օգտվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից՝ սույն որոշմամբ սահմանված ծավալներով, այդ թվում՝ սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից:

4. Տուժած անձը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում իր կողմից կամավոր ընտրված բժշկի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցումից հետո:

5. Տուժած անձին տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ սահմանված կարգով հատկացվող դեղերի տրամադրումը:

6. Տուժած անձի՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ բնակչության պետական ռեգիստրից կամ այլ տեղեկատվական շտեմարաններից տրված քաղվածքը, եթե անձի տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հասանելի այլ տեղեկատվական շտեմարաններում:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված քաղվածքը տրամադրվում է տուժած անձին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրած համապատասխան բժշկական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացված հարցման հիման վրա, որի մեջ նշվում են անձի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)։ Առկայության դեպքում հարցմանը կցվում է մեկ գունավոր լուսանկար և անձը հաստատող որևէ փաստաթղթի պատճեն։

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերը տրամադրելու անհնարինության դեպքում տուժած անձի բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է սույն որոշման N 2 հավելվածի 9.3-րդ կետով սահմանված կարգով:

9. Տուժած անձին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: