ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 20-ին
ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական և ֆինանսատնտեսական հիմքերը:
Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու` մարդու սահմանադրական իրավունքի և կարևորագույն պետական խնդրի` էկոլոգիական ապահովման նպատակով շրջակա բնական միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունների իրականացումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական բարձր կուլտուրա, որը ձեռք է բերվում էկոլոգիական անընդմեջ կրթության ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
պետական քաղաքականությունը ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում` պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է` նպատակաուղղված ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի և հասարակության էկոլոգիական կուլտուրայի ձևավորմանը.
էկոլոգիական կրթություն` անընդմեջ գործընթաց է` նպատակաուղղված անձին և ազգաբնակչությանը էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության և բնօգտագործման բնագավառում նրանց ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսևորմանը և վարքագծի ձևավորմանը.
էկոլոգիական դաստիարակություն` էկոլոգիական կուլտուրայի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ և կարողություններ, ձևավորել հմտություններ և բացահայտել ունակություններ, դրսևորել բարոյական չափանիշներ և վարքագիծ` բնության հետ փոխներգործության ընթացքում.
էկոլոգիական գիտելիք` հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը.
էկոլոգիական գիտելիքների նվազագույն` հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների և էներգիայի խնայողության, տնտեսական և այլ գործունեության, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի վերականգնման և դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման նպատակին.
էկոլոգիական կուլտուրա` մարդու և բնության ներդաշնակ փոխներգործության վերաբերյալ հայրենական և համաշխարհային փորձն է, որը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը:
Հոդված 2. | ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:
Հոդված 3. | ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է`
ա) ապահովել մարդու և հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը.
բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության և կուլտուրայի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակմանը, համակողմանիորեն զարգացած անձի ձևավորմանը:
Օրենքի խնդիրներն են`
ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը և պաշտպանումը.
բ) ազգաբնակչության էկոլոգիական ուսուցման, դաստիարակման և էկոլոգիական կուլտուրայի ձևավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական և այլ երաշխիքների ապահովումը.
գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:
Հոդված 4. | ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ |
Էկոլոգիական անընդմեջ կրթության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետական երաշխիքի ապահովումը.
բ) էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը.
գ) էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում.
դ) էկոլոգիական կրթության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.
ե) պետական քաղաքականության իրականացումն էկոլոգիական կրթության հարցերում:
Հոդված 5. | ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ |
Պետության էկոլոգիական կրթական և տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն և ծառայություններ), մշակույթի և հանգստի, զբոսաշրջության և սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ, ազգային պարկեր) և պատմաճարտարապետական համալիրների, քաղաքային և գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության և անհատի էկոլոգիական կուլտուրայի ձևավորման համար:
Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական և հասարակական կազմակերպությունների և միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև անհատների և հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 6. | ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:
Հոդված 7. | ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետևյալ մակարդակները.
ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն և դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում).
բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.
գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.
դ) բարձրագույն մասնագիտական էկոլոգիական կրթություն.
ե) հետբուհական էկոլոգիական կրթություն.
զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն և դաստիարակություն, այդ թվում` զինված ուժերում:
Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
Հոդված 8. | ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ |
Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է:
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման լիազորված մարմինները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան:
Հոդված 9. | ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր, նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման և արտոնագրման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10. | ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
ա) այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումն ու դրանց կենսագործման համար պայմանների ստեղծումը, հանրապետական մակարդակով էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը.
բ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի և էկոլոգիական կրթության հարցեր բովանդակող նպատակային և ճյուղային պետական այլ ծրագրերի մշակումն ու կենսագործումը.
գ) մասնակցությունը միջազգային էկոլոգիական կրթական ծրագրերի մշակմանը.
դ) էկոլոգիական կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ կրթական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության արտոնագրման և պետական հավատարմագրման կարգի սահմանումը.
ե) պետական ծառայողների և շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաև կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգիական-մասնագիտական պատրաստվածության ստուգման և ատեստավորման կարգի սահմանումը.
զ) էկոլոգիական կրթության համակարգի համար մասնագետ-էկոլոգների, գիտական, մանկավարժական կադրերի և պետական ծառայողների պատրաստումն ու որակավորման բարձրացումը.
է) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական ապահովումը:
Հոդված 11. | ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հոդված 12. | ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ |
Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիներն իրավունք ունեն`
ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.
բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին.
գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը:
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան:
Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները և քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել և ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար:
Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն:
Ծնողները և նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:
Հոդված 13. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր մակարդակներում` միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև կրթական հաստատությունների և ֆիզիկական անձանց հետ` պայմանագրերի միջոցով:
Հոդված 14. | ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման հարցերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին:
Հոդված 15. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|