Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-289
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2002-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.31/43(175) Հոդ.1046
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում «ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից» բառերը փոխարինել «ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները), հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հարկ վճարողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններ:»:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ նորմերի վրա:» բառերը փոխարինել`

«հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի, այդ հարկ վճարողի վաճառվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման փաստացի գների ամրագրման և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ճշտությանն ուղղված հսկիչ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթավորված տվյալների վրա:

Սույն հոդվածով նախատեսված հսկիչ գնումների արդյունքները կիրառվում են գործարքների չփաստաթղթավորված մասի նկատմամբ:» նախադասություններով և նոր մասով:

 

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում հարկային օրենսդրությամբ հարկ վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ լիցենզիա չունեցող անձանցից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:

Սույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:»:

 

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածում «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 281-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկների իրականացման համար սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 282-րդ հոդվածով`

«Հոդված 282. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների և սույն օրենքի 26 հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքերում այդ ապրանքները ենթակա են ոչնչացման (դրանց` այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման) հարկային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Չկատարված հարկային պարտավորության չափը մեկ միլիոն և ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն հոդվածով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` հարկ վճարողի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` հարկ վճարողի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` հարկ վճարողի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո հարկային մարմինն ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում հարկ վճարողի գույքը համարվում է արգելանքից հանված:

Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները հրապարակում են հարկային մարմինները, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-289