ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/7317/05/16 2020 թ.
Վարչական գործ
Նախագահող դատավոր՝ Կ. Մաթևոսյան
Դատավորներ՝ |
Կ. Բաղդասարյան |
Կ. Ավետիսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Գ. հակոբյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Ս. Միքայելյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հուլիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ Գագիկ Բարսեղյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` վարչական ակտը վերացնելու և, որպես հետևանք` որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գագիկ Բարսեղյանը պահանջել է վերացնել Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության (այսուհետ` Վարչություն) 31.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-229 որոշումը և որպես ակտի անվավերության հետևանք` Կոմիտեին պարտավորեցնել վերադարձնել իրեն պատկանող և Կոմիտեի կողմից ի պահ վերցված 35կգ քաշով 18 անվանում դեղորայքը` ձեռք բերման աղբյուրին վերադարձնելու (վերաարտահանելու) համար։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2018 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 03.07.2017 վճիռը մասնակիորեն`վարչական ակտը վերացնելու պահանջը մերժելու մասով, բեկանվել և փոփոխվել է` այդ մասով հայցը բավարարվել է. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 20-րդ, 35-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածները և 06.07.2000 թվականին ընդունված ՀՀ մաքսային օրենսգրքի (ուժը կորցրել է 02.01.2015 թվականին, բացառությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 259-րդ հոդվածով սահմանված դրույթների) 205-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական գործի ապացույցներով հաստատվում է, որ Գագիկ Բարսեղյանը մասնակցել է վարչական վարույթի ընթացիկ փուլում հրավիրված լսումներին, արտահայտել է իր դիրքորոշումը վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ, ներկայացրել է իր փաստարկներն իր կողմից թույլ տրված մաքսային կանոնների խախտման պատճառների և շարժառիթների վերաբերյալ: Մասնավորապես, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթը հարուցվել է 20.04.2016 թվականին` արձանագրություն կազմելով։ Նույն օրը Գագիկ Բարսեղյանը բացատրություն է տվել տեղի ունեցածի վերաբերյալ։ 26.04.2016 թվականի թիվ 3491/13-2 ծանուցագրով վերջինս հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի ընթացիկ փուլին։ Գագիկ Բարսեղյանը ներկայացել և բացատրություն է տվել այն մասին, որ գտնվում է վատառողջ վիճակում, ի վիճակի չէ տալ բացատրություններ, և պարտավորվել է առողջական վիճակը կարգավորվելու դեպքում ներկայանալ։ 10.06.2016 թվականի թիվ 13-4/1125060-16, 08.08.2016 թվականի թիվ 6863/13-2 և 19.08.2016 թվականի թիվ 7184/13-2 գրություններով Գագիկ Բարսեղյանը փաստացի երեք անգամ հրավիրվել է մասնակցելու հարուցված վարույթին, սակայն չի ներկայացել։
2) Վերաքննիչ դատարանը խախտել է 06.07.2000 թվականին ընդունված ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի պարզել` արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում Գագիկ Բարսեղյանի արարքը կարող է որակվել որպես ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված իրավախախտում, թե՝ ոչ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի՝ մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությունը և ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածը սերտորեն փոխկապակցված են եղել միմյանց հետ, ու դրանց կիրառումը կախված է եղել խախտման չափերից: Նման պայմաններում օրենսդրի կողմից քրեական պատասխանատվության վերացումը չի կարող ենթադրել պատժի ամբողջական վերացում. այն պետք է փոխարինվեր վարչական պատասխանատվությամբ, քանի որ օրենսդիրը, ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելով, ոչ թե հրաժարվել է նման արարքը հանրային վտանգավոր որակելուց և ըստ այդմ, ընդհանրապես վերացրել է դրա համար հանրային-իրավական պատասխանատվությունը, այլ ընդամենը մեղմացրել է արարքի իրավական գնահատականը, և ըստ այդմ, պատժի տեսակը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.07.2017 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության ԳՏԲ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 20.04.2016 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն այն մասին, որ նույն թվականի ապրիլի 20-ին ժամը 06:00-ի սահմաններում Գագիկ Բարսեղյանը, «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայով Վրաստանից հատելով ՀՀ Բագրատաշեն մաքսային սահմանը, մուտք է գործել ՀՀ տարածք: Ավտոմեքենայի մանրակրկիտ զննության արդյունքում հայտնաբերվել է 18 անվանում չհայտարարագրված դեղորայք: Դեղորայքը կապարակնքվել է և հանձնվել է մաքսային պահեստ (հատոր 1-ին, գ.թ. 17, 18).
2) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 08.06.2016 թվականին տրված թիվ 16991605 եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված հետազոտելու նմուշները (օբյեկտներ 1-18) հանդիսանում են գործարանային արտադրության դեղեր և իրենց բաղադրության մեջ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, պրեկուրսորներ, խիստ ներգործող և թունավոր նյութեր չեն պարունակում: Փորձաքննության կատարման նպատակով տրամադրված դեղերի ընդհանուր շուկայական արժեքը 20.04.2016 թվականի դրությամբ ՀՀ-ում գործող շուկայական գներով կարող էր կազմել 7.069.077 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 20-27).
3) Վարչությունում դեպքի առթիվ 16.06.2016 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).
4) Կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի քննիչ Ա. Ասատրյանի կողմից 03.08.2016 թվականին որոշում է կայացվել Գագիկ Բարսեղյանի արարքում մաքսանենգության հանցակազմի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել այն, որ 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).
5) Վարչության վարչական վարույթի իրականացման բաժնի առաջին կարգի մասնագետի կողմից Գագիկ Բարսեղյանին հասցեագրված ծանուցագիր է կազմվել այն մասին, որ վերջինս ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով իր նկատմամբ սկսված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցելու համար 17.08.2016 թվականին ժամը 10:00-ին հրավիրվում է Վարչության վարչական վարույթի իրականացման բաժին: Նշված ծանուցագիրը փոստային առաքման միջոցով ուղարկվել է Գագիկ Բարսեղյանին` Երևանի Խորենացու փողոցի թիվ 209 շենքի 43-րդ բնակարան հասցեով, սակայն վարչական գործում բացակայում է վերջինիս կողմից այն ստացված լինելու վերաբերյալ ապացույցը (հատոր 1-ին, գ.թ. 85, 86).
6) Վարչության պետի կողմից Գագիկ Բարսեղյանին հասցեագրված ծանուցագիր է կազմվել այն մասին, որ վերջինս ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով իր նկատմամբ սկսված վարչական գործի քննությանը մասնակցելու համար 31.08.2016 թվականին, ժամը 12:00-ին հրավիրվում է Վարչություն: Նշված ծանուցագիրը փոստային առաքման միջոցով ուղարկվել է Գագիկ Բարսեղյանին վերը նշված հասցեով, սակայն այն 22.08.2016 թվականին վերադարձվել է «Չպահանջված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 88, 95).
7) Վարչության պետ Ս. Սինանյանի կողմից 31.08.2016 թվականին որոշում է կայացվել վերը նշված խախտման համար Գագիկ Բարսեղյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով զանցառու ճանաչելու և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 18 անվանում դեղորայքի մաքսային արժեքի` 5.183.754 ՀՀ դրամի չափով տուգանելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 13-16):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը որոշակի դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ իրականացվելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը`
կարո՞ղ է արդյոք մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացվել վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ` վերջինիս ուղարկված ծանուցագիրը «Չպահանջված» նշումով վերադարձվելու դեպքում:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի կենսագործման առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները և անդրադառնալով այն հարցին, թե կարող է արդյոք անձը վկայակոչել պատշաճ ծանուցված չլինելու և իր լսված լինելու իրավունքը սահմանափակված լինելու փաստերն այն դեպքում, երբ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացվել է իր բացակայությամբ` իրեն ուղարկված ծանուցագիրը «Չպահանջված» նշումով վերադարձվելու դեպքում, արձանագրում է հետևյալը.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինիIlhan մարդու իրավունքիIlhan ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, İlhan v. Turkey (22277/93) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց լսված լինելու իրավունքի կենսագործման առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ՝ հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն` ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ՝ լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործը կարող է քննվել նաև տվյալ անձի բացակայության դեպքում, եթե քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով նրան տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որևէ միջնորդություն չի հարուցվել, կամ եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
Միաժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` (...) 3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` գործի քննությունն սկսվում է տվյալ գործը քննող կոլեգիալ մարմնի կազմը հայտարարելով կամ պաշտոնատար անձին ներկայացնելով: Գործը քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները (...):
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ որպես ընդհանուր կանոն սահմանված է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը քննել վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ, և նշված կանոնից բացառություն են միայն հետևյալ դեպքերը.
1. քննության տեղի ու ժամանակի մասին սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկվող անձին տեղյակ է պահվել, սակայն վերջինիս կողմից որևէ միջնորդություն չի հարուցվել, կամ
2. վարչական պատասխանատվության ենթարկվող անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ
3. վարչական պատասխանատվության ենթարկվող անձը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքների բացակայության դեպքում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը չի կարող իրականացվել վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ: Ընդ որում, օրենսդիրը ոչ միայն սահմանել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ իրականացնելու պահանջ (բացառությամբ վերը նշված դեպքերի), այլև վարչական իրավախախտման (այդ թվում՝ մաքսային կանոնների խախտման) վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս գործը քննող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից լուծման ենթակա հարցերի շրջանակում ներառել է գործի քննության ժամանակի և տեղի մասին դրան մասնակցող անձանց ծանուցված լինելու հարցը, ավելին` սահմանվել է նաև, որ գործի քննության ընթացքում գործը քննող մարմինը (պաշտոնատար անձը), ի թիվս այլնի, լսում է գործի քննությանը մասնակցող անձանց:
Անդրադառնալով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ իրականացնելու հնարավորությանը այն դեպքում, երբ այդ անձին ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է «Չպահանջված» նշումով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, որոնք հնարավոր չէ տեղ հասցնել (հանձնել) փոստային ծառայություններից օգտվողների հասցեի անճշտության կամ դրա անհրաժեշտ տվյալների բացակայության, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, ողջամիտ ժամկետներում վերադարձվում են ուղարկողին: (...):
Հայաստանի Հանրապետության կառավարության «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» 16.02.2012 թվականի թիվ 211-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ հաստատվել է փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը` համաձայն հավելվածի (այսուհետ՝ Կանոնակարգ)։
Կանոնակարգի 44-րդ կետի համաձայն՝ փոստային առաքանիները հանձնվում և դրամական միջոցների փոստային փոխադրությունները վճարվում են դրանց վրա նշված հասցեին համապատասխան կամ տրվում են փոստային կապի օբյեկտներում:
Կանոնակարգի 48-րդ կետի համաձայն՝ փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնելու կամ վճարելու անհնարինության դեպքում դրանք մինչև մեկ ամիս պահպանվում են փոստային կապի օբյեկտում: Պահպանման ժամկետը կարող է երկարաձգվել ուղարկողի կամ ստացողի (օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն:
Կանոնակարգի 49-րդ կետի համաձայն՝ առաջին տեղեկացումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոստային առաքանին և դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստանալու համար ստացողի չներկայանալու դեպքում ստացողի ստորագրությամբ նրան է հանձնվում երկրորդ տեղեկացումը:
Կանոնակարգի 51-րդ կետի համաձայն՝ սահմանված պահպանման ժամկետը լրանալուց հետո հասցեատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից չստացված հասարակ նամակագրական թղթակցությունը փոխանցվում է որպես չպահանջված փոստային առաքանի (…):
Կանոնակարգի 52-րդ կետով սահմանվել են այն դեպքերը, երբ փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները վերադարձվում են հետադարձ հասցեով։ Մասնավորապես, նշված կետի համաձայն՝ փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով վերադարձվում են հետադարձ հասցեով`
1) ուղարկողի դիմումի հիման վրա` մինչ ստացողին հանձնելը.
2) փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրություններն ստացողի (օրինական ներկայացուցչի) կողմից ստանալուց հրաժարվելու դեպքում.
3) նշված հասցեում ստացողի բացակայության դեպքում.
4) ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն).
5) այլ հանգամանքների դեպքում, որոնք բացառում են, փոստային կապի ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան, փոստային կապի օպերատորի կողմից իր պարտավորությունների կատարումը:
Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոստային առաքանին հանձնվում է դրա վրա նշված հասցեին համապատասխան կամ տրվում է փոստային կապի օբյեկտում: Միևնույն ժամանակ գործնականում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ որոշակի հանգամանքներով պայմանավորված (օրինակ` միայն առաքման պահին հասցեատերը (ստացողը) բացակայել է նշված հասցեից, կամ հասցեատերը (ստացողը) տեղափոխվել է այլ բնակավայր) փոստային առաքանին հնարավոր չի լինում սահմանված վայրում հանձնել հասցեատիրոջը կամ նախքան այն հասցեատիրոջը հանձնելն ուղարկողը դիմում է փոստային կապի օպերատորին՝ խնդրելով վերադարձնել փոստային առաքանին։ Առաջին դեպքում փոստային առաքանիները մինչև մեկ ամիս պահպանվում են փոստային կապի օբյեկտում: Ընդ որում, պահպանման ժամկետը կարող է երկարաձգվել ուղարկողի կամ ստացողի (օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն: Ավելին` առաջին տեղեկացումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում փոստային առաքանին ստանալու համար ստացողի չներկայանալու դեպքում ստացողի ստորագրությամբ նրան է հանձնվում երկրորդ տեղեկացումը, իսկ նշված ժամկետը լրանալուց հետո հասցեատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից այն չստանալու դեպքում չստացված հասարակ նամակագրական թղթակցությունը փոխանցվում է որպես չպահանջված փոստային առաքանի (…):
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ փոստային առաքանին վերադարձվում է փոստային առաքանին վերադարձվելու վերաբերյալ CN 15 ձևաթղթում առկա «Չպահանջված» նշումով, պետք է ելնել այն կանխավարկածից, որ առաքման վայրից հասցեատիրոջ (ստացողի) բացակայելու հիմքով փոստային առաքանին մինչև մեկ ամիս պահպանվել է փոստային կապի օբյեկտում, հասցեատերը (ստացողը) համապատասխան տեղեկացումները վերը նշված նորմերի իմաստով ստանալուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել առաքանին ստանալու համար, որի արդյունքում չստացված առաքանին փոխանցվել է որպես չպահանջված փոստային առաքանի։
Վերոգրյալի համատեքստում քննարկելով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն առանց վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցության իրականացնելու՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վարչական պատասխանատվության ենթարկվող անձին ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է մեկ անգամ` «Չպահանջված» նշումով, ապա վերջինս չի կարող համարվել գործի քննության տեղի և ժամանակի մասին սահմանված կարգով տեղյակ պահված, իսկ առաքանին հանձնելու պահին նրա` համապատասխան հասցեից բացակայությունը` գնահատվել որպես վերջինիս գտնվելու վայրն անհայտ լինելու կամ նրա` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու փաստը հաստատող ապացույց:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բացակայության և գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը կարող է իրականացվել վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ միայն այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում վարչական մարմնի մոտ ձևավորվել է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը չի գտնվում վարչական մարմնին հայտնի հասցեում։ Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը կարող է վերաբերել այն միջոցներին, որոնք ձեռնարկվել են համապատասխան ծանուցագիրը «Չպահանջված» նշումով վերադարձվելուց հետո, որի ժամանակ վարչական մարմինը պետք է ձեռնարկի հնարավոր և ողջամիտ բոլոր միջոցներն անձին մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի ու վայրի մասին ծանուցելու համար (օրինակ՝ անձին ծանուցել վարչական մարմնին հայտնի այլ հասցեով կամ ուղարկել կրկնակի ծանուցում վարչական մարմնին հայտնի միակ հասցեով, և այլն), և եթե դրանից հետո հնարավոր չի լինի ապահովել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության ժամանակի և վայրի մասին վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ծանուցումը, վարչական մարմինը կարող է ողջամտորեն ենթադրել, որ անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Հակառակ դեպքում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունը չի կարող իրականացվել վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ։
Սույն գործի փաստերի համաձայն` Վարչության վարչական վարույթի իրականացման բաժնի առաջին կարգի մասնագետի կողմից Գագիկ Բարսեղյանին հասցեագրված ծանուցագիր է կազմվել այն մասին, որ վերջինս ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով իր նկատմամբ սկսված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցելու համար 17.08.2016 թվականին, ժամը 10:00-ին հրավիրվում է Վարչության վարչական վարույթի իրականացման բաժին: Նշված ծանուցագիրը փոստային առաքման միջոցով ուղարկվել է Գագիկ Բարսեղյանին` Երևանի Խորենացու փողոցի թիվ 209 շենքի 43-րդ բնակարան հասցեով, սակայն վարչական գործում բացակայում է վերջինիս կողմից այն ստացված լինելու վերաբերյալ ապացույցը (ստացման-հանձնման փոստային հետադարձ ծանուցագրում առաքանու ստացման ամսաթիվը և ստորագրությունը բացակայում են)։ Դրանից հետո Վարչության պետի կողմից Գագիկ Բարսեղյանին հասցեագրված ծանուցագիր է կազմվել այն մասին, որ վերջինս ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով իր նկատմամբ սկսված վարչական գործի քննությանը մասնակցելու համար արդեն 31.08.2016 թվականին, ժամը 12:00-ին հրավիրվում է Վարչություն: Նշված ծանուցագիրը փոստային առաքման միջոցով ուղարկվել է Գագիկ Բարսեղյանին վերը նշված հասցեով, սակայն այն 22.08.2016 թվականին վերադարձվել է «Չպահանջված» նշումով։
Գագիկ Բարսեղյանը, պահանջելով վերացնել Վարչության 31.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-229 որոշումը, հայցի հիմքում դրել է նաև այն, որ վարչական մարմնի կողմից խախտվել է վարչական վարույթի ընթացքում իր լսված լինելու իրավունքը, քանի որ չի ստացել 31.08.2016 թվականին նշանակված վարչական գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ ծանուցագիրը:
Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով նաև, որ «20.04.2016 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմված արձանագրության մեջ որպես Գագիկ Հայկազի Բարսեղյանի (…) հասցե նշված է ք. Երևան, Խորենացի փ. 209շ., 43 բն. (փաստացի), 20.04.2016 թվականին Հայցվորի կողմից տրված բացատրության մեջ որպես բնակության հասցե նշված է ք. Երևան, Խորենացի փ. 209շ., 43 բն. (նշված արձանագրությունները ստորագրվել են նաև սույն գործով Հայցվորի կողմից)։ Վարչական մարմինը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Հայկազի Բարսեղյանը նշված հասցեով ուղարկված ծանուցումն ստանալով ներկայանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (ծանուցում` AR193697187AM), շարունակել է հետագա ծանուցումները նույնպես ուղարկել Հայցվորի կողմից արձանագրություններում հայտնած վերը նշված հասցեով, սակայն այն ետ է վերադարձվել «տեղափոխված» նշումով»: Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտել է, որ հայցվորը պարտավոր էր վարչական մարմնին տրամադրել լրացուցիչ տեղեկություններ` նոր հասցե տեղափոխվելու մասին:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «տվյալ պարագայում վարչական վարույթի մասին հայցվորին իրազեկելու վերաբերյալ վարչական գործի նյութերում առկա են հետևյալ ապացույցները. (…) թիվ AR223710539AM փոստային ծրարի պատճենը, որի համաձայն` «08.08.2016» թվագրված գրությունը պարունակող առաքանին հետ է վերադարձել «Չպահանջված» նշումով», «վարչական մարմինը չի իրականացրել վարչական վարույթի մասին պատշաճ ծանուցում և վարչական վարույթն իրականացրել է առանց հայցվորի», վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ անվավեր ճանաչելով վիճարկվող որոշումը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «08.08.2016» թվագրված գրությունը, որի համաձայն՝ Գագիկ Բարսեղյանը հրավիրվել է 17.08.2016 թվականին ժամը 10:00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին, Դատարանը գնահատել է որպես հայցվորին հանձնված՝ նշելով, որ այդ գրությունը պարունակող առաքանին վերադարձվել է «տեղափոխված» նշումով:
Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գագիկ Բարսեղյանին հասցեագրված 08.08.2016 թվականի և 19.08.2016 թվականի ծանուցագրերից և ոչ մեկը չի վերադարձվել «Տեղափոխված» նշումով։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Տեղափոխված» նշումով վերադարձված փոստային ծրարը պարունակում էր ոչ թե Գագիկ Բարսեղյանին հասցեագրված ծանուցագիրը, այլ՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-229 որոշումը։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի դատողությունները՝ այդ մասով Դատարանի պատճառաբանություններն անհիմն լինելու վերաբերյալ, իրավաչափ են։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում արձանագրել է, որ թիվ AR223710539AM փոստային ծրարի պատճենի համաձայն` «08.08.2016» թվագրված գրությունը պարունակող առաքանին վերադարձվել է «Չպահանջված» նշումով, մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև AR223710539AM փոստային ծրարը վերադարձվել է «Չպահանջված» նշումով, սակայն այդ ծրարով Գագիկ Բարսեղյանին է ուղարկվել ոչ թե 17.08.2016 թվականին, ժամը 10:00-ին հրավիրված վարչական վարույթի լսումների, այլ՝ 31.08.2016 թվականին, ժամը 12:00-ին գործի քննության վերաբերյալ ծանուցագիրը։
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների հիմնավորվածությանը, նկատի ունենալով այն, որ 17.08.2016 և 31.08.2016 թվականներին նշանակված գործի քննության վերաբերյալ ծանուցումները Գագիկ Բարսեղյանը չի ստացել, ընդ որում` դրանցից առաջինը ստանալու վերաբերյալ ապացույց ընդհանրապես առկա չէ վարչական գործի նյութերում, իսկ երկրորդը վերադարձվել է «Չպահանջված» նշումով, արձանագրում է, որ Վարչության 31.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-229 որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը, հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին չտրամադրելով այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին, վերջինիս, ըստ էության, չծանուցելով վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին, չապահովելով նրա լսված լինելու իրավունքի գործնական իրացումը` «Չպահանջված» նշումով ծանուցագիրը վերադարձվելու պայմաններում չի ձեռնարկել համապատասխան միջոցներ Գագիկ Բարսեղյանին գործնականում ծանուցելու նպատակով, և ՀՀ մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գործի քննությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ իրականացնելու հիմքերի բացակայության պայմաններում գործի քննությունն առանց Գագիկ Բարսեղյանի մասնակցության իրականացնելով՝ խախտել է վերջինիս՝ որպես վարույթին մասնակցող անձի լսված լինելու իրավունքը, որի հետևանքով Գագիկ Բարսեղյանը զրկվել է իր իրավունքների պաշտպանությունը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է նաև Վերաքննիչ դատարանը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն՝ վարչական ակտը վերացնելու պահանջը մերժելու մասով, բեկանելով և փոփոխելով Դատարանի 03.07.2017 թվականի վճիռը՝ այդ մասով հայցը բավարարելով և Վարչության 31.08.2016 թվականի թիվ-229 որոշումն անվավեր ճանաչելով վերը նշված հիմքով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
Միևնույն ժամանակ վճռաբեկ բողոքում նշված երկրորդ հիմքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են (...) Վճռաբեկ դատարանում` Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Սույն գործով բողոքի քննությանը հաջորդած քվեարկության արդյունքներով չեն ապահովվել Վճռաբեկ դատարանի` սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ կողմ քվեարկած դատավորների՝ վերը նշված իրավանորմերի իմաստով բավարար թվով ձայներ սույն բողոքի երկրորդ հիմքի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու համար։
Սակայն վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու վերը նշված հիմքի առկայության պայմաններում սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը որևէ կերպ չի կարող ազդել գործի ելքի վրա, քանի որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի քննության շրջանակներում Կոմիտեի կողմից Գագիկ Բարսեղյանի լսված լինելու իրավունքը խախտված լինելու փաստի հաստատումն արդեն իսկ բավարար է վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե իրավաչափ էր արդյոք Գագիկ Բարսեղյանին վերագրվող արարքն ապաքրեականացվելու արդյունքում քրեական գործի վարույթը կարճվելու պայմաններում վերջինիս նույն արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկելը, թե՝ ոչ։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող ռ. Հակոբյան Զեկուցող