Գլխավոր տեղեկություն
Համար
N 1595-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2020

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2020 թվականի N 1595-Ն

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման

   

Կ Ա Ր Գ

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

    

1. Սույն կարգով կարգավորվում են նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման հարաբերությունները:

2. Սույն կարգով սահմանված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված իմաստով։

3. Նյութական պահուստը ռազմավարական պաշարների, զորահավաքային և պետական պահուստների միմյանց փոխլրացնող միասնական պահուստ է, որի բաղկացուցիչ մասերի կառավարումն իրականացվում է կառավարման տարբեր մեխանիզմների գործադրմամբ:

4. Նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման և սպասարկման հետ կապված գործընթացների կառավարումն իրականացվում է նյութական պահուստի համակարգի արդյունավետ գործունեության նպատակով:

5. Նյութական պահուստի համակարգի կառավարումն իրականացվում է օրինականության, պետական անվտանգության ապահովման, կայունության, միասնականության, արդյունավետության, կենտրոնացվածության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:

6. Նյութական պահուստի համակարգի սուբյեկտները գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Նյութական պահուստի մասին», «Պաշտպանության մասին», «Արտակարգ դրության մասին», «Ռազմական դրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա:

7. Նյութական պահուստի համակարգը բաղկացած է՝

1) լիազոր մարմնից, որը մշակում և իրականացնում է նյութական պահուստի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը.

2) լիազոր մարմնի կազմում գործող պետական պահուստի գրասենյակից, որն իրականացնում է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված նյութական պահուստի ձևավորման, պահպանման, սպասարկման և հսկողության գործառույթները.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից, որոնցում իրականացվում է պետական պահուստի նյութական արժեքների պահպանումը.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններից՝ անկախ դրանց սեփականության ձևից, որոնց պահեստային տարածքներում պայմանագրային հիմունքներով իրականացվում է պետական պահուստի ապրանքների (նյութական արժեքների) պահպանումը և սպասարկումը.

5) «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ապրանքների ռազմավարական պաշարների պահուստը ձևավորող, պահպանող և սպասարկող կազմակերպություններից.

6) զորահավաքային առաջադրանքների շրջանակներում զորահավաքային պահուստի նյութական արժեքների ձևավորումը, պահպանումը և սպասարկումը իրականացնող կազմակերպություններից:

8. Նյութական պահուստի համակարգի կառավարումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից, որը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

9. Պետական համակարգի և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կազմակերպությունները գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և ապահովում են նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման և սպասարկման հետ կապված գործընթացների արդյունավետ իրականացումը:

10. Պետական համակարգի և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները չպետք է որևէ կերպ խոչընդոտեն նյութական պահուստի համակարգում ընդգրկված կազմակերպությունների կողմից նյութական պահուստի ձևավորմանը, տեղաբաշխմանը, պահպանմանը, համալրմանը, թարմացմանը կամ բացթողնմանն ուղղված գործունեության իրականացմանը, իսկ այդ գործունեությանը միջամտությունը պետք է իրականացնեն օրենքով և կնքված պայմանագրերով սահմանված իրավասությունների շրջանակում:

11. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման և զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

12. Զորահավաքային պահուստի կուտակումն և զարգացումն իրականացվում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կողմից՝ իրենց ֆինանսական միջոցներով։ Զորահավաքային պահուստի կուտակումից մինչև ապաամրագրում ընկած ամբողջ ժամանակահատվածում կազմակերպությունների կողմից կատարված և լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։

13. Պետական և զորահավաքային պահուստների ձևավորման և կառավարման կարգերը դասվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկին:

14. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակումը, պահպանումը և սպասարկումն իրականացվում է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ռազմավարական պաշարների պահուստում ներառված ապրանքները և դրանց արտադրության համար անհրաժեշտ հիմնական հումքը ներմուծող կազմակերպությունների կողմից:

15. Ռազմավարական պաշարների պահուստի կուտակման, պահպանման և սպասարկման պարտավորություններ ունեցող կազմակերպությունների իրազեկումը կատարում է լիազոր մարմինը՝ իր պաշտոնական ինտերնետային կայքում պաշտոնական հաղորդագրություն, զանգվածային լրատվական միջոցներում տեղեկատվություն հրապարակելու, ինչպես նաև նշված պարտավորություններ ունեցող կազմակերպություններին գրավոր ծանուցելու միջոցով:

16. Ռազմավարական պաշարների պահուստի ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի հաշվապահական հաշվառումն իրականացվում է այդ նյութական արժեքների ձևավորումը, պահպանումը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների կողմից և ներառվում է տվյալ կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում:

17. Բուսական յուղի և շաքարավազի պահպանման համար պահեստային տարածքներ չունենալու դեպքում լիազոր մարմինը ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ձևավորումը, պահպանումը և սպասարկումն իրականացնող կազմակերպություններին անհատույց տրամադրում է պահեստային տարածքներ լիազոր մարմնի համակարգի պահեստարաններում՝ բուսական յուղի և շաքարավազի պահպանումն իրականացնելու համար:

18. Լիազոր մարմնի պահեստային տարածքներից անհատույց օգտվելու նպատակով ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ձևավորումը, պահպանումը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունները կարող են դիմել լիազոր մարմին՝ հայտնելով պահեստային տարածքներից օգտվելու առաջացած պահանջարկը: Սույն կետում նշված ապրանքները պահատվության հանձնող կազմակերպության կողմից լիազոր մարմնի համակարգի պահեստարաններում պահատվության հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, ապրանքները պահատվության հանձնող կազմակերպությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունում ապահովագրել պահատվության հանձնված ապրանքը՝ դրա կորստի և (կամ) փչացման ռիսկից:

19. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ձևավորումը, պահպանումը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների կողմից օրենքով սահմանված չափաքանակների պահպանմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման, տեխնիկական կամ սանիտարական պատճառներով կազմակերպության պահեստարանները ժամանակավոր դատարկելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կազմակերպությունը կարող է օտարել ռազմավարական պաշարների պահուստի ապրանքները՝ լիազոր մարմնի թույլտվությամբ:

20. Կազմակերպություններին պատկանող պահեստարանները ժամանակավոր դատարկելու նպատակով ռազմավարական պաշարների պահուստի ապրանքների օտարման թույլտվությունը լիազոր մարմինը տալիս է կազմակերպության կողմից ներկայացված դիմումի հիման վրա, որում պետք է նշվի պահեստարանների տեղադրման վայրը, ապրանքների օտարման պատճառը, հիմնավորող փաստաթղթերը և պաշարների վերականգնման ժամկետը:

21. Պահեստարանների ժամանակավոր դատարկման նպատակով լիազոր մարմնի կողմից ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների օտարման թույլտվություն չի տրվում, եթե դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող տվյալ անվանման ապրանքատեսակի ռազմավարական պաշարների պահուստի ընդհանուր չափաքանակը կնվազի օրենքով սահմանված չնվազող պաշարի ծավալից:

22. Սույն կարգի 19-21-րդ կետերում նշված պայմաններով օտարված ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների վերականգնման ժամկետը չի կարող գերազանցել 45 օրացուցային օր:

23. Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ձևավորումը, պահպանումը և սպասարկումն իրականացնելու պարտավորություն ունեցող կազմակերպության գործունեությունը դադարեցնելու կամ գործունեության բնույթը փոխելու դեպքում, կազմակերպությունը կարող է ազատվել ռազմավարական պաշարների պահուստի ապրանքները մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը պահպանելու պարտավորությունից՝ կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի ապրանքները` լիազոր մարմնին որպես պետական պահուստ ձեռքբերման գնից (ինքնարժեքի)՝ 25% զեղչով վաճառելու պայմանով: Լիազոր մարմինը կազմակերպությունից գրավոր ծանուցումը և ապրանքները ձեռք բերելու առաջարկն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 45 օրացուցային օրվա ընթացքում հայտնում է իր դիրքորոշումը՝ ռազմավարական պաշարների պահուստի ապրանքները կազմակերպությունից ձեռք բերելու մտադրության մասին: Ռազմավարական պաշարների պահուստի ապրանքները կազմակերպությունից ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում կազմակերպությունն ազատ է այն տնօրինել իր հայեցողությամբ:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: