ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0522/02/13 2020 թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Ս. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Ռ. հակոբյան | |
|
Ե. Խունդկարյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Գ. հակոբյան |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հուլիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Լիլիթ Բոթոյանի, երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի, Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Բոթոյանի ընդդեմ Բանկի` թիվ GA12/41762 վարկային պայմանագիրը և թիվ G12/083385 գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան`Բանկը պահանջել է վաղաժամկետ լուծել իր և Լիլիթ Բոթոյանի միջև կնքված վարկային պայմանագրերը և Լիլիթ Բոթոյանից բռնագանձել 1.273.389,3 ՀՀ դրամ, ինչպես նաև մայր գումարի` 1.093.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկել տոկոսներ` սկսած 23.05.2013 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Դատարան ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու պահանջի մասին 14.08.2017 թվականի դիմումով Բանկը պահանջել է Լիլիթ Բոթոյանից բռնագանձել 495.173,3 ՀՀ դրամ, ինչպես նաև 23.05.2013 թվականից մինչև 30.01.2014 թվականը վարկի մայր գումարի` 1.093.000 ՀՀ դրամի վրա, իսկ 30.01.2014 թվականից մինչև գումարը փաստացի Բանկին վերադարձնելու օրը 314.784 ՀՀ դրամի նկատմամբ բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լիլիթ Բոթոյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի Վանաձոր մասնաճյուղի և իր միջև կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագիրը և թիվ G12/083385 գրավի պայմանագիրը:
Գործի քննության ընթացքում դատարան ներկայացված 10.03.2016 թվականի դիմումով Լիլիթ Բոթոյանը հրաժարվել է հակընդդեմ հայցից:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Գագիկյան) (այսուհետ` Դատարան) 16.01.2019 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Բանկի ընդդեմ Լիլիթ Բոթոյանի, երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի, Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասով, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Բոթոյանի ընդդեմ Բանկի` թիվ GA12/41762 վարկային պայմանագիրը և թիվ G12/083385 գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է: Բանկից հօգուտ Լիլիթ Բոթոյանի 95.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, բռնագանձելու մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Լիլիթ Բոթոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.01.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ դատական ծախսերի մասով, բեկանվել և փոփոխվել է. Բանկից հօգուտ Լիլիթ Բոթոյանի բռնագանձվել է 95.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար: Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Բանկի ընդդեմ Լիլիթ Բոթոյանի, երրորդ անձինք` Կամո Աֆիցերյանի, Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասով, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Բոթոյանի ընդդեմ Բանկի՝ թիվ GA12/41762 վարկային պայմանագիրը և թիվ G12/083385 գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճելու, ըստ Բանկի հայցի ընդդեմ Լիլիթ Բոթոյանի, երրորդ անձինք` Կամո Աֆիցերյանի, Վահրամ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասով մերժելու, ինչպես նաև նշված պահանջների համար բռնագանձման ենթակա պետական տուրքի գումարների բաշխման մասերով Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 347-րդ, 423-րդ, 437-րդ, 887-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ինչը հանգեցրել է գործում առկա յուրաքանչյուր ապացույցի՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված գնահատման պարտականության խախտման:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կնքված վարկային պայմանագրի հիման վրա պահանջներ են ներկայացվել բռնագանձելու վարկային պայմանագրի հիման վրա հաշվարկված գումարները, որում առկա են ինչպես մայր գումարը, պայմանագրային տույժերի և տոկոսների գումարները, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված տոկոսները, ինչը Դատարանը քննարկման առարկա չի դարձրել՝ փոխարենը քննարկելով վնասի հատուցման հարաբերությունները և դրանով իսկ դուրս գալով հայցի շրջանակներից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սպառիչ սահմանված են պարտավորությունը դադարելու հիմքերը, իսկ սույն գործով փաստացի վճարված չեն վարկային իրավահարաբերություններից բխող ամբողջ գումարները:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի կատարել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, նույնացրել է հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունը վարկային պայմանագրից բխող իրավահարաբերությունների հետ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է հիշյալ հարցի հետ կապված ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/0647/02/13 գործով կայացված որոշումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունն ինքնին բավարար հիմք չէ գումարները վճարված լինելու հանգամանքը հաստատված համարելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, ինչպես նաև մերժել Բանկից հօգուտ Լիլիթ Բոթոյանի 95.000 ՀՀ դրամ գումար փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկի (Վարկատու) և Լիլիթ Բոթոյանի (Վարկառու) միջև 21.11.2012 թվականին կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագրի համաձայն՝ Վարկատուն պարտավորվել է 1.093.000 ՀՀ դրամի չափով վարկ տրամադրել Վարկառուին՝ տարեկան 24 տոկոս անվանական տոկոսադրույքով՝ մինչև 21.11.2013 թվականը մարման ժամկետով, իսկ Վարկառուն պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը, վճարել տոկոսներ դրանից, ինչպես նաև վճարել հաշվի սպասարկման միանվագ և ամսական վճարներ (հատոր 1-ին, գ.թ. 7-8):
2) Բանկի (Գրավառու) և Լիլիթ Բոթոյանի (Գրավատու) միջև 21.11.2012 թվականին կնքված թիվ GA12/083385 գրավի պայմանագրի համաձայն՝ Գրավատուն գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող և պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ում նշված ոսկյա զարդերը` ի ապահովումն Գրավատուի և Գրավառուի միջև 21.11.2012 թվականին կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագրով Գրավատուի ստանձնած պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարման (հատոր 1-ին, գ.թ. 9-10):
3) Բանկի կողմից 22.05.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` 21.11.2012 թվականի թիվ GA12/41762 պայմանագրով ստանձնած պարտավորությունների գծով 22.05.2013 թվականի դրությամբ Լիլիթ Բոթոյանի պարտքը Բանկի հանդեպ կազմում է 1.273.389,30 ՀՀ դրամ, որից 1.093.000 ՀՀ դրամ` վարկի գումարի մնացորդ, 130.800,50 ՀՀ դրամ` հաշվարկված տոկոսագումար, 39.751,80 ՀՀ դրամ` հաշվարկված տույժերի գումար, 9.837 ՀՀ դրամ` վարկային հաշվի սպասարկման վճար (հատոր 1-ին, գ.թ. 6):
4) Բանկի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության միջև 02.07.2011 թվականին կնքված թիվ DI000015 բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագրով Բանկն ապահովագրել է իր բանկային ռիսկերը (այդ թվում՝ աշխատակիցների անազնվությունը) (հատոր 1-ին, գ.թ. 109-126):
5) Բանկի 14.02.2014 թվականի թիվ 809 գրության համաձայն` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության կողմից կատարվել է հատուցում` 32.489.351 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 108):
6) 14.08.2017 թվականին ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու մասին դիմումով Բանկը հայտնել է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որոնցով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Վերոգրյալի հիման վրա Բանկը հայցից մասնակի հրաժարվել է և նվազեցրել հայցապահանջը (հատոր 3-րդ, գ.թ. 30):
7) Թիվ ԼԴ/0184/01/13 գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի դատավճռով Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վահրամ Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատավճռով հաստատված է համարվել, որ Կամո Աֆիցերյանը, հանդիսանալով Բանկի Վանաձորի մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով նույն բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել իր ծանոթ Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս կողմից բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար, կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր՝ վերացրել է խոչընդոտները: Կամո Աֆիցերյանը չարաշահել է բանկի վստահությունը և օգտագործելով որպես փորձագետ ներկայացված զարդերը գնահատելու և համապատասխան ակտ կազմելու իրեն վերապահված լիազորությունները՝ 2011 թվականից մինչև 07.02.2013 թվականն ընկած ժամանակահատվածում շարունակաբար քաղաքացիների անվամբ որպես ոսկի գրավադրել է Վահրամ Բարսեղյանի կողմից նախապես ձեռք բերված ոչ ոսկյա զարդերը և նրանց կողմից օգտագործելու նպատակով կազմելով իրավունք վերապահող 50 հատ կեղծ փաստաթուղթ` թանկարժեք մետաղների գնահատման ակտ, 2.035.200 ՀՀ դրամ արժողության զարդերը գնահատել է 50.732.880 ՀՀ դրամ: Դրանց հիման վրա ձևակերպվել են լոմբարդային վարկի 50 պայմանագիր, որի արդյունքում քաղաքացիները ստացել են 44.796.130 ՀՀ դրամ վարկի կանխիկ գումար, որոնք վերջիններս փոխանցել են Վահրամ Բարսեղյանին, իսկ նա էլ խաբեությամբ բանկից ստացած առանձնապես խոշոր չափերի` 42.760.930 ՀՀ դրամը Կամո Աֆիցերյանի օժանդակությամբ հափշտակել և տնօրինել է իր հայեցողությամբ: (...)
Դատավճռի համաձայն՝ գործով որպես վկա ցուցմունք է տվել նաև Լիլիթ Բոթոյանը՝ հայտնելով, որ 2011 թվականի դեկտեմբերի վերջերին իր ծանոթ Գոհար Գալստյանը խնդրել է իր անվամբ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձորի մասնաճյուղում ոսկյա զարդեր գրավադնել՝ նշելով, որ մի քանի վարկ ունենալու պատճառով այլևս իրեն վարկեր չեն տալիս: Ինքը համաձայնվել է, և պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ օրը գնացել են նշված բանկ: Հասնելով բանկ՝ Գոհար Գալստյանը իրեն է տվել թափանցիկ փաթեթով փաթեթավորված ոսկյա զարդեր, ապա միասին մտել են ոսկերիչի մոտ, ով, առանց փաթեթը բացելու և ոսկին ստուգելու, կշռել է, գնահատել և կազմել համապատասխան պայմանագիր, որից հետո դրամարկղից ստացել է 900.000 դրամ և պայմանագրի հետ միասին տվել է Գոհար Գալստյանին: (...): Դատաքննության ժամանակ Լիլիթ Բոթոյանը, պնդելով նախաքննական ցուցմունքները, հայտնել է, որ (...) ոսկերիչն առանձին-առանձին զարդերը չի ուսումնասիրել, ընդհանուր կշռել է, հետո փաթեթավորել, ակտ է տվել, որը ստորագրել է, մոտեցել են, վարկը ձևակերպել, պայմանագիրը ստորագրել է, գումարը ստացել են, տվել է Գոհարին, նա էլ նախապես մեկ ամսվա տոկոսը վճարել է և բանկից դուրս են եկել: (...) Դրանից հետո իրեն է գումար պետք եղել, դիմել է «Արեգակ» վարկային կազմակերպությանը, որտեղ իմացել է, որ իր անունը «սև ցուցակում» է: Զանգահարել է Գոհարին և իմացել, որ նրա կողմից տրված զարդերը ոսկի չեն, նաև հայտնել է, որ ինքն էլ չի իմացել դրա մասին: Դրանից հետո դատարանից փաստաթուղթ է ստացել, որի համաձայն՝ բանկը դիմել է դատարան իրենից մոտ 1.000.000 դրամ գումարի բռնագանձման պահանջով (հատոր 2-րդ, գ.թ. 12-27):
8) Թիվ ԼԴ1/0428/02/15 գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով քաղաքացիական գործով ըստ հայցի Բանկի ընդդեմ Կամո Աֆիցերյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հայցը բավարարվել է: Վճռվել է Կամո Աֆիցերյանից հօգուտ Բանկի բռնագանձել 10.271.579 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 10.271.579 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 19.02.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերի, և հաշվարկված գումարները բռնագանձել Կամո Աֆիցերյանից հօգուտ Բանկի (հատոր 3-րդ, գ.թ. 46-53, 61-67, հատոր 4-րդ, գ.թ. 13-16):
9) Թիվ ԼԴ/0458/02/17 գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2018 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Բանկի ընդդեմ Վահրամ Բարսեղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Վահրամ Բարսեղյանից հօգուտ Բանկի բռնագանձել 8.812.579 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության կատարման արդյունքում հայցվորին պատճառված վնասի գումար, ինչպես նաև վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պատասխանողի կողմից գումարն ամբողջությամբ բանկին վճարելն ընկած ժամանակահատվածի համար հօգուտ Բանկի բռնագանձել 8.812.579 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (հատոր 5-րդ, գ.թ. 129, դատական տեղեկատվական համակարգ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարկային հարաբերություններից բխող ռիսկի ապահովագրության պայմաններում վարկային պարտավորությունների կատարման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 423-րդ, 437-րդ, 887-րդ հոդվածների այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վարկային հարաբերություններից բխող ռիսկի ապահովագրության դեպքում արդյո՞ք վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները կարող են համարվել դադարած, եթե ապահովագրական պատահարը ծագել է հանցագործությամբ պատճառված վնասի արդյունքում, որի համար տրվել է ապահովագրական հատուցում, իսկ վարկային պայմանագրից բխող պարտավորությունը դադարած համարելու՝ օրենքով սահմանված որևէ հիմք առկա չէ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաս պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապա ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ կարևորել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքների՝ մասնավորապես պայմանագրի ազատության սկզբունքի առանցքային դերը քաղաքացիաիրավական իրավահարաբերություններում (տե'ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ «ԼԵՎ ԳՐՈՒՊ ԻՐԱՎԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1489/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցները ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն (տե´ս, «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Ալավերդյանի քաղաքացիական գործով որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարկային պայմանագրից բխող պահանջների դեպքում ապացուցման առարկայի մեջ է մտնում վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը, վարկատուի կողմից վարկի գումարը փոխառուին տրամադրած լինելը, փոխառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալը, ինչպես նաև փոխառուի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե փոխառուն չապացուցի իր մեղքի բացակայությունը:
Նկատի ունենալով, որ վարկային պայմանագրով որպես վարկատու հանդես են գալիս բանկերը և այլ վարկային կազմակերպությունները, որոնք ռիսկային ֆինանսական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են, վերջիններս հնարավորություն ունեն ապահովագրելու վարկային հարաբերություններից ծագող որոշակի ռիսկեր: Ընդ որում, որոշ դեպքերում ապահովագրման պահանջը սահմանվում է օրենքով: Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ վարկային պայմանագրի կատարումն ապահովված է գրավով, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, պարտավոր է գրավ դրված գույքն ապահովագրել կորստյան և վնասվածքի ռիսկերից: Այսինքն՝ վարկային հարաբերությունների շրջանակում հնարավոր է ապահովագրության հարաբերությունների ծագում:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարկային հարաբերություններից ծագող որոշակի ռիսկեր ապահովագրելիս ապահովագրական հատուցում վճարելուց հետո վարկային հարաբերություններից բխող պահանջն օրենքի ուժով անցնում է ապահովագրական ընկերությանը: Ընդ որում, պահանջի զիջման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը (եթե այլ բան նախատեսված չլինի ապահովագրության պայմանագրով).
1. ապահովագրության հարաբերությունների առկայությունը, ընդ որում, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի պահանջը՝ տվյալ փաստն ապացուցող միակ թույլատրելի ապացույցն ապահովագրության պայմանագիրն է կամ ապահովագրական վկայագիրը, եթե վերջինս պարունակում է ապահովագրության պայմանագրի՝ օրենքով սահմանված բոլոր էական պայմանները,
2. ապահովագրական պատահարի առկայությունը. ապահովագրական պատահարը պետք է ծագի ապահովագրական պայմանագրով նախատեսված իրավաբանական փաստերի ուժով, որպիսի պարագայում ապահովագրողը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում,
3. ապահովագրական հատուցում վճարած լինելն ապահովադրին կամ շահառուին (տե՛ս, թիվ ԼԴ/0647/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկային պայմանագրից բխող գումարի բռնագանձման պահանջի դեպքում ապացուցման առարկայի մեջ է մտնում վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը, վարկատուի կողմից վարկի գումարը փոխառուին տրամադրած լինելը, փոխառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալը, ինչպես նաև փոխառուի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե փոխառուն չապացուցի իր մեղքի բացակայությունը: Ընդ որում, պարտավորության դադարած լինելու հանգամանքը ապացուցված չլինելու դեպքում, գործում է պարտավորության առկայության կանխավարկածը:
Անդրադառնալով վարկային հարաբերություններից բխող ռիսկերի ապահովագրության դեպքում վարկային պայմանագրից բխող պարտականությունը փոխառուի կողմից կատարելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ վարկային հարաբերություններն ու ապահովագրական հարաբերություններն ինքնուրույն պարտավորական հարաբերություններ են: Ընդ որում, փոխառուն ապահովագրական հարաբերությունների կողմ չէ: Հետևաբար, փոխառուն չի կարող հրաժարվել վարկային պարտավորությունից բխող պարտականությունը կատարելուց՝ վկայակոչելով ապահովագրական հարաբերությունների առկայությունը:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ վարկատուն արդեն իսկ հատուցում է ստացել ապահովագրական ընկերությունից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքում անհրաժեշտ է տարանջատել թեև միմյանց հետ փոխկապակցված, սակայն այդուհանդերձ երկու տարբեր իրավահարաբերությունները՝ վարկային իրավահարաբերությունը և ապահովագրական իրավահարաբերությունը, և դրանց ծագման հիմքերը: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ անգամ վարկատուի կողմից ապահովագրական հատուցում ստանալը չի դադարեցնում վարկային իրավահարաբերությունը փոխառուի համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածը, ինչպես նաև նույն օրենսգրքի 27-րդ գլուխը («Պարտավորությունները դադարելը») պարտավորության դադարման նման հիմքի կիրառման հնարավորություն չեն սահմանում: Տվյալ իրավիճակում ոչ թե վարկային պարտավորությունը դադարում է, այլ այն պահից սկսած, երբ վարկատուն ամբողջ ծավալով ստանում է ապահովագրական հատուցում ապահովագրական ընկերությունից, վարկային պայմանագրից բխող պահանջի իրավունքը փոխանցվում է ապահովագրական ընկերությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ անգամ ապահովագրական հատուցումն ամբողջությամբ վճարված լինելու պայմաններում փոխառուն չի կարող վկայակոչել այդ հանգամանքը և հրաժարվել պարտավորության կատարումից, քանի որ սուբրոգացիայի նշված հոդվածով սահմանված՝ վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելու (սուբրոգացիա) կանոնները կիրառելի են ապահովադիր-ապահովագրող հարաբերությունների նկատմամբ և չեն բացառում վարկային պայմանագրից բխող պահանջի բավարարումը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փոխառուն կարող է ազատվել վարկատուի առջև վարկային պարտավորությունից միայն այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ապացուցվի, որ վարկատուն ամբողջությամբ ստացել է ապահովագրական հատուցում հենց նույն՝ ապահովագրական պատահար հանդիսացող պարտավորության համար և իր պահանջի իրավունքը զիջել է ապահովագրական ընկերությանը՝ վերջինիս հանձնելով պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ: Ընդ որում, անգամ այս պարագայում փոխառուն չի ազատվում ապահովագրական ընկերության նկատմամբ հնարավոր հետագա պարտավորություններից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի (Վարկատու) և Լիլիթ Բոթոյանի (Վարկառու) միջև 21.11.2012 թվականին կնքված վարկային պայմանագրով Բանկը 1.093.000 ՀՀ դրամի չափով, տարեկան 24 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկ է տրամադրել Լիլիթ Բոթոյանին՝ մինչև 21.11.2013 թվականը մարման ժամկետով: Ըստ Բանկի և Լիլիթ Բոթոյանի միջև կնքված գրավի պայմանագրի՝ վարկային պարտավորության կատարման ապահովման նպատակով Լիլիթ Բոթոյանը գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա իրերը:
Բանկի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության միջև 02.07.2011 թվականին կնքված բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագրով Բանկն ապահովագրել է իր բանկային ռիսկերը (այդ թվում՝ աշխատակիցների անազնվությունը):
Թիվ ԼԴ/0184/01/13 գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի դատավճռով Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վահրամ Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատավճռով հաստատված է համարվել, որ Կամո Աֆիցերյանը, հանդիսանալով Բանկի Վանաձորի մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով նույն բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել իր ծանոթ Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս կողմից բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար, կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր՝ վերացրել է խոչընդոտները: Դատավճռի համաձայն՝ Լիլիթ Բոթոյանի հետ պայմանագրերը նույնպես վերոնշյալ արարքների կատարման արդյունքում են կնքվել:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության կողմից Բանկին կատարվել է հատուցում` 32.489.351 ՀՀ դրամի չափով:
14.08.2017 թվականին ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու մասին դիմումով Բանկը հայտնել է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որոնցով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Վերոգրյալի հիման վրա Բանկը հայցից մասնակի հրաժարվել է և նվազեցրել հայցապահանջը:
Դատարանը հայցը մերժելիս գտել է, որ Բանկի կողմից Լիլիթ Բոթոյանից պահանջվող գումարները ներառված են Կամո Աֆիցերյանից և Վահրամ Բարսեղյանից պահանջվող և բռնագանձվող գումարների ծավալների մեջ: Բացի այդ, Դատարանը եզրահանգել է, որ վարկային հարաբերություններից ծագող ռիսկերն ապահովագրելիս ապահովագրական հատուցում վճարելուց հետո վարկային հարաբերություններից բխող պահանջն օրենքի ուժով անցել է ապահովագրական ընկերությանը: Դատարանը եզրահանգել է, որ Բանկին պատճառված վնասի համար հատուցման պարտականությունը չի կարող դրվել Լիլիթ Բոթոյանի վրա նաև այն հիմնավորմամբ, որ Կամո Աֆիցերյանից բռնագանձվել է այն գումարի տարբերությունը, որը չի հատուցվել ապահովագրական ընկերության կողմից:
Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը, եզրահանգել է, որ սույն գործով պատասխանողից պահանջվող գումարը նույնանում է արդեն իսկ ապահովագրական ընկերության կողմից Բանկին հատուցված և բռնագանձման ենթակա գումարների հետ, ինչն էլ իր հերթին հիմք է տալիս եզրահանգելու, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել պարտավորության խախտման արդյունքում փոխհատուցման արժեքը և դրա արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Ընդ որում, համանման կարգավորում առկա է նաև սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքների քննության պահին գործող՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Բանկի և պատասխանողի միջև 21.11.2012 թվականին կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագրով հիմնավորվել է, որ կողմերի միջև առկա են եղել վարկային հարաբերություններ, իսկ գործում առկա չեն ապացույցներ՝ վարկային պարտավորության դադարման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Բանկի կողմից ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանը, այդ թվում հիմք ընդունելով թիվ ԼԴ/0647/02/13 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականին հայտնած իր դիրքորոշումը, կարևորում է, որ սույն գործի շրջանակներում թեև հիմնավորվել է Բանկի կողմից ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքը, սակայն այն բավարար չէ վարկային պարտավորությունը դադարած համարելու համար: Ավելին, Բանկը, նվազեցնելով հայցապահանջը, հայտնել է, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որոնցով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Այսինքն՝ սույն գործով անգամ չի ներկայացվել ապացույց այն մասին, որ ստացված ապահովագրական հատուցումն ամբողջությամբ մարել է Լիլիթ Բոթոյանի վարկային պարտավորությունը:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անկախ Բանկի՝ ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքից՝ Բանկի և Լիլիթ Բոթոյանի միջև 21.11.2012 թվականին կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագրից բխող պարտավորությունը չի դադարել Լիլիթ Բոթոյանի համար (այն չափով, որով Բանկը ներկայացրել է վերջնական հայցապահանջը՝ սկզբնական հայցապահանջի նվազեցման արդյունքում):
Անդրադառնալով Կամո Աֆիցերյանից և Վահրամ Բարսեղյանից գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ պարտավորությունների տարանջատման և միմյանց բացառելու կամ փոխադարձ լրացնելու հանգամանքները պարզելու հարցում էական նշանակություն ունի պարտավորության ծագման հիմքի որոշումը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Կամո Աֆիցերյանից և Վահրամ Բարսեղյանից գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտերը վերաբերում են այլ հիմքով պարտավորությանը՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, որոնց առկայությունն ինքնին չի բացառում գործող վարկային պայմանագրով պարտավորության կատարումը Լիլիթ Բոթոյանի կողմից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն, որ սույն գործի քննության շրջանակներում անգամ չի ապացուցվել այդ դատական ակտերից բխող պարտավորությունը փաստացի կատարված լինելու հանգամանքը:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարանները խեղաթյուրել են վարկային իրավահարաբերության էությունը, գործում առկա ապացույցները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա չեն դարձրել, մասնավորապես հաշվի չեն առել, որ սույն գործով առկա ապացույցներով չի հիմնավորվում վարկային պայմանագրից բխող պարտավորության դադարման հանգամանքը: Ուստի ստորադաս դատարանների եզրահանգումն այն մասին, որ սույն գործով Բանկի կողմից չի ապացուցվել պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում փոխհատուցման արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը, հիմնավոր չէ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հիմքերով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ ապահովագրական և վարկային իրավահարաբերությունների բովանդակության սխալ բացահայտման և այդ իրավահարաբերություններից բխող պահանջի իրավունքի էության խաթարման հետևանքով բացառվել է վարկային պայմանագրից բխող պարտավորության կատարումն այն դեպքում, երբ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել, որ վարկային պարտավորությունը որևէ հիմքով դադարած է:
Հետևաբար, ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո նոր քննություն իրականացնելու համար:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Բանկը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է միայն մերժված հայցապահանջի մասով, իսկ Լիլիթ Բոթոյանը՝ միայն փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը մերժելու մասով: Այսինքն՝ քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել (ինչպես Բանկի, այնպես էլ Լիլիթ Բոթոյանի վերաքննիչ բողոքները որևէ փաստարկ նշված հարցի վերաբերյալ չեն պարունակում): Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը որոշման եզրափակիչ մասում թեև ոչ իրավաչափորեն, բայցևայնպես անդրադարձել է նաև Դատարանի վճռի չբողոքարկված մասին՝ անփոփոխ թողնելով այն: Նկատի ունենալով, որ քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով վճռաբեկ բողոքը որևէ փաստարկ չի պարունակում (ավելին, հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը՝ հակընդդեմ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով կարճելու մասով դատական ակտը չի շոշափում Բանկի շահերը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել մասնակիորեն՝ մերժված հայցապահանջի մասով Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի հայցապահանջը մերժելու մասով դատական ակտի բեկանման պայմաններում անհրաժեշտ է բեկանել նաև Վերաքննիչ դատարանի որոշման՝ Բանկից հօգուտ Լիլիթ Բոթոյանի փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու մասը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2019 թվականի որոշման՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.01.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժելու մասով անփոփոխ թողնելու, ինչպես նաև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Լիլիթ Բոթոյանի 95.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու մասը, և այդ մասով գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Նախագահող |
ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ե. Խունդկարյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |