Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0308/01/16

ԵԿԴ/0308/01/16

Նախագահող դատավոր՝ Տ. Սիմոնյան

Դատավորներ՝

Ա. Ազարյան

Ն. Հովակիմյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
  մասնակցությամբ դատախազ` Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Էդգար Արամի Ծատինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հուլիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 15131816 քրեական գործը:

2016 թվականի սեպտեմբերի 7-ին Էդգար Ծատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: 

2016 թվականի նոյեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մայիսի 11-ի դատավճռով Է.Ծատինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: Է.Ծատինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Է.Ծատինյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 11-ի դատավճիռը բեկանել, Է.Ծատինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ և արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Է.Ծատինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա
2016 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի 20 հասցեի դիմաց իրեն պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 01 DO 099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ճանապարհը փակելու միջոցով կանգնեցրել է Հովհաննես Խաչիկի Ավագյանին պատկանող «Հոնդա» մակնիշի 0550 APA հաշվառման համարանիշի մոտոցիկլետը, որից հետո իջել է ավտոմեքենայից և սեռական բնույթի հայհոյանքներ տալով վերջինիս` հարձակվել նրա վրա։ Հաշվի չառնելով հավաքված անձանց ներկայությունը, խուլիգանական մղումներով, այն է` սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից մղված, հասարակության հանդեպ դրսևորելով ակնհայտ արհամարհանք, բարձրաձայն հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ` դիտավորությամբ կոպիտ կերպով 3 րոպե տևողությամբ խախտել է հասարակական կարգը և օգտագործելով իրեն ճանապարհը չզիջելը որպես պատրվակ, մի քանի անգամ փորձել է հարվածներ հասցնել Հովհաննես Խաչիկի Ավագյանին, սակայն չի կարողացել, քանի որ վերջինս կիրառել է մարտարվեստի ինքնապաշտպանական հնարքներ։ Մոտ 3
րոպե տևողությամբ վիճաբանության ժամանակ չկարողանալով հարվածել վերջինիս` Էդգար Արամի Ծատինյանը դիտավորությամբ՝ խուլիգանական մղումներից ելնելով, ոտքով հարվածել և վնասել է Հովհաննես Խաչիկի Ավագյանի մոտոցիկլետը` պատճառելով 35.000 ՀՀ դրամի գույքային վնաս» 1:

5.1. Առաջին ատյանի դատարանն ըստ էության արժանահավատ է համարել և դատավճռի հիմքում, ի թիվս այլնի, դրել է ամբաստանյալ Է.Ծատինյանի և վկա Դ.Կարախանյանի նախաքննական ցուցմունքները, տուժող Հ.Ավագյանի ցուցմունքները, այլ փաստաթուղթ ճանաչված` Երևան քաղաքի Մաշտոցի 20 և 13 հասցեներում տեղակայված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակը, «Լազերային սկավառակը զննելու մասին» 2016 թվականի սեպտեմբերի 30-ի, 2016 թվականի հոկտեմբերի 6-ի և 2016 թվականի նոյեմբերի 15-ի արձանագրությունները2:

Մասնավորապես, ամբաստանյալ Է.Ծատինյանի՝ դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքների համաձայն` 2016 թվականի հուլիսի 2-ին` ժամը 16-ի սահմաններում, իր վարած «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 01 DO 099 հաշվառման համարանիշով ավտոմեքենայով ընկերոջ՝ Դավիթ Կարախանյանի հետ միասին երթևեկել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայով։ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտակայքում իր ավտոմեքենայի դիմացը մոտոցիկլետով կտրել է մի անձնավորություն, որի պատճառով ինքը դուրս է եկել հանդիպակաց գոտի և ավտոմեքենան փախցրել է ընդհարվելուց։ Վախենալով նշված միջադեպից` ինքն ավտոմեքենան վարել է մոտոցիկլետի հետևից և անցնելով հաջորդ խաչմերուկը, կանգառի մոտ իր ավտոմեքենայով փակելով մոտոցիկլետի ճանապարհը` կանգնեցրել է վարորդին, որից հետո իջել է ավտոմեքենայից և դիտողություն արել նրան` ասելով «այ ախմախ, ուշադիր քշի»։ Իր դիտողությանը նա պատասխանել է՝ «ախմախը դու ես», որից հետո ինքը տաքացել ու հարձակվել է նրա վրա, և իրենց միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում իրենք փոխադարձ հայհոյել են միմյանց։ Ինքը փորձել է անընդհատ հարվածել տուժողին, սակայն նա, շատ ուժեղ լինելով և մարտական հնարքներ կիրառելով, տապալել է իրեն գետնին։ Դավիթը վիճաբանությանը չի մասնակցել, այլ փորձել է միայն բաժանել իրենց, սակայն տուժողը նրան նույնպես տապալել է գետնին։ Տեսնելով դա` ինքը ոտքով հարվածել է մոտոցիկլետին, որը վայր է ընկել։ Դրանից վարորդն ավելի է բորբոքվել ու մի քանի անգամ նորից հարվածել է իրենց։ Հասկանալով, որ նա իրենից ավելի ուժեղ է, Դավիթի հետ նստել է իր ավտոմեքենան ու հեռացել։ Հայտնել է, որ զղջում է կատարածի համար և պատրաստ է վերականգնել պատճառած վնասները։

Ամբաստանյալ Է.Ծատինյանը տուժող Հ.Ավագյանի հետ որպես մեղադրյալ առերեսվելիս նշել է, որ տուժողի հայտնած տվյալները ճիշտ են, և ինքը զղջում է կատարվածի համար3։

5.2. Վկա Դ.Կարախանյանի` դատաքննությամբ հետազոտված նախաքննական ցուցմունքների համաձայն` 2016 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 16-ի սահմաններում, հարևանի՝ Է.Ծատինյանի հետ նրա կողմից օգտագործվող «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայով։ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ ընթացքի մեջ, իրենց ճանապարհը փակել է մոտոցիկլետով մի անձնավորություն, որի պատճառով իրենք դուրս են եկել ճանապարհի հանդիպակաց հատված և խուսափել մեկ այլ ավտոմեքենայի հետ ընդհարվելուց։ Դրանից հետո Էդգարն ավտոմեքենան վարել է նշված մոտոցիկլետի հետևից և ավտոմեքենայով ճանապարհը փակելու միջոցով կանգնեցրել է այն, որից հետո դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտեցել է մոտոցիկլետի վարորդին։ Նրանց միջև նկատել է քաշքշուկ, իջել է ավտոմեքենայից և փորձել բաժանել։ Այդ ընթացքում Էդգարը փորձել է հարվածել մոտոցիկլետի վարորդին, սակայն չի կարողացել, քանի որ վերջինս կիրառել է մարտարվեստի ինքնապաշտպանական հնարքներ4։

5.3. Տուժող Հ.Ավագյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը, երբ ինքը Մաշտոցի պողոտայով ընթանալիս է եղել իր մոտոցիկլետով, անցել է Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկը, ամբաստանյալն ավտոմեքենայով փակել է իր ճանապարհը։ Որևէ խախտում թույլ տված չի եղել, սակայն քանի որ եղել է սաղավարտագլխարկով, մտածել է, որ իրեն շփոթել են մեկ այլ անձի հետ, կանգնել է։ Այդ պահին ավտոմեքենայից դուրս գալով և սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ ամբաստանյալը մոտեցել է իրեն, քաշքշել և փորձել է ձեռքով խփել գլխին։ Պաշտպանվելով՝ կիրառել է ձյուդոյի հնարք և ամբաստանյալին գցել գետնին։ Այդ պահին, նկատելով ավտոմեքենայի առջևի աջ նստատեղից իջած վկա Դ.Կարախանյանին, ինքնաբերաբար, պաշտպանվելու նկատառումով, հարվածել է նաև նրան ու գցել գետնին, թեև նա չի փորձել հարվածել իրեն։ Դրանից հետո, նկատելով ոտքի կանգնած ամբաստանյալին, նրան գցել է վկայի վրա և սկսել ծեծել։ Միջադեպի հետ կապված հավաքվել են մարդիկ, փակվել է ճանապարհը, և հավաքվածներից մեկը նույնպես ձեռքերով հարվածել է ամբաստանյալին, ով նորից ընկել է գետնին, որից հետո կանգնել է, ոտքով հարվածել է իր մոտոցիկլետին ու հայհոյանքներ տալով՝ նստել է ավտոմեքենան5:

5.4. «Լազերային սկավառակը զննելու մասին» 2016 թվականի սեպտեմբերի 30-ի, հոկտեմբերի 6-ի և նոյեմբերի 15-ի արձանագրությունների համաձայն` 2016 թվականի հուլիսի 2-ին` ժամը 16։52։29-ին, Մաշտոցի 20 հասցեի կանգառի մոտ կայանել է «Հոնդա» մոդելի կարմիր մոտոցիկլետը, որից անմիջապես հետո կանգ է առել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որի վարորդի դուռը բացելով` մեքենայի ձախ կողմից իջել է կարմիր կարճաթև վերնազգեստով մի տղամարդ և, հարձակվելով մոտոցիկլետի վարորդի վրա, փորձել է հարվածել նրան, սակայն վերջինս կիրառելով մարտարվեստի ինքնապաշտպանական հնարքներ, գետնին է տապալել ավտոմեքենայի վարորդին։ 16։53։31-ին կարմիր վերնազգեստով տղամարդը, մոտենալով կանգառի մոտ կայանած մոտոցիկլին, ոտքով հարվածել է դրան, որի արդյունքում այն ընկել է գետնին6։ 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) [Վ]երլուծելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ու համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված ներքին համոզմամբ հանգում է հետևության, որ ամբաստանյալ Է.Ծատինյանը, վնասելով տուժողի գույքը, կատարել է խուլիգանություն, այսինքն՝ չնչին առիթով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։

Այսպիսով, դատարանը գտնում է, որ ամբաստանյալի կատարած արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, քրեական գործի` դատարանի կողմից որպես արժանահավատ գնահատվող ապացույցները՝ ամբաստանյալի և վկա Դ.Կարախանյանի նախաքննական ցուցմունքները, տուժողի ցուցմունքը, զննությունների արձանագրություններն ու փորձագետի եզրակացությունը, ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ, և սույն քրեական գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատվում է, որ ամբաստանյալ Է.Ծատինյանը կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որով և պետք է պատասխանատվության ենթարկվի։

Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի պատճառաբանություններին և նրա ու վկաների դատաքննական ցուցմունքներին, գտնում է, որ վերը նշված, դատարանի կողմից որպես արժանահավատ գնահատված ապացույցների համակցությամբ հերքվում են ամբաստանյալի պատճառաբանություններն ու վկաների ցուցմունքները։

Դատարանը նաև գտնում է, որ ամբաստանյալը, դատաքննությամբ տալով նախաքննական ցուցմունքից էականորեն տարբերվող ցուցմունք, ցանկանում է խուսափել պատասխանատվությունից և պատժից, իսկ վկաները փորձում են իրենց պաշտպանության տակ վերցնել նրան»7։

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) [Ի]նչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվել Է.Ծատինյանի արարքում ուրիշի գույքի վնասմամբ խուլիգանության հանցակազմի առկայությունը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անձի արարքում խուլիգանության հանցակազմի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է միաժամանակ հասարակական կարգի խախտման կոպիտ լինելու և հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելու հանգամանքը։ Մինչդեռ կոնկրետ դեպքում առկա ապացույցներից և որևէ մեկը չի հաստատել, որ Է.Ծատինյանի արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել և վերջինիս գործողությունների հետևանքով հասարակության անդամների մոտ զայրույթ, վրդովմունք, իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում չի առաջացել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա չէ նաև հանցագործության սուբյեկտիվ կողմը: Մասնավորապես, Է.Ծատինյանի արարքը չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, քանի որ ուղղված է եղել կոնկրետ անձի և չի հետապնդել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ:

(...) Սույն գործով առկա ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանք, ինչպիսին է` Էդգար Ծատինյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված և նրան մեղսագրված արարքը կատարելու մեջ:

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ Էդգար Ծատինյանի արարքում առկա է հանցակազմ, գտնում է, որ պետք է ճանաչել և հռչակել Էդգար Ծատինյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության հիմքով (...)»8։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ ակնհայտ անհիմն են Վերաքննիչ դատարանի այն դատողությունները, որ ամբաստանյալի արարքը չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, և որ ամբաստանյալի արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն չի պատճառվել։

Այսպես` գործի փաստական հանգամանքներից երևում է, որ տուժողի կողմից վթարային իրադրություն ստեղծվելուց հետո ամբաստանյալը ճանապարհի որոշ հատված հետապնդել է նրան, հավասարվել վերջինիս մոտոցիկլետին և փակել ճանապարհը, այնուհետև դուրս է եկել ավտոմեքենայից և «այ ախմախ, էս ինչ ձև ես քշում» վիրավորական արտահայտությամբ ու սեռական բնույթի հայհոյանքներ տալով` հարձակվել տուժողի վրա` փորձելով հարվածել նրան։ Բողոքի հեղինակն ընդգծել է, որ վերոնշյալն առավել քան վկայում է ամբաստանյալի մոտ խուլիգանական դրդումների առկայության, քան զուտ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության մասին` հատկապես որ տուժող Հ.Ավագյանը որևէ վիրավորական արտահայտություն չէր արել ամբաստանյալի հասցեին, նրանք նախկինում միմյանց չեն ճանաչել, թշնամանք չեն ունեցել։ Այլ կերպ` անձը, ում նկատմամբ կատարվել է հանցավոր արարքը, պատահաբար է ընտրվել, իսկ ամբաստանյալի կողմից նման վերաբերմունքի կարող էր արժանանալ հասարակության անդամներից յուրաքանչյուրը, ով, ըստ նրա, իր ավտոմեքենայի համար վթարային իրադրություն կստեղծեր։

8.1. Բողոքաբերի կարծիքով անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել Է.Ծատինյանի արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանգամանքը։ Մասնավորապես, ըստ տուժողի ցուցմունքների` դեպքի վայրում միջադեպի հետ կապված հավաքվել են մարդիկ, փակվել է ճանապարհը, և հավաքվածներից մեկը նույնպես ձեռքով հարվածել է ամբաստանյալին։ Բացի այդ, այլ փաստաթուղթ ճանաչված լազերային սկավառակի՝ Երևան քաղաքի Մաշտոցի 20 և 13 հասցեներում տեղեկայված տեսանկարահանող սարքերի տեսագրություններով ևս հիմնավորվում է ամբաստանյալի գործողությունների հետևանքով հասարակական կարգը խախտելու փաստը։

Այսպես` նշված տեսագրությամբ հստակ երևում է, թե ինչպես է ամբաստանյալն իր ավտոմեքենայով հավասարվում տուժողին և մի պահ արգելակում ու կանգնում նրան զուգահեռ, որից հետո տուժողը մոտոցիկլետով փորձում է առաջ շարժվել, սակայն ամբաստանյալը կրկին փակում է նրա ճանապարհը և կայանում մայթեզրին, որից հետո իջնում է ավտոմեքենայից և նախահարձակ լինում տուժողի վրա։ Միջադեպը տևում է շուրջ երեք րոպե, որի ընթացքում մայթեզրին հավաքվում են բազմաթիվ մարդիկ, իսկ ճանապարհով անցնող որոշ ավտոմեքենաներ մի պահ դանդաղեցնում են ընթացքը կամ ուղղակի արգելակում են և կանգնում։ Տեսաձայնագրության 16։54։30-րդ վայրկյանին երևում է, թե ինչպես են երկու անձինք ճանապարհի հակառակ մայթեզրից արագ քայլերով անցնում փողոցը և շտապում դեպի վիճաբանության վայր։ Ընդ որում, ամբաստանյալի հեռանալուց հետո մայթեզրում հավաքված անձինք դեռ որոշ ժամանակ (մոտ երկու րոպե տևողությամբ) շարունակում են մնալ դեպքի վայրում:

8.2. Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով մեկնաբանված ու հստակեցված ապացույցների գնահատման չափանիշները և դրանց միակողմանի ու կամայական գնահատման, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սխալ մեկնաբանման արդյունքում հաստատված չի համարել Է.Ծատինյանին մեղսագրված հանցագործությունը:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 11-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Է.Ծատինյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (…):

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: (...)»:

Խուլիգանության հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն` խուլիգանության հիմնական հանցակազմի անմիջական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կազմում են հասարակական կարգի բովանդակությունը, մինչդեռ խուլիգանության որակյալ հանցակազմերը երկօբյեկտ են, որոնց դեպքում որպես պարտադիր լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս անձի անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության, առողջության, քաղաքացիների և կազմակերպությունների գույքային շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները:

Օբյեկտիվ կողմից խուլիգանությունը դրսևորվում է հասարակական նշանակության վայրերում, ինչպես նաև հասարակական նշանակություն չունեցող վայրերում, որտեղ առկա է հանրություն, սահմանված կարգի կոպիտ խախտման մեջ, որն արտահայտվում է հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Հասարակական կարգի ոչ կոպիտ խախտումը, որը թեև արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով: Նույն կերպ` վկայակոչված հոդվածով ենթակա չէ որակման հասարակական կարգի այն կոպիտ խախտումը, որը չի դրսևորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Կոպիտ խախտումն արտահայտվում է նրանում, որ անձի կատարած գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջանում է զայրույթ, վրդովմունք, կամ նրանց անհարմարություն կամ լուրջ անհանգստություն է պատճառվում, կամ առաջանում է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության կապակցությամբ: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումն արտահայտվում է մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելու, հասարակական վայրերում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելու, շրջապատի մարդկանց և կոլեկտիվին հակադրվելու ձևով:

Սուբյեկտիվ կողմից խուլիգանություն կատարող անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում հասարակության նկատմամբ, այլև ցանկանում է դա: Խուլիգանությունը կատարվում է խուլիգանական դրդումներով, որը դրսևորվում է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտմամբ9։

12. Սույն գործի փաստական հանգամանքներից երևում է, որ ամբաստանյալ Է.Ծատինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ճանապարհը փակելու միջոցով կանգնեցրել է Հ.Ավագյանի մոտոցիկլետը, իջել է ավտոմեքենայից և սեռական բնույթի հայհոյանքներ տալով` հարձակվել է նրա վրա, շուրջ երեք րոպե տևողությամբ խախտել է հասարակական կարգը, մի քանի անգամ փորձել հարվածել տուժողին, այնուհետև ոտքով հարվածել և վնասել է Հ.Ավագյանի մոտոցիկլետը` պատճառելով 35.000 ՀՀ դրամի գույքային վնաս10:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Է.Ծատինյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվի11։

Վերաքննիչ դատարանը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ Է.Ծատինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացրել է` նշելով, որ առկա ապացույցներից որևէ մեկով չի հաստատվել, որ Է.Ծատինյանի արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Բացի այդ, հանցագործության սուբյեկտիվ կողմը ևս չի հաստատվել, քանի որ արարքն ուղղված է եղել կոնկրետ անձի դեմ և չի հետապնդել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ12:

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամբաստանյալը`

ա) տուժողի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների ենթադրյալ խախտման պատճառաբանությամբ հետապնդել է նրան, ճանապարհը փակելու միջոցով ստիպողաբար կանգնեցրել վերջինիս մոտոցիկլետը,

բ) վիրավորական արտահայտությամբ և սեռական բնույթի հայհոյանքներով նախահարձակ է եղել` փորձելով հարվածել տուժողին,

գ) շուրջ երեք րոպե տևողությամբ հասարակական նշանակության վայրում` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` ժամը 17-ի սահմաններում, բազմաթիվ անձանց ներկայությամբ խախտել է հասարակական կարգը,

դ) ոտքով հարվածել է և գցել տուժողի մոտոցիկլետը` պատճառելով 35.000 ՀՀ դրամի վնաս:

14. Սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Է.Ծատինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելով, անտեսել է վերջինիս արարքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայության մասին վկայող, գործով հաստատված փաստական տվյալների համակցությունը:

Այսպես` Է.Ծատինյանը հասարակական նշանակության վայրում` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` ժամը 17-ի սահմաններում, շուրջ երեք րոպե տևողությամբ խախտել է հասարակական կարգը, այն է` տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություն է կատարել տուժողի հասցեին, նախահարձակ է եղել` փորձելով հարվածել նրան, այնուհետև ոտքով հարվածել է տուժողի մոտոցիկլետին, գցել այն ու վնասել: Ամբաստանյալի գործողությունների արդյունքում բազմություն է հավաքվել, ճանապարհով անցնող որոշ ավտոմեքենաներ ընթացքը մի պահ դանդաղեցրել են, որոշները` արգելակել և կանգնել, մեկ անձ նույնպես միջամտել է ու ձեռքով հարվածել ամբաստանյալին: Վերոնշյալ հանգամանքները հաստատվել են ամբաստանյալ Է.Ծատինյանի և վկա Դ.Կարախանյանի, տուժող Հ.Ավագյանի ցուցմունքներով, այլ փաստաթուղթ ճանաչված` Երևան քաղաքի Մաշտոցի 20 և 13 հասցեներում տեղակայված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակով և «Լազերային սկավառակը զննելու մասին» 2016 թվականի սեպտեմբերի 30-ի, հոկտեմբերի 6-ի և նոյեմբերի 15-ի արձանագրություններով13:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մեջբերված փաստական տվյալները վկայում են Է.Ծատինյանի կողմից հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու մասին, ուստի Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ առկա ապացույցներից որևէ մեկով չի հաստատվել Է.Ծատինյանի արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառվելու հանգամանքը, անհիմն է և հերքվում է գործով հաստատված փաստական տվյալներով:

15. Անդրադառնալով ամբաստանյալ Է.Ծատինյանի արարքում խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք նույնպես չեն բխում սույն քրեական գործի նյութերից: Այսպես` ամբաստանյալը և տուժողը միմյանց չեն ճանաչել, անբարյացակամ հարաբերությունների մեջ չեն գտնվել, իսկ տուժողի անձի ընտրությունը եղել է պատահական` ըստ ամբաստանյալի` պայմանավորված նրա կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնները ենթադրյալ խախտելու հանգամանքով: Այլ կերպ` ամբաստանյալը, հասարակության նկատմամբ դրսևորելով ակնհայտ արհամարհական վերաբերմունք, բազմաթիվ անձանց ներկայությամբ բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և շուրջ երեք րոպե տևողությամբ խախտել է հասարակական կարգը: Այս առումով Վճռաբեկ դատարանը համաձայն է բողոքաբերի այն փաստարկին, որ վերոշարադրյալն առավել քան վկայում է ամբաստանյալի մոտ խուլիգանական դրդումների առկայության, քան զուտ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության մասին։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ եթե նույնիսկ տուժողի կողմից իրականում թույլ էր տրվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ապա ամբաստանյալը դրան անհամաչափ արձագանք է տվել, այն է` տուժողին հետապնդել է, ստիպողաբար կանգնեցրել, հայհոյանքներ տվել, այնուհետև վնասել վերջինիս մոտոցիկլետը, որպիսի հանգամանքները ևս վկայում են ամբաստանյալի մոտ խուլիգանական դրդումների առկայության մասին:

16. Այսպիսով, սույն որոշման 13-15-րդ կետերում կատարված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է.Ծատինյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով Է.Ծատինյանի մեղավորության վերաբերյալ եկել էր ճիշտ եզրահանգման:

17. Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում14՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք ամբաստանյալ Է.Ծատինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե

(…)

6) անցել են վաղեմության ժամկետները. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ [կետում նշված հիմքով] (…) գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը15:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին16, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Է.Ծատինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականի հուլիսի 2-ին17: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ամբաստանյալի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2018 թվականի մայիսի 11-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան18: Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում 2018 թվականի օգոստոսի 28-ին կայացրել է որոշում, որով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Է.Ծատինյանի անմեղությունը վերջինիս մեղսագրվող արարքում19: Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ20:

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 18-րդ կետում վկայակոչված իրավական նորմերի և կատարված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Է.Ծատինյանին մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականի հուլիսի 2-ին, իսկ 2018 թվականի հուլիսի 2-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի եղել: Հետևաբար, Է.Ծատինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Ծատինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է:

21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, ամբաստանյալ Է.Ծատինյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 11-ի մեղադրական դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 28-ի արդարացման որոշումը պետք է բեկանել, Է.Ծատինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

Ամբաստանյալ Է.Ծատինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էդգար Արամի Ծատինյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 11-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել: Ամբաստանյալ Էդգար Արամի Ծատինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Ամբաստանյալ Էդգար Արամի Ծատինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին՝ վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 148-149։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 116-118։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 117:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 117:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 117:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 118:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 118-119։

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 78-79։

9 Խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների վերաբերյալ մանրամասն տե՛ս Շահեն Հախվերդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշումը:

10 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 5.1-5.4-րդ կետերը։

14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

15 Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։

16 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

20 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան