11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1498-Ն
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 799-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 799-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ պետական գրանցում 27821003495, հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իր անունով ու հասցեներով որպես մարդասիրական օգնություն ուղարկված բեռների ստացումը, մաքսազերծումը, ընդունումը, գույքագրումը, վերագնահատումը, բաշխումը, դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի որոշումը, պետական առողջապահական ծրագրերում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ստացումը, մաքսազերծումը, ի պահ ընդունումը և բացթողումն են.
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
մաքսային գործառնության իրականացում և (կամ) կազմակերպում.
բեռների պահեստավորման ծառայության մատուցում՝ պահանջվող չափորոշիչներին համապատասխան.
դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գույքագրման, գնահատման, վերագնահատման, բաշխման, բեռնափոխադրման աշխատանքների ու ծառայությունների մատուցում.
դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման, արտահանման, ձեռքբերման, ոչնչացման աշխատանքների ու ծառայությունների կազմակերպում.
«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներից բխող մասնագիտական պրակտիկայի ուսուցում, մասնագիտական վերապատրաստում:»:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը:
4. Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|