Գլխավոր տեղեկություն
Համար
N 1006-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2019 թվականի N 1006-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների շրջանակներում նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով՝

1) ստեղծել ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 26-ի N 1006-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Թովմասյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

   

Վ. Մելիքյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

   

Ա. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Նազարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

   

Ա. Աբրոյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

   

Ն. Խաչատուրյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

   

Ն. Պետրոսյան

-  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

   

Գ. Գևորգյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ռ. Բազիկյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

   

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

   

Հ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Ալեքսանյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 20.08.19 N 1157-Ա, 30.08.19 N 1223-Ա, խմբ. 27.05.20 N 629-Ա, փոփ. 18.08.20 N 930-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 26-ի N 1006-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ինտեգրված կադաստրի հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) այդ միջոցառումների իրականացման ապահովման նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում դիտարկումներ, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր աշխատակարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն ինտեգրված կադաստրի (այսուհետ՝ ԻԿ) հայեցակարգից (այսուհետ՝ հայեցակարգ) բխող միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նախատեսված ընթացիկ աշխատանքների կազմակերպումն ապահովելն է:

4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) կազմակերպում է քննարկումներ ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերով.

2) քննարկումների արդյունքներից ելնելով՝ մշակում է առաջարկություններ ԻԿ-ի համակարգում ներգրավված պետական կառավարման համակարգի և այլ իրավասու մարմինների համար և աջակցում է աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.

3) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

4) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

6. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության դեպքում փոխարինում է հանձնաժողովի նախագահին։

7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

10. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետների, այդ թվում` այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:

11. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

14. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անձինք։

15. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նիստի օրակարգը ոչ ուշ, քան 2 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց.

2) ամփոփում է ԻԿ-ի հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.08.2020, N 930-Ա 19.08.2020, N 1006-Ա
27.05.2020, N 629-Ա 28.05.2020, N 1006-Ա
30.08.2019, N 1223-Ա 31.08.2019, N 1006-Ա
20.08.2019, N 1157-Ա 21.08.2019, N 1006-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան