Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական 

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/14079/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/14079/05/17

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան  

Դատավորներ՝

Կ. Բաղդասարյան

 

Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալեքսան Թումասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալեքսան Թումասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` 24.11.2017 թվականի թիվ 1707176767 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ալեքսան Թումասյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 24.11.2017 թվականի թիվ 1707176767 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 17.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել Ծառայության 24.11.2017 թվականի թիվ 1707176767 որոշումը, և Ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.05.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 17.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեքսան Թումասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը չի լուծել դատական ծախսերի հարցը, մասնավորապես՝ չի անդրադարձել փաստաբանին վճարված վարձատրության հատուցման պահանջին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը հայցվորի օգտին կամ ի վնաս վերջինիս չի լուծել դատական ներկայացուցչության ծախսերի հարցը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի փաստարկներն օբյեկտիվորեն չեն կարող հիմնավոր որակվել, հետևաբար բացակայում է վերաքննիչ բողոքում մատնանշված փաստարկների հետազոտության և իրավական գնահատման անհրաժեշտությունը: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական գործում առկա է փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր, և հստակ սահմանված է այդ ծառայությունների արժեքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 06.05.2019 թվականի որոշումը՝ «դատական ծախսի՝ մասնավորապես փաստաբանին վճարված ողջամիտ վարձատրության մասով բեկանել և գործն այդ մասով ուղարկել ստորադաս դատարան նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 24.11.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1707176767 որոշմամբ Ալեքսան Թումասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի (գ.թ. 3).

2) Մի կողմից՝ Ալեքսան Թումասյանի (Պատվիրատու) և մյուս կողմից՝ փաստաբան Տիգրան Ղազարյանի (Կատարող) միջև 14.12.2017 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագրի 1.1. կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել նույն պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել այդ ծառայությունների համար: Նույն պայմանագրի 1.2. կետի համաձայն` Կատարողը Պատվիրատուի շահերի պաշտպանությունն ապահովելու համար, վարչական ակտը դատական կարգով բողոքարկման ըստ անհրաժեշտության մատուցում է հետևյալ ծառայությունները. ա/ Պատվիրատուի իրավունքների և պարտականությունների, այդ թվում` դատական համակարգի` Պատվիրատուի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ խորհրդատվության տրամադրում, բ/ փաստաթղթերի ուսումնասիրում, գ/ իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում, դ/ դատական ներկայացուցչություն, իսկ նույն պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ այդ ծառայությունների գինը կազմում է 10.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման անմիջապես։ Նշված պայմանագիրը ներկայացվել է հայցադիմումին կից (գ.թ. 4).

3) Դատարանը, 17.03.2018 թվականի վճռի «Դատական ծախսերի բաշխումը» կետով անդրադառնալով ներկայացուցչի վճարին, պատճառաբանել է, որ «(…) հայցվորի կողմից դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված (կատարվելիք) ծախսը չի ծառայել (ծառայելու) իր նպատակին, այն չի եղել (լինելու) անհրաժեշտ, փոխհատուցման համարժեք, արդյունավետ, ուստի ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսը պետք է դրվի հենց հայցվորի վրա:
(…)
Դատարանի գնահատմամբ վարչական ակտերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վիճարկելու գործերով ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունվելու փաստը հաստատվելու դեպքում ըստ էության բացակայում է այն ընդունելու ու դրա հետևանքները վերացնելու մեջ վարչական մարմնի անմիջական և ուղղակի պատասխանատվությունը, քանի որ տրանսպորտային միջոցի սեփականատերն է կրում վարչական իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքի ապացուցման պարտականությունը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունում է` ելնելով օրենքով սահմանված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանոնից, իսկ վարչական ակտը անվավեր (ոչ իրավաչափ) է ճանաչվում միայն այն դեպքում, երբ սեփականատերն ապացուցում է, որ խախտումը կատարվել է այլ անձի կողմից: Ուստի նման գործերով, եթե անձը վարչական ակտը որոշել է վիճարկել ոչ թե վարչական կարգով, որը ողջամիտ ժամկետների պահպանման և ծախսերի խնայողության տեսանկյունից առավել արդյունավետ կերպով է ապահովում խախտված իրավունքների գործնական վերականգնումը, այլ դատական կարգով, այդ թվում` ներկայացուցչի միջոցով` կատարելով ծախս, ապա նա պետք է հաշվի առնի, որ կատարում է այնպիսի անհարկի ծախս, որը չի ծառայում իր նպատակին, անհրաժեշտ չէ, փոխհատուցման համարժեք ու արդյունավետ չէ և ենթակա չի լինի հատուցման: Հետևաբար թեև վարչական ակտը վարչական կամ դատական կարգով վիճարկելու իրավունքը վերապահված է բացառապես տվյալ անձին, սակայն միաժամանակ վարչական մարմնի վրա չի կարող դրվել այնպիսի ծախս հատուցելու պարտականություն, որը կարող էր չկատարվել` նույնպիսի հաջողությամբ երաշխավորելով անձի իրավունքների լիարժեք վերականգնումը (…)» (գ.թ. 29-31).

4) Դատարանի 17.03.2018 թվականի վճռի եզրափակիչ մասում հայցվորի ներկայացուցչի վճարի՝ որպես դատական ծախսի բաշխման վերաբերյալ եզրահանգում առկա չէ (գ.թ. 29-31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական դատարանի կողմից դատական ծախսերի բաշխման (ներառյալ՝ դատավարության մասնակցի ներկայացուցչի վճարի հատուցման) հարցի լուծմանը։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Նույն հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝ դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը բովանդակում է եզրահանգում` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի կողմից վճռով լուծման ենթակա հարցերից է դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխումը։ Ըստ այդմ, օրենսդիրը վարչական դատարանի վրա դրել է դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ պարտադիր եզրահանգում կատարելու պարտականություն, որը պետք է արտացոլվի վճռի եզրափակիչ մասում։ Այսինքն՝ վճռի եզրափակիչ մասն անվերապահորեն պետք է պարունակի վերջնական եզրահանգումներ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման, այդ թվում` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարների հատուցման վերաբերյալ: Ընդ որում, դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի դատական ակտը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ դատարանը պետք է նաև պատճառաբանի դատական ծախսերի բաշխումը՝ դրա վերաբերյալ հիմնավորումները ներկայացնելով վճռի պատճառաբանական մասում, սակայն վճռի պատճառաբանական մասում տեղ գտած՝ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ դատարանի դատողությունները չեն կարող փոխարինել այդ ակտի եզրափակիչ մասում արտացոլվող եզրահանգմանը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման (ներառյալ՝ դատավարության մասնակցի ներկայացուցչի վճարի հատուցման) հարցը համարվում է ամբողջությամբ լուծված միայն այն դեպքում, երբ վճռի եզրափակիչ մասը բովանդակում է դատարանի եզրահանգումը՝ այդ դատական ակտով բաշխման ենթակա դատական ծախսերի բաշխման վերաբերյալ։ Իսկ այն դեպքերում, երբ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է դիրքորոշում դատական ծախսերի բաշխման վերաբերյալ, իսկ դատական ակտի եզրափակիչ մասում նշված դիրքորոշումներից բխող եզրահանգումներն ամբողջությամբ արտացոլված չեն, այսինքն` բոլոր դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերջնական և ամբողջական եզրահանգումը բացակայում է, ապա դատական ծախսերի բաշխման հարցն այդ դատական ակտով ամբողջությամբ լուծված չէ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև դատական ծախսերի հարցը վճռով լուծված չլինելու կամ թերի լուծված լինելու դեպքում վարչական դատավարության մասնակցին օրենքով վերապահված իրավունքներին։

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականին, ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 142-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե չի լուծել դատական ծախսերի հարցը:

Մյուս կողմից, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ եթե վարչական դատարանը համապատասխան ապացույցի առկայության դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտով չի անդրադառնում դատական ծախսերի` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի հիմքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ բացի լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով վարչական դատարան դիմելու հնարավորությունից՝ կողմերին վերապահված է վարչական դատարանի դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարանը համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում դատական ծախսերի` կողմերի միջև բաշխման հարցին, կամ կողմերի կարծիքով վարչական դատարանի կողմից դատական ծախսերը բաշխվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ, կողմերը զրկված չեն դատական ծախսերի բաշխման մասով վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից (տե՛ս, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքն ընդդեմ Գյուլնարա Սարգսյանի թիվ ԿԴ2/0189/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննության ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն՝ եթե վարչական դատարանը համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում դատական ծախսերի` կողմերի միջև բաշխման հարցին, ապա վարչական դատավարության մասնակցին վերապահված է երկու հնարավորություն.

1. դատական ակտը կայացրած դատարան ներկայացնել լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ դիմում.

2. դատական ծախսերի բաշխման մասով բողոքարկել վարչական դատարանի դատական ակտը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, քանի որ վերջինս նույնպես նախատեսում է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ վճիռ կայացրած դատարանի նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնելու հնարավորություն, մասնավորապես, այն դեպքում, երբ դատարանը չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մաս)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Ծառայության 24.11.2017 թվականի թիվ 1707176767 որոշումը։ Նշված վարչական ակտով Ալեքսան Թումասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով: Ալեքսան Թումասյանը նշված վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ, ով սույն գործով հանդես է եկել որպես Ալեքսան Թումասյանի ներկայացուցիչ։ Նշված պայմանագրով մատուցվելիք ծառայությունների գինը կազմել է 10.000 ՀՀ դրամ:

Սույն վարչական գործի քննության արդյունքում Դատարանի 17.03.2018 թվականի վճռով Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացված հայցը բավարարվել է։ Վճռի «Դատական ծախսերի բաշխումը» կետով անդրադառնալով ներկայացուցչի վճարին՝ Դատարանը պատճառաբանել է, որ «(…) հայցվորի կողմից դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված (կատարվելիք) ծախսը չի ծառայել (ծառայելու) իր նպատակին, այն չի եղել (լինելու) անհրաժեշտ, փոխհատուցման համարժեք, արդյունավետ, ուստի ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսը պետք է դրվի հենց հայցվորի վրա: (…) Դատարանի գնահատմամբ վարչական ակտերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վիճարկելու գործերով ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունվելու փաստը հաստատվելու դեպքում ըստ էության բացակայում է այն ընդունելու ու դրա հետևանքները վերացնելու մեջ վարչական մարմնի անմիջական և ուղղակի պատասխանատվությունը, քանի որ տրանսպորտային միջոցի սեփականատերն է կրում վարչական իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքի ապացուցման պարտականությունը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունում է` ելնելով օրենքով սահմանված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվության կանոնից, իսկ վարչական ակտը անվավեր (ոչ իրավաչափ) է ճանաչվում միայն այն դեպքում, երբ սեփականատերն ապացուցում է, որ խախտումը կատարվել է այլ անձի կողմից: Ուստի նման գործերով, եթե անձը վարչական ակտը որոշել է վիճարկել ոչ թե վարչական կարգով, որը ողջամիտ ժամկետների պահպանման և ծախսերի խնայողության տեսանկյունից առավել արդյունավետ կերպով է ապահովում խախտված իրավունքների գործնական վերականգնումը, այլ դատական կարգով, այդ թվում` ներկայացուցչի միջոցով` կատարելով ծախս, ապա նա պետք է հաշվի առնի, որ կատարում է այնպիսի անհարկի ծախս, որը չի ծառայում իր նպատակին, անհրաժեշտ չէ, փոխհատուցման համարժեք ու արդյունավետ չէ և ենթակա չի լինի հատուցման: Հետևաբար թեև վարչական ակտը վարչական կամ դատական կարգով վիճարկելու իրավունքը վերապահված է բացառապես տվյալ անձին, սակայն միաժամանակ վարչական մարմնի վրա չի կարող դրվել այնպիսի ծախս հատուցելու պարտականություն, որը կարող էր չկատարվել` նույնպիսի հաջողությամբ երաշխավորելով անձի իրավունքների լիարժեք վերականգնումը (…)»։

Միաժամանակ վճռի եզրափակիչ մասում բացակայում է դատավարության մասնակցի ներկայացուցչի վճարի հատուցման վերաբերյալ որևէ եզրահանգում:

Ալեքսան Թումասյանը Դատարանի վճռի դեմ՝ դատական ծախսերի մասով, ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Վերաքննիչ դատարանի 06.05.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 17.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` պատճառաբանելով, որ «(…) եթե վճռի եզրափակիչ մասը չի բովանդակում դատարանի որոշումը դատական ծախսերի կամ դրանց համապատասխան մասի բաշխման վերաբերյալ, ապա սա նշանակում է, որ այդ մասով դատարանը չի լուծել դատական ծախսերի հարցը: Հետևապես նման իրողության դեպքում կարող է գործի դրվել լրացուցիչ վճիռ կայացվելու օրենսդրական ինստիտուտը», «Դատարանն վճռի եզրափակիչ մասում որևէ եզրահանգում չի մատնանշել ներկայացուցչական ծախսերի մասով: Վճռի պատճառաբանական մասում ներկայացուցչական ծախսերի մասով Դատարանի արտահայտած պատճառաբանություններից պետք է կռահել, որ Դատարանը գտել է, որ ներկայացուցչական ծախսերի մասով բացակայում է հայցվորին որևէ ծախս փոխհատուցելու իրավական և փաստական հիմքը, այդուհանդերձ Դատարանը նախ՝ վերջնական դիրքորոշում չի արտահայտել այդ հարցի շուրջ վճռի պատճառաբանական մասում, հետո՝ վճռի եզրափակիչ մասում չի նշել՝ ի վերջո որոշել է Ծառայությունից հօգուտ հայցվորի գանձել որևէ ներկայացուցչական ծախս, թե` ոչ, թե` այդ մասով հարցը համարել լուծված: Ստացվում է, որ քննարկելով ներկայացուցչական ծախսերի հարցը՝ Դատարանն ի վերջո հայցվորի օգտին կամ ի վնաս նրա չի լուծել, ներկայացուցչական ծախսերի, այն է՝ դատական ծախսերի հարցը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի փաստարկներն օբյեկտիվորեն չեն կարող հիմնավոր որակվել, հետևապես Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ստեղծված իրադրությունում բացակայում է վերաքննիչ բողոքում մատնանշված փաստարկների հետազոտության և իրավական գնահատման անհրաժեշտությունը (…)»:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի հիմնավորումների և եզրահանգումների իրավաչափությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը, բավարարելով Ալեքսան Թումասյանի հայցը, վճռի պատճառաբանական մասում նշել է Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի վճարի հատուցման վերաբերյալ իր պատճառաբանությունները, սակայն դրա վերաբերյալ վերջնական եզրահանգումը չի արտացոլել դատական ակտի եզրափակիչ մասում, այսինքն՝ այդ մասով չի լուծել դատական ծախսերի բաշխման հարցը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը տվյալ դեպքում պետք է դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին համապատասխան լուծեր նաև Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի վճարի հատուցման, այսինքն՝ այդ դատական ծախսի բաշխման հարցը Դատարանի կողմից լուծված չլինելու վերաբերյալ իրավաչափ դատողություն կատարել է նաև Վերաքննիչ դատարանը։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պայմաններում Դատարանի վճիռը համապատասխան մասով ենթակա էր բեկանման, իսկ գործը՝ դատական ծախսերի, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, ենթակա էր ՀՀ վարչական դատարանի կողմից նոր քննության։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ եթե որևէ դատական ծախսի մասով դատարանը չի լուծել դատական ծախսերի բաշխման հարցը, ապա կարող է գործի դրվել լրացուցիչ վճիռ կայացվելու օրենսդրական ինստիտուտը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսի վերաբերյալ ապացույցի առկայության պայմաններում վարչական դատարանի կողմից այդ ծախսի բաշխման հարցը չլուծելու դեպքում դատավարության մասնակիցը կարող է նաև դատական ծախսերի բաշխման մասով բողոքարկել վարչական դատարանի դատական ակտը, որպիսի իրավունքից էլ օգտվել է Ալեքսան Թումասյանը։ Ընդ որում, Ալեքսան Թումասյանը թեև վերաքննիչ բողոքում ներկայացրել է իր ներկայացուցչի վճարի հատուցման հարցը Դատարանի կողմից սխալ լուծված լինելու վերաբերյալ փաստարկներ, սակայն միևնույն ժամանակ նշել է նաև, որ «(…) Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում՝ չի լուծել վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածներով նախատեսված դատական ծախսերի հարցը»։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Դատարանը չի լուծել Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը, պետք է բավարարեր վերաքննիչ բողոքը, համապատասխան մասով բեկաներ Դատարանի վճիռը և այդ մասով գործն ուղարկեր նոր քննության։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, վճռի եզրափակիչ մասում առհասարակ չանդրադառնալով Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի վճարի հատուցման հարցին, այսինքն՝ չբաշխելով այդ դատական ծախսը, թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածների խախտում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի վճարի հատուցման հարցը սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո դատական պաշտպանության արդյունավետության տեսանկյունից Դատարանի կողմից պարզելու և գնահատելու համար սույն գործը՝ դատական ծախսերի, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ դատական ծախսերի, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 17.03.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 06.05.2019 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի մասով, իսկ Ալեքսան Թումասյանը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ալեքսան Թումասյանը տվյալ դեպքում վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2019 թվականի որոշումը, և գործը՝ դատական ծախսերի, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան
 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
 

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական: