Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.07.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2891/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2891/02/16

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան  

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հուլիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտակ Գաբրիելյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտակ Գաբրիելյանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը հատուցելու իրեն պատճառված վնասը` 135.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնաս՝ ներկայացուցչի ծառայությունների դիմաց վճարվելիք գումար, 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնաս, և 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնաս:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Նախարարությունից հօգուտ Արտակ Գաբրիելյանի բռնագանձվել է 135.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Արտակ Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.05.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետը, 6-րդ հոդվածի 1-ին կետը, 3-րդ կետի (դ) ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, 162.1-րդ, 1064-րդ, 1087.2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում Արտակ Գաբրիելյանը դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները, որոնք նախատեսում են ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, մինչդեռ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Արտակ Գաբրիելյանն արդարացվել և վերջինիս անմեղությունը հռչակվել է 22.07.2014 թվականի դատավճռով, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածներով լրացվել է 19.05.2014 թվականին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով, որի 5-րդ հոդվածով հստակ սահմանվել է, որ այդ օրենքն ուժի մեջ է մտնում 01.11.2014 թվականից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ ոչ նյութական վնասի հատուցման իրավունք ունեն միայն այն անձինք, ում իրավունքները խախտվել են 01.11.2014 թվականից սկսած, իսկ մինչ այդ տեղի ունեցած խախտումների մասով իրավունքի պաշտպանություն գոյություն չունի։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արդեն հակասահմանադրական էր ճանաչվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, իսկ հայց ներկայացնելու պահի դրությամբ գործում էին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռի հիման վրա Արտակ Գաբրիելյանին արդեն իսկ տրամադրվել է 2.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս հիմնարար իրավունքների խախտման հետևանքով ոչ նյութական վնասի հատուցում, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ այդ գումարը վճարվել է արդար դատաքննության իրավունքի խախտման համար և այդ պահի դրությամբ Արտակ Գաբրիելյանը դեռ արդարացված չի եղել, իսկ տվյալ դեպքում ներկայացված ոչ նյութական վնասի պահանջի իրավունքը ծագել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվականի դատավճռով վերջինիս արդարացվելուց հետո:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի դատավճռով Արտակ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Արտակ Գաբրիելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 12.07.2004 թվականի դատավճռով Արտակ Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց բավարարման, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի դատավճիռը՝ պատժի մասով, փոփոխել է. Արտակ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Արտակ Գաբրիելյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 ամիս 6 օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Արտակ Գաբրիելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 06.08.2004 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2004 թվականի դատավճիռը՝ անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 8-13):

2. Արտակ Գաբրիելյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 10.04.2012 թվականի վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ նույն հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետի հետ միասին վերցված: Վճռով միաժամանակ արձանագրվել է, որ պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի 2.500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը, և 1.600 եվրո՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում՝ փոխարկված ֆունտ ստեռլինգի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը պետք է փոխանցվի Միացյալ Թագավորության իրենց ներկայացուցիչների բանկային հաշվին (հատոր 1-ին, գ.թ. 64-103):

3. 28.09.2012 թվականի թիվ 12092803466523 վճարման հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակ Գաբրիելյանին վճարվել է 1.302.425 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 48-49):

 4. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 13.09.2013 թվականի որոշմամբ Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը նոր հանգամանքի հիմքով բավարարվել է. Արտակ Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 06.08.2004 թվականի որոշումը վերանայվել է: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2004 թվականի դատավճիռները բեկանվել են և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 8-13):

5. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվականի թիվ ԵԱՆԴ/0077/01/13 քրեական գործով կայացված դատավճռով ճանաչվել և հռչակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանի անմեղությունը և նա արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 14-19):

6. Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 15.07.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ 4-6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման առանձին հիմքերի և պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 162.1-րդ, 1087.2-րդ հոդվածների չկիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

1) կարո՞ղ է արդյոք արդարացվածը պահանջել մինչև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքի ընդունումն անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում այն պարագայում, երբ արդարացման դատավճիռը կայացվել է 22.07.2014 թվականին,

2) կարո՞ղ է արդյոք անձը պահանջել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ և 162.1-րդ հոդվածներով սահմանված ոչ նյութական վնասի հատուցում արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով այն դեպքում, երբ իր գործով Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա նրա այդ իրավունքի խախտման համար արդեն իսկ տրվել է փոխհատուցում:

 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաuտ համոզիչ կերպով ապացուցում է դատական uխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է uտանում տվյալ պետության oրենքին կամ պրակտիկային համապատաuխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաuտը չբացահայտելը լիովին կամ մաuամբ կախված չի եղել տվյալ անձից:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, (...) որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապoրինի դատապարտելու, քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuը, oրենքով uահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաuտանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ սահմանադրական դատարանը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

ՀՀ սահմանադրական դատարանը, 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրականության հարցին, վկայակոչված իրավադրույթն այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն՝ արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

Արդյունքում՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրվեց նոր խմբագրությամբ՝ «վնաս» եզրույթի մեջ ներառելով նաև ոչ նյութական վնասը, միաժամանակ սահմանվեց ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը, որը լրացվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2015 թվականին ընդունված և 01.01.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-184-Ն ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի համաձայն՝

1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են նույն հոդվածին և նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի համաձայն՝

1. Նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (նույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2-րդ հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված որոշման շրջանակներում փաստել է, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որևէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանված են առավելագույն չափեր, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (օրինակ` առողջությանը ծանր վնաս): Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ ոչ նյութական վնասի հատուցումը չպետք է ուղղված լինի տուժող կողմի «հարստացմանը»` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից: Միաժամանակ նշված սուբյեկտների կողմից կատարված խախտումը հաստատելիս հատուցման համար նշանակություն չունի համապատասխան պաշտոնատար անձի մեղքը, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման համար օրենսդիրը որդեգրել է առանց մեղքի պատասխանատվության սկզբունքը` սահմանելով, որ այն ենթակա է հատուցման` անկախ պաշտոնատար անձի մեղքից (տե՛ս, թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

 Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հիմք է անձի այնպիսի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպիսին է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Ընդ որում, այս հիմքով անձի ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքը կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը (կամ այդ իրավունքի որևէ բաղադրատարրը):

Վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառության ապահովման նկատառումով հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետում գործածված «դատարանը հաստատել է» արտահայտության բովանդակությանը: Վճռաբեկ դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներից, եզրահանգում է, որ դատավարական օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից արձանագրված՝ անձի՝ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված իրավունքի խախտման փաստը դիտում է որպես նոր հանգամանք՝ գործի վարույթը վերաբացելու համար, որի հետևանքը մինչև իրավունքի խախտումն առկա վիճակի վերականգնումն է: Այլ կերպ, երբ խոսքը գնում է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման մասին, քաղաքացիադատավարական կարգավորումներից հետևում է, որ նմանատիպ խախտումը կարող է հաստատվել նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «դատարանը հաստատել է» արտահայտությունը մեկնաբանելիս պետք է նկատի ունենալ, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք հանդիսացող՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման փաստը կարող է հաստատվել նաև Եվրոպական դատարանի կողմից: Ուստի այն դեպքում, երբ կոնկրետ գործով առկա է Եվրոպական դատարանի վճիռ, որով հաստատվում է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, անձը ձեռք է բերում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունք: Ընդ որում, անձը, դիմելով Եվրոպական դատարան՝ իր արդար դատաքննության իրավունքի խախտման փաստն արձանագրելու գանգատով, միաժամանակ իրավունք ունի այդ իսկ գանգատով պահանջելու նաև իր այդ իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե Եվրոպական դատարանի կողմից կայացվում է անձի իրավունքի խախտումն արձանագրող և փոխհատուցման չափերը սահմանող վճիռ, և այդ վճռով պետության վրա դրվում է անձին հատուցելու պարտավորություն, ապա պետության կողմից այդ պարտավորությունը պատշաճ կատարելը բացառում է նույն խախտման հիմքով ՀՀ համապատասխան դատարան դիմելու և հատուցում ստանալու անձի հնարավորությունը, քանի որ նրա կոնկրետ իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը հետապնդում է մինչև այդ խախտումը եղած վիճակը հաստատելու, անձին պատճառված վնասի՝ ներառյալ հոգեկան վնասի փոխհատուցման նպատակ, և ամենևին ուղղված չէ տուժող կողմի «հարստացմանը»՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը:

Միաժամանակ այն դեպքում, երբ անձը գանգատով դիմում է Եվրոպական դատարան՝ գանգատում չբարձրացնելով իր իրավունքի խախտման համար հատուցում ստանալու հարցը, և Եվրոպական դատարանն արձանագրում է անձի հիմնարար իրավունքի խախտման փաստը՝ առանց անդրադարձ կատարելու կամ մասնակի անդրադարձ կատարելով հատուցման խնդրին, ապա անձին տրված է իրավական հնարավորություն՝ դիմելու Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարան և պահանջելու չփոխհատուցված ոչ նյութական վնասի լրիվ հատուցում՝ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իր իրավունքի խախտման հիմքով:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն անարդարացի դատապարտման համար հատուցում պահանջելու անձի իրավունքը պայմանավորել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի կարգավորմամբ, այսինքն՝ անարդարացի դատապարտման հիմքով անձի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Վճռաբեկ դատարանը, հիմնվելով վերոշարադրյալ վերլուծությունների վրա, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտումը և նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անարդարացի դատապարտումը ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ինքնուրույն և առանձին հիմքեր են: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ հետևությունը բխում է ոչ միայն վերոշարադրյալ հիմնավորումներից, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ անարդարացի դատապարտման հիմքով վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, իսկ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նմանատիպ կարգավորումների առկայությունը վկայում է վերոնշյալ երկու հիմքերի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու համար ինքնուրույն և առանձին լինելու մասին, ընդ որում՝ դրանցից մեկով հատուցում ստացած լինելու փաստը դեռևս չի բացառում մյուս հիմքով հատուցում պահանջելու՝ անձի իրավական հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքի ընդունումը պատճառված ոչ նյութական վնասի հատուցման գործերով այդ կարգավորումների կիրառելիությանը, արձանագրում է, որ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն և 21.12.2015 թվականի թիվ ՀՕ-184-Ն ՀՀ օրենքներով համապատասխանեցվել է Եվրոպական կոնվենցիայի պահանջներին, ընդ որում, անարդարացի դատապարտման համար ոչ նյութական պահանջի իրավունքն արդեն իսկ նախատեսված է եղել 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով, որը սահմանել է այդ իրավունքն իրացնելու դատական կարգ: Նշվածից հետևում է, որ եթե մինչև 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելն անարդարացի դատապարտման հետևանքով վնասի հատուցման վերաբերյալ հայցերով ՀՀ օրենսդրական համակարգում առկա բացը իրավակիրառ պրակտիկայում կարող էր հաղթահարվել Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով, ապա դրանից հետո դատարան ներկայացված այդ բնույթի հայցերով վնասի հատուցման օրենսդրական հիմքերը լիովին առկա են եղել:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անարդարացի դատապարտման հետևանքով ոչ նյութական վնասի հատուցման իրավահարաբերությունը ծագում է դատարան հայց ներկայացնելով, քանի որ միայն նման հայց ներկայացնելով է անձն իրացնում այդպիսի փոխհատուցում պահանջելու իր իրավունքը, ընդ որում՝ այդ իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել սոսկ այն հանգամանքով, որ անձն արդարացվել է մինչև ապօրինի դատապարտման հետևանքով վնասի հատուցում պահանջելու իրավունքի օրենսդրական ամրագրումը: Այլ խոսքով, նման հայց ներկայացնելով է միայն ծագում վնասի հատուցման իրավահարաբերությունը, քանի որ, եթե օրինակ, դատապարտյալն արդարացված լինի, սակայն վնասի հատուցման պահանջ դատարան չներկայացնի, այդպես էլ ապօրինի դատապարտման հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն չի ծագի:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ բոլոր այն դեպքերում, երբ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան է ներկայացվել 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 01.11.2014 թվականից հետո, ոչ նյութական վնասի հատուցման հարցը ենթակա է լուծման տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության նորմերին համապատասխան և այդ նորմերին հետադարձ ուժ տալու հարց չի առաջանում, մասնավորապես՝ նման հարց չի ծագում նաև այն դեպքում, երբ ապօրինի դատապարտված անձի արդարացումը տեղի է ունեցել մինչև նշված օրենսդրական նորմերի ուժի մեջ մտնելը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արտակ Գաբրիելյանի գանգատի հիման վրա Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետի հետ միասին վերցված: Վճռով արձանագրվել է, որ պատասխանող պետությունը դիմումատուին պետք է վճարի 2.500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը, և 1.600 եվրո՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում՝ փոխարկված ֆունտ ստեռլինգի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը պետք է փոխանցվի Միացյալ Թագավորության իրենց ներկայացուցիչների բանկային հաշվին: ՀՀ վճռաբեկ դատարանի 13.09.2013 թվականի որոշմամբ Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը նոր հանգամանքի հիմքով բավարարվել է. Արտակ Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 06.08.2004 թվականի որոշումը վերանայվել է, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2004 թվականի դատավճիռները բեկանվել են, և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվականի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանի անմեղությունը և նա արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 15.07.2016 թվականին:

Դատարանը ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է Արտակ Գաբրիելյանի սահմանադրական, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, և Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռով արձանագրվել է, որ պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի 2.500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը: 28.09.2012 թվականի թիվ 12092803466523 վճարման հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակ Գաբրիելյանին վճարվել է 1.302.425 ՀՀ դրամ: Այսինքն՝ Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռի հիման վրա Արտակ Գաբրիելյանին արդեն իսկ տրամադրվել է 2.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս հիմնարար իրավունքների խախտման հետևանքով ոչ նյութական վնասի հատուցում: Անարդարացի դատապարտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ևս մերժվել է Դատարանի կողմից այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռի հիման վրա Արտակ Գաբրիելյանին արդեն իսկ տրամադրվել է 2.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, Դատարանի նշված եզրահանգումները համարել է իրավաչափ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում 19.05.2014 թվականին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով չի նախատեսվել, որ դրանով կատարված լրացումները և փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ այդ հոդվածներն ուժի մեջ են մտել 01.11.2014 թվականից: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցվորի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում դրված նորմերը նրա նկատմամբ կիրառելի չեն, քանի որ համապատասխան հարաբերությունների ծագման պահին (արդարացման և անմեղության հռչակման) դրանք ուժի մեջ մտած չեն եղել, ուստի այդ հարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:

 

Վճռաբեկ դատարանը վերը շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արտակ Գաբրիելյանի կողմից ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ներկայացվել է երկու ինքնուրույն հիմքերով՝ 1) արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով, և 2) անհիմն դատապարտման հիմքով:

Անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում դրված հիմքերից առաջինի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի կողմից Արտակ Գաբրիելյանի գործով կայացված վճռով սահմանվել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցում՝ 2.500 եվրոյի չափով, որպիսի հատուցումը պատշաճ կերպով կատարվել է Հայաստանի Հանրապետության կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցումն արդեն իսկ ստացած լինելու հանգամանքը բացառում է Արտակ Գաբրիելյանի իրավական հնարավորությունը՝ կրկին պահանջելու նման հատուցում: Հետևաբար Դատարանը, Արտակ Գաբրիելյանի հայցը՝ 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով, մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, այդ մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, կայացրել են օրինաչափ և հիմնավորված դատական ակտ:

Անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի երկրորդ հիմքին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արտակ Գաբրիելյանի կողմից 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հիմքում դրվել է անարդարացի դատապարտված լինելու փաստը: Այդ կապակցությամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ հայցվորի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում դրված նորմերը նրա նկատմամբ կիրառելի չեն, քանի որ համապատասխան հարաբերությունների ծագման պահին դրանք ուժի մեջ մտած չեն եղել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ոչ նյութական վնասի հատուցման իրավահարաբերությունը ծագում է դատարան հայց ներկայացնելով, քանի որ միայն նման հայց ներկայացնելով է անձն իրացնում այդպիսի փոխհատուցում պահանջելու իր իրավունքը, ընդ որում՝ այդ իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել սոսկ այն հանգամանքով, որ անձն արդարացվել է մինչև ապօրինի դատապարտման հետևանքով վնասի հատուցում պահանջելու իրավունքի օրենսդրական ամրագրումը, հետևաբար սույն իրավահարաբերությունը ծագել է ոչ թե «արդարացման և անմեղության հռչակման» ժամանակ, ինչպես եզրակացրել է Վերաքննիչ դատարանը, այլ հայցը Դատարան ներկայացնելու պահին՝ 15.07.2016 թվականին: Այլ բան է, որ վնասի հատուցում պահանջելու իրավունքը պայմանավորող հիմքերը ծագել են ավելի վաղ՝ հայցվորի արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, սակայն դա հայցվորի պահանջի իրավունքն իրացնելու գործընթացի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ սույն գործով վիճելի իրավահարաբերության բովանդակությունը կազմում է ոչ թե հայցվորի արդարացումը, այլ դրա արդյունքում վնասի հատուցում պահանջելու նրա իրավունքը: Հայցը ներկայացնելու (վնասի հատուցում պահանջելու) պահին արդեն իսկ ուժի մեջ մտած են եղել և գործել են ներկայիս իրավակարգավորումները, որոնցով սահմանվել են ինչպես ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը, այնպես էլ դրա իրականացման կարգը, վնասի հատուցման պայմանները, հատուցման առավելագույն չափը և այլ բովանդակային տարրեր:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործն այդ մասով անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ վնասի հատուցման մյուս նախապայմանները պարզելու և գնահատելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դատական ակտը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են արդարացվածները` իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք պետական տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Արտակ Գաբրիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցին, հարկ է համարում ընդգծել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է.1» կետի հիմքով վերջինս ազատված է պետական տուրքի վճարումից:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է մասնակի բեկանման, իսկ գործը՝ բեկանված մասով, ուղարկվում է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման՝ օրինական ուժի մեջ թողնված մասով դատական ծախսերի բաշխման հարցին, ապա Վճռաբեկ դատարանն այդ մասով պետական տուրքի հարցը համարում է լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ


 1. Արտակ Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2017 թվականի վճիռը՝ հայցը՝ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:
2. Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Չբեկանված մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/2891/02/16 քաղաքացիական գործով 10.07.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

10.07.2020 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի հուլիսի 10-ին գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտակ Գաբրիելյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2017 թվականի վճիռը՝ հայցը՝ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, որոշումը՝ մնացած մասով, թողել է օրինական ուժի մեջ։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Արտակ Գաբրիելյանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը հատուցելու իրեն պատճառված վնասը` 135.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնաս՝ ներկայացուցչի ծառայությունների դիմաց վճարվելիք գումար, 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնաս, և 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնաս:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Նախարարությունից հօգուտ Արտակ Գաբրիելյանի բռնագանձվել է 135.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Արտակ Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.05.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետը, 6-րդ հոդվածի 1-ին կետը, 3-րդ կետի (դ) ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, 162.1-րդ, 1064-րդ, 1087.2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում Արտակ Գաբրիելյանը դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները, որոնք նախատեսում են ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, մինչդեռ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Արտակ Գաբրիելյանն արդարացվել և վերջինիս անմեղությունը հռչակվել է 22.07.2014 թվականի դատավճռով, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածներով լրացվել է 19.05.2014 թվականին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով, որի 5-րդ հոդվածով հստակ սահմանվել է, որ այդ օրենքն ուժի մեջ է մտնում 01.11.2014 թվականից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ ոչ նյութական վնասի հատուցման իրավունք ունեն միայն այն անձինք, ում իրավունքները խախտվել են 01.11.2014 թվականից սկսած, իսկ մինչ այդ տեղի ունեցած խախտումների մասով իրավունքի պաշտպանություն գոյություն չունի։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արդեն հակասահմանադրական էր ճանաչվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, իսկ հայց ներկայացնելու պահի դրությամբ գործում էին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռի հիման վրա Արտակ Գաբրիելյանին արդեն իսկ տրամադրվել է 2.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս հիմնարար իրավունքների խախտման հետևանքով ոչ նյութական վնասի հատուցում, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ այդ գումարը վճարվել է արդար դատաքննության իրավունքի խախտման համար և այդ պահի դրությամբ Արտակ Գաբրիելյանը դեռ արդարացված չի եղել, իսկ տվյալ դեպքում ներկայացված ոչ նյութական վնասի պահանջի իրավունքը ծագել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվականի դատավճռով վերջինիս արդարացվելուց հետո:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

 «1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի դատավճռով Արտակ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Արտակ Գաբրիելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 12.07.2004 թվականի դատավճռով Արտակ Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց բավարարման, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի դատավճիռը՝ պատժի մասով, փոփոխել է. Արտակ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Արտակ Գաբրիելյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 ամիս 6 օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Արտակ Գաբրիելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 06.08.2004 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2004 թվականի դատավճիռը՝ անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 8-13):

2. Արտակ Գաբրիելյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 10.04.2012 թվականի վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ նույն հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետի հետ միասին վերցված: Վճռով միաժամանակ արձանագրվել է, որ պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի 2.500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը, և 1.600 եվրո՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում՝ փոխարկված ֆունտ ստեռլինգի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը պետք է փոխանցվի Միացյալ Թագավորության իրենց ներկայացուցիչների բանկային հաշվին (հատոր 1-ին, գ.թ. 64-103):

3. 28.09.2012 թվականի թիվ 12092803466523 վճարման հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակ Գաբրիելյանին վճարվել է 1.302.425 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 48-49):

 4. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 13.09.2013 թվականի որոշմամբ Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը նոր հանգամանքի հիմքով բավարարվել է. Արտակ Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 06.08.2004 թվականի որոշումը վերանայվել է: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2004 թվականի դատավճիռները բեկանվել են և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 8-13):

5. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվականի թիվ ԵԱՆԴ/0077/01/13 քրեական գործով կայացված դատավճռով ճանաչվել և հռչակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանի անմեղությունը և նա արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 14-19):

6. Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 15.07.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ 4-6)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման առանձին հիմքերի և պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 162.1-րդ, 1087.2-րդ հոդվածների չկիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

1) կարո՞ղ է արդյոք արդարացվածը պահանջել մինչև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքի ընդունումն անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում այն պարագայում, երբ արդարացման դատավճիռը կայացվել է 22.07.2014 թվականին,

2) կարո՞ղ է արդյոք անձը պահանջել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ և 162.1-րդ հոդվածներով սահմանված ոչ նյութական վնասի հատուցում արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով այն դեպքում, երբ իր գործով Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա նրա այդ իրավունքի խախտման համար արդեն իսկ տրվել է փոխհատուցում:

 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաuտ համոզիչ կերպով ապացուցում է դատական uխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է uտանում տվյալ պետության oրենքին կամ պրակտիկային համապատաuխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաuտը չբացահայտելը լիովին կամ մաuամբ կախված չի եղել տվյալ անձից:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, (...) որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապoրինի դատապարտելու, քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuը, oրենքով uահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաuտանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ սահմանադրական դատարանը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

ՀՀ սահմանադրական դատարանը, 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրականության հարցին, վկայակոչված իրավադրույթն այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն՝ արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

Արդյունքում՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրվեց նոր խմբագրությամբ՝ «վնաս» եզրույթի մեջ ներառելով նաև ոչ նյութական վնասը, միաժամանակ սահմանվեց ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը, որը լրացվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2015 թվականին ընդունված և 01.01.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-184-Ն ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի համաձայն՝

1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են նույն հոդվածին և նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի համաձայն՝

1. Նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (նույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2-րդ հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված որոշման շրջանակներում փաստել է, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որևէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանված են առավելագույն չափեր, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (օրինակ` առողջությանը ծանր վնաս): Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ ոչ նյութական վնասի հատուցումը չպետք է ուղղված լինի տուժող կողմի «հարստացմանը»` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից: Միաժամանակ նշված սուբյեկտների կողմից կատարված խախտումը հաստատելիս հատուցման համար նշանակություն չունի համապատասխան պաշտոնատար անձի մեղքը, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման համար օրենսդիրը որդեգրել է առանց մեղքի պատասխանատվության սկզբունքը` սահմանելով, որ այն ենթակա է հատուցման` անկախ պաշտոնատար անձի մեղքից (տե՛ս, թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

 Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հիմք է անձի այնպիսի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպիսին է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Ընդ որում, այս հիմքով անձի ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքը կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը (կամ այդ իրավունքի որևէ բաղադրատարրը):

Վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառության ապահովման նկատառումով հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետում գործածված «դատարանը հաստատել է» արտահայտության բովանդակությանը: Վճռաբեկ դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներից, եզրահանգում է, որ դատավարական օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից արձանագրված՝ անձի՝ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված իրավունքի խախտման փաստը դիտում է որպես նոր հանգամանք՝ գործի վարույթը վերաբացելու համար, որի հետևանքը մինչև իրավունքի խախտումն առկա վիճակի վերականգնումն է: Այլ կերպ, երբ խոսքը գնում է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման մասին, քաղաքացիադատավարական կարգավորումներից հետևում է, որ նմանատիպ խախտումը կարող է հաստատվել նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «դատարանը հաստատել է» արտահայտությունը մեկնաբանելիս պետք է նկատի ունենալ, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք հանդիսացող՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման փաստը կարող է հաստատվել նաև Եվրոպական դատարանի կողմից: Ուստի այն դեպքում, երբ կոնկրետ գործով առկա է Եվրոպական դատարանի վճիռ, որով հաստատվում է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, անձը ձեռք է բերում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունք: Ընդ որում, անձը, դիմելով Եվրոպական դատարան՝ իր արդար դատաքննության իրավունքի խախտման փաստն արձանագրելու գանգատով, միաժամանակ իրավունք ունի այդ իսկ գանգատով պահանջելու նաև իր այդ իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե Եվրոպական դատարանի կողմից կայացվում է անձի իրավունքի խախտումն արձանագրող և փոխհատուցման չափերը սահմանող վճիռ, և այդ վճռով պետության վրա դրվում է անձին հատուցելու պարտավորություն, ապա պետության կողմից այդ պարտավորությունը պատշաճ կատարելը բացառում է նույն խախտման հիմքով ՀՀ համապատասխան դատարան դիմելու և հատուցում ստանալու անձի հնարավորությունը, քանի որ նրա կոնկրետ իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը հետապնդում է մինչև այդ խախտումը եղած վիճակը հաստատելու, անձին պատճառված վնասի՝ ներառյալ հոգեկան վնասի փոխհատուցման նպատակ, և ամենևին ուղղված չէ տուժող կողմի «հարստացմանը»՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը:

Միաժամանակ այն դեպքում, երբ անձը գանգատով դիմում է Եվրոպական դատարան՝ գանգատում չբարձրացնելով իր իրավունքի խախտման համար հատուցում ստանալու հարցը, և Եվրոպական դատարանն արձանագրում է անձի հիմնարար իրավունքի խախտման փաստը՝ առանց անդրադարձ կատարելու կամ մասնակի անդրադարձ կատարելով հատուցման խնդրին, ապա անձին տրված է իրավական հնարավորություն՝ դիմելու Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարան և պահանջելու չփոխհատուցված ոչ նյութական վնասի լրիվ հատուցում՝ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իր իրավունքի խախտման հիմքով:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն անարդարացի դատապարտման համար հատուցում պահանջելու անձի իրավունքը պայմանավորել է Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի կարգավորմամբ, այսինքն՝ անարդարացի դատապարտման հիմքով անձի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը ծագում է միայն անձի՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո և համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Վճռաբեկ դատարանը, հիմնվելով վերոշարադրյալ վերլուծությունների վրա, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտումը և նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անարդարացի դատապարտումը ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ինքնուրույն և առանձին հիմքեր են: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ հետևությունը բխում է ոչ միայն վերոշարադրյալ հիմնավորումներից, այլև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ անարդարացի դատապարտման հիմքով վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, իսկ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նմանատիպ կարգավորումների առկայությունը վկայում է վերոնշյալ երկու հիմքերի՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու համար ինքնուրույն և առանձին լինելու մասին, ընդ որում՝ դրանցից մեկով հատուցում ստացած լինելու փաստը դեռևս չի բացառում մյուս հիմքով հատուցում պահանջելու՝ անձի իրավական հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքի ընդունումը պատճառված ոչ նյութական վնասի հատուցման գործերով այդ կարգավորումների կիրառելիությանը, արձանագրում է, որ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն և 21.12.2015 թվականի թիվ ՀՕ-184-Ն ՀՀ օրենքներով համապատասխանեցվել է Եվրոպական կոնվենցիայի պահանջներին, ընդ որում, անարդարացի դատապարտման համար ոչ նյութական պահանջի իրավունքն արդեն իսկ նախատեսված է եղել 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով, որը սահմանել է այդ իրավունքն իրացնելու դատական կարգ: Նշվածից հետևում է, որ եթե մինչև 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելն անարդարացի դատապարտման հետևանքով վնասի հատուցման վերաբերյալ հայցերով ՀՀ օրենսդրական համակարգում առկա բացը իրավակիրառ պրակտիկայում կարող էր հաղթահարվել Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով, ապա դրանից հետո դատարան ներկայացված այդ բնույթի հայցերով վնասի հատուցման օրենսդրական հիմքերը լիովին առկա են եղել:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անարդարացի դատապարտման հետևանքով ոչ նյութական վնասի հատուցման իրավահարաբերությունը ծագում է դատարան հայց ներկայացնելով, քանի որ միայն նման հայց ներկայացնելով է անձն իրացնում այդպիսի փոխհատուցում պահանջելու իր իրավունքը, ընդ որում՝ այդ իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել սոսկ այն հանգամանքով, որ անձն արդարացվել է մինչև ապօրինի դատապարտման հետևանքով վնասի հատուցում պահանջելու իրավունքի օրենսդրական ամրագրումը: Այլ խոսքով, նման հայց ներկայացնելով է միայն ծագում վնասի հատուցման իրավահարաբերությունը, քանի որ, եթե օրինակ, դատապարտյալն արդարացված լինի, սակայն վնասի հատուցման պահանջ դատարան չներկայացնի, այդպես էլ ապօրինի դատապարտման հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավահարաբերություն չի ծագի:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ բոլոր այն դեպքերում, երբ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան է ներկայացվել 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 01.11.2014 թվականից հետո, ոչ նյութական վնասի հատուցման հարցը ենթակա է լուծման տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության նորմերին համապատասխան և այդ նորմերին հետադարձ ուժ տալու հարց չի առաջանում, մասնավորապես՝ նման հարց չի ծագում նաև այն դեպքում, երբ ապօրինի դատապարտված անձի արդարացումը տեղի է ունեցել մինչև նշված օրենսդրական նորմերի ուժի մեջ մտնելը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արտակ Գաբրիելյանի գանգատի հիման վրա Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռով արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետի հետ միասին վերցված: Վճռով արձանագրվել է, որ պատասխանող պետությունը դիմումատուին պետք է վճարի 2.500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը, և 1.600 եվրո՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում՝ փոխարկված ֆունտ ստեռլինգի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը պետք է փոխանցվի Միացյալ Թագավորության իրենց ներկայացուցիչների բանկային հաշվին: ՀՀ վճռաբեկ դատարանի 13.09.2013 թվականի որոշմամբ Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը նոր հանգամանքի հիմքով բավարարվել է. Արտակ Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 06.08.2004 թվականի որոշումը վերանայվել է, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.06.2004 թվականի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 12.07.2004 թվականի դատավճիռները բեկանվել են, և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվական դատավճռով ճանաչվել և հռչակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանի անմեղությունը և նա արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 15.07.2016 թվականին:

Դատարանը ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է Արտակ Գաբրիելյանի սահմանադրական, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը, և Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռով արձանագրվել է, որ պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի 2.500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած նշված գումարին հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը: 28.09.2012 թվականի թիվ 12092803466523 վճարման հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակ Գաբրիելյանին վճարվել է 1.302.425 ՀՀ դրամ: Այսինքն՝ Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռի հիման վրա Արտակ Գաբրիելյանին արդեն իսկ տրամադրվել է 2.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերջինիս հիմնարար իրավունքների խախտման հետևանքով ոչ նյութական վնասի հատուցում: Անարդարացի դատապարտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ևս մերժվել է Դատարանի կողմից այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճռի հիման վրա Արտակ Գաբրիելյանին արդեն իսկ տրամադրվել է 2.500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, Դատարանի նշված եզրահանգումները համարել է իրավաչափ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում 19.05.2014 թվականին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով չի նախատեսվել, որ դրանով կատարված լրացումները և փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ այդ հոդվածներն ուժի մեջ են մտել 01.11.2014 թվականից: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցվորի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում դրված նորմերը նրա նկատմամբ կիրառելի չեն, քանի որ համապատասխան հարաբերությունների ծագման պահին (արդարացման և անմեղության հռչակման) դրանք ուժի մեջ մտած չեն եղել, ուստի այդ հարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:

 

Վճռաբեկ դատարանը վերը շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արտակ Գաբրիելյանի կողմից ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ներկայացվել է երկու ինքնուրույն հիմքերով՝ 1) արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով, և 2) անհիմն դատապարտման հիմքով:

Անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում դրված հիմքերից առաջինի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի կողմից Արտակ Գաբրիելյանի գործով կայացված վճռով սահմանվել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցում՝ 2.500 եվրոյի չափով, որպիսի հատուցումը պատշաճ կերպով կատարվել է Հայաստանի Հանրապետության կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցումն արդեն իսկ ստացած լինելու հանգամանքը բացառում է Արտակ Գաբրիելյանի իրավական հնարավորությունը՝ կրկին պահանջելու նման հատուցում: Հետևաբար Դատարանը, Արտակ Գաբրիելյանի հայցը՝ 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով, մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, այդ մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, կայացրել են օրինաչափ և հիմնավորված դատական ակտ:

Անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի երկրորդ հիմքին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արտակ Գաբրիելյանի կողմից 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հիմքում դրվել է անարդարացի դատապարտված լինելու փաստը: Այդ կապակցությամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ հայցվորի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում դրված նորմերը նրա նկատմամբ կիրառելի չեն, քանի որ համապատասխան հարաբերությունների ծագման պահին դրանք ուժի մեջ մտած չեն եղել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ոչ նյութական վնասի հատուցման իրավահարաբերությունը ծագում է դատարան հայց ներկայացնելով, քանի որ միայն նման հայց ներկայացնելով է անձն իրացնում այդպիսի փոխհատուցում պահանջելու իր իրավունքը, ընդ որում՝ այդ իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել սոսկ այն հանգամանքով, որ անձն արդարացվել է մինչև ապօրինի դատապարտման հետևանքով վնասի հատուցում պահանջելու իրավունքի օրենսդրական ամրագրումը, հետևաբար սույն իրավահարաբերությունը ծագել է ոչ թե «արդարացման և անմեղության հռչակման» ժամանակ, ինչպես եզրակացրել է Վերաքննիչ դատարանը, այլ հայցը Դատարան ներկայացնելու պահին՝ 15.07.2016 թվականին: Այլ բան է, որ վնասի հատուցում պահանջելու իրավունքը պայմանավորող հիմքերը ծագել են ավելի վաղ՝ հայցվորի արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, սակայն դա հայցվորի պահանջի իրավունքն իրացնելու գործընթացի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ սույն գործով վիճելի իրավահարաբերության բովանդակությունը կազմում է ոչ թե հայցվորի արդարացումը, այլ դրա արդյունքում վնասի հատուցում պահանջելու նրա իրավունքը: Հայցը ներկայացնելու (վնասի հատուցում պահանջելու) պահին արդեն իսկ ուժի մեջ մտած են եղել և գործել են ներկայիս իրավակարգավորումները, որոնցով սահմանվել են ինչպես ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը, այնպես էլ դրա իրականացման կարգը, վնասի հատուցման պայմանները, հատուցման առավելագույն չափը և այլ բովանդակային տարրեր:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործն այդ մասով անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ վնասի հատուցման մյուս նախապայմանները պարզելու և գնահատելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դատական ակտը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն լինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից այն իրավական հարցադրմանն անդրադառնալու արդյունքում արված պատճառաբանություններին, որոնք բացառապես վերաբերում են անձի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ և 162.1-րդ հոդվածներով սահմանված ոչ նյութական վնասի հատուցումն արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով պահանջելուն այն դեպքում, երբ նրա գործով Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա իր այդ իրավունքի խախտման համար արդեն իսկ տրվել է փոխհատուցում, միևնույն ժամանակ հայտնում ենք մեր անհամաձայնությունը նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից մյուս՝ թիվ 1-ի ներքո նշված իրավական հարցադրմանն անդրադառնալու արդյունքում արված որոշ պատճառաբանությունների հետ և շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես՝

Մինչև 22.12.2015 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

03.04.2002 թվականին ընդունված (ուժը կորցրել է 07.04.2018 թվականին) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: ()

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: ()

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ որպես կանոն իրավական ակտը, այդ թվում նաև՝ քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը, հետադարձ ուժ չունեն, և դրանց գործողությունը տարածվում է ու այդ իրավական ակտերը կիրառվում են միայն դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Սակայն օրենսդիրը որոշակի բացառություն է նախատեսել ընդհանուր կանոնից՝ թույլ տալով օրենքի գործողությունը տարածել նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա՝ պայմանով, եթե դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով։

Նույն կանոնը գործում է նաև իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարող օրենքի դեպքում, որի ժամանակ ևս դրա գործողությունը տարածվում է այն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե օրենքով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

19.05.2014 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«2. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:»։

Նույն հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

Նույն օրենքի 2-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 162.1-ին հոդվածով.

«Հոդված 162.1. Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը

1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2, 3 կամ 5 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում (սույն օրենսգրքի իմաստով՝ կոնվենցիոն իրավունքների խախտում), ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան»:

Նույն օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 1087.2-րդ հոդվածով.

«Հոդված 1087.2. Կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները

1. Կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել`

1) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2 կամ 3 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում, ինչպես նաև սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում.

2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5 հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:»:

Նշված օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի նոյեմբերի 1-ից, և դրա որևէ նորմով նախատեսված չէ, որ այդ օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, որի պայմաններում գործում է ընդհանուր կանոնը, որի համաձայն՝ այդ օրենքի գործողությունը կարող է տարածվել և այն կարող է կիրառվել միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում օրենսդիրը վնաս է համարել նաև ոչ նյութական վնասը՝ դրա հատուցումը նախատեսելով միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Այդպիսի դեպք է, օրինակ, նաև այն, երբ դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, որի հիմքով նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

Վերոգրյալ իրավական կարգավորումների և մեր կողմից հայտնված դիրքորոշումների համատեքստում կարծում ենք, որ օրենսդիրը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում դատապարտյալի արդարացվելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավահարաբերության ծագման պահը պայմանավորել է անձի կողմից արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու փաստով, որպիսի պահից սկսած և անձը կարող է իրացնել անարդարացի դատապարտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման պահանջով դատարան դիմելու իր իրավունքը, և նշված իրավահարաբերությունների ծագման ժամանակը որոշելը որևէ ձևով չի կարող պայմանավորվել նման պահանջով դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնելու ամսաթվով։

Այսինքն՝ տվյալ դեպքում վերը նշված օրենսդրական փոփոխությունները կատարելու արդյունքում ներմուծված իրավական նորմերի կիրառելիությունը համապատասխան արդարացվածի կողմից ներկայացված հայցի նկատմամբ պարզելու համար էական է ոչ թե վերջինիս կողմից հայց ներկայացնելու ամսաթիվը, այլ՝ վերջինիս՝ արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու՝ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը։

Վերոգրյալի հիման վրա հայտնում ենք մեր անհամաձայնությունը սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից հայտնված այն դիրքորոշումների վերաբերյալ, որ՝

- «ոչ նյութական վնասի հատուցման իրավահարաբերությունը ծագում է դատարան հայց ներկայացնելով, քանի որ միայն նման հայց ներկայացնելով է անձն իրացնում այդպիսի փոխհատուցում պահանջելու իր իրավունքը»,

- «սույն իրավահարաբերությունը ծագել է ոչ թե «արդարացման և անմեղության հռչակման» ժամանակ, ինչպես եզրակացրել է Վերաքննիչ դատարանը, այլ հայցը Դատարան ներկայացնելու պահին՝ 15.07.2016 թվականին»,

- «բոլոր այն դեպքերում, երբ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան է ներկայացվել 19.05.2014 թվականի թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 01.11.2014 թվականից հետո, ոչ նյութական վնասի հատուցման հարցը ենթակա է լուծման տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրության նորմերին համապատասխան (…)»։

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով Արտակ Գաբրիելյանի անմեղությունը ճանաչվել և հռչակվել է ու նա արդարացվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/0077/01/13 քրեական գործով 22.07.2014 թվականին կայացված դատավճռով, որը չի բողոքարկվել և հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում մտել է օրինական ուժի մեջ։

Նման պայմաններում կարծում ենք, որ մեր կողմից հայտնված դիրքորոշումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված վերը նշված փոփոխությունները Արտակ Գաբրիելյանի կողմից ներկայացված հայցի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ վերջինս արդարացվածի կարգավիճակը ձեռք է բերել մինչև վերը նշված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը՝ անկախ նրանից, թե երբ է ներկայացվել սույն գործով հայցադիմումը, և քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ոչ նյութական վնասի՝ որպես վնասի տեսակի հատուցում նախկինում չի նախատեսել, ուստի տվյալ հայցով ևս դատարաններն առկա բացը, ինչպես սույն գործով իրավացիորեն նշել է Վճռաբեկ դատարանը, կարող էին իրավակիրառ պրակտիկայում հաղթահարել Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով, ու ոչ թե վերը նշված պահանջի մասով հայցը մերժեին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները հայցի նկատմամբ կիրառելի չլինելու հիմքով։

 

Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, համաձայնվելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ հայցվորի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմքում դրված նորմերը նրա նկատմամբ կիրառելի չեն, քանի որ համապատասխան հարաբերությունների ծագման պահին դրանք ուժի մեջ մտած չեն եղել, միևնույն ժամանակ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ենթակա է մասնակիորեն բեկանման և նույն օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ բեկանված մասով գործը նոր քննության ուղարկման՝ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անարդարացի դատապարտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման նախապայմանները պարզելու և գնահատելու համար:

 

Դատավորներ`

 

գ. հակոբյան

Ռ. հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան