Գլխավոր տեղեկություն
Համար
N 1507-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 15.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2020

 

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 1507-Լ

 

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններն են.

 

I. «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

Հարկ ենք համարում նախ ներկայացնել որոշ նկատառումներ և դիտարկումներ:

Օրենքի նախագծում Կինոարտադրող-Ազգային մարմին-լիազոր մարմին-կառավարման շղթան անհասկանալի է և չի կարող նպաստել ոլորտի կարգավորմանը և զարգացմանը:

Նախագծում մեջբերվում են Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներ, սակայն, չեն սահմանվում դրանց իրականացման գործուն մեխանիզմները, նախագիծը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում կինոոլորտի աջակցությունը պետական պատվերի վերածելու համար:

Նախագծում որպես «օրենքի կարգավորման առարկա» բերված են կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները, սակայն հստակեցված չէ, թե ո՞ւմ միջև հարաբերությունների մասին է խոսքը:

Նախագծում ընդգրկված՝ կինոթատրոններին և հեռուստաընկերություններին առնչվող դրույթները գործնականում վատթարացնելու են առկա իրավիճակը. կինոթատրոնները պետք է մասնակցեն ֆիլմերի ֆինանսավորման պրոցեսին, սակայն դրան պետք է հասնել փուլային զարգացումների շնորհիվ: Կինոթատրոնների համար պարտավորություն սահմանելուց առաջ, անհրաժեշտ է, որպեսզի օրենքը նպաստի նրանց զարգացմանը և խրախուսմանը: Ուսումնասիրված չեն կինոթատրոնների գործունեության խնդիրները Հայաստանում: Հեռուստատեսությամբ Ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի 10 տոկոսը ըստ շրջանառվող նախագծի Դրամագլխին ուղղելը, ուղղակի զգալիորեն վնասելու է Ազգային ֆիլմերի կոմերցիոն ցուցադրումներին: Այս դրույթը մեխանիկորեն վերցված է միջազգային նախագծերից՝ առանց վերլուծելու հայաստանյան հեռուստատեսային ու գովազդի շուկան:

Նախագծով հստակ մեխանիզմներ են դրված պետական ցենզուրա իրականացնելու համար: Այդ մեխանիզմը վարձույթի վկայականի տրման բարդ ու սուբյեկտիվ գնահատականներ ենթադրող գործառույթն է: Մինչդեռ վարձույթի վկայականը պետք է տրվի ամենապարզ և օբյեկտիվ չափանիշներից ելնելով` օրինակ ընդամենը ֆիլմի տարիքային ռեյթինգավորում իրականացնելու միջոցով և այլն: Ֆիլմի վարձույթը հոդվածը չի սահմանափակված հանրայնորեն ընդունված չափորոշիչային սահմանումներով, այլ բերված են դրույթներ՝ օրինակ՝ «…բացասական ազդեցություն են գործում մարդու ենթագիտակցության վրա» և այլն, որոնք ակնհայտ գրաքննության և պետության կողմից բովանդակային միջամտության վտանգներ են պարունակում՝ ազատականացնելու փոխարեն:

Ազգային ֆիլմ հասկացությունը բազմաթիվ դրվագներով հակասության մեջ է դրված ֆիլմարտադրության փոքրամասնական և մեծամասնական սահմանումների հետ, որոնք ընդունված են միջազգային կոնվենցիաներով:

Մրցույթներ անցկացնելու կարգը և պայմանները ներկայացված նախագծում ամրագրված են օրենքով, որը սահմանափակում է Ազգային մարմնի, նրա հոգաբարձուների խորհրդի գործառույթները, արհեստական խոչընդոտող հանգամանքներ է ստեղծում զարգացման տարբեր փուլերում բնականոն ընթացքով դրանք կարգավորելու համար: Նախագծում ներառված չեն մի քանի սկզբունքային դրույթներ, մասնավորապես՝ եթե պետական աջակցության մշտական ձևերը կարող են պակասեցվել կամ դրանց միաժամանակյա ու անընդհատ կիրառման պահանջը կարող է վերացվել կամ ձևափոխվել, ապա այն պետք է լինի պայմանով, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կարող են մտնել ու գործադրվել դրանց կատարման օրվանից ոչ շուտ, քան 5 (հինգ) տարի հետո: Կինեմատոգրաֆիայի պետական աջակցությունը չի հանդիսանում ու չի կարող մեկնաբանվել` որպես պետական պատվեր, տրված որևէ նպատակով: Պետական ծրագրերի շրջանակներում կամ պետության պատվերով ֆիլմերի ստեղծման, տարածման և ցուցադրման համար սույն օրենքը կիրառելի չէ: Այդպիսի ֆիլմերի ստեղծումը, տարածումը և ցուցադրումը կարող են իրականացվել պետության կողմից առանձին տրամադրված միջոցների հաշվին և սույն օրենքով չսահմանված մեխանիզմներով կամ ընթացակարգերով: Այդուհանդերձ, պետական ծրագրերի շրջանակներում կամ պետության պատվերով ֆիլմերի ստեղծումը նույնպես պետք է իրականացվի մրցութային կարգով, որի անցկացումը կարող է պատվիրակվել նաև Ազգային մարմնին: Ստեղծագործողներն ու կատարողները կինեմատոգրաֆիայի ստեղծագործությունների ստեղծմանը մասնակցում են ֆիլմարտադրողների հետ կնքված հեղինակային կամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի հիման վրա` չհանդիսանալով վերջիններիս աշխատողներ, քանի դեռ, կամավորության սկզբունքով, ֆիլմարտադրողների հետ չեն կնքել աշխատանքային պայմանագիր: Հաշվի առնելով, որ շահույթի ստացումը ստեղծագործողների ու կատարողների հիմնական նպատակը չէ, կինեմատոգրաֆիայի ստեղծագործությունների ստեղծմանը վերջիններս մասնակցում են որպես ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող անձինք, քանի դեռ, կամավորության սկզբունքով, չեն հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:

Նախագծի որոշ դրույթներ կարգավորված են այլ օրենքներով կամ նախագծի կարգավորման առարկան չեն հանդիսանում:

Անդրադառնանք նախագծին ըստ հոդվածների.

1. 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 9-րդ կետում սահմանվում է «կինոթատրոն» հասկացությունը, այն է՝ համապատասխան տեխնիկական միջոցներով էկրանի վրա 50 և ավելի դիտողների համար նախատեսված ֆիլմի ցուցադրման առնվազն մեկ սրահ ունեցող վայր:

Այս առումով հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն համապատասխան վերլուծություն կամ ուսումնասիրություն այն մասին, թե ինչ չափանիշների հիման վրա է որոշվել կինոթատրոնը՝ հենց 50 և ավելի դիտողների համար սրահ ունենալու պահանջով պայմանավորելը, և արդյոք առկա են համապատասխան հիմնավորումներ, թե ինչու կինոթատրոն չի կարող համարվել այն հաստատությունը, որն ունի 50-ից պակաս դիտողների համար սրահ.

2) 10-րդ, 30-րդ կետերում և նախագծի մի շարք այլ դրույթներում գործածվում է «ֆիլմի բնօրինակ պատճեն» եզրույթը, մինչդեռ թե նախագծի կարգավորումներում, թե նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բացահայտված չէ տվյալ եզրույթի բովանդակությունը: Այս առումով նախագծի դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, համաձայն որոնց՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները, որոնք պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:

2. 4-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է հանդիսանում «ստեղծագործելու ազատությունը և պետական միջամտության բացառումը», իսկ նախագծի 6-րդ հոդվածում բացահայտվում է պետական միջամտության բացառման էությունը: Մինչդեռ պետության կողմից ոլորտի ֆինանսավորումը նույնպես պետական միջամտություն է, և այս դեկլարատիվ դրույթը բազմաթիվ տարընթերցումների տեղիք է տալիս:

Այս առումով գտնում ենք, որ պետական միջամտության բացառման՝ կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության հիմնական սկզբունք հանդիսանալու պարագայում անհրաժեշտ է բացահայտել նախագծի 4-րդ հոդվածում նախատեսված մյուս սկզբունքների էությունն ու բովանդակությունը ևս, հակառակ պարագայում, այսինքն՝ սկզբունք չհանդիսանալու դեպքում՝ նախագծի 4-րդ հոդվածից հանել 1-ին մասի 1-ին կետը.

2) 1-ին մասի 2-րդ կետում սկզբունք է ամրագրված «ստեղծագործողների ինքնուրույնությունն ու իրավահավասարությունը»: Ինքնուրույնության տիրույթը մասնավոր է, և ստեղծագործողն ինքն է որոշում ինքնուրույն լինել, թե՝ ոչ: Պետությունը պետք է երաշխավորի ստեղծագործողի ազատությունը և ոչ թե «ինքնուրույնությունն ու իրավահավասարությունը».

3) 1-ին մասի 4-րդ կետում սկզբունք է ամրագրված «պետական աջակցության թափանցիկությունն ու շահերի բախման կառավարումը»: Մինչդեռ շահերի բախումը ոչ թե կառավարում, այլ բացառում են:

4-րդ հոդվածն, ընդհանուր առմամբ, վերանայման և հստակեցման կարիք ունի:

3. 5-րդ հոդվածով սահմանված «կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումն ու մրցունակության բարձրացումը» ձևակերպումը անհասկանալի է (ի՞նչ է նշանակում մրցունակության բարձրացում): Հռչակվում է «միջազգային համագործակցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը», որը չի կարող հանդիսանալ պետության պոզիտիվ պարտականություն, ինչպես նաև «իրավական դաշտի կատարելագործումը» և «բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը» դրույթները, որոնք չեն կարող դիտարկվել որպես կինեմատոգրաֆիայի պետական աջակցություն: Նշված հոդվածի 3-14-րդ մասերը չեն կարող դիտվել որպես պետության պոզիտիվ պարտականություն: Առանձին ծրագրերով պետությունը մասնավորին կարող է տրամադրել դրամաշնորհ կամ հատուկ ծրագրերով արտոնություն, բայց «նյութատեխնիկական հենքի արդիականացում»-ը որպես պետության գործառույթ սահմանելը նպատակահարմար չէ, եթե պետությունը արտադրող չէ:

4. 7-րդ հոդվածով սահմանված դրույթներով կինոոլորտը խորապես կախման մեջ է դրվում կառավարությունից: Ազգային մարմինը «ապահովում է լիազորված պետական մարմնի ծրագրով հաստատված տարեկան գործունեության իրականացումը», այսինքն դառնում է լիազորված մարմնի մի վարչության կամ բաժնի գործառույթներ իրականացնող, մնացած գործառույթներում ունի ոլորտի զարգացման գործում ազդեցությունից զուրկ կարգավիճակ:

7-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը, իսկ նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակում է մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Այս առումով, նկատի ունենալով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է նախարարությունը, անհրաժեշտ է նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները խմբագրել՝ համապատասխանեցնելով օրենքի հիշյալ կարգավորումներին.

2) 4-րդ կետով առաջարկվում է սահմանել, որ Կառավարությունը հաստատում է ֆիլմարտադրության և ֆիլմի ցուցադրման նպատակով ժամանակավոր ներմուծվող կամ արտահանվող ապրանքների ցանկը, որոնց համար սահմանվում է հայտարարագրման պարզեցված կարգ և մինչև մեկ աշխատանքային օր բաց թողնման ժամկետ:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ ապրանքների բաց թողնման ժամկետները սահմանված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածով: Մասնավորապես՝ սահմանված է, որ ապրանքների բաց թողնումը պետք է ավարտվի մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման պահից 4 ժամվա ընթացքում, իսկ եթե ապրանքների հայտարարագիրը գրանցվել է ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 ժամը, ապա այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամը սկսվելու պահից 4 ժամվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: Բացառությունները վերաբերում են մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու, այդ տեղեկություններում փոփոխություններ և ճշգրտումներ կատարելու դեպքերին։

Այսինքն, նախագծով ապրանքների բաց թողնման համար նախատեսվում է ավելի երկար ժամկետ, քան սահմանված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով։

Մյուս կողմից, նախագծով նախատեսվող ապրանքների ցանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանելու հնարավորություն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված չէ։ Այդպիսի ցանկ արդեն իսկ սահմանված է 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի B.2 հավելվածի 2-րդ ցանկում (հավելվածում)։ «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է կոնվենցիայի Ա, Բ.1, Բ.2, Բ.3 և Բ.5 հավելվածները:

Բացի այդ, հարկ է նշել նաև, որ նախագծով սահմանվող դրույթն իր էությամբ չի հանդիսանում նախագծի կարգավորման առարկա, քանի որ վերաբերում է մաքսային կարգավորման ոլորտին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն անհրաժեշտ է հանել.

3) 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հաստատում է ֆիլմարտադրության նպատակով ՀՀ ժամանող անձանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու կարգը և առանց աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը:

Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Օտարերկրացիների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումները, համաձայն որոնց՝ Հայաստանի

Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Ընդ որում, նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը և խմբակային մուտքի վիզաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր առանձին դեպքում հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված պայմաններում կարող է ընդունել որոշում՝ որոշակի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին, հետևաբար այս առումով անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել ՀՀ կառավարության կողմից ֆիլմարտադրության նպատակով ՀՀ ժամանող անձանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու կարգը հաստատելու լիազորությունը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից առանց աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը հաստատելու լիազորությանը՝ հարկ ենք համարում նկատի ունենալ, որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսվել են աշխատանքի թույլտվության բացառությունները՝ հստակ նշելով այն սուբյեկտների շրջանակը, որոնք առանց աշխատանքի թույլտվության կարող են աշխատել Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես՝ հիշյալ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները:

Ավելին, օրենքի հիշյալ դրույթի հիման վրա ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանվել է բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը: Մասնավորապես, հիշյալ որոշմամբ նախատեսվել է, որ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝

- «0612 Տվյալների բազաների և տեղեկատվական ցանցերի ստեղծում և կառավարում»,

- «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,

- «0811.01.5 Գյուղատնտեսագիտություն» մասնագիտությամբ «0811.01.01.5 Գյուղատնտես» որակավորումը, «0811.02.5 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ «0811.02.01.5 Ֆերմեր» որակավորումը, «0811.03.5 Ջերմատնային տնտեսություն» մասնագիտությամբ «0811.03.01.5 Տեխնիկ-ագրոնոմ» որակավորումը,

բ) գիտական աստիճան ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝

- «0611 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»,

- «0412 Ֆինանսներ»,

- «0413 Կառավարում և վարչարարություն»,

- «0619 Համակարգչային անվտանգություն»,

- «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,

- «0721 Պարենամթերքի տեխնոլոգիա»:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել «Օտարերկրացիների մասին» օրենքի և վկայակոչված կառավարության որոշման կարգավորումների համատեքստում.

4) 4-րդ կետով նախատեսված ֆիլմաարտադրության և ֆիլմի ցուցադրման նպատակով ժամանակավոր ներմուծվող և արտահանվող ապրանքների ցանկը, որոնց համար սահմանվում է հայտարարագրման պարզեցված կարգ, և մինչև մեկ աշխատանքային օր բաց թողնման ժամկետ հաստատելու ՀՀ կառավարության լիազորության նախատեսումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

5. 8-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 7-րդ կետի համաձայն` մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին) հաստատում է ազգային մարմնի խորհրդի ընտրության կարգը:

Նախագծի 11-րդ հոդվածում սահմանված են դրույթներ ազգային մարմնի խորհրդի վերաբերյալ, այն է՝ Ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն` Կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված անդամություն չունեցող «Հայֆիլմ» ինստիտուտ անվանումով ոչ առևտրային կազմակերպություն է /…/:

Այս առումով հաշվի առնելով Ազգային մարմնի՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսանալու կարգավորումները՝ հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու առումով հարկ ենք համարում անդրադառնալ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան կարգավորումներին: Այսպես`

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազորված պետական մարմինը` պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:

Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձևավորման և գործունեության կարգը, նրա լիազորությունները սահմանվում են պետական կազմակերպության կանոնադրությամբ:

Վերոգրյալ կարգավորումներից պարզ է դառնում, որ պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի, տվյալ դեպքում Ազգային մարմնի խորհրդի ձևավորման և գործունեության կարգը կարող են սահմանվել կազմակերպության կանոնադրությամբ, հետևաբար տվյալ լիազորությունը լիազոր մարմնին վերապահելու մասով նախագծի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի դրույթներին.

2) 5-րդ կետի համաձայն լիազոր մարմինը հաստատում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի կազմն ու նվազագույն շահավետ գների հաշվարկման նորմատիվները, սակայն օրենքում բացակայում է դրույթ, թե ո՞վ է մշակում, հավաքագրում, ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվում, ինչպես նաև ո՞վ է տալիս հաստատման այդ նորմատիվները.

3) 7-րդ կետի համաձայն` լիազորված պետական մարմինը հաստատում է ազգային մարմնի խորհրդի և գործադիր տնօրենի ընտրության կարգը:

Նախագծի 12-րդ հոդվածում սահմանված են դրույթներ ազգային մարմնի գործադիր տնօրենի վերաբերյալ, մասնավորապես՝ հիշյալ հոդվածի 6-րդ մասի համաձայն` գործադիր տնօրենի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

Այս առումով նախագծի դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների կարգավորումներին՝ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի վերաբերյալ: Հարկ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը: Ավելին, նույն որոշման 1-ին հավելվածի 12-րդ կետի համաձայն` լիազոր մարմինը սահմանում է մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը և կազմը:

Վերոգրյալի համատեքստում նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել:

6. 9-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետի համաձայն՝ Ազգային մարմինը ապահովում է լիազոր մարմնի կողմից հաստատված տարեկան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև մի շարք կետերով նախատեսված այլ գործառույթներ: Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն` Կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված անդամություն չունեցող «Հայֆիլմ» ինստիտուտ անվանումով ոչ առեւտրային կազմակերպություն է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումը: Սակայն, նման լիազորություններ տրվում են ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին, և ներկայումս «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ն ունի ավելի շատ լիազորություններ, քան օրենքի նախագծով տրված է: Ազգային մարմնի գործառույթները բաժանված են կառավարության և լիազոր մարմնի միջև՝ սահմանափակելով ազգային մարմնի լիազորությունները: Մինչդեռ նախագծի 6-րդ հոդվածում հստակ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է պետության կողմից ստեղծագործական գործընթացին միջամտելու բացառումը և երաշխավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտում ազատ ստեղծագործելու և ինքնաարտահայտվելու հնարավորությունը.

2) 2-19-րդ կետերով ազգային մարմնի լիազորություններով տրված է ապահովել մի շարք գործառույթներ, սակայն անհասկանալի է ինչ գործիքակազմով պետք է իրականացվեն այդ գործառույթները, ինչպես նաև սահմանվում է, որ ազգային մարմինը չպետք է իրականացնի ձեռնարկատիրական գործունեություն, որը սահմանափակում է նշված գործառույթների իրականացումը.

3) դրույթները հիմնականում դեկլարատիվ բնույթի են և հետագայում կարող են բարդ խնդիրներ հարուցել ոլորտի համար:

7. 10-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող դրույթը չի բխում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դրույթից, ըստ որի բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներն են պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները:

8. 12-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ գործադիր տնօրենի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը, ինչը հակասում է նույն հոդվածի 5-րդ կետին: Նոր ստեղծվող ազգային մարմնի տնօրենի ընտրությունը պետք է բխի ազգային մարմնի կազմաիրավական ձևը (ՊՈԱԿ, հիմնադրամ) կարգավորող օրենքներից:

9. 13-րդ հոդվածում «Ազգային ֆիլմ» կարգավիճակի սահմանումը թերի է, և անհրաժեշտ է հիմնավորել ազգային ֆիլմի չափորոշիչները և առավելությունները:

10. 14-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետի համաձայն` ազգային ֆիլմերի ստեղծման և առաջխաղացման նպատակով ձևավորվում է ազգային ֆիլմերի աջակցության դրամագլուխ, որը համալրվում է` հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից և կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտների 10 տոկոսի չափով ֆիլմ ցուցադրողների կողմից կատարվող հատկացումների հաշվին, սակայն նախագծերի փաթեթով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող Հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 22-24-րդ կետերով վերոնշվածը եկամուտ չհամարվող տարր է համարվում մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Դա նշանակում է, որ Ազգային մարմինը առաջիկա 10 տարիների ընթացքում եկամուտներ չի ստանալու այդ աղբյուրներից: Սույնով նախագծի հեղինակները խթանում են կինոթատրոններին, սակայն միևնույն ժամանակ զրկում են Ազգային մարմնին դրամագլուխ հավաքելու հնարավորությունից:

Բացի դրանից հարկ է նշել նաև, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հեռուստաընկերությունների եկամուտների աղբյուրներ են համարվում գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:

Գովազդն այսօր հանդիսանում է հեռուստաընկերությունների եկամտի հիմնական աղբյուրը և, ինչպես ցույց են տալիս հայաստանյան գովազդային շուկայի ուսումնասիրությունները, գովազդային շուկան տարեցտարի նվազում է և նախագծի վերը շարադրված դրույթը նույնպես ազդելու է հեռուստաընկերությունների գովազդային բյուջեների վրա և ստիպելու է հեռուստաընկերություններին ցուցադրելու արտասահմանյան ֆիլմեր, մրցակցությունից դուրս թողնելով ազգային ֆիլմերը, որի արդյունքում տուժելու է հայկական կինոն:

Հեռուստատեսությունը հասարակության և հանդիսատեսի լայն շրջանակներում ազգային կինոյի առավել լայն տարածման գործում ունի մեծ նշանակություն և ելնելով այս ոլորտը զարգացնելու նպատակից` անհրաժեշտ է եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններին ազգային ֆիլմերի ցուցադրման և տարածման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այլ ոչ թե կրճատելով իրենց եկամուտները ուղղորդենք նրանց ցուցադրելու իրենց կողմից արտադրված հեռուստատեսային ֆիլմերը, հեռուստասերիալները:

Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ ազգային ֆիլմերի ցուցադրումը մեկ հեռուստաալիքով կամ մեկ կինոթատրոնում չի կարող ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման 20 տոկոսից պակաս լինել: Այսինքն` նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ հեռուստաընկերություններն ունեն պարտավորություն՝ ազգային ֆիլմերի ցուցադրումը մեկ հեռուստաալիքով ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման 20 տոկոսից պակաս չցուցադրելը և հետևաբար նրանց վրա ազգային ֆիլմերի ցուցադրման պարտավորություն սահմանելուց բացի, այդ ֆիլմերի ընթացքում տեղադրվող գովազդից 10 տոկոսի չափով հատկացումները գանձել և հեռուստաընկերությունների եկամուտի աղբյուրը նվազեցնելը ճիշտ չէ:

Այս առումով հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Այսինքն՝ պետությունը, քաղաքացիական իրավունքի վերոշարադրյալ սկզբունքները կրող սուբյեկտների համար սահմանափակումներ նախատեսելիս, պետք է հնարավորինս զգուշավոր մոտեցում դրսևորի` երաշխավորելով, որ հիշյալ սահմանափակումները լինեն չափավոր և բավարար՝ հետապնդվող նպատակին հասնելու համար: Տվյալ պարագայում, հաշվի առնելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի նպատակը, ինչպես նաև վերոգրյալ կարգավորումների անհրաժեշտության վերաբերյալ բավարար հիմնավորումների բացակայության պայմաններում՝ գտնում ենք, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն մասնավոր հեռուստաընկերությունների և կինոթատրոնների համար ֆիլմերի ցուցադրման գործունեությունից որոշակի գումարներ դրամագլխին հատկացնելու կամ իրենց գործունեության ընթացքում ազգային ֆիլմեր որոշակի մինիմալ քանակով ցուցադրելու պարտականություն սահմանելու, ինչպես նաև հիշյալ պարտականությունները չկատարելու համար վարչական պատասխանատվություն նախատեսելու վերաբերյալ կարգավորումները (մասնավորապես, խոսքը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին և 5-րդ հոդվածին (ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժինը 20 տոկոս կազմելու մասով).

2) 2-րդ կետով առաջարկվում է սահմանել, որ ազգային ֆիլմերի ստեղծման և առաջխաղացման նպատակով ձևավորվում է ազգային ֆիլմերի աջակցության դրամագլուխ, որը համալրվում է նաև կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված և տվյալ տարվա ընթացքում շահառուներին չտրամադրված միջոցների չափով պետական բյուջեից կատարվող հատկացումների հաշվին։ Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ բյուջետային ծախսերի սահմանումները կարգավորվում են սահմանված կարգով՝ յուրաքանչյուր տարի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշումներով:

11. 16-րդ հոդվածի`

1) 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում թույլատրվում է պետական կամ հանրային գույքի օգտագործման ... պահանջները կառավարության սահմանած կարգով բավարարելու դեպքում։

Այս առումով գտնում ենք, որ պարզաբանման կարիք ունի «հանրային գույք» եզրույթը` նկատի ունենալով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի դրույթները.

2) 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի պահանջը չի տարածվում, եթե ֆիլմի նկարահանումն իրականացվում է մասնակիցների փոքրաթիվ խմբի ներգրավմամբ և առանց հատուկ հնարքների կամ բարդ տեխնիկայի կիրառման:

Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ֆիլմ նկարահանելիս ինչ չափանիշների հիման վրա է որոշվելու կամ գնահատվելու մասնակիցների փոքրաթիվ լինելու հանգամանքը:

12. 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արգելվում է այն ֆիլմերի վարձույթը, որոնք կրում են՝

1) մարդու առողջության և ենթագիտակցության վրա բացասական ազդեցություն գործող ակնհայտ պոռնոգրաֆիկ բնույթ.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման, պատրաստման կամ շրջանառության նկատմամբ հակում առաջացնող կամ ներգրավող բնույթ։

Այս առումով գտնում ենք, որ ՀՀ-ում ֆիլմերի վարձույթի արգելքի նշված հիմքերը կրում են գնահատողական բնույթ և կարող են մեկնաբանվել հայեցողաբար, հետևաբար և՝ կամայականությունների և չարաշահումների տեղիք տալ, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքից, համաձայն որի` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Մինչդեռ նախագծի հիշյալ կարգավորումներից պարզ չէ, թե ինչ չափանիշների հիման վրա է, օրինակ, որոշվելու կոնկրետ ֆիլմի «ակնհայտ պոռնոգրաֆիկ բնույթ» կրելը, կամ ինչպես կարելի է գնահատել, արդյոք ֆիլմը կարող է առաջացնել հանդիսատեսներից ոմանց մոտ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման, պատրաստման կամ շրջանառության նկատմամբ հակում թե ոչ, կամ պոռնոգրաֆիկ բնույթ կրող ֆիլմը կարող է արդյոք մարդու առողջության և ենթագիտակցության վրա բացասական ազդեցություն ունենալ, թե՝ ոչ:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ նախագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է հստակեցնել՝ սահմանելով ՀՀ-ում ֆիլմերի վարձույթի արգելքի հիմքերը:

13.18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ֆիլմի ցուցադրման դեպքում, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջից, պետք է ապահովել նաև ֆիլմի հայերեն կրկնօրինակումը կամ տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման պետք է լինեն օտարալեզու:

Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ եղանակով է նախատեսվում իրականացնել ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, և արդյոք իրատեսական է հիշյալ պահանջի ապահովումը:

14. 19-րդ` «կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը» վերտառությամբ հոդվածում`

1) նախատեսված են կարգավորումներ ֆիլմարտադրողի կողմից հավաստագիր ստանալու, ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները ձեռք բերելու, մատուցած ծառայությունների մասով չստացած եկամտի հաշվարկման, աջակցություն տրամադրողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցումների և շահառուների հարկման բազայի որոշման, իսկ 20-րդ հոդվածի 5-րդ մասում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու վերաբերյալ:

Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ դրույթներն ըստ էության դուրս են նախագծի կարգավորման առարկայից և կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով, առաջարկում ենք նախագծից հանել վերոհիշյալ կարգավորումները և անհրաժեշտության դեպքում համապատասխան հղումներ նախատեսելով տվյալ հարաբերությունները կարգավորող օրենքներին.

2) որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ուղղություններ՝ առաջարկվում է մի շարք հարկային արտոնությունների տրամադրում: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են:

Բացի այդ, Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով:

Այս առումով, հայտնում ենք, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ.

3) 5-րդ մասի համաձայն` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում հեռուստատեսությամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից և կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները։

Պարզ չէ, թե ինչով է պայմանավորված մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետի սահմանումը.

4) 7-րդ մասի համաձայն՝ ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամկետի ընթացքում առանց մուտքի վիզայի գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և առանց աշխատանքի թույլտվության մասնակցել ֆիլմարտադրության աշխատանքներին՝ Կառավարության սահմանած կարգով:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքներ են տարվում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ աշխատանքների արդյունավետ իրականացման համար նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ: Արդեն իսկ մշակվել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններին: Հարկ է նշել, որ այդ բացառությունների ցանկում ներառված են նաև կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող արտիստները, կատարողները և այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական և տեխնիկական սպասարկման անձնակազմը: Նշված օրենքի նախագիծը՝ հարակից փաստաթղթերով, առաջիկայում կներկայացվի շահագրգիռ մարմինների քննարկմանը:

15.20-րդ հոդվածի`

1) 1-ին և 6-րդ մասերում համապատասխանաբար անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է ենթադրում «և չի հանդիսանում պետական պատվեր», ինչպես նաև «պետական բյուջեի այլ միջոցների հաշվին» արտահայտությունը.

2) 2-րդ մասով Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման նպատակով առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է միջոցների հատկացում՝ տվյալ տարվա բյուջետային ծախսերի առնվազն 0,1 տոկոսի չափով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ շահառուներին չտրամադրելը հիմք չէ հաջորդ տարիների պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի ոլորտի համար միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար։ Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ բյուջետային հատկացումների չափաքանակները որոշվում են տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում քննարկումների արդյունքներով, քանի որ կոնկրետ չափի սահմանումը նախագծում նվազեցնում է պետության կողմից վարվող ծրագրային բյուջետավորման քաղաքականության ճկունությունը։

16. 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ եղանակով է ֆիլմարտադրողը տեղեկացվելու փաստաթղթերում առկա թերությունների մասին:

Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 23-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածներին:

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նշված հոդվածներով կարգավորումները տրվեն ենթաօրենսդրական իրավական ակտերով:

17.27-րդ հոդվածի`

1) 1-ին մասի համաձայն՝ համատեղ արտադրություն է համարվում այն ֆիլմարտադրությունը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին՝ առկա է մասնակցության առավելագույն մաս ներկայացնող ֆիլմարտադրող, որն ունի ստեղծագործական ու տեխնիկական փաստացի մասնակցություն ֆիլմարտադրության մեջ և բավարարում է այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի համատեղ արտադրության ֆիլմը համարվի ազգային ֆիլմ, առկա է մասնակցության նվազագույն մաս ներկայացնող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրող:

Այս առումով հնարավոր չարաշահումներից և տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ չափորոշիչների հիման վրա է որոշվելու մասնակցության՝ առավելագույն կամ նվազագույն մասի առկայությունը.

2) 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե համատեղ արտադրության ֆիլմերին տրամադրվող ինչ առավելությունների մասին է խոսքը:

18. 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով։

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումներին, որոնք պատասխանատվություն են նախատեսում հետևյալ հանցանքների համար`

1) հոդված 226.2. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը.

2) հոդված 263. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը.

3) հոդված 272. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը.

4) հոդված 397.1. Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը:

Վերոգրյալ հոդվածների դիսպոզիացիաներում նախատեսված կարգավորումների և նախագծի հիշյալ դրույթների համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ դրանք կպարունակեն ՀՀ քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:

Այս առումով անհրաժեշտ է քննարկել նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների համար վարչական պատասխանատվություն նախատեսելու հարցը այն դեպքերում, երբ դրանք չեն պարունակի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշները:

Այդուհանդերձ ներկայացնում ենք նաև նախագծի տեքստի վերաբերյալ վերոշարադրվածից բխող, ինչպես նաև տեխնիկական բնույթի առաջարկություններ.

1) 2-րդ հոդվածը անհրաժեշտ է լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով՝

«2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:».

2) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «52» թիվը փոխարինել «60» թվով, իսկ 7-րդ կետում «52» թիվը՝ «40» թվով, նկատի ունենալով, որ 40-60 րոպեն համարվում է միջին տևողության.

3) 7-րդ հոդվածի 1-ին մասի` 2-րդ և 3-րդ կետերն անհրաժեշտ է խմբագրել, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե)» բառերն անհրաժեշտ է նախատեսել 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում.

4) 10-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «որն ունի բացառիկ լիազորություններ՝ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումը» բառերը.

5) 12-րդ հոդվածի 5-րդ մասում «աշխատանքի փորձ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «աշխատանքային ստաժ» բառերով՝ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան.

6) 13-րդ հոդվածում անհրաժեշտ է վերանայել կետերի համարակալումը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթները.

7) 14-րդ հոդվածի 1-ին մասի`

ա. 1-ին կետից անհրաժեշտ է հանել «հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից» բառերը, ինչպես նաև դրանից բխող փոփոխություններ կատարել նաև փաթեթով ներկայացված օրենքների նախագծերում,

բ. 2-րդ կետն անհրաժեշտ է նախագծից հանել.

8) 15-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է խմբագրել՝ հստակեցնելով, թե ինչ «4-րդ մասի» մասին է խոսքը.

9) 19-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել հարկային արտոնությունները, իսկ «պահից» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրվանից» բառով.

10) 20-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերն առաջարկում ենք հանել.

11) 26-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակ նշել, թե որ օրենքի մասին է խոսքը.

12) 29-րդ հոդվածի 3-րդ մասում «պահից» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրվանից» բառով` նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի դրույթները:

 

II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նշվել են

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից բխող դրույթների պահանջների խախտման վերաբերյալ տուգանքների հոդվածները և այդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերն ըստ այդ նախագծի քննում են տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ 1-ին հոդվածով լրացվող 189.19-ին հոդվածի 1-ին մասով նշված է «Ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի, ինչպես նաև հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից և կինոթատրոններում ֆիլմի ցուցադրության գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով», և նախագծի 6-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ 189.19-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Հայտնում ենք, որ հեռուստաընկերությունների կողմից հեռուստատեսության և ռադիոյի օրենսդրության պահանջները խախտելու համար պատասխանատվությունը սահմանվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով:

 

III. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1. ԱԱՀ-ից ազատվում են՝

1) ֆիլմարտադրողների կողմից ազգային ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենի և ֆիլմի հետ կապված փաստաթղթերի անհատույց տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվին` մշտական պահպանության.

2) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում գովազդի տեղադրումը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) կինոթատրոնում ֆիլմ ցուցադրելու գործունեությունը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝

1) կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխից և պետական բյուջեից տրամադրվող գումարները.

2) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից ստացվող եկամուտները` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝

1) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին կատարվող մասհանումները:

5. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նաև այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագնով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների չափով:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1. Առհասարակ պետք է նշել, որ նախագծերի փաթեթի հիմնավորմամբ առաջարկվող լայնածավալ հարկային արտոնությունների կապակցությամբ որևէ հիմնավորում ներկայացված չէ, բացառությամբ թերևս նրա, որ ուսումնասիրվել է մի շարք երկրների հարկային արտոնությունների փորձը (որի մասին, ի դեպ, հիմնավորմամբ որևէ տեղեկատվություն ներկայացված չէ): Նշյալ մոտեցումը առհասարակ ընդունելի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է հարկային լայնածավալ արտոնությունների մասին, որոնք բացի նրանից, որ պետք է հիմնավորված լինեն տնտեսագիտորեն և առհասարակ որևէ հարկի կիրառության տրամաբանության տեսանկյունից, այլ նաև անպայմանորեն պետք է հիմնավորված լինեն Կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության և, մասնավորապես, հարկային քաղաքականության նպատակադրումների տեսանկյունից: Օրինակ, անհասկանալի է, թե հեռուստատեսությամբ ֆիլմերի ցուցադրության ընթացքում ցուցադրվող գովազդից ստացվող եկամուտների (իրացման շրջանառությանների) մասով հարկային արտոնությունների բացակայությունը ինչով է խոչընդոտում ֆիլմարտադրության զարգացմանը, և ինչով կարող է ֆիլմի՝ ընդամենը ցուցադրության գործընթացին մասնակից տնտեսավարող սուբյեկտների եկամուտների հարկումը խոչընդոտել ֆիլմարտադրության զարգացմանը:

2. Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության նպատակադրումներին՝ պետք է ընդգծենք, որ նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում ՀՀ կառավարության կողմից ներկայումս իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ ներկա պահին իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Քաղաքականության նման ուղղությունը ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված մի քանի ռազմավարական փաստաթղթերում: Մասնավորապես, քաղաքականության նման ուղղությունը ամրագրված է ս. թ. փետրվարի 18-ին հաստատված՝ հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգով, ինչպես նաև 2019 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ:

Նշյալ փաստաթղթերի համաձայն՝ առաջիկա տարիներին գնահատվելու են գործող հիմնական հարկային արտոնությունների արդյունավետությունն ու հասցեականությունը, որից հետո գնահատման արդյունքներով ցածր արդյունավետություն ունեցող և հասցեականություն չունեցող հարկային արտոնությունները պետք է վերացվեն:

3. Առաջարկվող հարկային արտոնությունների սահմանումը արդարացված չէ հարկման հավասարության և արդարության սկզբունքների տեսանկյունից: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու կինոարտադրության ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հարկային պարտավորությունները պետք է հաշվարկվեն ավելի արտոնյալ պայմաններում, իսկ այլ մշակութային միջոցառումներ, ինչպիսիք են թատերական ներկայացումները կամ պետական նվագախմբերի կողմից տրվող համերգները կամ սոցիալական այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հացը կամ դեղը, շարունակեն հարկվել ընդհանուր սահմանված կանոնների ներքո:

Վերոգրյալի կապակցությամբ, հարկ է նկատել նաև, որ որևէ ոլորտի համար նոր հարկային արտոնությունների սահմանման արդյունքում մյուս ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ մշտապես ձևավորվում են նման արտոնություններից օգտվելու պահանջներ և սպասումներ, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում հարկ վճարողների հարկային կարգապահության ընդհանուր մակարդակի վրա:

4. Առաջարկվող հարկային արտոնությունների սահմանումը հիմնավորված չէ նաև հարկումից խուսափելու ռիսկերը նվազեցնելու և իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյուններից, քանի որ օրենսդրության կիրառության փորձը ցույց է տալիս, որ ցանկացած նոր հարկային արտոնության սահմանում մշտապես ուղեկցվում է հարկումից խուսափելու և չարաշահումների ռիսկերի ավելացմամբ: Միաժամանակ, այդ ռիսկերը կառավարելուն ուղղված վարչարարական լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը նվազեցնում է հարկային վարչարարության արդյունավետությունը: Այս առումով, հարկային արտոնությունները, որպես պետական աջակցության գործիքներ, չունեն բավարար հասցեականություն, հետևաբար ծախսերի ու օգուտների համադրմամբ դրանց արդյունավետությունը չի հիմնավորվում այն առումով, որ հարկային արտոնության տրամադրման արդյունքում պետության կորցրած հարկային եկամուտները շատ ավելի մեծ են, քան արտոնության իրական շահառուների օգուտները կարող են լինել։

5. Միաժամանակ, անհասկանալի է, թե ինչու է ոլորտի զարգացման համար որպես պետական աջակցության տրամադրման եղանակ դիտարկվում հարկային արտոնությունների տրամադրումը: Այդ դեպքում տնտեսության բոլոր ոլորտները պետք է խնդիր ունենան, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ հարկային արտոնություններ սահմանված են միայն առանձին դեպքերի համար: Այդ կապակցությամբ, եթե առաջարկվող հարկային արտոնությունների նպատակը կինոարտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ձևավորմանը նպաստելն է, ապա գտնում ենք, որ հարկային արտոնությունների սահմանումը խնդրի լավագույն լուծումը չէ, և անհրաժեշտ է խնդիրը լուծել պետական աջակցության այլ՝ առավել հասցեական միջոցառումների միջոցով, որոնց դեպքում հարկումից խուսափելու և չարաշահումների ռիսկեր ու պետական բյուջեի եկամուտների կորուստներ չեն լինի:

6. Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ցանկացած հարկային արտոնության տրամադրում ենթադրում է հարկային եկամուտների կորուստ, հետևաբար նաև՝ մշակութային, առողջապահական, սոցիալական, կրթական, բնապահպանական և այլ հանրօգուտ ոլորտներում չկատարված բյուջետային ծախսեր: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պետության ծախսային քաղաքականության շրջանակներում պետական աջակցության բյուջետային գործիքակազմն ավելի հասցեական ու, հետևաբար, նաև ավելի արդյունավետ է՝ ակնհայտ է դառնում, որ հարկային արտոնությունների տրամադրումը պետական աջակցության լավագույն միջոցը չէ, քանի որ հարկային արտոնությունը դրա իրական հասցեատերերի համար որոշակի կոնկրետ արդյունք չերաշխավորելով հանդերձ՝ հանգեցնում է հարկային ծախսերի առաջացման՝ պետությանը զրկելով աջակցության ավելի հասցեական ծրագրեր իրականացնելու հնարավորությունից։

Միևնույն ժամանակ, առաջարկվող հարկային արտոնությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

1. Նախագծով ներկայացված հարկային արտոնությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ արտոնությունների մի մեծ հատված վերաբերում է ֆիլմերի ցուցադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը՝

1) ֆիլմ ցուցադրող տնտեսավարող սուբյեկտների կողմից գովազդի տեղադրումից կամ ֆիլմի ցուցադրությունից ստացվող իրացման շրջանառություններն ԱԱՀ-ից ազատելու նպատակը պետք է լինի այն, որ գովազդ ցուցադրելու ծառայության գները նվազեն կամ կինոթատրոններում ֆիլմը դիտելու ծառայության արժեքը նվազի: Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ անհասկանալի է, թե նման նպատակադրումը ինչ կապ ունի ֆիլմարտադրության հետ առհասարակ: Մյուս կողմից, եթե նման առաջարկության նպատակադրումն այն է, որ ֆիլմ ցուցադրող ընկերությունների մոտ առաջանան լրացուցիչ եկամուտներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին մասհանումներ կատարելու համար, ապա պետք է նկատել, որ ԱԱՀ-ից ազատելու առաջարկությունը չի կարող լուծել այդ ընկերությունների մոտ լրացուցիչ եկամուտներ կամ հոսքեր ձևավորելու խնդիրը, քանի որ խոսքը վերաբերում է անուղղակի հարկին, որը ֆիլմ ցուցադրող ընկերությունները հավաքագրում են, օրինակ, գովազդի ծառայությունները սպառող տնտեսավարող սուբյեկտներից և փոխանցում պետական բյուջե:

Փոխարենը, սակայն, նշյալ քաղաքականությունը բավականին լուրջ խնդիրներ է ստեղծելու հատկապես ֆիլմ ցուցադրող տնտեսավարող սուբյեկտների համար, քանի որ իրականացնելով ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքներ, վերջիններս ստիպված են լինելու իրականացնել առանձնացված հաշվառում, որի արդյունքում կարող են զրկվել ներկայումս հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների որոշակի մասով հաշվանցման իրավունքից՝ միաժամանակ կրելով նաև այդ առանձնացված հաշվառումը վարելու հետ կապված սխալների հետևանքով լրացուցիչ հարկային պարտավորություններ ունենալու ռիսկերը:

Մյուս կողմից, պետք է նկատել նաև, որ ԱԱՀ-ից ազատման արտոնության սահմանումը որպես կանոն չի հանգեցնում ծառայությունների գների նվազեցման, և դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Մասնավորապես, որպես օբյեկտիվ պատճառ, կարելի է նշել այն, որ ծառայությունների մատուցումն ԱԱՀ-ից ազատելը դեռևս չի նշանակում, որ տնտեսավարող սուբյեկտներն ազատվում են մատակարարներին ԱԱՀ վճարելու պարտավորություններից: Արդյունքում ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները արտոնության շահառու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները ստիպված են լինում միացնել ծառայությունների մատուցման ծախսերին, ինչի արդյունքում ծառայության գինն ԱԱՀ-ի դրույքաչափին համապատասխանող գումարի չափով չի կարող նվազել:

Սուբյեկտիվ պատճառները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ տնտեսավարող սուբյեկտները, որպես կանոն, ԱԱՀ-ից ազատելու արտոնությունն օգտագործում են որպես նախկինում ստացված շահույթներից ավելի մեծ շահույթներ ստանալու հնարավորություն՝ անփոփոխ թողնելով կամ ընդամենը շատ քիչ չափով նվազեցնելով ԱԱՀ-ից ազատված ծառայության գինը: Այլ կերպ ասած՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կորցնում է իր հասցեականությունը և իրական շահառուների շահերին ծառայելու փոխարեն նպաստում է արտոնության կիրառության իրական շահառու չհամարվող այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը։ Արդյունքում, պետական բյուջեն կրում է չհիմնավորված հարկային ծախսեր։ Այս առումով, ներկայացված առաջարկության ընդունման պարագայում այս ռիսկը չի կարող անտեսվել.

2) հասկանալի չեն նաև հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից և կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարելու առաջարկության նպատակադրումները, քանի որ կրկին խոսքը ֆիլմի ցուցադրության և ոչ թե ֆիլմի արտադրության գործունեությանն է վերաբերում: Մյուս կողմից, եթե առաջարկության նպատակն այն է, որ ֆիլմ ցուցադրող ընկերություններն ունենան ֆինանսական ռեսուրսներ՝ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին մասհանումներ կատարելու համար, ապա այդ նպատակով հարկային արտոնությունների սահմանումը նշանակում է, որ դրամագլխում գումարներ կուտակելու համար հարկային արտոնության տեսքով կրկին վճարում է պետությունը և հաշվի առնելով հարկային արտոնությունների կիրառության ընթացքում ի հայտ եկող բազամաթիվ խնդիրները՝ հայտնում ենք, որ աջակցության նման գործիքի կիրառությունը նպատակահարմար համարվել չի կարող և ավելի նպատակահարմար է հարցը քննարկել բյուջետային աջակցության գործիքակազմի շրջանակում՝ առանց լրացուցիչ հարկային արտոնություններ սահմանելու:

2. Լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունի կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխից և պետական բյուջեից տրամադրվող գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարելու առաջարկությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը շահութահարկի մասին է, և դժվար է պնդել, որ կինեմատոգրաֆիայի ոլորտի ընկերությունների մոտ շահութահարկի գծով առաջացող պարտավորություններն արդյունք են հենց այդ եկամուտների: Ավելին, կարելի է ենթադրել, որ դրամագլխից և պետական բյուջեից տրամադրվող այդ գումարներն ունենալու են ծախսման նախապես որոշված ուղղություններ, հետևաբար մշտապես ուղեկցվելու են ծախսերով, ինչը նշանակում է, որ կինոմատոգրաֆիայի ոլորտի ընկերությունների մոտ խնդրո առարկա եկամուտներից հավանաբար շահութահարկի գծով պարտավորություններ չեն առաջանալու: Մյուս կողմից, եթե ինչ-ինչ պատճառներով նշյալ եկամուտները չեն ուղեկցվելու ծախսերով և առաջացնելու են շահութահարկի գծով պարտավորություններ, ապա այդ պարտավորություններից ազատելու նպատակադրումները հիմնավորված համարվել չեն կարող, քանի որ ի վերջո խոսքը շահութահարկի գումարի մասին է, և անհասկանալի է, թե ինչու, օրինակ, պետական բյուջեից մյուս ոլորտների զարգացմանն ուղղվող աջակցության գումարների հաշվին ոլորտի ընկերությունների մոտ գոյացող շահույթը պետք է ծանրաբեռնվի շահութահարկով, իսկ կինոմատոգրաֆիայի ոլորտին աջակցությանն ուղղվող գումարները՝ ոչ:

3. Նմանապես, խորքային հիմնավորման կարիք ունի ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին կատարվող մասհանումներն ամբողջությամբ շահութահարկ վճարողների համախառն եկամտից նվազեցնելու առաջարկությունը, քանի որ հասկանալի չէ, թե ինչու, օրինակ, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին շահութահարկ վճարողների կողմից տրամադրվող դրամական միջոցները համախառն եկամտից պետք է նվազեցվեն համախառն եկամտի 0.25 տոկոսի չափով, իսկ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին կատարվող մասհանումները՝ ամբողջությամբ: Մյուս կողմից նման առաջարկությունը պարունակում է հարկումից խուսափելու լրջագույն ռիսկեր, որոնք անտեսվել չեն կարող: Նկատենք նաև, որ նախագծերի փաթեթով ներկայացված առաջարկությունների համաձայն՝ ազգային ֆիլմ է համարվելու ոչ թե այն ֆիլմը, որն ուղղված է ազգային արժեքների տարածմանը և զարգացմանը, այլ այն ֆիլմը, որն արտադրվել է ՀՀ քաղաքացիություն ունեցող բեմադրողի կողմից, և որի արտադրությանը մասնակցել են մեծամասամբ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք:

4. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Կառավարության որոշմամբ սահմանված զեղչ սակագնով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտները շահութահարկ վճարողի շահութահարկի գումարից նվազեցվող գումար համարելու առաջարկության կապակցությամբ հայտնում ենք, որ հավանաբար նման առաջարկությունը պայմանավորված է նախագծերի փաթեթում ներառված՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված այն կարգավորմամբ, համաձայն որի ՀՀ տարածքում առնվազն 100 մլն դրամ նախահաշվային արժեքով ֆիլմարտադրություն իրականացնելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր և դրա հիման վրա ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները ձեռք բերել նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ նշյալ առաջարկությունն անհրաժեշտ է քննարկել նախևառաջ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից, քանի որ նշյալ դրույթն ըստ էության նշանակում է, որ ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերությունների մատակարարները ծառայություններ մատուցելուց պետք է հրաժարվեն իրենց շահույթից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համարում ենք սկզբունքորեն անընդունելի և առաջարկում ենք այն հանել փաթեթից:

 

IV. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի 217-րդ և 221-րդ հոդվածներում, մասնավորապես՝ առաջարկվում է նշված հոդվածներով նախատեսվող հնարավորությունները կիրառել նաև ֆիլմարտադրության կամ կինոփառատոններում և կինոարվեստի այլ միջոցառումներում ֆիլմի ցուցադրման նպատակով տեղափոխվող ապրանքների առնչությամբ։

Հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ազգային օրենսդրությանը վերապահված դրույթների կիրարկման համար, սակայն վերջինս ուժը կորցրած է ճանաչվել, և 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 11.04.2017 թ. ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը, որով ազգային օրենսդրությամբ սահմանման ենթակա կարգավորումների համաձայն

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը դեռևս ներդաշնակեցված չէ։ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ նույն օրենսգրքով, երրորդ կողմի և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում: Մասնավորապես՝ Մաքսային միության հանձնաժողովի 20.05.2010 թ. N 263 որոշման 1-ին կետով հաստատված ուղեցույցի 6-րդ կետի 1-ին ենթակետի 6-րդ պարբերության համաձայն՝ ի թիվս այլոց՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները կարող են սահմանել, որ նույն ենթակետով սահմանված հնարավորությունները կարող են կիրառվել «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «վերաներմուծում» և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելիս։

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից ֆիլմարտադրության կամ կինոփառատոններում և կինոարվեստի այլ միջոցառումներում ֆիլմի ցուցադրման նպատակով տեղափոխվող ապրանքների առնչությամբ պարզեցված կարգի սահմանմանը, հայտնում ենք, որ անձնական օգտագործման ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 37-րդ գլխով։ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների շարքին չեն դասվում այն ապրանքները, որոնց նկատմամբ ֆիզիկական անձանց կողմից իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար։ Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան, չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին, ենթակա են Միության մաքսային սահմանով տեղափոխման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով։ Այսպիսով՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 37-րդ գլխով սահմանված կարգավորումների համաձայն, իսկ ֆիզիկական անձանց կողմից նախագծով նախատեսվող մաքսային ընթացակարգերն ընտրելու դեպքում վերջիններս կարող են օգտվել նախագծով նախատեսված մաքսային հայտարարագրմանն առնչվող կարգավորումներից, ինչի կապակցությամբ ֆիզիկական անձանց կողմից մաքսային հայտարարագրման համար առանձնահատուկ դրույթներ սահմանելու անհրաժեշտությունը, ըստ էության, բացակայում է։

Հարկ է նկատի ունենալ, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքների բացթողումը պետք է ավարտվի մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման պահից կամ նույն հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից մեկի ի հայտ գալու պահից 4 ժամվա ընթացքում, իսկ եթե ապրանքների հայտարարագիրը գրանցվել է ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 ժամը, կամ նույն հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից մեկն ի հայտ է եկել ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 ժամը, ապա այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամը սկսվելու պահից 4 ժամվա ընթացքում՝ բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող իրավական ակտերի շրջանակներում ազգային օրենսդրությամբ սահմանման ենթակա կարգավորումների համաձայն ֆիլմարտադրության կամ կինոփառատոններում և կինոարվեստի այլ միջոցառումներում ֆիլմի ցուցադրման նպատակով «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների առնչությամբ համանման կարգավորումների սահմանման նպատակահարմարությունն առաջարկում ենք քննարկել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ազգային օրենսդրության կարգավորման ենթակա դրույթների կիրարկման նպատակով արդեն իսկ մշակված և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի շրջանակներում։

Ամփոփելով նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը ներկայացված տեսքով ընդունելի չէ և այն հիմնովին լրամշակման կարիք ունի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան