«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1908-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 10.09.20 N 1486-Ն)
1. Սահմանել`
ա) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ձև
Ձ Ե Վ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ
(հավելվածը խմբ. 01.04.10 N 338-Ն, փոփ. 10.09.20 N 1486-Ն) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր) խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված նախնական պատվերի հիման վրա:
(1-ին կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)
2. Ճանապարհային ոստիկանությունում անդորրագրերը հաշվառում են վարչական իրավախախտումները հաշվառող և գանձապահի պարտականությունները կատարող համապատասխան պաշտոնատար անձինք (այսուհետ` գանձապահ):
3. Ճանապարհային ոստիկանության ծառայողները հերթափոխի անցնելուց առաջ գանձապահից ստանում են անդորրագրերը, ինչի մասին կատարվում է նշում համապատասխան մատյանում` նշելով անդորրագրերն ստացող ծառայողի և ստացված անդորրագրերի փաթեթի առաջին ու վերջին համարները: Ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթափոխի անցնելուց առաջ կարող է գանձապահից չստանալ անդորրագրեր, եթե չի օգտագործել նախորդ հերթափոխի համար ստացած անդորրագրերի փաթեթը:
4. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր:
5. Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (երթևեկության մասնակցին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:
(5-րդ կետը փոփ. 01.04.10 N 338-Ն)
6. Հերթափոխի ավարտին ճանապարհային ոստիկանության ծառայողը տեղում կանխիկ ձևով գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի, վարչական իրավախախտման մասին արձանագրությունների հետ միասին, հանձնում է գանձապահին:
7. Անդորրագիրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, եթե վնասված է դրա ամբողջականությունը, կամ դրանում առկա են տպագրական կամ բովանդակային թերություններ:
8. Եթե ճանապարհային ոստիկանության ծառայողի հերթափոխի ավարտը չի համընկնում գանձապահի աշխատանքային ժամերի հետ, ապա ծառայողը գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, գանձապահին է հանձնում ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
9. Գանձապահը ճանապարհային ոստիկանության ծառայողներից կանխիկ գումարն ստանալուց հետո` ոչ ուշ, քան մինչև հաջորդ բանկային օրվա ավարտը, հավաքված կանխիկ դրամը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(9-րդ կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)
10. Փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ օրը կազմված վարչական իրավախախտումների մասին այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:
11. Ճանապարհային ոստիկանության այն ստորաբաժանումներում, որտեղ վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է հատուկ այդ նպատակով առանձնացված ստորաբաժանումների կողմից, ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ, սույն կարգի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված գործողությունները կարող են իրականացվել շարային ստորաբաժանումների (դասակների) հրամանատարների կողմից, ովքեր անդորրագրերն ստանում են տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահից, և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գործողությունն իրականացնելուց հետո փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահին պետք է հանձնեն ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
12. Գանձապահը ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմին է ներկայացնում անդորրագրերի հաշվառման, ըստ անդորրագրերի` տեղում գանձված տուգանքների և դրանք սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին հաշվետվություն: Հաշվետվությունում` առանձին սյունակում պետք է նշվեն այն անդորրագրերի հերթական համարներն ու դրանց լրացման ամսաթվերը, որոնցով տեղում տուգանքը գանձվել է հաշվետու ամսվա վերջին, սակայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել հաշվետու ամսվան հաջորդող ամսին:
(12-րդ կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)
13. Ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը գանձապահներից ստացված հաշվետվությունների հիման վրա իրականացնում է անդորրագրերի տվյալների կենտրոնացված հաշվառում և անդորրագրերում նշված տուգանքների գումարները յուրաքանչյուր ամիս համեմատում պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից քաղվածքի հետ: Պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից քաղվածքը ճանապարհային ոստիկանությանը տրամադրում է կենտրոնական գանձապետարանը: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը միջոցներ է ձեռնարկում այն պարզելու և, պակասորդ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար:
(13-րդ կետը փոփ. 10.09.20 N 1486-Ն)
14. Օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը պահպանվում են ճանապարհային ոստիկանությունում` առնվազն մեկ տարի ժամկետով, որից հետո, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, կատարվում է դրանց վերահաշվառումը` համեմատելով համապատասխան մատյանում կատարված գրառումների հետ, և ոչնչացվում` օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի այրման միջոցով, ու դրա մասին կազմվում է համապատասխան երկկողմանի ակտ:
15. Ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը գանձապահին չհանձնելը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի կամ գանձապահի կողմից` սույն կարգով սահմանված ժամկետների խախտումը համարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական զանցանք, որի համար առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
16. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(16-րդ կետը խմբ. 10.09.20 N 1486-Ն)
(հավելվածը խմբ. 18.12.08 N 1514-Ն, փոփ., խմբ. 10.09.20 N 1486-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.09.2020, N 1486-Ն | 12.09.2020, N 1908-Ն | |
01.04.2010, N 338-Ն | 01.07.2010, N 1908-Ն | |
18.12.2008, N 1514-Ն | 15.01.2009, N 1908-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|