«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2006 թվականի N 827-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 16 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման գործընթացը` «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով:
(1-ին կետը լրաց., փոփ. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 10.09.15 N 1018-Ն)
2. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները (2 օրինակից):
Լուսանկարների բացակայության դեպքում հայտարարատուն իր միջոցներով, մաքսային հսկողության ներքո, իրականացնում է մշակութային արժեքների լուսանկարումը` անձամբ կամ իր կողմից հրավիրված լուսանկարչի օգնությամբ:
Լուսանկարները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ լիազորված պետական մարմին) սահմանած պահանջներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ., լրաց. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն)
3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մշակութային արժեքները համեմատում է լուսանկարների հետ` դրանց դարձերեսներին լրացնելով մշակութային արժեքների վրա առկա, ինչպես նաև տեսանելի (ֆիզիկապես բնութագրելի) տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը):
Մշակութային արժեքների առանձին տվյալների` հեղինակի, ստեղծման ժամանակի, ստեղծման վայրի, նյութի ճշգրտման անհնարինության դեպքում նշվում է «անհայտ» բառը:
(3-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)
4. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից դուրս:
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը լուսանկարների դարձերեսներին լրացված տվյալները շրջագծում է, հաստատում անձնական կնիքով և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպում դրանց ժամանակավոր ներմուծումը` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով:
Օտարերկրյա պետության մշակութային արժեքների պահպանության (արտահանման, ներմուծման կամ շրջանառության) լիազորված պետական մարմնի կողմից տրված (վավերացված)` նվագարանի լուսանկարով վկայականի առկայության դեպքում նվագարանի ժամանակավոր ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացվում են այդ վկայականի տվյալների հիման վրա` առանց նվագարանի լուսանկարներ ներկայացնելու պահանջի: Մաքսային ձևակերպումներն իրականացնող մարմնում լուսանկարի փոխարեն պահվում է նվագարանի վկայականի լուսապատճենը:
Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կնքված մշակութային արժեքների լուսանկարների մեկ օրինակը պահվում է մաքսային մարմնում, մեկը տրվում է հայտարարատուին:
Մշակութային արժեքների կնքված լուսանկարները հիմք են հետագայում մաքսային ձևակերպումների նպատակով դրանց նույնականացման համար: Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինն իրավասու է իրականացվող աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների:
(5-րդ կետը լրաց., փոփ. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 10.09.15 N 1018-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 30.12.10 N 1751-Ն)
7. Վերանորոգելու (այսուհետ` վերականգնելու) նպատակով մշակութային արժեք «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը վերականգնվող մշակութային արժեքի մասին տեղեկանք ստանալու համար լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ, որում պետք է նշվեն հայտարարատուի անունը կամ անվանումը, բնակության վայրը, հեռախոսահամարը և մշակութային արժեքի ներմուծման նպատակը.
2) մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որում պետք է նշում լինի այն մասին, որ վերականգնումն իրականացնում է պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, և որ վերականգնման արդյունքը պետք է հանձնվի հայտարարատուին կամ նրա կողմից նշված երրորդ անձին: Բացի դրանից` պայմանագրում պետք է ներառված լինեն նաև վերականգնվող մշակութային արժեքի, ինչպես նաև վերականգնման արդյունքի մանրամասն նկարագրությունները (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը).
3) վերականգնվող մշակութային արժեքի 2 լուսանկար:
(7-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 10.09.15 N 1018-Ն)
8. Հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին:
(8-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)
9. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է վերականգնման նպատակով ժամանակավորապես ներմուծվող մշակութային արժեքի մասին համապատասխան տեղեկանք: Տեղեկանքում նշվում են վերականգնվող մշակութային արժեքի տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը): Տեղեկանքին կցվում է վերականգնվող մշակութային արժեքի լուսանկարը` կնքված և վավերացված ստորաբաժանման բաժնի պետի կողմից:
Հայտերի, ինչպես նաև տեղեկանքների հաշվառման համար ստորաբաժանումը վարում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված գրանցամատյաններ:
(9-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն)
10. Հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքն ու լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը) ներկայացնում է մաքսային մարմին` մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար:
(10-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)
11. Մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքի և լուսանկարի (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերի` լուսանկարի կամ նկարի) հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով:
(11-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 10.09.15 N 1018-Ն)
12. Վերականգնված մշակութային արժեքը վերաարտահանելու համար հայտարարատուն ստորաբաժանում է ներկայացնում այն և դրա վերականգնման աշխատանքների հաջորդական ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլը փաստող մեկական ու վերջնական տեսքի 2-ական լուսանկար:
(12-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)
13. Ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում մշակութային արժեքը համեմատում է դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տալիս է տեղեկանք այն մասին, որ վերաարտահանվող մշակութային արժեքը «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունքն է:
(13-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 10.09.15 N 1018-Ն)
14. Սույն կարգի 13-րդ կետի գործողությունն իրականացնելուց հետո մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարը և նույնականությունը հավաստող տեղեկանքը վավերացվում և կնքվում է ստորաբաժանման բաժնի պետի կողմից ու տրամադրվում հայտարարատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար:
(14-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 13.08.20 N 1357-Ն)
15. Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը:
(15-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն)
16. «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված մշակութային արժեքին չհամապատասխանող` վերաարտահանման համար այլ մշակութային արժեք ներկայացնելու դեպքում ստորաբաժանման բաժնի պետը դրա մասին անհապաղ գրավոր իրազեկում է իրավասու մարմիններին:
(16-րդ կետը լրաց. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 10.09.15 N 1018-Ն, 13.08.20 N 1357-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 30.12.10 N 1751-Ն, փոփ. 10.09.15 N 1018-Ն, 13.08.20 N 1357-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |