Գլխավոր տեղեկություն
Համար
N 427-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/51(1409) 04.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 427-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 427-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն 2002 թվականի ապրիլի 2-ից մինչև 2020 թվականի ապրիլի 2-ը (ներառյալ) ծնված երեխա և երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը կամ խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: Ընտանիքը միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ գրանցված աշխատանք ունեցող ծնողի գործատուն լուծարվել (եթե առկա է լուծարման պետական գրանցում):

(2-րդ կետը լրաց. 16.04.20 N 558-Լ, փոփ., լրաց. 21.04.20 N 584-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ)

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով:

4. Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ):

(4-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

5. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքէջում:

(5-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)

6. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում:

(6-րդ կետը փոփ. 21.04.20 N 584-Լ)

7. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու՝

1) եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ խնամակալը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի կամ խնամակալի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.

2) եթե ընտանիքն ընդգրկված է եղել ընտանեկան և սոցիալական նպաստի՝ 2020 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներում և ունի 2020 թվականի մարտ ամսվա համար ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք.

3) երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ խնամակալը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերի, ում 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառությունը կազմում է 0 դրամ՝ համաձայն Պետական եկամուտների կոմիտե ներկայացված հաշվետվության), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)

(7-րդ կետը լրաց. 09.04.20 N 500-Լ, փոփ. 10.04.20 N 536-Լ, 14.04.20 N 555-Լ, լրաց. 21.04.20 N 584-Լ, խմբ., լրաց. 18.05.20 N 759-Լ)

8. (կետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)

(հավելվածը լրաց. 09.04.20 N 500-Լ, փոփ. 10.04.20 N 536-Լ, 14.04.20 N 555-Լ, լրաց. 16.04.20 N 558-Լ, փոփ., լրաց. 21.04.20 N 584-Լ, լրաց., խմբ. 18.05.20 N 759-Լ, լրաց. 03.09.20 N 1464-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան