Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-212
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2001-01.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.630
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է:

2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների` սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, հայտարարագրերը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը օրենքի խախտման համար:

3. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որը բաղկացած է`

ա) սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և սահմաններում.

գ) պետական կառավարման մարմինների ընդունած ակտերից` Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

 

Հոդված 2. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ և գույքը ու եկամուտները հայտարարագրող (այսուհետ` հայտարարատու) են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և պատգամավորները.

դ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը և անդամները.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի անդամները.

զ) Հայաստանի Հանրապետության դատավորները.

է) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները,

ը) Հայաստանի Հանրապետության նախարարները և նրանց տեղակալները, նախարարությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները.

թ) Հայաստանի Հանրապետության մարզպետները, Երևանի քաղաքապետը և նրանց տեղակալները.

ժ) Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների (այսուհետ` գերատեսչություններ) ղեկավարները և նրանց տեղակալները, գերատեսչությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները.

ժա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը.

ժբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամները.

ժգ) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը և նրա տեղակալները, վիճակագրության պետական խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովների անդամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված հանձնաժողովների ղեկավարները և անդամները.

ժդ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները.

ժե) Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները:

2. Հայտարարատու են նաև սույն հոդվածի 1-ին կետում նշված հայտարարատուներին փոխկապակցված անձինք:

Սույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են`

ա) հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները).

բ) հայտարարատուի ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) և եղբայրը (եղբայրները):

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք հայտարարատու են նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձինք` սույն հոդվածի 1-ին կետում նշված` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում:

 

Հոդված 3. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ

 

1. Հայտարարատուները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրում են Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս սեփականության (այդ թվում` ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականության), տիրապետման և օգտագործման իրավունքով իրենց պատկանող հետևյալ գույքը.

ա) անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը և շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու.

բ) փոխադրամիջոցները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաները կամ մեխանիզմները, օդային և ջրային փոխադրամիջոցները.

գ) դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).

դ) արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը) և այլ արժեթուղթը) և այլ ներդրումները (բաժնեմասերը, փայաբաժինները և այլն).

ե) մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հայտարարագրման ենթակա գույքը բնորոշող չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 4. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

1. Հայտարարատուները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս փաստացի ստացված իրենց բոլոր եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները:

2. Սույն օրենքի համաձայն` եկամուտ են համարվում հայտարարատուի` Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ստացած հետևյալ եկամուտները.

ա) աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.

բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.

գ) ստացված փոխառությունները և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.

դ) շահաբաժինները.

ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).

զ) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային և դրամական շահումները (մրցանակները).

է) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը (այդ թվում` դրամական միջոցները).

ը) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում` դրամական միջոցները).

թ) ապահովագրական հատուցումները.

ժ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

ժա) գույքն օտարելուց ստացված եկամուտը.

ժբ) վարձակալության դիմաց ստացված վճարը և այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.

ժգ) կազմակերպությունների կողմից հայտարարատուի համար կատարված ապահովագրավճարները.

ժդ) բոլոր տեսակի նպաստները.

ժե) բոլոր տեսակի կենսաթոշակները և կրթաթոշակները.

ժզ) միանվագ վճարները.

ժէ) ալիմենտները (ապրուստավճարները).

ժը) այլ եկամուտները` նշելով դրանց տեսակները:

3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 5. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Հայտարարատուները սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված հայտարարագրման ենթակա գույքը և եկամուտները հայտարարագրում են`

ա) պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար.

բ) հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:

Սույն կետում նշված դեպքերում հայտարարագրում արտացոլման ենթակա են նաև հայտարարագրման ժամանակաշրջանում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված գույքի հետ կապված գործառնությունները:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«ժդ» ենթակետերում նշված հայտարարատուները և նրանց փոխկապակցված անձինք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորած մարմին) ներկայացնում են անձամբ կամ ուղարկում են պատվիրված նամակով, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետում նշված հայտարարատուները և նրանց փոխկապակցված անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի իրենց գրանցման (հաշվառման) վայրի տարածքային մարմին (այսուհետ` տարածքային լիազորած մարմին) ներկայացնում են անձամբ կամ ուղարկում են պատվիրված նամակով: Ընդ որում, հայտարարագիրը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում հայտարարագիր ներկայացնելու օր է համարվում պատվիրված նամակը փոստային բաժանմունք մուտք անելու օրը:

3. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են մինչև հայտարարագրման ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 1-ը:

4. Միևնույն հայտարարատուն հայտարարագրման միևնույն ժամանակաշրջանի համար ներկայացնում է գույքի և եկամուտների միայն մեկ հայտարարագիր:

5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հայտարարատուի հայտարարագրում ներառվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում չընդգրկված իրենց խնամառուների հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները:

Սույն կետի դրույթները գործում են նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող հինգ տարվա ընթացքում:

6. Գաղտնիության ապահովման պարտավորություններ սահմանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթները չեն տարածվում`

ա) հայտարարատուների կողմից, սույն օրենքով սահմանված կարգով, լիազորած մարմին ներկայացվող գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վրա.

բ) լիազորած մարմնին տրամադրվող` սույն օրենքի 9-րդ հոդվածի «ե» և «է» կետերով սահմանված տեղեկությունների վրա:

7. Հայտարարագրերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 6. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա կազմում և երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականին (այսուհետ` հրապարակող) է տրամադրում տեղեկանք` հրապարակման համար:

Տեղեկանքում ընդգրկված տվյալները պետք է համապատասխանեն ներկայացված հայտարարագրերում արտացոլված տեղեկություններին:

2. Տեղեկանքում չեն նշվում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները,

բ) հայտարարատուի բնակության հասցեի, հեռախոսի և անհատական կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկությունները,

գ) հայտարարագրման ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները:

3. Տեղեկանքի ձևն ու լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկանքները հրապարակողը հրապարակում է դրանք ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:

 

Հոդված 7. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ

 

1. Պետությունն ապահովում է հայտարարագրերում ներառվող այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնք, սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով, ենթակա չեն հրապարակման:

2. Այն տեղեկությունները, որոնք սույն օրենքի համաձայն ենթակա չեն հրապարակման, այլ անձանց տրամադրվում են հայտարարագրողի` նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ:

 

Հոդված 8. ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Հայտարարագրման հարաբերությունները կարգավորող օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը և եկամուտները կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտարարագրի ձևերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածում նշված տուգանքները տասնօրյա ժամկետում չմուծելու դեպքում տուգանքները կրկնապատկվում են:

5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները, լիազորած մարմնի պաշտոնատար անձի ներկայացմամբ, նշանակում է լիազորած մարմնի ղեկավարը:

Սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման համար ապացույցներ են համարվում այն տեղեկությունները (տվյալները), որոնց հիման վրա, Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում, լիազորած մարմինը հաստատում է օրենքի խախտման առկայությունը:

Տուգանքների կիրառման նպատակով կազմվում է արձանագրություն, որում նշվում է դա կազմելու ամսաթիվը և տեղը, արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, տեղեկություններ հայտարարատուի մասին, օրենքի խախտման էությունը և ժամանակը, պատասխանատվության ենթարկվող հայտարարատուի բացատրությունը, պատասխանատվություն նախատեսող նորմը և անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Հոդված 9. ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

Լիազորած մարմինը`

ա) ընդունում է սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր.

բ) վարում է հայտարարատուների հաշվառումը.

գ) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը և պահպանումը.

դ) մշակում է հայտարարագրերում ներառվող տեղեկությունները, դրանց հիման վրա կազմում է հայտարարատուների` հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկանքներ ու սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետներում տրամադրում հրապարակողին.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրականացնում է ուսումնասիրություններ հայտարարագրերում ներառվող տեղեկությունների ճշտությունը պարզելու նպատակով.

զ) իրականացնում է սույն օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից ու քաղաքացիներից ստանում է տեղեկություններ սույն օրենքով սահմանված հայտարարատուների գույքի և եկամուտների վերաբերյալ.

ը) հայտարարատուներին անվճար տրամադրում է հայտարարագրերի ձևերը.

թ) սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից հետո, հայտարարատուներին հնարավորություն է ընձեռում մեկամսյա ժամկետում համապատասխան ճշտումներ կատարել ներկայացրած հայտարարագրերում.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 10. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների այն ղեկավար աշխատողների (նրանց փոխկապակցված անձանց) վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ազատվել են զբաղեցրած պաշտոնից կամ ավարտել են պաշտոնավարությունը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին հայտարարատու համարվող անձինք սույն օրենքով սահմանված գույքի և եկամուտների առաջին հայտարարագիրը ներկայացնում են մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը, ընդ որում, հայտարարագրման ենթակա են`

ա) գույքը` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

բ) 2001 թվականի ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված գույքի հետ կապված գործառնությունները.

գ) 2001 թվականի ընթացքում ստացված եկամուտները:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2002 թվականի հունվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար պաշտոնի նշանակված (կամ ընտրված), ինչպես նաև նրանց փոխկապակցված անձինք գույքի և եկամուտների առաջին հայտարարագիրը ներկայացնում են սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում:

 

Հոդված 11. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ  

  Ռ. Քոչարյան


Երևան
25 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-212

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2006, ՀՕ-8-Ն 17.06.2007, ՀՕ-212
07.07.2006, ՀՕ-164-Ն 19.08.2006, ՀՕ-212
26.12.2002, ՀՕ-489-Ն 01.01.2003, ՀՕ-212
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան