ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-57-Ն-11 2020 թ. |
ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով, 89-րդ հոդվածի 2-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել՝
1) Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները՝ համաձայն հավելված 1-ի,
2) Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման անցկացման կարգը՝ համաձայն հավելված 2-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հոգեբանական թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման պահից։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հոգեբանական թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները ստեղծում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում։
Բարձրագույն դատական |
Ռ. Վարդազարյան |
2020 թ. օգոստոսի 31 |
Հավելված 1 Բարձրագույն դատական խորհրդի 2020 թ. օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման |
ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույն հավելվածով հաստատվում են դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները, որոնց հիման վրա գնահատվելու են դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական հատկանիշները։
2. Հոգեբանական թեստավորման արդյունքում գնահատվում են դատավորի թեկնածուների հավակնորդների հետևյալ հատկանիշները.
1) դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը,
2) ինքնատիրապետումը,
3) բարեվարքությունը,
4) վարվեցողությունը,
5) հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման ունակությունը,
6) պատասխանատվության զգացումը,
7) ունկնդրելու կարողությունը,
8) հաղորդակցման հմտությունները,
9) արդարամտությունը։
3. Դատավորի թեկնածուների հավակնորդների՝ սույն հավելվածի 2-րդ կետում նշված հատկանիշները գնահատվում են միջազգային պրակտիկայում ընդունելի համարվող և կիրառվող հոգեբանական թեստերի համակցության միջոցով, որոնցով հնարավոր է ստուգել հավակնորդի՝
1) էմոցիոնալ ինտելեկտը (ինքնաճանաչման մակարդակը, ինքնակառավարման մակարդակը, սոցիալական կարողությունները և հարաբերությունների կառավարման ունակությունները),
2) բարոյական դատողությունը (ազնվությունը, սկզբունքայնությունը, արդարամտությունը), և
3) արժեքային համակարգը։
Հավելված 2 Բարձրագույն դատական խորհրդի 2020 թ. օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման |
ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն հավելվածով հաստատվում է դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման անցկացման կարգը։
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձինք (այսուհետ՝ Հավակնորդներ) անցնում են հոգեբանական թեստավորում (այսուհետ՝ Թեստավորում)՝ սույն հավելվածով հաստատված կարգով։
3. Թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։
4. Հոգեբանական թեստավորման գործընթացին ներգրավված պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել միջոցներ՝ հոգեբանական թեստերի հարցերի գաղտնիությունն ապահովելու նպատակով։
5. Թեստավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նախատեսված հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում։
6. Թեստավորման համար ներկայանալու օրը, ժամը և վայրը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)։
7. Թեստավորման համար ներկայանալու օրվա, ժամի և վայրի մասին հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կողմից հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում՝ թեստավորման օրվանից առնվազն 10 օր առաջ:
8. Թեստավորման համար ներկայանալու օրվա, ժամի և վայրի մասին Դատական դեպարտամենտը թեստավորման օրվանից առնվազն 5 օր առաջ իրազեկում է հավակնորդին՝ ուղարկելով նաև էլեկտրոնային ծանուցում նրա՝ որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
9. Յուրաքանչյուր հավակնորդ նախապես հայտարարված ժամին ներկայանում է թեստավորման անցկացման վայր՝ ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթով։
10. Ներկայացած հավակնորդների ինքնության ստուգումն ու գրանցումն իրականացնում է Դատական դեպարտամենտի՝ Խորհրդի կողմից լիազորված ներկայացուցիչը (այսուհետ՝ Լիազոր ներկայացուցիչ) կամ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից լիազորված ներկայացուցիչները։
11. Անձը հաստատող փաստաթուղթ չներկայացրած, ինչպես նաև Լիազոր ներկայացուցչի կողմից սույն կարգի համաձայն թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո ներկայացած հավակնորդի մուտքը հոգեբանական թեստավորման սենյակ (այսուհետ՝ Թեստավորման սենյակ) արգելվում է:
12. Թեստավորման սենյակում թեստավորման ընթացքը կազմակերպում են Լիազոր ներկայացուցիչը և նրա կողմից լիազորված Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները, որոնք կրում են անվանաքարտ։ Անվանաքարտը պետք է համապատասխանաբար պարունակի՝
1) «Բարձրագույն դատական խորհրդի լիազոր ներկայացուցիչ» կամ «Դատական դեպարտամենտ» բառերը,
2) անվանաքարտը կրողի անունը և լուսանկարը,
3) Լիազոր ներկայացուցչի ստորագրությունը և Դատական դեպարտամենտի կնիքը։
Լիազոր ներկայացուցչի կողմից լիազորված Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից առնվազն մեկը պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ թեստավորման գործընթացում ծագելիք հնարավոր տեխնիկական խնդիրների վերացման համար։ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներին լիազորելիս Լիազոր ներկայացուցիչը հաշվի է առնում սույն կարգի 46-րդ կետի պահանջները։
13. Թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և հավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (այսուհետ՝ Դիտորդ):
14. Հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դիտորդը թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։
15. Դիտորդի կարգավիճակը հավաստելու նպատակով վերջինիս տրվում է անվանաքարտ, որը պետք է պարունակի՝
1) «ԴԻՏՈՐԴ» բառը,
2) Դիտորդի անունը և լուսանկարը,
3) այն մարմնի կամ կազմակերպության անվանումը, որի ներկայացուցիչն է Դիտորդը,
4) Լիազոր ներկայացուցչի ստորագրությունը և Դատական դեպարտամենտի կնիքը:
16. Դատական դեպարտամենտը Թեստավորման սենյակում Դիտորդների համար առանձնացնում է հատված, որտեղ տեղադրվում են Դիտորդների քանակին համապատասխան աթոռներ։ Դիտորդները պարտավոր են թեստավորման ընթացքին հետևել այնպես, որ չխաթարվի դրա բնականոն ընթացքը։
17. Դիտորդն իրավունք ունի՝
1) ներկա գտնվել անմիջականորեն Թեստավորման սենյակում և հետևել թեստավորման ընթացքին,
2) Լիազոր ներկայացուցչին ներկայացնել իր դիտողությունները և (կամ) առաջարկությունները թեստավորման գործընթացի հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ,
3) կատարել սույն կարգով նախատեսված այլ գործողություններ:
18. Դիտորդն իրավունք չունի խոչընդոտել թեստավորման բնականոն ընթացքը, այդ թվում՝ առանց Լիազոր ներկայացուցչի թույլտվության փաստաթղթեր կամ այլ նյութեր վերցնել, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի։ Թեստավորման սենյակի տարածքում Դիտորդն իրավունք չունի օգտվել հեռահաղորդակցման սարքերից, համակարգչից կամ բջջային հեռախոսից։
19. Թեստավորման սենյակում ներկա գտնվող անձանց արգելվում է լուսանկարել, ձայնագրել, տեսաձայնագրել կամ որևէ եղանակով հեռարձակել թեստավորման ողջ ընթացքը կամ դրա մասը։
20. Թեստավորումն սկսվելու պահից մինչև դրա ավարտի պահը Թեստավորման սենյակում ներկա գտնվող անձինք պարտավոր են թեստավորումը չավարտած հավակնորդներից պահպանել ողջամիտ հեռավորություն և չհաղորդակցվել նրանց հետ։
21. Թեստավորման սենյակում ներկա գտնվող անձինք կարող են մոտենալ թեստավորումը չավարտած հավակնորդին և հաղորդակցվել նրա հետ միայն սույն կարգով սահմանված դեպքերում կամ ողջամտորեն անհրաժեշտ իրավիճակներում՝ բացառելով հոգեբանական թեստի որևէ հարցին հավակնորդի կողմից տրված պատասխանը տեսնելու հնարավորությունը։
22. Բացի սույն կարգով նախատեսված անձանցից՝ այլ անձանց արգելվում է ներկա գտնվել Թեստավորման սենյակում։
23. Սույն կարգի պահանջները Դիտորդի կողմից խախտվելու դեպքում Լիազոր ներկայացուցիչն իրավասու է համապատասխան Դիտորդին հեռացնել Թեստավորման սենյակից՝ այդ մասին կազմելով արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում են նաև Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ:
24. Թեստավորման ընթացքն ամբողջությամբ տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից: Տեսաձայնագրման համապատասխան կրիչը հավակնորդի հետ կապված վեճի դեպքում համարվելու է թույլատրելի ապացույց:
25. Դատական դեպարտամենտն ապահովում է թեստավորման ամբողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը Թեստավորման սենյակից դուրս գտնվող տարածքում, որտեղ թեստավորման ընթացքին կարող է հետևել ցանկացած անձ՝ առանց տեսաձայնագրելու կամ առցանց հեռարձակելու հնարավորության: Սույն կետի պահանջները խախտելու դեպքում Լիազոր ներկայացուցիչը համապատասխան անձից պահանջում է դադարեցնել տեսաձայնագրմանը կամ առցանց հեռարձակմանն ուղղված գործողությունները։ Լիազոր ներկայացուցչի պահանջին չենթարկվելու կամ այն կրկին խախտելու դեպքում համապատասխան անձը Լիազոր ներկայացուցչի պահանջով հեռացվում է համապատասխան տարածքից։ Այդ մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Լիազոր ներկայացուցիչը և Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ:
26. Նախքան թեստավորումը սկսվելը՝ Լիազոր ներկայացուցիչը հավաստիանում է, որ Թեստավորման սենյակում չկան հավակնորդների ուշադրությունը շեղող պատկերներ, գույներ, ձայներ, հոտեր կամ այլ հանգամանքներ։
27. Յուրաքանչյուր գրանցված հավակնորդ զբաղեցնում է իր համար նախընտրելի գրասեղանը՝ ըստ գրանցման առաջնահերթության։ Գրասեղանները պետք է դասավորված լինեն այնպես, որ հավակնորդը չկարողանա տեսնել այլ հավակնորդների պատասխանները։
28. Նախքան թեստավորումը սկսվելը՝ հավակնորդներին տրամադրվում է համակարգիչ, գրիչ և խմելու ջուր։
29. Մինչև թեստավորումն սկսվելը՝ Լիազոր ներկայացուցիչը հավակնորդներին համառոտ պարզաբանում է թեստավորման գործընթացը, այդ թվում՝ թեստավորման տևողությունը և սույն կարգի 42-ից 51-րդ կետերը:
30. Կազմակերպչական գործողություններն ավարտվելուց հետո Լիազոր ներկայացուցիչը հայտարարում է թեստավորումն սկսված: Թեստավորման ժամանակն սկսվում է հաշվարկվել այդ պահից:
31. Թեստավորման տևողությունը սահմանվում է 6 ժամ: Հավակնորդի անձի կամ թեստավորման ընթացքի հետ կապված արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում Լիազոր ներկայացուցիչը, կազմելով համապատասխան արձանագրություն, այդ հանգամանքների տևողության չափով երկարաձգում է թեստավորման համար նախատեսված ժամկետը բոլոր կամ առանձին հավակնորդների համար: Արձանագրությունը ստորագրում են նաև Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ:
32. Հավակնորդների թեստավորումն իրականացվում է, և թեստավորման արդյունքը ստացվում է նախապես մշակված էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով։ Ծրագրի մեջ ներառված հոգեբանական թեստերի ընտրությունը կատարում է Խորհուրդը։
33. Նախքան հոգեբանական թեստերի հարցերին պատասխանելը՝ հավակնորդը Ծրագրի համապատասխան բաժնում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
34. Նախորդ կետով սահմանված անձնական տվյալները լրացնելուց հետո հավակնորդը Ծրագրի միջոցով պատասխանում է հոգեբանական թեստերի հարցերին՝ համապատասխան թեստային հարցի ցուցումների համաձայն։
35. Հոգեբանական թեստի առաջին հարցին հավակնորդը պատասխանում է Ծրագրի համապատասխան բաժնում իր անձնական տվյալները լրացնելուց և դրանք հաստատելուց հետո։ Հոգեբանական թեստի յուրաքանչյուր հաջորդ հարցին հավակնորդը պատասխանում է նախորդ հարցին պատասխանելուց և իր պատասխանը հաստատելուց հետո։
36. Հավակնորդի կողմից Ծրագրի միջոցով «Ավարտ» կոճակը սեղմելուց հետո Ծրագիրն ամփոփում է թեստերի հարցերի պատասխանների վրա հիմնված արդյունքները (այսուհետ՝ Թեստի արդյունք) և այն ցույց է տալիս հավակնորդի համակարգչի էկրանի վրա։ Թեստի արդյունքը բաղկացած է հավակնորդի կողմից Ծրագրում նախապես մուտքագրված անձնական տվյալներից և Հավակնորդի թեստային հարցերի պատասխանների վրա հիմնված ելքային տվյալներից (նկարագրեր, գրաֆիկներ և այլն)։
«Ավարտ» կոճակը սեղմելուց, թեստի արդյունքը տպելուց և Ծրագիրը փակելուց (անջատելուց) հետո թեստի արդյունքը Ծրագրում կամ համակարգչում չի պահպանվում։
Մինչև «Ավարտ» կոճակի սեղմումը և թեստի արդյունքի տպումը Ծրագիրը փակվելու (անջատվելու) կամ խափանվելու դեպքում այն պահպանում է հավակնորդի կողմից արդեն իսկ տրված և հաստատված պատասխանները՝ հավակնորդին հնարավորություն տալով ընդհատման վայրից շարունակել թեստի հարցերին պատասխանելը։
«Ավարտ» կոճակը սեղմելուց հետո մինչև թեստի արդյունքի տպումը Ծրագիրը փակվելու (անջատվելու) կամ խափանվելու դեպքում այն պահպանում է թեստի արդյունքը՝ հավակնորդին հնարավորություն տալով տպել այն։
37. Հոգեբանական թեստի բոլոր հարցերին պատասխանելուց հետո հավակնորդը պարտավոր է Ծրագրի միջոցով սեղմել «Ավարտ» կոճակը և թեստի արդյունքը սույն կարգի 39-րդ կետով սահմանված կարգով անմիջապես հանձնել Լիազոր ներկայացուցչին։
38. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո (անկախ այն հանգամանքից, թե քանի հարցի է հավակնորդը պատասխանել) հավակնորդը պարտավոր է դադարեցնել թեստի հարցերին պատասխանելը, Ծրագրի միջոցով սեղմել «Ավարտ» կոճակը և թեստի արդյունքը սույն կարգի 39-րդ կետով սահմանված կարգով անմիջապես հանձնել Լիազոր ներկայացուցչին։
39. Հոգեբանական թեստի բոլոր հարցերին պատասխանելուց կամ թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հավակնորդը.
1) թեստի արդյունքը տպում է երկու օրինակից՝ Ծրագրի «Տպել» հրամանի միջոցով,
2) հավաստիանում է, որ թեստի արդյունքը ներառում է իր ճշգրիտ անձնական տվյալները,
3) փակում (անջատում) է Ծրագիրը և հավաստիանում է, որ թեստի արդյունքը համակարգչում չի պահպանվել,
4) թեստի արդյունքի օրինակներից մեկը պահում է իր մոտ, իսկ մյուսի վրա գրում է իր անունը և ազգանունը, ստորագրում է բոլոր էջերը և այն հանձնում է Լիազոր ներկայացուցչին։
Եթե թեստի արդյունքը չի ներառում հավակնորդի ճշգրիտ անձնական տվյալները, ապա հավակնորդը գրիչով կատարում է համապատասխան ուղղումները և ստորագրում է առ այն, որ կատարված ուղղումներն իրենն են։
40. Լիազոր ներկայացուցիչը.
1) հավաստիանում է, որ թեստի արդյունքը համակարգչում չի պահպանվել,
2) հավաստիանում է, որ թեստի արդյունքը ներառում է հավակնորդի ճշգրիտ անձնական տվյալները՝ առանց թեստի արդյունքի բովանդակությանը ծանոթանալու,
3) հավաստիանում է, որ հավակնորդն իրեն հանձնված թեստի արդյունքի օրինակի վրա գրել է իր անունը և ազգանունը և ստորագրել է բոլոր էջերը՝ առանց թեստի արդյունքի բովանդակությանը ծանոթանալու։
41. Լիազոր ներկայացուցիչը հավակնորդի կողմից իրեն հանձնված թեստի արդյունքի օրինակը դնում է ծրարի մեջ, փակում և զմռսում է այն՝ առանց թեստի արդյունքի բովանդակությանը ծանոթանալու։ Հավակնորդը ստորագրում է փակ ծրարի վրա, իսկ Լիազոր ներկայացուցիչը կնքում է այն Դատական դեպարտամենտի կնիքով՝ այնպես, որ հնարավոր չլինի բացել ծրարը՝ առանց ստորագրության և կնիքի ամբողջականությունը խախտելու։ Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք իրենց ցանկությամբ կարող են ստորագրել ծրարի վրա։
42. Թեստավորման ժամանակ հավակնորդին չի թույլատրվում`
1) Թեստավորման սենյակ տանել որևէ գրավոր նյութ, պայուսակ, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ տեխնիկական սարքավորումներ.
2) օգտվել որևէ գրավոր նյութից կամ նախապես կազմված գրառումներից, այդ թվում՝ այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներից և սարքավորումներից.
3) լուսանկարել, ձայնագրել, տեսաձայնագրել կամ ցանկացած եղանակով հեռարձակել թեստավորման ողջ ընթացքը կամ դրա մասը.
4) Թեստավորման սենյակում և դրա հարակից տարածքներում այլ հավակնորդի հետ խոսել կամ ժեստերով և (կամ) որևէ այլ կերպ հաղորդակցվել.
5) որևէ կերպ իր մոտ ամրագրել հոգեբանական թեստերի հարցերը (այդ թվում՝ տեխնիկական միջոցներով կամ գրառումներ կատարելու եղանակով).
6) անջատել (shut down) կամ վերագործարկել (restart) իրեն տրամադրված համակարգիչը.
7) ծխել կամ ծխելու պատրվակով դուրս գալ Թեստավորման սենյակից.
8) թեստավորման ընթացքում, բացի սանհանգույցից, այլ տարածք մուտք գործել.
9) թեստավորման համար հատկացված ժամաքանակն ավարտվելուց հետո շարունակել թեստի հարցերին պատասխանել.
10) թեստավորումն ավարտելուց հետո մնալ Թեստավորման սենյակում կամ անմիջապես հարակից տարածքներում:
43. Թեստավորումն սկսվելուց հետո հավակնորդը կարող է դուրս գալ Թեստավորման սենյակից միայն Լիազոր ներկայացուցչի թույլտվությամբ, ով պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել այլ անձանց հետ հավակնորդի շփումը բացառելու նպատակով:
44. Թեստավորման ընթացքում հավակնորդին չի թույլատրվում օգտվել ինտերնետային կայքերից (ինտերնետ հասանելիությունը սահմանափակվում է):
45. Եթե Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի կամ հավակնորդի մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ որևէ հավակնորդ իր մոտ թաքցնում է սույն կարգում նշված որևէ արգելված նյութ (առարկա), ապա այդ անձը կարող է հրավիրել Լիազոր ներկայացուցչին, ով պարտավոր է հավակնորդից պահանջել՝ ցույց տալու իր գրպանի կամ հագուստի այլ մասի (թաքստոցի) պարունակությունը: Եթե հավակնորդը հրաժարվում է ցույց տալ իր գրպանի կամ հագուստի այլ մասի (թաքստոցի) պարունակությունը կամ ցույց է տալիս կամ նրա մոտ հայտնաբերվում է սույն կարգում նշված որևէ արգելված նյութ (առարկա), ապա տվյալ փաստն արձանագրվում է Լիազոր ներկայացուցչի կողմից, իսկ հավակնորդը հեռացվում է Թեստավորման սենյակից: Արձանագրությունը ստորագրում են նաև Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ: Այդ դեպքում համարվում է, որ հավակնորդը չի մասնակցել թեստավորմանը: Եթե պարզվում է, որ հավակնորդն իր մոտ չի ունեցել սույն կարգում նշված որևէ արգելված նյութ (առարկա), ապա Լիազոր ներկայացուցիչն այդ մասին կազմում է արձանագրություն, իսկ հավակնորդին տրամադրվում է համապատասխան լրացուցիչ ժամանակ, որի մասին նշվում է արձանագրության մեջ։
46. Հավակնորդի ցանկությամբ գրպանի կամ հագուստի այլ մասի (թաքստոցի) պարունակությունը կարող է ցույց տրվել նույն սեռի առնվազն երկու անձի (Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց) ներկայությամբ՝ առանձին սենյակում:
47. Եթե Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի կամ հավակնորդի մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ որևէ հավակնորդ կատարում է սույն կարգով արգելված որևէ գործողություն, ապա այդ անձը կարող է հրավիրել Լիազոր ներկայացուցչին, ով պարտավոր է մոտենալ հավակնորդին և նրանից պահանջել պարզաբանում՝ չխաթարելով թեստավորման բնականոն ընթացքը և բացառելով հոգեբանական թեստի որևէ հարցին հավակնորդի կողմից տրված պատասխանը տեսնելու հնարավորությունը։ Եթե հաստատվում է, որ հավակնորդը կատարել է սույն կարգով արգելված որևէ գործողություն, ապա տվյալ փաստն արձանագրվում է Լիազոր ներկայացուցչի կողմից, իսկ հավակնորդը հեռացվում է Թեստավորման սենյակից: Արձանագրությունը ստորագրում են նաև Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ: Այդ դեպքում համարվում է, որ հավակնորդը չի մասնակցել թեստավորմանը: Եթե պարզվում է, որ հավակնորդը չի կատարել սույն կարգով արգելված որևէ գործողություն, ապա Լիազոր ներկայացուցիչն այդ մասին կազմում է արձանագրություն, իսկ հավակնորդին տրամադրվում է համապատասխան լրացուցիչ ժամանակ, որի մասին նշվում է արձանագրության մեջ։
48. Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձը Լիազոր ներկայացուցչի պահանջով կարող է հեռացվել Թեստավորման սենյակից, եթե նա սույն կարգի 45-րդ կամ 47-րդ կետերով սահմանված կարգով երկու անգամ Լիազոր ներկայացուցչին կասկածներ է հայտնում որևէ հավակնորդի վերաբերյալ, սակայն սույն կարգով սահմանված գործողությունների կատարման արդյունքում այդ կասկածները հերքվում են։ Այդ դեպքում Լիազոր ներկայացուցչի կողմից կազմվում է արձանագրություն՝ Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձին Թեստավորման սենյակից հեռացնելու վերաբերյալ։ Արձանագրությունը ստորագրում են նաև Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ։
49. Ծրագրի խափանման կամ դրա հետ կապված տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում հավակնորդը պետք է հնարավորություն ունենա համապատասխան տեխնիկական խնդրի վերացումից հետո ընդհատման վայրից շարունակել թեստավորումը։
50. Ծրագրի խափանման կամ դրա հետ կապված տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում հավակնորդն այդ մասին տեղյակ է պահում Լիազոր ներկայացուցչին՝ առանց թեստավորման բնականոն ընթացքը խաթարելու։
51. Տեխնիկական խնդիրների վերացումից հետո Լիազոր ներկայացուցիչն այդ մասին կազմում է արձանագրություն, որը պետք է ստորագրվի նաև Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձի կողմից։ Այդ դեպքում հավակնորդին տրամադրվում է տեխնիկական խնդիրների վերացման գործընթացի տևողությանը հավասար լրացուցիչ ժամանակ, ինչի մասին նշվում է կազմված արձանագրության մեջ։
52. Սույն կարգի 41-րդ կետում նշված ծրարները փակ և զմռսված վիճակում հանձնվում են Խորհրդին՝ ոչ ուշ, քան համապատասխան հավակնորդի հարցազրույցի օրվան նախորդող օրը։
53. Թեստի արդյունքը տպելուց հետո Հավակնորդն իրավունք ունի հրաժարվել այն Լիազոր ներկայացուցչին հանձնելուց։ Եթե հավակնորդը նման ցանկություն է հայտնում, ապա այդ փաստն արձանագրվում է Լիազոր ներկայացուցչի կողմից։ Արձանագրությունն ստորագրում են նաև Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ: Այդ դեպքում համարվում է, որ հավակնորդը հրաժարվել է մասնակցել թեստավորմանը:
54. Թեստի արդյունքը բողոքարկման ենթակա չէ։
55. Լիազոր ներկայացուցչի կողմից հավակնորդին Թեստավորման սենյակից հեռացնելը կարող է գրավոր կարգով վիճարկվել հավակնորդի կողմից։ Այդ դեպքում կազմավորվում է հանձնաժողով, որի մեջ մտնում են Լիազոր ներկայացուցիչը, Դատական դեպարտամենտի՝ Թեստավորման սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող երկու ներկայացուցիչ, արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի ներկայացուցիչը, փաստաբանների պալատի ներկայացուցիչ մեկ փաստաբան և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող մեկ դիտորդ։
Բացի Լիազոր ներկայացուցչից և արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի ներկայացուցչից, հանձնաժողովի մյուս անդամներն ընտրվում են վիճակահանությամբ։
Հանձնաժողովը գործում է Թեստավորման սենյակում՝ առանց խաթարելու թեստավորման բնականոն ընթացքը։
Հավակնորդի բողոքը քննելու արդյունքում հանձնաժողովը տեղում որոշում է բավարարել կամ մերժել հավակնորդի բողոքը, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն։
Որոշումը կայացվում է հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հավակնորդի բողոքը բավարարվում է։
Հավակնորդի բողոքի մերժման դեպքում հավակնորդը հեռացվում է Թեստավորման սենյակից։ Բողոքի բավարարման դեպքում հավակնորդը շարունակում է թեստավորումը, և նրան տրամադրվում է բողոքարկման գործընթացի տևողությանը հավասար լրացուցիչ ժամանակ, ինչի մասին նշվում է բողոքի բավարարման արդյունքում կազմված արձանագրության մեջ։
56. Թեստերի արդյունքները ենթակա չեն հրապարակման։ Հարցազրույցից հետո դրանք պահպանվում են Դատական դեպարտամենտում՝ հարցազրույցի օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով, որից հետո դրանք ենթակա են ոչնչացման։ Այդ ժամանակահատվածում դրանց ծանոթանալու իրավունք ունեն բացառապես Խորհրդի անդամները և համապատասխան հավակնորդները՝ միայն իրենց վերաբերող մասով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.02.2023, ԲԴԽ-16-Ն-5 | 11.02.2023, ԲԴԽ-57-Ն-11 | |
14.01.2021, ԲԴԽ-1-Ն-2 | 19.01.2021, ԲԴԽ-57-Ն-11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|