Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0016/01/14

ԵԱՔԴ/0016/01/14

Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան

Դատավորներ՝

Ն. Հովակիմյան

Ա. Վարդանյան 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
 
մասնակցությամբ դատախազ` Վ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին   

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լիլիթ Ավետիքի Վարդանյանի և Զարինե Արթուրի Այվազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչներ Ա.Զալյանի և Ա.Չատինյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 14134513 քրեական գործը:

Նույն օրը Գեորգի Միսակյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հունվարի 31-ի որոշումներով Լիլիթ Ավետիքի Վարդանյանը և Զարինե Արթուրի Այվազյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

2014 թվականի փետրվարի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը դատարանում ստացվել է 2014 թվականի փետրվարի 19-ին:

2. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով Լ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ` նաև Համաներման մասին որոշում) 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա Լ.Վարդանյանն ազատվել է հիմնական պատժից:

Նույն դատավճռով Զ.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: Համաներման մասին որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա Զ.Այվազյանն ազատվել է հիմնական պատժից:

3. Ամբաստանյալներ Զ.Այվազյանի և Լ.Վարդանյանի պաշտպանների ու տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռը:

4. Տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը, 2016 թվականի հունիսի 24-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը` լրացուցիչ պատժի մասով բեկանել է` գործն այդ մասով ուղարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

5. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Լ.Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվել է լրացուցիչ պատիժ՝ մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ 2 (երկու) տարի ժամկետով և նա ազատվել է լրացուցիչ պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նույն դատավճռով Զ.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվել է լրացուցիչ պատիժ՝ մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ 2 (երկու) տարի ժամկետով և նա ազատվել է լրացուցիչ պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

6. Ամբաստանյալ Զ.Այվազյանի պաշտպան Ե.Սարգսյանի և տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչներ Ա.Զալյանի ու Ա.Չատինյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը:

7. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչներ Ա.Զալյանը և Ա.Չատինյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Նախաքննության մարմնի կողմից Լիլիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «(…) [Ն]ա հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այսպես.

2012թ. դեկտեմբերի 31-ին ժամը 20:20-ին «Արաբկիր» բժշկական համալիրի բոքսային բաժանմունք է ընդունվել 2010թ. ծնված Լիա Գեորգիի Միսակյանը: Հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է թերի ախտորոշում (սուր շնչառական ինֆեկցիա), քանի որ հիվանդի անամնեստիկ և օբյեկտիվ տվյալները վկայել են օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիայի մասին, ինչը բնորոշ է եղել ոչ թե սուր շնչառական ինֆեկցիային, այլ թոքաբորբին: Թերի ախտորոշման հետևանքով Լ.Միսակյանին չի նշանակվել հակաբակտերիալ բուժում, բացի այդ, 31.12.2012թ. չի կատարվել ռենտգեն նկարահանում՝ թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով, որպիսի գործողությունների ժամանակին կատարումը հնարավորություն կտար հիվանդին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու և կոմբինացված հակաբակտերիալ բուժում և արյան փոխարինիչների ներարկումներ կատարելու համար՝ այսինքն 31.12.2012թ. Լիլիթ Վարդանյանի կողմից Լ.Միսակյանի առողջական վիճակի ճիշտ գնահատման, ճիշտ և ժամանակին ախտորոշման և համապատասխան բուժման նշանակման պայմաններում հնարավոր կլիներ կանխելու հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվ ընթացքը:

Դրանից բացի Լ.Վարդանյանը հիվանդի ընդունման ժամանակ նշանակելով արյան ընդհանուր քննություն, ցուցաբերել է անգործություն, հետևողական չի եղել նույն օրը արյան նմուշ վերցնելու, ընդհանուր քննություն անցկացնելու և արդյունքները ստանալու ուղղությամբ, այն դեպքում, երբ «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատորիան գործել է շուրջօրյա և որևէ խոչընդոտ չի եղել արյան ընդհանուր քննությունն անցկացնելու հարցում, մինչդեռ 02.01.2013թ. հերթապահությունն ընդունած մանկաբույժ Իրինա Մամյանը հենց արյան ընդհանուր քննության արդյունքներից ելնելով է գնահատել Լ.Միսակյանի ծանր վիճակը և նշանակել հիմնական հիվանդության համապատասխան ցուցված բուժում:

Այսինքն` Լ.Վարդանյանը ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, ինչը 02.01.2013թ. անզգուշությամբ առաջացրել է Լիա Միսակյանի մահը (...)»1:

8.1. Նախաքննության մարմնի կողմից Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «(…) [Ն]ա հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ` «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, չի կատարել մասնագիտական պարտականությունները` դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: ()

2013թ. հունվարի 1-ին Լ.Վարդանյանից հերթապահությունը ընդունած մանկաբույժ Զարինե Այվազյանը դրսևորել է բացահայտ անգործություն, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները` անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով դրանց նկատմամբ, այն է հերթապահությունը ստանձնելիս Լ.Միսակյանի հիվանդության պատմագրում տեսնելով, որ 31.12.2012թ. նշանակվել է արյան ընդհանուր քննություն, իր հերթապահության ընթացքում չի անդրադարձել արյան քննության արդյունքներին այն դեպքում, երբ 01.01.2013թ. ժամը 11:00-ին դրանք արդեն պատրաստ են եղել և վկայել են լեյկոպենիայի (լեյկոցիտների ցածր քանակի) և ագրանուլոցիտոզի (լեյկոցիտների հակաբակտերիալ իմունիտետի պատասխանատու ձևերի` սեգմենտակորիզավոր նեյտրոֆիլների քանակի խիստ նվազման) մասին, որպիսի գործողության ժամանակին կատարումը Լ.Միսակյանի հիվանդության ճիշտ ախտորոշման, համապատասխան ցուցված բուժման և ապաքինման հնարավորություն կտար, սակայն Զ.Այվազյանի կողմից մասնագիտական պարտականությունների չկատարումը անզգուշությամբ առաջացրել է Լ.Միսակյանի մահը (...)»2:

9. Վճռաբեկ դատարանը 2016 թվականի հունիսի 24-ի որոշմամբ արձանագրել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալներ Լ.Վարդանյանին և Զ.Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր ճանաչելով, նրանց նկատմամբ լրացուցիչ պատիժ, այն է` մանկաբույժ աշխատելու իրավունքից զրկումը չկիրառելով և Համաներման ակտի հիման վրա պատժից ազատելով, գործի փաստերը գնահատման չեն ենթարկել՝ կատարած արարքի և վրա հասնող հետևանքների համաչափության պահանջի, համանման բնույթի հանցագործությունների կանխման անհրաժեշտության, նշանակված պատժի նկատմամբ տուժողի և հասարակության սպասվելիք վերաբերմունքի համատեքստում։ 

10. Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալների նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակման ծավալով քրեական գործը ստացել է 2016 թվականի հոկտեմբերի 24-ին, դատական քննությունը սկսել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին և ավարտել 2018 թվականի սեպտեմբերի 24-ին` դատական ակտի հրապարակմամբ3։

Վերը նշված ժամանակահատվածում քրեական գործով նշանակված դատական նիստերը հետաձգվել են. 2016 թվականի նոյեմբերի 18-ին՝ գործով մեղադրողի փոփոխության, 2016 թվականի դեկտեմբերի 12-ին և 2017 թվականի ապրիլի 3-ին՝ մեղադրողի և պաշտպանի չներկայանալու, 2017 թվականի փետրվարի 21-ին՝ մեղադրողի չներկայանալու, 2018 թվականի հունիսի 20-ին՝ պաշտպանի չներկայանալու, 2017 թվականի հունվարի 27-ին՝ պաշտպանի վատառողջ լինելու, 2017 թվականի մարտի 15-ին՝ պաշտպանի՝ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելու և ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ տրամադրելու, 2017 թվականի ապրիլի 27-ին՝ պաշտպանների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ այլ գործով դատական նիստի մասնակցելու, 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ պաշտպանի՝ նույն ժամին նշանակված այլ դատական նիստ ունենալու, 2017 թվականի հունիսի 2-ին՝ պաշտպանի՝ սեմինարի մասնակցելու, 2017 թվականի հուլիսի 3-ին՝ պաշտպանի՝ հորեղբոր հուղարկավորությանը մասնակցելու, 2017 թվականի հոկտեմբերի 19-ին, 2017 թվականի նոյեմբերի 29-ին և 2018 թվականի օգոստոսի 10-ին՝ դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու, 2018 թվականի փետրվարի 2-ին՝ դատարանի՝ մեկ այլ նստավայր տեղափոխվելու, 2018 թվականի մարտի 16-ին՝ անձը բնութագրող տվյալ պարունակող տեսանյութի էլեկտրոնային տարբերակը զննելու համար լրացուցիչ տեխնիկա ապահովելու, 2018 թվականի ապրիլի 12-ին՝ մեղադրողի կողմից ճառին պատրաստվելու, 2018 թվականի մայիսի 22-ին՝ պաշտպանի կողմից ճառին պատրաստվելու, 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից հարցում կատարելու պատճառաբանություններով4։

11. Առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ անդրադառնալով ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է. «(...) [Ա]մբաստանյալներ Լիլիթ Ավետիքի Վարդանյանի և Զարինե Արթուրի Այվազյանի նկատմամբ պետք է նշանակվի լրացուցիչ պատիժ՝ մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով, քանի որ ամբաստանյալները նշված հանցագործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, կատարել են մանկաբույժ աշխատելու ժամանակ: Իսկ ինչ վերաբերվում է դեպքից հետո նույն կազմակերպությունում, նույն պաշտոնում աշխատանքի կատարումը շարունակելուն, այդ կազմակերպության կողմից դրականորեն բնութագրվելուն, ապա այդպիսիք ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալների կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքանով, որ բավարար հնարավորություն տային եզրահանգելու, որ տվյալ դեպքում պատժի նպատակները կարող են իրացվել առանց լրացուցիչ պատժի կիրառման։

(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում առկա է քրեական վարույթը բացառող հանգամանք, այն է անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալներին մեղսագրվող անզգույշ հանցավոր արարքը, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, համարվում է միջին ծանրության հանցանք, որն ըստ մեղադրական եզրակացության ավարտվել է 2013թ. հունվարի 2-ին, ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված պահանջագրերի համաձայն՝ ամբաստանյալների կողմից քրեական օրենսգրքով նախատեսված որևէ այլ արարք չի կատարվել, այսինքն` վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել, իսկ հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 5 (հինգ) տարուց ավելի ժամանակ, և լրացուցիչ պատժի մասով դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, հետևաբար, նկատի ունենալով վերոգրյալ հանգամանքները, դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Լիլիթ Ավետիքի Վարդանյանի և Զարինե Արթուրի Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված լրացուցիչ պատժից պետք է ազատել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (...)»5:

12. Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, նշել է. «(...) [Գ]նահատելով կատարած արարքի և վրա հասնող հետևանքների համաչափության պահանջը, համանման բնույթի հանցագործությունների կանխման անհրաժեշտությունը, Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ պետք է նշանակվի լրացուցիչ պատիժ` մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով, քանի որ ամբաստանյալները նշված հանցագործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, կատարել են մանկաբույժ աշխատելու ժամանակ:

(...)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քրեական գործի նյութերում առկա է քրեական վարույթը բացառող հանգամանք, այն է՝ անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները (...): Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված լրացուցիչ պատժից պետք է ազատել` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (...)»6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբերները նշել են, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքի հեղինակները փաստել են, որ 2014 թվականից ի վեր շարունակվող սույն քրեական գործն արդեն հինգ տարի է, ինչ քննվում է ՀՀ բոլոր դատական ատյաններում, սակայն մինչ օրս միջոցներ չեն ձեռնարկվել ամբաստանյալների նկատմամբ համարժեք պատիժ կիրառելու համար: Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում դատական նիստերը արհեստականորեն հետաձգվել են, գործի քննությունն անհարկի ձգձգվել է, որն էլ իր հերթին հանգեցրել է արարքի վաղեմության ժամկետներն անցնելուն:

Բողոքաբերները փաստել են, որ Վճռաբեկ դատարանը սույն քրեական գործով կայացրել է որոշում, որով լրացուցիչ պատժի մասով գործը բեկանել և ուղարկել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով Վճռաբեկ դատարանի որոշման վրա, պետք է ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն, սակայն դատարանի անփույթ և ոչ անաչառ վերաբերմունքի հետևանքով վճռվել է ամբաստանյալներին ազատել նշանակված լրացուցիչ պատժից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Պաշտպանական կողմն իր հերթին դատական նիստերի ընթացքը ձգձգել է այնպես, որ դատական ակտի հրապարակման պահին վաղեմության ժամկետը լրացած լինի և ամբաստանյալներն ազատվեն քրեական պատասխանատվությունից:

Ըստ բողոք բերած անձանց, ստորադաս դատարաններն արդարադատություն իրականացնելիս չեն պահպանել գործի քննության ողջամիտ ժամկետները, ինչն էլ վաղեմության ժամկետի լրացման և մեղավորների նկատմամբ պատիժ չնշանակելու պատճառ է հանդիսացել:

13.1. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունվարի 15-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության ժամկետի ողջամտությունը որոշելու չափանիշների մեկնաբանման և կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր:

14.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակման ծավալով գործն Առաջին ատյանի դատարանում քննվելիս արդյո՞ք պահպանվել է ողջամիտ ժամկետում գործի քննության` տուժողի իրավահաջորդի իրավունքը։

15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

15.1 ՀՀ սահմանադրական դատարանը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ողջամիտ ժամկետ» եզրույթը չի բացառում տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայությունը և դրանով պայմանավորված` նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի քննությունը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը։ Դա միաժամանակ ենթադրում է դատարանի կողմից գործի քննությունն անհարկի, կամակայականորեն ձգձգելը բացառելու պատվիրան7։

16. Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի` «Ողջամիտ ժամկետում արդար դատաքննության և դատաքննության ժամանակ դատավորի դերի մասին» կարծիքի համաձայն` «ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով, մասնավորապես, ներմուծվել են դատավարական իրավունքի լայնածավալ կանոններ, որոնք ընդհանուր են տարբեր եվրոպական երկրների համար, և սահմանվել են ընդհանուր սկզբունքներ, որոնք, անկախ ազգային համակարգերի տարբեր տնտեսական կարողություններից և բազմազանությունից, նպատակաուղղված են ապահովելու դատարանների մատչելիության իրավունքը, արդար և անաչառ դատաքննության արդյունքում ողջամիտ ժամկետում որոշում ստանալու իրավունքը և ընդունված ցանկացած որոշման կատարումն ապահովելու իրավունքը»8:

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն ևս իր դիրքորոշումներում կարևորել է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և նշել, որ դատական վարույթի բոլոր փուլերը պետք է տեղի ունենան առանց անհարկի ձգձգումների9։

Վենետիկի հանձնաժողովն անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին` նշել է, որ դատական վարույթի տևողությունը, անշուշտ, ազդում է այդ վարույթի կողմերից առնվազն մեկի շահերի վրա. իրավամբ, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` ողջամիտ ժամկետի պահանջի գերազանցումը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի այլ կարևոր դրույթների (ընթացակարգային) խախտումների10։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր հերթին նշել է, որ արդարադատության իրականացման չափազանց երկար ձգձգումները ներկայացնում են լուրջ վտանգ, մասնավորապես` իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից11:

17. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք»։

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։

17.1 Մեկնաբանելով անձի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

-  դատարանն իրազեկ է այն դժվարություններին, որոնք ձգձգում են գործերի քննությունն ազգային դատարանների կողմից և որոնք պայմանավորված են բազմապիսի հանգամանքներով։ Այնուամենայնիվ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է, որ գործերը քննության առնվեն ողջամիտ ժամկետում. Եվրոպական կոնվենցիան ընդգծում է առանց այնպիսի ձգձգումների արդարադատություն իրականացնելու կարևորությունը, որոնք կարող են վարկաբեկել դրա արդյունավետությունն ու ճշմարտացիությունը12,

- պետությունները պարտավոր են ստեղծել այնպիսի իրավական համակարգ, որ դատարանները համապատասխանեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, ներառյալ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը13,

- քրեական գործերով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակն է ապահովել, որ անձինք մեղադրված չլինեն չափազանց երկար, և որոշվի մեղադրանքի հիմնավորվածությունը14,

- ժամկետը, որը պետք է հաշվի առնվի, սկսվում է այն օրվանից, երբ անձին մեղադրանք է ներկայացվում15: Այն կարող է նաև սկսվել անձի ձերբակալման պահից16, կամ նույնիսկ նախնական քննությունը սկսվելու պահից17,

- քրեական գործերում այն ժամկետը, որի նկատմամբ կիրառելի է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ընդգրկում է նշված վարույթն ամբողջությամբ՝ ներառյալ բողոքարկման վարույթը18,

- վարույթի տևողության ողջամտությունը որոշվում է գործի այն հանգամանքների լույսի ներքո, որոնք պահանջում են ընդհանուր գնահատում19,

- որոշելիս, թե արդյո՞ք քրեական վարույթի տևողությունը ողջամիտ է եղել, թե ոչ, պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործի բարդությունը, դիմումատուի վարքագիծը, իրավասու մարմինների վարքագիծը, դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները20։ Գործի բարդությունը կարող է բխել, օրինակ՝ մեղադրանքների թվից, վարույթում ներգրավված անձանց թվից, ինչպիսիք են մեղադրյալներն ու վկաները, կամ գործի միջազգային մասշտաբից (օրինակ՝ Neumeister v. Austria գործով պահանջվել էր Ինտերպոլի աջակցությունն ու փոխադարձ իրավական աջակցություն, քսաներկու անձ էր ներգրավված, որոնցից ոմանք արտերկրում էին գտնվում)21։ Չնայած նրան, որ գործը կարող է որոշակի բարդության լինել, չեն կարող չպարզաբանված անգործության երկար ժամանակահատվածները համարվել «ողջամիտ» (օրինակ՝ Adiletta and others v. Italy գործով քննության ընդհանուր տևողությունը կազմել է տասներեք տարի հինգ ամիս՝ ներառյալ նախնական քննության հարցերով պատասխանատու դատավորին գործը փոխանցելու և մեղադրյալին ու վկաներին հարցաքննելու միջև հինգ տարվա հետաձգման ժամկետը, և նախնական քննության հարցերով պատասխանատու դատավորին գործը վերադարձնելու ժամանակի և դատաքննության համար դիմումատուների գործը նորից դատարան ներկայացնելու միջև մեկ տարի ինն ամսվա հետաձգումը)22։ Դիմումատուի վարքագիծն օբյեկտիվ փաստ է համարվում, որը չի կարող վերագրվել Պատասխանող պետությանը, և որը պետք է հաշվի առնել՝ որոշելիս, թե արդյոք վարույթի տևողությունը գերազանցում է ողջամիտ ժամկետը, թե ոչ (օրինակ՝ Eckle v. Germany գործով դիմումատուներն ավելի ու ավելի էին դիմում այնպիսի գործողությունների, որոնք հավանաբար կձգձգեին վարույթը, ինչպիսին է դատավորներին կանոնավոր բացարկ հայտնելը. այս գործողությունների որոշ մասը կարող էր նույնիսկ ենթադրել կանխամտածված կերպով խոչընդոտների ստեղծում)23։ Իրավասու մարմինների վարքագծի առումով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով Պայմանավորվող պետությունների վրա դրվում է իրենց դատական համակարգերն այնպես կազմակերպելու պարտականություն, որ դատարանները կարողանան բավարարել պահանջներից յուրաքանչյուրը24։ Ինչ վերաբերում է դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքներին, ապա դրանք կարող են լինել նյութական և ոչ նյութական վնասի ձևով25։

18 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով»:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

2. Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի քննության միջին ուղենիշային տևողությունը։ (…)»:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի (…) դատարանի կողմից իր գործի (…) ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատարանի նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը և պահպանելու սույն օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նաև դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը»:

19. Սույն որոշման 15-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ ողջամիտ ժամկետում դատաքննության սկզբունքը մարդու հիմնարար իրավունքներից է26։ Այն անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է և միտված է հնարավորինս սեղմ ժամկետում գործի քննությունն ապահովելուն ու անձի իրավունքների, շահերի առնչությամբ իրավական վեճը հանգուցալուծելուն և վերջնական դատական ակտ կայացնելուն։ Ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի երաշխավորումն ապահովում է նաև սոցիալական արդարության վերականգնումը, նպաստում հանցագործությունների կանխմանը և խափանմանը, հանցավոր ոտնձգություններին արդյունավետորեն հակազդելու պետության կարողությունների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը։ Վերջինիս հիմքում ընկած է նաև միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվող` «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» (“Justice delayed is justice denied”) գաղափարը, որի համաձայն` դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել «արդարադատության մերժմանը»՝ դատավարության կողմերի համար27։ Հետևաբար, նախնական քննություն և դատական քննություն իրականացնող իրավասու մարմինները պետք է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորեն՝ ողջամիտ ժամկետում անձի դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ։

19.1 Միաժամանակ, հարկ է նկատել, որ ներպետական և միջազգային իրավական փաստաթղթերի համեմատական ուսումնասիրությունից հետևում է, որ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը կրող սուբյեկտների շրջանակը տարբեր է։ Մասնավորապես, եթե Եվրոպական կոնվենցիան որպես նշված իրավունքի կրող է համարում այն անձին, ում քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների կապակցությամբ առկա է վեճ, կամ նրան առաջադրված է մեղադրանք, ապա ՀՀ Սահմանադրությունը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, նշված իրավունքը կրող հատուկ սուբյեկտների շրջանակ չեն առանձնացնում։ Այլ կերպ` ներպետական օրենսդրությամբ ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք օգտվում է արդար դատաքննության, այդ թվում` ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքից։ Այսինքն` պետք է արձանագրել, որ այդ առումով ներպետական օրենսդրությամբ սահմանված երաշխիքի իրավական գործողության շրջանակը, ի համեմատություն միջազգային իրավական փաստաթղթում ամրագրված շրջանակի, առավել լայն է։ Ուստի, ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը կրող սուբյեկտների շրջանակը որոշելիս պետք է ղեկավարվել ներպետական օրենսդրությամբ ամրագրված կարգավորումներով` միաժամանակ հաշվի առնելով այդ իրավունքի բովանդակության վերաբերյալ միջազգային մարմինների կողմից տրված մեկնաբանությունները։

19.2 Տուժողի արդար դատաքննության իրավունքի28, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի առնչությամբ հարկ է նշել, որ՝

 - Միավորված ազգերի կազմակերպության՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագրի 4-րդ կետի համաձայն՝ հանցագործությունից տուժողները, ներպետական օրենսդրությանը համապատասխան, պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք։ Նույն հռչակագրի 6-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ անհրաժեշտ է օժանդակել այն բանին, որ դատական և վարչական ընթացակարգերն ըստ էության համապատասխանեն հանցագործության զոհերի պահանջներին, այդ թվում՝ գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու և փոխհատուցման մասին որոշումները կատարելու միջոցով29,

- Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85) 11 հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդեցնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելն ու նրա շահերը պաշտպանելը30:

20. Սույն որոշման 17.1-րդ կետում մեջբերված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների և սույն որոշման 18-րդ կետում վկայակոչված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննության ողջամտությունը որոշելիս յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.

-  գործի բարդությունը.

Այս առումով անհրաժեշտ է գնահատման ենթարկել մի կողմից՝ գործով անցնող մեղադրյալների (ամբաստանյալների), վկաների, տուժողների, դատավարությանը մասնակցող այլ անձանց, մյուս կողմից` մեղադրյալներին (ամբաստանյալներին) մեղսագրվող արարքների քանակը, դրանց փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցվող հանգամանքների շրջանակը և հետազոտվող ապացույցների ծավալը։ Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նաև հաշվի առնել վկաների գտնվելու վայրը պարզելու և նրանց հարցաքննելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակը (օրինակ` միջազգային իրավական օգնությամբ այլ երկրում կամ պաշտպանության ներքո գտնվող վկաներին հարցաքննելու նպատակով կատարվող գործողությունները)։ Բացի այդ, պետք է գնահատման ենթարկել նաև դատաքննության ընթացքում լուծվող իրավական խնդիրների բնույթը (ինչպիսիք կարող են լինել օրինակ` գործի ընդդատությունը31, կիրառման ենթակա իրավական ակտի սահմանադրականությունը32, միջազգային պայմանագրի մեկնաբանությունը33),

-  շահագրգիռ անձի վարքագիծը.

Պետք է հաշվի առնել ողջամիտ ժամկետում գործի քննությամբ շահագրգռված անձի՝ մեղադրյալի (ամբաստանյալի) և պաշտպանի, օրինական ներկայացուցչի, տուժողի, նրա ներկայացուցչի, իրավահաջորդի, օրինական ներկայացուցչի վարքագիծը՝ գործի արագ քննությանը չխոչընդոտելու տեսանկյունից։ Մասնավորապես, անհրաժեշտ է գնահատման ենթարկել, թե դատավարության տևողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ արդյո՞ք ձևավորվել են վերը նշված դատավարության մասնակիցների դրսևորած վարքագծի արդյունքում։ Այսպես, հարկ է պարզել, թե արդյո՞ք դատական նիստերը հետաձգվել են պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նշված դատավարության մասնակիցների` դատական նիստերին պարբերաբար չներկայանալու պատճառներով, արդյո՞ք դրանք եղել են հարգելի, թե անհարգելի, ու՞մ կողմից է ներկայացվել դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն, արդյո՞ք նշված դատավարության մասնակիցներն իրենց դատավարական իրավունքներից օգտվել և իրենց դատավարական պարտականությունները կատարել են բարեխղճորեն, թ՞ե իրենց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել, որոնք հավանաբար կձգձգեին գործի վարույթը34։ Վերջինի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյո՞ք անձը չարաշահել է իր դատավարական իրավունքները (“abuse of rights”): Որպես օրինակ կարող են լինել այն դեպքերը, երբ անձի վարքագիծը հանգեցնում է դատական նիստերի պարբերաբար հետաձգման (այդ նպատակով անձը ներկայացնում է միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու և գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, ընդ որում` որոշ դեպքերում` ամբողջությամբ գործի նյութերին նախաքննության ավարտին ծանոթացած լինելու պայմաններում, ներկայացնում է բացարկի և ինքնաբացարկի միջնորդություններ, հանդես գալիս հայտարարություններով, փոխում կամ հրաժարվում պաշտպանից, խախտում դատական նիստի կարգը, անհարգալից վերաբերմունք դրսևորում դատարանի նկատմամբ)։ Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ իրավական պաշտպանության միջոցներից բարեխղճորեն, իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտվելը չի կարող գնահատվել որպես շահագրգիռ սուբյեկտների կողմից գործի քննությունը դանդաղեցնող վարքագծի դրսևորում,

-  շահագրգիռ անձի համար գործի տևական քննության հետևանքները.

Որպես այդպիսին, ի թիվս այլնի, կարող է լինել նյութական և ոչ նյութական վնասը։ Այդ համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դասակարգում է գործեր, որոնք պահանջում են «հատուկ կամ կոնկրետ ջանասիրություն» և «բացառիկ ջանասիրություն»։ «Հատուկ կամ կոնկրետ ջանասիրություն», ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ի թիվս այլ դեպքերի, պահանջվել է այն գործերով, որոնք ըստ էության վերաբերել են ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերին վնասների հատուցում տալուն35, ինչպես նաև ոստիկանության ծառայողների հանցավոր ոտնձգության կապակցությամբ քննություն իրականացնելուն36։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ իրավասու մարմինները պետք է «հատուկ ջանասիրություն» դրսևորեն նաև այն գործերով, որոնցով անձը դատական քննության ընթացքում գտնվում է կալանքի տակ37։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձնացնում է նաև «բացառիկ ջանասիրությունը», որը պահանջվում այն գործերով, որոնք օրինակ վերաբերում են անբուժելի հիվանդությամբ տառապող անձանց կողմից ներկայացված փոխհատուցման պահանջի քննությանը։ Այդ գործերով, ելնելով կյանքի կանխատեսվող տևողությունից, առկա է ռիսկ առ այն, որ ցանկացած ձգձգում կարող է դատարանի կողմից լուծման ենթակա հարցը դարձնել աննպատակ38։

Շահագրգիռ անձի համար գործի տևական քննության հետևանքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից հատուկ ջանասիրության պետք է արժանանան այն գործերը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում քննության չառնելն էապես վնաս կհասցնի արդարադատության շահերին, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Այդ առումով կարող են ուշադրության արժանանալ այն գործերը, որոնցով` ա) անձինք գտնվում են կալանքի տակ (հատուկ ուշադրության են արժանի ավելի երկար ժամանակահատված կալանքի տակ գտնվող անձանց վերաբերյալ գործերը), բ) դատական կազմի փոփոխության կամ այլ հիմքով վերսկսված դատական քննությամբ գործերը, գ) դատական վերանայման արդյունքում բեկանված և նոր քննության ուղարկված գործերը, դ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման արդյունքում վերսկսված գործերը, ե) խոցելի խմբեր համարվող` անչափահասների39, հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց վերաբերյալ գործերը, զ) պետության պոզիտիվ պարտականության ներքո գտնվող` կյանքի իրավունքի պաշտպանության40, խոշտանգումների բացարձակ արգելքի41 ենթադրյալ խախտումներին վերաբերող գործերը։ Միաժամանակ, հատուկ ջանասիրության տեսանկյունից ուշադրության են արժանի նաև այն գործերը, որոնց քննության ընթացքում սահմանափակվում են անձի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այլ հիմնական իրավունքները (օրինակ` անձի սեփականության իրավունքը` վերջինիս գույքը կալանքի տակ գտնվելու դեպքում կամ աշխատանքային իրավունքները` պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման դեպքում),

-  գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով իրավասու մարմինների կողմից ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունավետությունը.

Այս առումով առանցքային նշանակություն ունի ինչպես դատարանի, այնպես էլ քրեական վարույթի ընթացքում հանրային շահը պաշտպանող քրեական հետապնդման մարմինների կողմից գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով ձեռնարկած միջոցառումների և դրանց արդյունավետության գնահատումը։

Դատարանի կողմից գործի քննության արագությունն ապահովելու համատեքստում հատկանշական է գործով նշանակված դատական նիստերի հաճախականության, ինչպես նաև գործի քննության անհարկի ձգձգումները նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատումը (ինչպես օրինակ՝ դատավարության մասնակիցների, դատակոչի ենթակա անձանց ցուցակում ներառված անձանց պատշաճ և ժամանակին ծանուցումը, ապացույցների հետազոտման արդյունավետ կարգի սահմանումը, ապացույցների հետազոտման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, գործի պատշաճ քննության համար անհրաժեշտ փաստական տվյալների ժամանակին ստացումը)։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով դատական նիստը նախագահողը պետք է ձեռնարկի ողջամտորեն անհրաժեշտ միջոցառումներ` գործի քննությունը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու համար։ Այդ առումով ուշադրության է արժանի նաև այն, թե գործի քննության հետաձգումներն ընդհանուր առմամբ արդյո՞ք առավելապես պայմանավորված են եղել դատարանի կողմից անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման պատճառաբանություններով,

-  գործի քննության ընդհանուր տևողությունը.

Գործի քննության ժամկետի ողջամտությունը որոշելիս առանցքային նշանակություն ունի նաև գործի քննության ընդհանուր ժամկետի գնահատումը` այնպիսի հանգամանքների հաշվառմամբ, ինչպիսիք են` այդ ժամկետում դատական ակտերի բողոքարկման կառուցակարգի գործադրման ընդհանուր ժամանակահատվածը, տևական ժամկետ պահանջող դատավարական գործողությունների կատարմամբ առաջացած ժամկետային խզումները, բեկանված և նոր քննության ուղարկված գործերով` քննության ծավալի և ժամանակահատվածի հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի և ժամկետի հետ։

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննության ողջամտությունը որոշելիս ենթակա են գնահատման.

-  գործի բարդությունը,

-  շահագրգիռ անձի վարքագիծը,

-  գործի տևական քննության հետևանքները շահագրգիռ անձի համար,

-  գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով իրավասու մարմինների կողմից ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունավետությունը,

-  գործի քննության ընդհանուր տևողությունը։

Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթները և դրանց գնահատման վերաբերյալ մշակված չափանիշները նպատակ ունեն շահագրգիռ անձին պաշտպանելու երկարատև անորոշ իրավական վիճակից և ապահովելու արդարադատության իրականացումն առանց ձգձգումների` երաշխավորելով գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը՝ ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ հասարակության կողմից:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- 2013 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 14134513 քրեական գործը, և

- նույն օրը Գեորգի Միսակյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ42,

-  2014 թվականի փետրվարի 18-ին քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան43,

-  2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Լ.Վարդանյանին և Զ.Այվազյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և Համաներման մասին որոշման կիրառմամբ նրանց ազատել է նշանակված պատժից` առանց լրացուցիչ պատիժ նշանակելու44,

-  2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ամբաստանյալներ Զ.Այվազյանի և Լ.Վարդանյանի պաշտպանների ու տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները մերժել է45,

-  2016 թվականի հունիսի 24-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարել է, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը` լրացուցիչ պատժի մասով բեկանել է` գործն այդ մասով ուղարկելով Առաջին ատյանի դատարան` նոր քննության46,

-  2016 թվականի հոկտեմբերի 24-ին ստացված՝ լրացուցիչ պատժի նշանակման ծավալով քրեական գործի քննությունն Առաջին ատյանի դատարանում ավարտվել է 2018 թվականի սեպտեմբերի 24-ին՝ դատական ակտի կայացմամբ։ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվել է լրացուցիչ պատիժ՝ մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ 2 (երկու) տարի ժամկետով և նրանք ազատվել են լրացուցիչ պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով47,

-  2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Զ.Այվազյանի պաշտպանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը48:

23. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը, գործը ողջամիտ ժամկետում քննության առնելու տուժողի իրավահաջորդի իրավունքի առնչությամբ, անհրաժեշտ է համարում գնահատման ենթարկել հետևյալ հանգամանքները.

-  սույն գործով երկու ամբաստանյալներին մեղսագրված է եղել մեկ դրվագ արարքի կատարում, գործով ներգրավված են եղել տասնվեց վկաներ։ Նման պայմաններում, հաշվի առնելով նաև մեղսագրվող արարքի փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակն ու հետազոտվող ապացույցների ծավալը, հարկ է նկատել, որ նշվածն իր ամբողջության մեջ, ըստ էության, չի վկայել գործի բարդության մասին։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելուց և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելուց հետո` քննության ծավալը ներառել է բացառապես լրացուցիչ պատժի նշանակման հարցի քննարկումը49, ինչը չի պահանջել ամբաստանյալների մեղադրանքի հիմքում դրված ապացույցների լրացուցիչ հետազոտություն,

-  դատավարության տևողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ չեն ձևավորվել տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցիչների դրսևորած վարքագծի արդյունքում։ Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումից և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելուց հետո` դատական նիստերի հետաձգման պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տուժողի իրավահաջորդի կամ նրա ներկայացուցիչների վարքագծով պայմանավորված դատական նիստերը որպես այդպիսին չեն հետաձգվել50,

-   գործի տևական քննության հետևանքներն առնվազն հանգեցրել են պատժի նպատակներից՝ սոցիալական արդարության վերականգնմանը չհասնելուն։ Մինչդեռ, ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից, սույն գործը հատուկ ջանասիրության պետք է արժանանար` հաշվի առնելով, որ այն վերաբերում էր պետության պոզիտիվ պարտականության ներքո գտնվող` կյանքի իրավունքի պաշտպանության ենթադրյալ խախտմանը,

-    անդրադառնալով գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով դատարանի ձեռնարկած միջոցառումներին` հարկ է նկատել, որ դրանք ըստ էության այնքան էլ արդյունավետ չեն եղել։ Հատկապես, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումից և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելուց հետո, բացառապես լրացուցիչ պատժի նշանակման ծավալով քրեական գործով դատական նիստերն ընդհանուր առմամբ հետաձգվել են ավելի քան երկու տասնյակ անգամ51,

-    գործի քննության ընդհանուր տևողության ժամկետում՝ սկսած՝ 2013 թվականի հուլիսի 9-ից, մինչդատական վարույթի ժամկետի հաշվառմամբ, առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում քրեական գործի քննությունն ավարտվել է 2016 թվականի հունիսի 24-ին։ Այսինքն՝ քրեական գործի ըստ էության քննության ընդհանուր ժամկետը տևել է երկու տարի տասնմեկ ամիս տասնհինգ օր։ Այնուհետև, Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 24-ի որոշմամբ գործով դատական ակտերը բեկանելուց և լրացուցիչ պատժի մասով գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելուց հետո, լրացուցիչ պատժի նշանակման հարցի քննությունն Առաջին ատյանի դատարանում տևել է մեկ տարի տասնմեկ ամիս (գործն Առաջին ատյանի դատարանում ստացվել է 2016 թվականի հոկտեմբերի 24-ին և ավարտվել 2018 թվականի սեպտեմբերի 24-ին՝ դատական ակտի հրապարակմամբ)։ Նշված ժամկետն ակնհայտ արդարացված չէր՝ հաշվի առնելով ինչպես դատական ակտի հրապարակման օրվա դրությամբ գործի քննության ընդհանուր ժամկետը, այնպես էլ գործի փաստական և իրավական հանգամանքները։ Ընդ որում, հարկ է նկատել, որ առաջին ատյանի դատարանում լրացուցիչ պատժի նշանակման հարցի քննությունը տևել է ավելի, քան առաջին ատյանի դատարանում քրեական գործի ըստ էության քննությունը (ինչը տևել է մեկ տարի երեք ամիս քսանվեց օր)52։

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալներ Լ.Վարդանյանի և Զ.Այվազյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակման ծավալով գործն Առաջին ատյանի դատարանում քննության առնելիս չի պահպանվել ողջամիտ ժամկետում գործի քննության՝ տուժողի իրավահաջորդի իրավունքը։

24. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը և հաշվի առնելով արձանագրված իրավունքի խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և սույն գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ Գ.Միսակյանի իրավունքի խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել տուժողի իրավահաջորդ Գեորգի Օնիկի Միսակյանի իրավունքի խախտման փաստը:

3. Ամբաստանյալներ Լիլիթ Ավետիքի Վարդանյանի և Զարինե Արթուրի Այվազյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 176:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 177-178:

3 Տե'ս Դատական տեղեկատվական համակարգ www.datalex.am։

4 Տե'ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 14, 278-337։

5 Տե'ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 332, 335-337:

6 Տե'ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 112, 114:

7 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2013 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-1074 որոշման 6-րդ կետը։

8 Տե'ս Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի` «Ողջամիտ ժամկետում արդար դատաքննության և դատաքննության ժամանակ դատավորի դերի մասին» թիվ 6 (2004) կարծիքը, Ստրասբուրգ, 2004 թվականի նոյեմբերի 22-24, կետ 3:

9 Տե'ս European Commission For Democracy Through Law, Can excessive length of proceedings be remedied?, CDL-STD (2007) 044, Science and technique of democracy, No. 44, կետ 140:

10 Տե'ս European Commission For Democracy Through Law (Venice Commission), report on the effectiveness of national remedies in respect of excessive length of proceedings, Study no. 316/ 2004, 3 April 2007, CDL-AD (2006) 036rev, կետ 19:

11 Տե'ս Council of Europe, Committee of Ministers, Interim Resolution ResDH (97) 336, 11 July 1997:

12 Տե'ս H. v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1989 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 10073/82, կետ 58:

13 Տե'ս Zimmermann and Steiner v. Switzerland գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1983 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 8737/79, կետ 29:

14 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Wemhoff v. Germany գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 2122/64, կետ 18, Kart v. Turkey գործով 2009 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 8917/05, կետ 68։

15 Տե'ս Neumeister v. Austria գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, կետ 18։

16 Տե'ս Wemhoff v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 2122/64, կետ 19:

17 Տե'ս Ringeisen v. Austria գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1971 թվականի հուլիսիի 16-ի վճիռը, գանգատ թիվ 2614/65, կետ 110:

18 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Konig v. Germany գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 98, V. v. The United Kingdom գործով 1999 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 24888/94, կետ 109։

19 Տե'ս Boddaert v. Belgium գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1992 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12919/87, կետ 36:

20 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Konig v. Germany գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 99, Neumeister v. Austria 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, կետ 21, Frydlender v. France [GC] գործով 2000 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30979/96, կետ 43, Pedersen and Baadsgaard v. Denmark գործով 2004 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 49017/99, կետ 45, Aganikyan v. Armenia գործով 2018 թվականի ապրիլի 5-ի վճիռը, գանգատ թիվ 21791/12, կետ 31:

21 Տե'ս Neumeister v. Austria գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63 , կետ 20։

22 Տե'ս Adiletta and others v. Italy գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1991 թվականի փետրվարի 19-ի վճիռը, գանգատներ թիվ 13978/88 14236/88 14237/88, կետ 17։

23 Տե'ս Eckle v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1982 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 8130/78, կետ 82։

24 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Abdoella v. The Netherlands գործով 1992 թվականի նոյեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 12728/87, կետ 24, Dobbertin v. France գործով 1993 թվականի փետրվարի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13089/87, կետ 44։

25 Տե'ս Vallռe v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1994 թվականի ապրիլի 26-ի վճիռը, գանգատ թիվ 22121/93, կետ 49:

26 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Դալլաքյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԼԴ/0082/13/09 որոշման 18-րդ կետը, Արմեն Սիմոնյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԳԴ1/0012/13/09 որոշման 17-րդ կետը։

27 Տե'ս European Commission For Democracy Through Law (Venice Commission), report on the effectiveness of national remedies in respect of excessive length of proceedings, Study no. 316/ 2004, 3 April 2007, CDL-AD(2006)036rev, կետ 20:

28 Տուժողի արդար դատաքննության իրավունքի մասին, mutatis mutandis, տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1426 որոշումը, Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի՝ Տիգրան Քամալյանի գործով թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշումը։

29 Տե'ս Միավորված ազգերի կազմակերպության՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի՝ թիվ 40/34-ի բանաձևով ընդունված՝ Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագրի 4-րդ կետը։

30 Տե'ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» թիվ R(85) 11 հանձնարարականը:

31 Տե'ս Lorenzi, Bernardini and Gritti v. Italy գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1992 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 13301/87, կետ 16:

32 Տե'ս Ruiz-Mateos v. Spain գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1993 թվականի հունիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 12952/87, կետ 41:

33 Տե'ս Beaumartin v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1994 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 15287/89, կետ 33:

34 Տե'ս Eckle v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1982 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 8130/78, կետ 82։

35 Տե'ս, mutatis mutandis, Martins Moreira v. Portugal գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1988 թվականի հոկտեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 11371/85, կետ 59:

36 Տե'ս, mutatis mutandis, Caloc v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2000 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 33951/96, կետեր 119-120:

37 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Abdoella v. the Netherlands գործով 1992 թվականի նոյեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 12728/87, կետ 24, Kalashnikov v. Russia գործով 2002 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 47095/99, կետ 132:

38 Տե'ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` X. v. France գործով 1992 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 18020/91, կետեր 44, 47, Vallèe v. France գործով 1994 թվականի ապրիլի 26-ի վճիռը, գանգատ թիվ 22121/93, կետեր 47, 49:

39 Տե'ս «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») 20.1-րդ կետը, որի համաձայն` «Անչափահասի ցանկացած գործ սկզբից ևեթ պետք է վարել արագ, թույլ չտալով անհարկի ձգձգումներ»,

«Անչափահասների շրջանում հանցագործությունների նկատմամբ նոր մոտեցումների և անչափահասների գործերով արդարադատության նշանակության մասին» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` 2003 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ R(2003) 20 հանձնարարականի 14-րդ կետի համաձայն` «Քրեական դատավարության բոլոր փուլերը պետք է անցկացվեն կարճ ժամանակահատվածներում, որպեսզի նվազեցվեն հետաձգումները և հնարավորության սահմաններում ապահովվեն հանցավորության արագ կանխարգելումը անչափահասների շրջանում։ (…)»։

40 Տե'ս, mutatis mutandis, Ճneryildiz v. Turkey գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2004 թվականի նոյեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետեր 94-95:

41 Տե'ս, mutatis mutandis, M. and M. v. Croatia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 10161/13, կետ 148:

42 Տե'ս սույն որոշման 1-ին կետը։

43 Տե'ս նույն տեղում։

44 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը։

45 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը։

46 Տե'ս սույն որոշման 4-րդ կետը։

47 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը։

48 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը։

49 Տե'ս սույն որոշման 4-րդ կետը։

50 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

51 Տե՛ս սույն որոշման նույն կետը:

52 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան