Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-170
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2001-03.08.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ.332
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, ինչպես նաև կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանամերձ տարածաշրջանների հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր):

2. Համալիր ծրագրի նպատակն է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը:

3. Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը: Համալիր ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը:

4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը: Դրանք արտացոլվում են սահմանամերձ տարածաշրջանների մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր):

5. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է տվյալ տարվա պետական բյուջեի ծախսերում:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են`

ա) ծրագրերի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները` ըստ սահմանամերձ տարածաշրջանների և դրանցում գտնվող բնակավայրերի.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրերի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.

ե) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաև`

ա) սահմանամերձ տարածաշրջանների ցանկը` ըստ բնակավայրերի.

բ) տեղեկանք սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակի մասին.

գ) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

դ) անհրաժեշտության դեպքում սահմանամերձ տարածաշրջանների բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները:

3. Տարեկան ծրագիրը ներառում է նաև նախատեսված աշխատանքների ընթացքի և սպասվելիք կատարողականի վերլուծությունը:

4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

5. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են դրանց համապատասխանության ապահովման, ծրագրային աշխատանքների և դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր և Տարեկան ծրագրերի համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ և ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Տարեկան ծրագիրն Ազգային ժողովը քննարկում է պետական բյուջեի նախագծի հետ:

2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաշվետվություն:

3. Տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը քննարկվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ:

4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ և Տարեկան ծրագրի կատարման գնահատականը:

5. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, որի կատարման ժամկետը չի կարող գերազանցել Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:

6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ` ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
28 ապրիլի 2001 թ.
ՀՕ-170