ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 16-ին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեության նպատակները, իրավական հիմքերն ու սկզբունքները, նրա տեղը գործադիր իշխանության մարմինների համակարգում, պարտականությունները և իրավունքները, կառուցվածքը, ոստիկանությունում ծառայություն անցնելու և պատասխանատվության կարգը, իրավական ու սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման ու գործունեության վերահսկման կարգը:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Ոստիկանության հասկացությունը |
Ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորած մարմնի համակարգում գործող մարմին է, որը կոչված է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը, ունի սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմաններում հարկադրանք կիրառելու իրավունք:
Հոդված 2. | Ոստիկանության խնդիրները |
Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել՝
1) անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) հասարակության և պետության շահերի պաշտպանությունը.
3) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
4) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը.
5) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
6) սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը:
Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով:
Հոդված 3. |
Ոստիկանության գործունեության սկզբունքները |
Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների վրա:
Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում՝ իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:
Հոդված 4. | Ոստիկանության գործունեության իրավական կարգավորումը |
Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 5. | Ոստիկանության գործունեությունը և քաղաքացիների իրավունքները |
Ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ռասայից, սեռից, լեզվից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից:
Ոստիկանության աշխատակիցները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները:
Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված կամ կալանավորված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավական օգնություն ստանալու իրենց իրավունքից, օրենքով սահմանված կարգով տեղյակ պահել նրանց հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կամ կալանավորման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Ոստիկանությունն իրավասու չէ հավաքել, պահել, օգտագործել և տարածել մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ոստիկանության աշխատակցի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. | Ոստիկանության խնդիրների կատարմանը ներքին գործերի հանրապետական մարմնի այլ աշխատակիցներ ներգրավելը |
Ոստիկանության աշխատակից չհամարվող՝ ներքին գործերի հանրապետական մարմնի ատեստավորված (որակավորված) աշխատակիցները, ինչպես նաև փորձաշրջան անցնող անձինք ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են ներգրավվել հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հանցագործությունների դեմ տարվող պայքարի աշխատանքներում: Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության աշխատակիցների՝ սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ներքին զորքերի ժամկետային զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Հոդված 7. | Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ իր խնդիրներն իրականացնելիս |
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք հնարավոր աջակցություն են ցույց տալիս ոստիկանությանը՝ իր խնդիրներն իրականացնելիս:
Քաղաքացիները և իրավաբանական անձինք ոստիկանության խնդիրների իրականացմանը կարող են մասնակցել կամավորության սկզբունքով:
Հոդված 8. | Ոստիկանության աշխատակիցների առանձին իրավունքների սահմանափակումը |
Ոստիկանությունում աշխատող կամ ծառայող անձանց արգելվում է աշխատելու կամ ծառայելու ամբողջ ժամանակահատվածում անդամակցել որևէ քաղաքական կուսակցության:
Հոդված 9. | Ոստիկանության կառուցվածքը և ղեկավարումը |
Ոստիկանության կառուցվածքը և թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ներքին գործերի հանրապետական մարմնի ներկայացմամբ: Ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարը, ոստիկանության կառուցվածքի և թվաքանակի սահմաններում, իրավասու է ստեղծել ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:
Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ II
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. | Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.
2) միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ դեպքերից տուժած, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար.
3) բժշկական հիմնարկներ բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց.
4) առողջապահական մարմինների հետ համատեղ, իրավախախտումների կանխարգելման նպատակով, հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով.
5) միջոցներ ձեռնարկել դատավորների, դատախազների, քննիչների, դատական ակտերի հարկադիր կատարողների, ներքին գործերի մարմինների պաշտոնատար անձանց, տուժողների, վկաների, մեղադրյալների, պաշտպանների և քրեական դատավարությանն աջակցող այլ անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:
Հոդված 11. | Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս |
Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումները և հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք.
2) կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ.
3) ձեռնարկել միջոցառումներ հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ.
4) հարուցել քրեական գործեր, իրականացնել անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու, հանցագործությունը բացահայտելու նպատակով.
5) հարուցված քրեական գործերով իրականացնել հետաքննություն, կասկածյալի ձերբակալում և օրենքով նախատեսված այլ գործողություններ, միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.
6) հայտնաբերել հանցագործություն կատարած և հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից, պատիժը կրելուց խուսափող անձանց, անհայտ կորած անձանց, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ այլ անձանց, ինչպես նաև հափշտակված գույքը.
7) իրականացնել՝
ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ և վարչական ձերբակալում,
բ) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ այլ անձանց ու գույքի հետախուզում,
գ) պետական և հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ՝ առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ.
8) աջակցել՝
ա) պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում այդ անձանց օրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց պաշտոնեական գործունեության իրականացմանը.
բ) ազգային անվտանգության մարմիններին՝ պետական իշխանության դեմ ուղղված ծանր հանցագործությունների դեմ պայքարելիս և ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելիս.
գ) զինվորական կոմիսարիատներին՝ զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր իրականացնելիս.
դ) դատախազությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս:
Ոստիկանությունն իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 12. | Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ).
2) իր իրավասության սահմաններում օժանդակել պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ներկայացուցիչներին, եթե խոչընդոտներ են հարուցվում նրանց օրինական գործունեության համար, կամ վտանգված է նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև գույքը:
Հոդված 13. | Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) իրականացնել պետական հսկողություն և վերահսկողություն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
2) կազմակերպել և անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննում.
3) ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործման աշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական գրանցում և հաշվառում.
4) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
5) սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում:
Հոդված 14. | Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) օրենքով սահմանված կարգով լիցենզիա տալ քաղաքացիական և ծառայողական զենք ու դրա փամփուշտներ ձեռք բերելու, առևտրի, հավաքածուներ կազմելու և հավաքածուներ ցուցադրելու համար, քաղաքացիական և ծառայողական զենք պահելու, պահելու և կրելու, օգտագործելու, նշված զենքն ու փամփուշտները ներկրելու կամ արտահանելու, ինչպես նաև ներքին գործերի մարմիններից ժամանակավոր օգտագործման համար ստացված մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվություններ.
2) վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:
Հոդված 15. | Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր.
2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ, մինչև դրանք համապատասխան պետական մարմիններ կամ պաշտոնատար անձանց հանձնելը.
3) ապահովել գտնված և ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանությունը, միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:
Հոդված 16. | Ոստիկանության պարտականություններն արտակարգ իրադրության պայմաններում |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ մարդկանց փրկելու և առաջին բժշկական օգնություն ցույց տալու, ինչպես նաև առանց հսկողության մնացած գույքը պահպանելու ուղղությամբ՝ վթարների, աղետների, հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ.
2) օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը:
Հոդված 17. | Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս |
Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) կատարել՝
ա) դատախազի, քննիչի՝ հետախուզական և քննչական գործողություններ կատարելու մասին գրավոր հանձնարարությունները, դատախազի ցուցումները,
բ) դատարանի, դատախազի, քննիչի որոշումները՝ իրենց կանչով ներկայանալուց խուսափող անձանց բերման ենթարկելու կամ հետախուզում հայտարարելու մասին,
գ) դատարանների որոշումները՝ կալանքի վերցնելու, կալանավորված կամ ձերբակալված անձանց պահելու, ուղեկցելու մասին.
2) հսկել և պահել բերման ենթարկված, ձերբակալված և կալանքի վերցված անձանց.
3) օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին՝ դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս.
4) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ազատազրկման վայրերից ազատված անձանց կողմից՝ օրենսդրությամբ որոշված սահմանափակումները պահպանելու նկատմամբ, օրենքով նախատեսված դեպքերում մասնակցել ազատազրկման հետ չկապված քրեական պատիժների իրականացմանը:
Հոդված 18. | Ոստիկանության պարտականություններն անձնագրային ռեժիմը պահպանելիս |
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) կազմակերպել, իրականացնել և վերահսկել Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեությունը.
2) հսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ III
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 19. | Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս |
Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով՝
1) քաղաքացիներից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից (այսուհետ՝ քաղաքացիներ), ինչպես նաև պաշտոնատար անձանցից պահանջել դադարեցնելու ոստիկանության, պատգամավորների, պատգամավորության թեկնածուների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նրանց հեռացնել տվյալ վայրից.
2) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգել քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկել նրանց.
3) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում պահանջել և ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճենները.
4) մասնակցել երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղևորների, ձեռքի իրերի և ուղեբեռների ստուգմանը, կատարել տրանսպորտային միջոցներով փոխադրումն արգելված իրերի, առարկաների զննում և առգրավում.
5) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ ներկայացնել իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր ու առաջարկություններ.
6) իր իրավասության սահմաններում իրականացնել քաղաքացիների հաշվառում, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա այն առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառում, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն օրենքում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունը ներառում է այն դեպքերը, երբ՝
ա) անձը բռնվել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո,
բ) ականատեսները, այդ թվում՝ նաև տուժողը, ուղղակի մատնանշում են տվյալ անձին՝ որպես հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կատարողի,
գ) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա օգտագործած այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցագործությանը կամ վարչական իրավախախտմանը առնչվող բացահայտ հետքեր:
Ոստիկանության աշխատակիցները կարող են հայտնաբերել նաև անձին հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածելու հիմք տվող այլ տվյալներ (տեխնիկական միջոցներով տրանսպորտի արագությունը որոշելու, հետախուզման մեջ գտնվող հանցագործի հետ այս կամ այն անձի նմանության առկայության, ոստիկանության աշխատակցին հանկարծակի նկատած անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքերում և այլն):
Հոդված 20. | Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս |
Ոստիկանությունը, հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի՝
1) գրանցել, լուսանկարել, ձայնագրել, տեսանկարահանել կալանավորված կամ հանցագործության կատարման կասկածանքով բերման ենթարկված, ձերբակալված կամ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց, ստանալ մատնադրոշմային նմուշներ՝ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը փաստաթղթավորելու նպատակով օգտագործել տեղեկատվական համակարգերի, տեսաձայնագրման, կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ.
2) իր վարույթում գտնվող գործերով և նյութերով ծանուցել քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց՝ ներկայանալ ոստիկանություն, բերման ենթարկել առանց հարգելի պատճառների ներկայանալուց խուսափողներին, քննել հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց.
3) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ուղարկել կամ հասցնել բժշկական հաստատություն՝ նրանց օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է հանցագործության փաստը հաստատելու կամ հերքելու կամ գործն օբյեկտիվորեն քննելու համար.
4) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաև դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ, քաղաքացիների և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործել բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում՝ նաև արգելքները վերացնելու միջոցով:
Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է դատախազին.
5) հանցագործության առկայության դեպքում՝
ա) մուտք գործել ձեռնարկատիրական և այլ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող տարածքներ (բացի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկների տարածքներից և նրանց ծառայողական տրանսպորտային միջոցներից), գույքի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կամ նրա լիազորած անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում նաև պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ կատարել զննություն, այդ թվում՝ նաև տրանսպորտային միջոցները, արձանագրությամբ առգրավել իրավախախտման փաստին անմիջականորեն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, հումքի և արտադրանքի նմուշներ, կնքել փաստաթղթերի, դրամի և ապրանքանյութական արժեքների պահատեղերը,
բ) պահանջել և ստանալ պաշտոնատար ու նյութական պատասխանատու անձանցից տեղեկություններ և բացատրություններ իրավախախտման փաստի վերաբերյալ,
գ) պահանջել կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ,
դ) կասեցնել իրավախախտում թույլ տված անձանց գործողությունները.
6) ձերբակալել և արգելանքի տակ պահել հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով կատարել քրեադատավարական գործողություններ.
7) կատարել փորձաքննություններ՝ քրեական գործերով, ինչպես նաև գիտատեխնիկական հետազոտություններ՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նյութերով.
8) անհրաժեշտության դեպքում օգտվել կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող տրանսպորտի և կապի միջոցներից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ:
Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
Հոդված 21. | Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս |
Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ.
3) ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել.
4) ձերբակալել և համապատասխան հիմնարկներ հասցնել վարչական կալանքից, ինչպես նաև նշանակված բժշկական ու դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից խուսափող անձանց.
5) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից վերցնել ձերբակալման, անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը.
6) կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:
Հոդված 22. | Ոստիկանության իրավունքները հասարակական կարգը պահպանելիս |
Ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում՝
1) բժշկական հիմնարկներ կամ ներքին գործերի հատուկ ընդունիչ կայաններ հասցնել և մինչև սթափվելն այնտեղ պահել հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներ կամ կայաններ հասցնել և պահել նաև բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց.
2) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնել նրանց մնալու որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին՝ իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և հետախուզական գործողություններ կատարելու համար՝ այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:
Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև պետական և զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ.
3) մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ապահովել հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
Հոդված 23. | Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս |
Ոստիկանությունն իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, վերահսկողություն իրականացնել զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաև դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:
Անցկացնել զենքի զննություն՝ առևտրի, պահման և ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավել և օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը:
Ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնել իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում, խուզարկում և այդպիսի առարկաների առգրավում:
Հոդված 24. | Ոստիկանության իրավունքները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս |
Ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի՝
1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը.
2) արգելել տեխնիկապես անսարք և երթևեկության անվտանգությանն սպառնացող տրանսպորտային միջոցների շահագործումը.
3) վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.
4) տրանսպորտային միջոցները վարելուց մեկուսացնել այն անձանց, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու կամ դրանից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց՝ արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.
5) արգելանքի տակ դնել հետախուզման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները.
6) սահմանափակել կամ արգելել փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը, եթե ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներն ապահովված չեն.
7) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ:
Ոստիկանությունն իրավունք ունի նաև քաղաքացիներից քննություններ ընդունել և նրանց տալ ավտոտրանսպորտային միջոցներ վարելու ազգային և միջազգային վկայականներ:
Ոստիկանությունը սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված լիազորություններից օգտվում է նաև լիազորած մարմնի կողմից հատուկ միջոցառումներ իրականացնելիս:
Հոդված 25. | Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս |
Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի՝
1) ներքին գործերի մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ կատարել տարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով տրանսպորտային միջոցների զննություն, տարերային աղետների, համաճարակների ժամանակ, կարանտին միջոցառումներ անցկացնելիս կանխել անկարգությունները, տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքները խափանող գործողությունները.
2) օրենքով սահմանված կարգով և նախապես ներկայացնելով ծառայողական վկայականը՝
ա) բնական աղետների, վթարների, համաճարակների և զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների անձնական և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով անարգել մուտք գործել քաղաքացիների բնակարան կամ այլ շինություն, նրանց պատկանող հողամաս, կազմակերպությունների զբաղեցրած շինություն կամ տարածք, զննել դրանք,
բ) օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող տրանսպորտային միջոցները տարերային աղետի վայր հասնելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններ տեղափոխելու, հանցագործներին հետապնդելու, ինչպես նաև վթարի պատճառով վնասված տրանսպորտային միջոցները տեղափոխելու և դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանության անձնակազմին տագնապի ազդանշանով հավաքատեղի հասցնելու համար՝ անհրաժեշտության դեպքում հեռացնելով վարորդներին տրանսպորտային միջոցները վարելուց: Վերոնշյալ նպատակներով կարող են օգտագործվել նաև կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող կապի միջոցները:
Սույն կետում նշված դեպքերում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցներին պատճառած վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
Թվարկված նպատակների համար չեն կարող օգտագործվել հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները:
Հոդված 26. | Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս |
Ոստիկանությունն իրավունք ունի օրենքով նախատեսված հիմքերով և կարգով ձերբակալել և ոստիկանությունում պահել ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափող կամ ազատազրկման, կամ նախնական կալանքի, կամ ձերբակալվածներին պահելու վայրերից փախուստի դիմած անձանց՝ հետագայում նրանց համապատասխան մարմիններ և հիմնարկներ հանձնելու համար:
Հոդված 27. | Ոստիկանության իրավունքները զինծառայողների կատարած հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարելիս |
Ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալել հանցագործություն, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև՝ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող զինծառայողներին, հարուցել քրեական գործեր, կատարել անհետաձգելի քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հանձնել ըստ ենթակայության:
Հոդված 28. | Ոստիկանության իրավունքները քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց և զանգվածային լրատվության միջոցները հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ տարվող պայքարում ներգրավելով |
Ոստիկանությունն իրավունք ունի՝
1) քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից և կազմակերպություններից անհատույց ստանալ կոնկրետ հանցագործության հետ առնչվող տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար օրենքով սահմանված է հատուկ կարգ.
2) անհատույց օգտագործել պետությանը պատկանող զանգվածային լրատվության միջոցները՝ հանցագործության կամ այլ իրավախախտման հանգամանքների պարզաբանման, ինչպես նաև հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած և հետաքննությունից, նախաքննությունից, դատաքննությունից խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հայտնաբերելու համար.
3) ներգրավել քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, վերջիններիս համաձայնությամբ, հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը բացահայտելու, հանցագործին կամ իրավախախտողին ձերբակալելու գործում, այդ աշխատանքին օժանդակելու և կամովին ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար խրախուսել նրանց:
Գ Լ ՈՒ Խ IV
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 29. | Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները |
Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն է գործադրում սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Ոստիկանության աշխատակիցները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության աշխատակիցն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության աշխատակցի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
Ոստիկանության աշխատակիցը պարտավոր է նաև՝
1) ելնելով իրավախախտման բնույթից, արարքի և իրավախախտումը թույլ տված անձի՝ հանրության համար վտանգավորության, ինչպես նաև ցուցաբերվող անհնազանդության ու դիմադրության աստիճանից՝ ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ապահովել առաջին բուժօգնությամբ.
3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում հնարավոր սեղմ ժամկետում վերադասության կարգով տեղեկացնել ոստիկանության մարմին:
Ոստիկանության մարմինը պարտավոր է դեպքի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժողի մերձավոր հարազատներին և դատախազին:
Օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության աշխատակցի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 30. | Ֆիզիկական ուժի գործադրումը |
Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:
Հոդված 31. | Հատուկ միջոցների գործադրումը |
Ոստիկանության աշխատակիցներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն ոստիկանության տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրել՝
1) քաղաքացիների և ոստիկանության աշխատակցի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության աշխատակցին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց ոստիկանություն կամ ծառայողական այլ շինություն բերման ենթարկելիս, ձերբակալվածներին, կալանավորներին, այդ թվում՝ վարչական կալանքի տակ գտնվողներին փոխադրելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության աշխատակցին.
6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
7) տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս.
8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.
9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
Ոստիկանության աշխատակիցները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝
ա) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
բ) արցունքաբեր գազ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
գ) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,
դ) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ե) արգելանքներ քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
զ) տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում,
է) ջրանետեր և զրահամեքենաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում,
ը) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1- 4-րդ կետերով նախատեսված դեպքերում,
թ) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում,
ժ) ծառայողական շներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում:
Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), ինչպես նաև խաղաղ, առանց զենքի չարտոնված հավաքները, ժողովները, միտինգները, երթերը և շքերթները խափանելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի և կազմակերպությունների աշխատանքը:
Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
Հոդված 32. | Հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը |
Ոստիկանության աշխատակիցներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավունք ունեն հրազեն գործադրել՝
1) քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) ոստիկանության աշխատակցի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) պատանդներին ազատելիս.
4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
5) քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների, կազմակերպությունների զբաղեցրած տարածքների, ինչպես նաև ուղեկցող վերակարգի վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
6) հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:
Ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեն հրազեն օգտագործել՝
1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում ոստիկանության աշխատակցի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.
2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
3) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:
Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
Հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին ոստիկանության աշխատակիցը պարտավոր է դա գործադրելուց հետո անմիջապես զեկուցել վերադասության կարգով:
Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հրազենի կամ նրա զինամթերքի այնպիսի տեսակներ ընդունելը, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չարդարացված ռիսկի աղբյուր են:
Հոդված 33. | Ոստիկանության զինված աշխատակցի անձնական անվտանգության երաշխիքները |
Ոստիկանության զինված աշխատակիցն իրավունք ունի մերկացնել և մարտական վիճակի բերել հրազենը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է սույն օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ:
Մերկացրած հրազենով ձերբակալում կատարող ոստիկանության աշխատակցին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ ոստիկանության աշխատակցին իրավունք է տալիս առանց նախազգուշացման հրազեն գործադրել սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հոդված 34. | Ոստիկանության աշխատակցի անհատական պաշտպանության միջոցները |
Անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:
Գ Լ ՈՒ Խ V
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 35. | Ոստիկանության աշխատակիցը |
Ոստիկանության աշխատակից է համարվում Հայաստանի Հանրապետության այն պետական ծառայողը, որը ոստիկանությունում զբաղեցնում է որոշակի պաշտոն, ունի ոստիկանության հատուկ կոչում, ծառայողական երդում է տվել, լիազորված է իրականացնել ոստիկանության որոշակի պարտականություններ և ունի իրավունքներ:
Ոստիկանության հատուկ կոչումներն են՝
1. Շարքային կազմ՝
- ոստիկանության շարքային.
2. Կրտսեր հրամանատարական կազմ՝
- ոստիկանության կրտսեր սերժանտ,
- ոստիկանության սերժանտ,
- ոստիկանության ավագ սերժանտ,
- ոստիկանության ավագ,
- ոստիկանության ենթասպա,
- ոստիկանության ավագ ենթասպա.
3. Միջին հրամանատարական կազմ՝
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության կապիտան.
4. Ավագ հրամանատարական կազմ՝
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության փոխգնդապետ,
- ոստիկանության գնդապետ.
5. Բարձրագույն հրամանատարական կազմ՝
- ոստիկանության գեներալ-մայոր,
- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,
- ոստիկանության գեներալ-գնդապետ:
Ոստիկանության աշխատակիցները ներքին գործերի մարմիններում առաջին անգամ ծառայության անցնելուց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում, որի տեքստը սահմանվում է օրենքով:
Ոստիկանության աշխատակիցներին տրվում են իրենց լիազորությունները հավասող ծառայողական վկայականներ և անձնական համարներ:
Ոստիկանության աշխատակիցը համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո իրավունք ունի պահելու և կրելու հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ:
Ոստիկանության աշխատակցին անվճար տրվում է համազգեստ, որը կարող է ունենալ տարածքային կամ ծառայողական տարբերակման համար անհրաժեշտ տարբերանշաններ (թևկապի, կրծքանշանի կամ այլ ձևով): Համազգեստի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ոստիկանության աշխատակից չհամարվող անձի կողմից ոստիկանության աշխատակցի համազգեստի, ծառայողական վկայականի կամ հատուկ կրծքանշանի օգտագործումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Հոդված 36. | Ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունները և իրավունքները |
Ոստիկանության աշխատակիցները սույն օրենքով սահմանված պարտականությունները կատարում և իրավունքներից օգտվում են իրենց իրավասության սահմաններում և զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
Ոստիկանության աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են`
1) օգնություն ցույց տալ (այդ թվում՝ առաջին բժշկական օգնություն) հանցագործություններից, վարչական իրավախախտումներից և պատահարներից տուժած, ինչպես նաև անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին.
2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ներքին գործերի մարմին կամ ոստիկանության ստորաբաժանում:
Ոստիկանության աշխատակիցները սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պարտականությունները կատարելիս օգտվում են ոստիկանության համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից:
Հոդված 37. | Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը և պայմանները |
Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը և պայմանները սահմանվում են ներքին գործերի հանրապետական մարմնում ծառայություն անցնելու կարգին համապատասխան՝ օրենքով սահմանված կարգով:
Ոստիկանության աշխատակիցներն այլ պետություններում հասարակական կարգի պահպանության գործում կարող են ներգրավվել միայն կամավորության սկզբունքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ VI
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 38. | Ոստիկանության աշխատակցի իրավական ապահովության պետական երաշխիքները |
Ոստիկանության աշխատակիցը գործադիր իշխանության ներկայացուցիչ է և գտնվում է օրենքի ու պետության պաշտպանության ներքո:
Ոստիկանության աշխատակցի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության աշխատակցի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ոստիկանության աշխատակիցը պատասխանատվություն չի կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար:
Սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում գործող ոստիկանության աշխատակիցը ենթակա չէ պատասխանատվության՝ ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառած վնասի համար, եթե չեն խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Այդ վնասը հատուցվում է պետության հաշվին:
Ոստիկանության աշխատակցի գործունեության վրա տարածվում են օրենքով սահմանված անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, հիմնավորված ռիսկի և հրաման կամ կարգադրություն կատարելու կանոնները:
Ոստիկանության աշխատակիցն իր պարտականությունները կատարելիս ենթարկվում է միայն իր անմիջական և ուղղակի պետերին, և ոչ ոք իրավասու չէ միջամտելու նրա օրինական գործողություններին, բացի օրենքով ուղղակիորեն լիազորված անձանցից: Ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության աշխատակցին կատարելու այլ՝ սույն օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:
Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով, իսկ ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:
Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված ոստիկանության աշխատակիցները պահվում են առանձնացված կալանատներում և մեկուսարաններում:
Ոստիկանության բոլոր աշխատակիցները ենթակա են կյանքի պարտադիր պետական ապահովագրման՝ համապատասխան բյուջետային միջոցների հաշվին: Ոստիկանության աշխատակիցների ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 39. | Ոստիկանության աշխատակիցների սոցիալական ապահովության պետական երաշխիքները |
Ոստիկանության աշխատակիցների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Ոստիկանության աշխատակիցները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:
Գ Լ ՈՒ Խ VII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 40. | Ոստիկանության ֆինանսավորումը |
Ոստիկանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց՝ կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվող միջոցներից:
Հոդված 41. | Ոստիկանության նյութատեխնիկական ապահովումը |
Ոստիկանության նյութատեխնիկական ապահովումը, աշխատանքային, սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցներից:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 42. | Ոստիկանության գործունեության վերահսկողությունը |
Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է վերադասության կարգով և ներքին գործերի պետական կառավարման լիազորած մարմնի կողմից, իսկ գործունեության օրինականության նկատմամբ հսկողությունը՝ դատախազության մարմինների կողմից՝ օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտել ոստիկանության օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը:
Հոդված 43. | Ոստիկանության աշխատակցի պատասխանատվությունը |
Ոստիկանության աշխատակիցն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ոստիկանության աշխատակցի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
Ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով:
|
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|