Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-167
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2001-01.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.309
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, նրա գործունեության երաշխիքները և գործունեության դադարեցման պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 1.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ

 

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով:

Անհատ ձեռնարկատեր չի կարող գրանցվել սնանկ ճանաչված այն ֆիզիկական անձը, որը դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:

Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը պարտավոր է հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր:

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական գրանցման պահից և դադարում են այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը և նրա գործունեության դադարեցումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

Անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը կատարվում է անժամկետ, եթե նա իր դիմումի համաձայն ժամկետային գրանցում չի պահանջում:

Անհատ ձեռնարկատիրոջը տրվում է վկայական, որը նրա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ է:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

 

Անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը նրա բնակության վայրն է:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Անհատ ձեռնարկատերն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ:

Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:

Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

Անհատ ձեռնարկատերն ունի գույք` սեփականության իրավունքով, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Անհատ ձեռնարկատերն ունի քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի`

ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.

բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.

գ) լինել հավատարմագրային կառավարիչ.

դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.

ե) ունենալ կնիք, դրոշմակնիք և բանկում հաշվարկային հաշիվ.

զ) ունենալ վարձու աշխատողներ.

է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

 

Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ֆինանսական ցուցանիշը նրա ստացած եկամուտն է:

Անհատ ձեռնարկատերն օրենքով սահմանված կարգով վճարում է համապատասխան հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Անհատ ձեռնարկատերը չունի հաշվեկշիռ:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անհատ ձեռնարկատերը պարտավոր է`

ա) իր գործունեության ընթացքում պահպանել մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության մասին օրենսդրությամբ սահմանված պայմանները.

բ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ինքնասնանկության մասին հայցով դիմել դատարան.

գ) օրենքով սահմանված կարգով կրել այլ պարտականություններ:

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռներեցները համարվում են անհատ ձեռնարկատերեր, նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, և նրանք պարտավոր չեն վերագրանցվել:

Անհատ ձեռներեցն իրավունք ունի դիմել պետական գրանցող մարմին` անհատ ձեռնարկատիրոջ վկայական ստանալու համար, որի համար պետական տուրք կամ պարտադիր այլ վճար չի գանձվում:

Ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի դեկտեմբերի 27-ի «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 ապրիլի 2001 թ.
ՀՕ-167

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան