Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2020
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1075/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1075/02/17
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան  

Դատավորներ՝

Կ. Հակոբյան

 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

   

Տ. Պետրոսյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

   

Ն. Տավարացյան

                 

2020 թվականի մայիսի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ալֆա Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Սուարդի» ԲԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 67.200.000 ՀՀ դրամ` որպես 05.05.2014 թվականին կնքված բիզնեսի առաջխաղացման ծառայությունների մասին պայմանագրով 06.05.2014 թվականից մինչև 06.06.2016 թվականն ընկած ժամանակահատվածների համար մատուցված ծառայությունների դիմաց չվճարված գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Կազմակերպությունից բռնագանձել 56.620.000 ՀՀ դրամ` որպես 05.05.2014 թվականին կնքված բիզնեսի առաջխաղացման ծառայությունների մասին պայմանագրով չվճարված գումար: Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության` 10.380.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.11.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է. հայցը` բավարարված մասով, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, դատավոր Տ. Նազարյանի կողմից դատավոր Ս. Թորոսյանին փոխարինելու պարագայում, որոշում չի կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, և այն սահմանված կարգով չի ուղարկել դատավարության մասնակիցներին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքի քննությունը մակագրվել է Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր Ա. Սմբատյան, դատավորներ՝ Ս. Միքայելյան, Կ. Հակոբյան, սակայն բողոքը վարույթ է ընդունվել՝ նախագահող դատավոր Ա. Սմբատյան, դատավորներ՝ Ս. Թորոսյան, Կ. Հակոբյան կազմով: Հետագայում, սակայն, գործի քննության ընթացքում անհայտ պատճառներով դատական կազմում տեղի է ունեցել փոփոխություն և վերաքննիչ բողոքը քննվել է նախագահող դատավոր Ա. Սմբատյան, դատավորներ՝ Կ. Հակոբյան, Տ. Նազարյան կազմով:

 

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 447-րդ, 777-րդ և 779-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է մատուցել պայմանագրի 1.1 կետով սահմանված ծառայությունները, իսկ Կազմակերպությունը պարտավորվել է վճարել յուրաքանչյուր ամիս 2.800.000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր ամսվա համար: Ընդ որում, պարտավորությունը չի համարվել հանդիպական, քանզի 2.800.000 ՀՀ դրամ վճարումը պետք է կատարվեր ամեն դեպքում, անկախ նրանից, թե ամբողջությամբ և/կամ մասնակի մատուցվել է արդյոք պայմանագրի 1.1 կետով սահմանված ծառայությունը, թե` ոչ: Նման եզրահանգման գալու համար հիմք է հանդիսանում նաև պայմանագրի 2.1 կետով սահմանված պայմանն առ այն, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարողը պարբերաբար մատուցելու է իր ծառայությունները, իսկ պատվիրատուն կարող է չօգտագործել կատարողի կողմից առաջարկվող բոլոր գործարար հնարավորությունները, կողմերը համաձայնության են եկել հետևյալ վճարման կարգի մասին. պայմանագրի համաձայն` մատուցվող ծառայությունների համար պատվիրատուն վճարում է կատարողին ընթացիկ վարձատրություն, որը կազմում է 2.800.000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր ամսվա համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ չնայած Դատարանում ապացուցված է համարվել ծառայությունների մատուցված լինելու փաստը (ինչպես գրավոր ապացույցներով, այնպես էլ վկաների ցուցմունքներով), սակայն նշված հանգամանքը գործի լուծման համար որևէ էական նշանակություն չունի, քանզի պատասխանողն ըստ պայմանագրի ուներ սահմանված պարտականություն, այն է՝ յուրաքանչյուր ամիս վճարելու հայցվորին 2.800.000 ՀՀ դրամ, որը չի կատարել, իսկ պայմանագրով սահմանված չի եղել պարտավորության կատարման ծավալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից դատարան էին ներկայացվել թվով 4 վճարման հանձնարարականներ, որոնք վկայում են այն մասին, որ Կազմակերպությունն, ըստ էության, ընդունել է պարտավորության առկայությունը հայցվորի հանդեպ:

Վերաքննիչ դատարանն եզրահանգում է կատարել առ այն, որ «երկկողմանի ստորագրված ծառայությունների ընդունման ակտ ներկայացված չլինելու պայմաններում հայցվորի կողմից 05.05.2014 թվականի պայմանագրով նախատեսված Ծառայությունները մատուցված համարել չի կարելի», մինչդեռ վճարման եղանակը որևէ ձևով չի կարող պարտավորության բացակայության փաստարկ հանդիսանալ, քանի որ հանձնման-ընդունման ակտը հանդիսանում է ընդամենը պայմանագրային պարտավորությունը կատարելու համար նախատեսված միջանկյալ գործիք (եղանակ), սակայն ոչ երբեք պարտավորության առկայությունը կամ բացակայությունը որոշող փաստ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.04.2018 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` արդյունքում կայացնելով հիմնավոր և պատճառաբանված որոշում: Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման և դրա արդյունքի ընդունման համար կողմերը սահմանել են, որ կատարողը պարտավորվում է պարբերաբար ներկայացնել պատվիրատուին գրավոր հաշվետվություններ, որտեղ կնշվեն ուսումնասիրությունների արդյունքները և կատարողի կողմից առաջարկվող գործարար հնարավորությունները: Բացի այդ, կողմերը սահմանել են նաև, որ վարձատրությունը վճարվում է կատարողին ամսական պարբերականությամբ` տվյալ ամսվա համար երկկողմանի ստորագրված ծառայությունների ընդունման ակտի հիման վրա: Տվյալ դեպքում կողմերի կամքի ազատությամբ կնքված պայմանագրով սահմանված կարգով չի կատարվել որևէ գործողություն, չի ներկայացվել որևէ գրավոր հաշվետվություն, առհասարակ որևէ ծառայություն չի մատուցվել, հետևաբար խոսք չի կարող գնալ ծառայությունների պատշաճ մատուցման մասին, որպիսիք պետք է հաստատվեին գրավոր հաշվետվություններով, հանձնման-ընդունման ակտերով, ինչը չի կատարվել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կազմի փոփոխությանը, ապա հարկ է նշել, որ գործը քննվել է օրինական կազմով և առկա չէ որևէ հիմք Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 28.11.2017 թվականի վճռի դեմ Կազմակերպության կողմից 28.12.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ` Ս. Թորոսյան, Կ. Հակոբյան, վարույթ է ընդունվել 22.01.2018 թվականին, և գործի քննության օր է նշանակվել 19.04.2018 թվականը (հատոր 3-րդ, գ.թ. 51).

2) Վերաքննիչ դատարանի 22.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը սահմանված կարգով ուղարկվել է գործին մասնակցող անձանց (հատոր 3-րդ, գ.թ. 52-61).

3) Սույն գործով վերաքննության փուլում նախագահող դատավոր Ա. Սմբատյանը 19.04.2018 թվականին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին` դատական կազմում ընդգրկված դատավոր Ս. Թորոսյանին փոխարինելու խնդրանքով, ինչը բավարարվել է: Դատական կազմում ընդգրկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տ. Նազարյանը (հատոր 3-րդ, գ.թ. 62-63).

4) Դատարանի 28.11.2017 թվականի վճռի դեմ Կազմակերպության կողմից 28.12.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ` Տ. Նազարյան, Կ. Հակոբյան, վարույթ է ընդունվել 19.04.2018 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 64).

5) Վերաքննիչ դատարանի 19.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը սահմանված կարգով գործին մասնակցող անձանց ուղարկված լինելու մասին ապացույց սույն գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Վերաքննիչ դատարանը պարտավոր է դատարանի կազմում փոփոխություն կատարելու և գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկել դատավարության մասնակիցներին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

Նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև նույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց, բացի սույն օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումների դեմ բերված բողոքները վարույթ ընդունելու որոշումներից, որոնց դեմ բողոք ներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է միայն բողոք բերող անձին:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Կազմակերպության կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքը 17.01.2018 թվականին համակարգչային ծրագրի միջոցով մակագրվել է նախագահող դատավոր Ա. Սմբատյան, դատավորներ Ս. Միքայելյան, Կ. Հակոբյան դատական կազմին: 18.01.2018 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակի պետի զեկուցագրի համաձայն դատավոր Ս. Միքայելյանը 16.01.2018 թվականից գտնվում է ամենամյա հերթական արձակուրդում, ուստի վերոգրյալ դատական կազմը համալրված չէ երրորդ դատավորով: Գործի հետագա ընթացքը ապահովելու համար գրասենյակի պետը Վերաքննիչ դատարանի նախագահին խնդրել է կատարել վերամակագրություն: Ըստ 18.01.2018 թվականի մակագրության թերթիկի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը սույն գործը վերամակագրել է նախագահող դատավոր Ա. Սմբատյան, դատավորներ Կ. Հակոբյան, Ս. Թորոսյան դատական կազմին:

Վերաքննիչ դատարանի 22.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստորագրվել և կնքվել է նախագահող դատավոր Ա. Սմբատյան, դատավորներ Կ. Հակոբյան, Ս. Թորոսյան դատական կազմով, տվյալ որոշումն ուղարկվել է դատավարության մասնակիցներին:

Սույն գործով նախագահող դատավոր Ա. Սմբատյանի 19.04.2018 թվականի զեկուցագրի համաձայն դատական կազմում Ս. Թորոսյանը թիվ ԿԴ1/1075/02/17 քաղաքացիական գործի քննությանը մասնակցել չի կարող` այլ քաղաքացիական գործով զբաղված լինելու պատճառով, ուստի խնդրել է տվյալ քաղաքացիական գործով դատական կազմում ընդգրկել դատավոր Տ. Նազարյանին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնակատարը սույն գործը վերամակագրել է հետևյալ դատական կազմին` նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ Կ. Հակոբյան, Տ. Նազարյան:

Վերաքննիչ դատարանի դատական կազմում կատարվել է փոփոխություն և 19.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Դատարանի 28.11.2017 թվականի վճռի դեմ Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը նախագահող դատավոր Ա. Սմբատյան, դատավորներ Կ. Հակոբյան, Տ. Նազարյան դատական կազմով ընդունվել է վարույթ: Նշված որոշումը սահմանված կարգով գործին մասնակցող անձանց ուղարկված լինելու մասին ապացույց սույն գործում առկա չէ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի բողոքարկման իրավունքն արդար դատաքննության իրավունքի ապահովման կարևորագույն երաշխիք է: Վերադաս դատարան դիմելը կամ դատական ակտը բողոքարկելը դատական պաշտպանության իրավունքի իրականացման ձևեր են, արդար դատաքննության իրավունքի ապահովման միջոցներ, որոնք ուղղված են քաղաքացիական շրջանառության մասնակիցների օրինական և հիմնավորված պահանջների բավարարմանը, իրավունքների հարկադիր պաշտպանությանը: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի դատական կազմում կատարվել է փոփոխություն և Վերաքննիչ դատարանը նոր կազմով վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, սակայն չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասը և օրենքով սահմանված ժամկետում «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը չի ուղարկել դատավարության մասնակիցներին: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ապահովելու անձի արդար դատաքննության իրավունքը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից փոփոխված դատական կազմով գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կողմին չուղարկելով` խախտվել է վերջինիս արդար դատաքննության իրավունքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր դատական կազմի մասին դատավարության մասնակիցը տեղեկացված չի եղել և հետևաբար չէր կարող իրականացնել իր դատավարական իրավունքը, օրինակ` ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նոր դատական կազմին:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, դատավարության մասնակիցներին չուղարկելով «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը, թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի նորմերի նման եղանակով խախտման պայմաններում այն չի կարող լինել քննության առարկա:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը` կապված Վերաքննիչ դատարանի դատական կազմի փոփոխության հետ, հերքվում է վերը նշված պատճառաբանությամբ, իսկ ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանի մյուս հիմքերին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ վճռաբեկ բողոքի մյուս հիմքին ևս սույն դատական ակտով չի անդրադարձել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարը գերազանցում է օրենքով սահմանված բազային տուրքի հազարապատիկը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքը` 698.600 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

«Ալֆա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից օրենսդրությամբ պահանջվող պետական տուրքի չափից ավելի՝ 698.600 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

  Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան