ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 143-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԽԵՄԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ» ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել «ԻՍՕ 20022 «Ֆինանսական ծառայություններ-հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» միջազգային ստանդարտի ներդրման և կիրառման հետ կապված Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ներկայացվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մոտեցումները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետը, 5-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը և 111-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ, 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հաստատել ««Ստանդարտացված հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» մեթոդաբանության ներդրման և կիրառման հետ կապված՝ Կենտրոնական բանկի նվազագույն պահանջները ֆինանսական շուկայի մասնակիցների համար»` համաձայն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
2020 թ. սեպտեմբերի 1 Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի օգոստոսի 28-ի թիվ 143-Ն որոշման |
««ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԽԵՄԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ» ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հավելվածով սահմանվում են ֆինանսական կազմակերպությունների կողմից շահագործվող համակարգերում ԻՍՕ 20022 «ֆինանսական ծառայություններ-հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» միջազգային ստանդարտի (ISO 20022 «Financial services-universal financial Industry message scheme») ներդրման և կիրառման վերաբերյալ նվազագույն պահանջները:
2. Սույն հավելվածում, ըստ ֆինանսական ոլորտների, ներկայացված են Ֆինանսական կազմակերպությունների կողմից շահագործվող համակարգերում ԻՍՕ 20022 ստանդարտով սահմանված հաղորդագրությունների, ինչպես նաև գործարար գործընթացների (business process) կիրառման հետ կապված հիմնական սկզբունքները։
Գլուխ 2. Հիմնական հասկացություններ
3. Ստորև նշված հասկացությունները սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ՝
1) Բանկ՝ իրավաբանական անձ, որն իրավունք ունի «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
2) Ֆինանսական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և (կամ) գրանցվող և (կամ) վերահսկվող կազմակերպություն։
3) ԻՍՕ 20022 ստանդարտ (այսուհետ՝ Ստանդարտ)՝ ԻՍՕ 20022 «ֆինանսական ծառայություններ-հաղորդագրությունների համընդհանուր սխեմա ֆինանսական համակարգի համար» միջազգային ստանդարտը (ISO 20022 «Financial services - universal financial Industry message scheme»)։ ԻՍՕ 20022 միջազգային ստանդարտով հաղորդագրությունների վերաբերյալ փաստաթղթերը հասանելի են www.iso20022.org կայքի միջոցով։
4) Ֆինանսական ոլորտ` ԻՍՕ 20022 ստանդարտի համաձայն դասակարգված ոլորտներ (բնագավառներ), ընդ որում՝ յուրաքանչյուր ոլորտում կիրառման համար Ստանդարտով սահմանվում են համապատասխան հաղորդագրություններ։
5) Համակարգի օպերատոր՝ կիրառվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված վճարահաշվարկային համակարգի օպերատոր իմաստով։
6) Կարգավորվող շուկայի օպերատոր, Կենտրոնական դեպոզիտարիա` կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված իմաստով։
7) Կոմպիլյատոր` տեխնիկածրագրային միջոց, որը կապահովի ուղարկվող և ստացվող հաղորդագրությունների ավտոմատ վերափոխումը մի ձևաչափից մյուսին (այսինքն՝ համակարգում կիրառվող ՀՏ (MT)-ձևաչափից դեպի ԻՍՕ 20022 ստանդարտի հաղորդագրությունների, ինչպես նաև ԻՍՕ 20022 ստանդարտից դեպի ՀՏ (MT)- ձևաչափի):
8) Ծրագրային միջոցների գործիքակազմ՝ ֆինանսական հաղորդագրությունների մշակման և ուղեկցման նպատակով կիրառվող համապատասխան ծրագրային միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, ՍՎԻՖՏ-ի «Մայ-Ստանդարտ» (MyStandart (SWIFT)), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնի «Նաուտիլուս» (Центр информационных технологий (ЦИТ) «Наутилус») և այլ ծրագրային միջոցները։
Գլուխ 3. Նվազագույն պահանջներ
4. Ստանդարտով սահմանված հաղորդագրությունների և գործարար գործընթացների կիրառումը տարածվում է Ֆինանսական կազմակերպության կողմից սույն կետում նշված ֆինանսական ոլորտներում համապատասխան գործառնությունների իրականացման նպատակով շահագործվող համակարգերում տեղեկատվության փոխանցման գործընթացների նկատմամբ։ Մասնավորապես.
1) Վճարումների իրականացման և վերջնահաշվարկի ապահովման համակարգերում,
2) Արժեթղթերով գործառնությունների իրականացման համակարգերում,
3) Ֆինանսական շուկայում առևտրային գործառնությունների իրականացման համակարգերում, այդ թվում՝ բորսայական հարթակներում,
4) Արտարժույթի փոխանակման գործառնությունների իրականացման համակարգերում,
5) Վճարային քարտերով գործառնությունների կատարման համակարգերում,
6) Հաշիվների կառավարման հետ կապված գործընթացներում,
7) Այլ ոլորտներ, որոնք ըստ ստանդարտի կարող են տարանջատվել և դրանցում կիրառման համար սահմանվել համապատասխան հաղորդագրություններ:
5. ԻՍՕ 20022 ստանդարտի հաղորդագրությունների ներդրման և կիրառման (այսուհետ նաև՝ կիրառում) հետ կապված, ըստ յուրաքանչյուր ֆինանսական ոլորտի, Կենտրոնական բանկի կողմից սահմանվում են հետևյալ ընդհանուր մոտեցումները.
1) Համակարգի օպերատորի և (կամ) Ֆինանսական կազմակերպության կողմից շահագործվող համակարգում Ստանդարտի ներդրումը և կիրառումը պետք է դիտարկվի և հանդիսանա (այդ համակարգի) զարգացման առարկա:
2) Ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև Կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան գործառնությունների իրականացման նպատակով իրենց կողմից կիրառվող համակարգերում ապահովում են Ստանդարտով սահմանված պահանջների, հաղորդագրությունների ներդրումը և կիրառումը՝ պահպանելով հետևյալ պահանջները.
ա. Եթե Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են առանձնահատուկ պահանջներ՝ սույն հավելվածի 4-րդ կետով նշված համապատասխան ոլորտում, գործառնությունների իրականացման համար շահագործվող համակարգերում Ստանդարտը կիրառելու վերաբերյալ, ապա այդ պահանջները պետք է կիրառվեն այդ համակարգերի բոլոր մասնակիցների կողմից:
բ. Եթե Կենտրոնական բանկի կողմից չեն սահմանվել առանձնահատուկ պահանջներ՝ սույն հավելվածի 4-րդ կետով նշված համապատասխան ոլորտում, գործառնությունների իրականացման համար շահագործվող համակարգերում Ստանդարտը կիրառելու վերաբերյալ, ապա յուրաքանչյուր համակարգի օպերատոր կարող է ինքնուրույն նախաձեռնել և ներդնել ստանդարտի պահանջները՝ իր կողմից շահագործվող համակարգերում, այդ թվում՝ նոր ներդրվող և նախագծվող համակարգերում:
3) Յուրաքանչյուր համակարգի օպերատոր կամ ֆինանսական կազմակերպություն իր կողմից շահագործվող սեփական համակարգերում ԻՍՕ 20022 ստանդարտի ներդրումը իրականացնում է համաձայն Ստանդարտով սահմանված գործարար գործընթացների, սխեմաների, հաղորդագրությունների նկատմամբ առկա պահանջների: Սակայն համակարգի օպերատորի կամ ֆինանսական կազմակերպության կողմից ընտրված Ստանդարտի մոտեցումները, մասնավորապես՝ սխեմաները, հաղորդագրությունները, գործարար գործընթացները և այլն, չպետք է հակասեն համապատասխան համակարգում կիրառման համար Կենտրոնական բանկի կողմից նշված Ստանդարտի սխեմաներին, հաղորդագրություններին, որոնք սահմանվել են համապատասխան գործառույթը ստանդարտով իրականացնելու համար:
4) Համակարգի օպերատորը իր կողմից շահագործվող համակարգում Ստանդարտը ներդնելու հետ կապված գործընթացներ նախաձեռնելու դեպքում պետք է.
ա. Համագործակցի իր համակարգի մասնակից ֆինանսական կազմակերպությունների հետ, մշակի և վերջիններիս ներկայացնի այդ աշխատանքների իրականացման վերաբերյալ համապատասխան միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Մասնակիցներին նախապես տրամադրի Ստանդարտի համապատասխան այն հաղորդագրությունների նկարագրությունը, որոնք կիրառվելու են:
բ. Համագործակցի տվյալ համակարգով կատարվող գործառնությունների դիմաց վերջնահաշվարկն իրականացնող հաշվարկային բանկի հետ:
գ. Համակարգի անդամակցության մասին պայմանագրերով և/կամ Համակարգի կանոններով հստակ սահմանի տվյալ համակարգում կիրառվող Ստանդարտի հաղորդագրությունները:
5) Համակարգի օպերատորի կողմից շահագործվող համակարգում Ստանդարտի ներդրման ժամանակ, այդ համակարգին անդամակցող յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն, պետք է.
ա. Ապահովի Ստանդարտով սահմանված հաղորդագրությունների մշակման՝ ուղարկման և ստացման հնարավորությունը, այդ ֆինանսական կազմակերպության համապատասխան համակարգերում, եթե դրանք փոխկապված են համակարգի օպերատորի կողմից շահագործվող համակարգին, որում ներդրվում է Ստանդարտի հնարավորությունը:
բ. Սահմանված ժամկետներում ապահովի` ստանդարտի հաղորդագրությունները մշակելու համար անհրաժեշտ գործընթացների և տեխնիկածրագրային փոփոխությունների կատարումը։ Դրանք պետք է համապատասխանեն ստանդարտի հաղորդագրություններին անցում կատարելու նպատակով Համակարգի օպերատորի կողմից սահմանված մոտեցումներին։
գ. Ստանդարտի հաղորդագրությունների կիրառման համար՝ ապահովի դրանց ձևավորման պահանջներին համապատասխան տվյալների հավաքագրումը և լրացումը:
6) Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն, այդ թվում՝ համապատասխան համակարգի մասնակիցը, Ստանդարտի կիրառումը ապահովելու նպատակով, իր կողմից շահագործվող համակարգերում, այդ թվում՝ «գործառնական օր» համակարգում ծրագրային փոփոխությունների արդյունքում՝ Ստանդարտի հաղորդագրությունների մշակումը իրականացնելու է առանց կոմպիլյատորների կիրառման, եթե Ստանդարտի համապատասխան հաղորդագրության մշակման գործընթացում կոմպիլյատորի կիրառման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից չի սահմանվել բացառություն։
7) Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն կարող է կամավոր իրականացնել Ստանդարտի պահանջների կիրառումը այդ կազմակերպության կողմից շահագործվող սեփական համակարգերում, այդ թվում՝ «գործառնական օր» համակարգում, եթե դրանք փոխկապված չեն Համակարգի օպերատորի համակարգում Ստանդարտի ներդրմամբ կատարվող փոփոխությունների հետ:
8) Կենտրոնական բանկի կողմից ցանկացած համակարգում համապատասխան գործառույթի իրականացման նպատակով Ստանդարտի որևէ հաղորդագրության կիրառման պահանջ սահմանելու դեպքում տվյալ համակարգի մասնակիցների համար Ստանդարտի այդ հաղորդագրության մշակման հնարավորության ապահովումը և կիրառումը հանդիսանում են պարտադիր պայման:
9) Համակարգի օպերատորի համար սահմանված մոտեցումները տարածվում են նաև Կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ:
10) Այն դեպքում, երբ Համակարգի օպերատորի կողմից Ստանդարտի հաղորդագրությունների ներդրման գործընթացներում առաջանում է պարզաբանման անհրաժեշտություն, ապա Համակարգի օպերատորը կարող է դիմել Կենտրոնական բանկ, ինչպես նաև օգտվել Ստանդարտի պաշտոնական կայքի (www.iso20022.org) փաստաթղթերից:
6. Համապատասխան համակարգում Ստանդարտի հաղորդագրություններին անցում կատարելու՝ միգրացիայի, գործընթացի իրականացման համար, համապատասխան եղանակի ընտրությունը, ըստ ստանդարտով նշված եղանակների՝ Մեծ անցում (Big Bang), Միգրացիա (Migration), Փուլային միգրացիա (Phased migration), իրականացվում է Համակարգի օպերատորի կողմից, այդ համակարգի կանոններով սահմանված կարգով։
7. Դրամական միջոցներով վճարումների իրականացման և վերջնահաշվարկի ապահովման համակարգերում Ստանդարտի հաղորդագրությունների ներդրման և կիրառման հետ կապված՝ սահմանվում են հետևյալ առանձնահատուկ պահանջները.
1) Կենտրոնական բանկի Էլեկտրոնային վճարումների համակարգում (այսուհետ՝ ԷՎՀ), որպես ԷՎՀ-ի օպերատոր, ներդրվելու են Ստանդարտի հաղորդագրությունները, ընդ որում.
ա. ԷՎՀ–ում առաջին փուլով ներդրվելու են կրեդիտային փոխանցումների իրականացման համար անհրաժեշտ հաղորդագրությունները: Այս գործընթացի ավարտից հետո, երկրորդ փուլով, համակարգով նոր ծառայությունների մատուցման դեպքում, մասնավորապես՝ դեբետային փոխանցումների ապահովման համար, կիրառվելու են ստանդարտով սահմանված հաղորդագրությունները:
բ. ԷՎՀ-ով մասնակիցների միջև իրականացվող կրեդիտային փոխանցումների գործընթացում, այդ թվում՝ նաև կողմերին հաստատումների տրամադրման գործընթացում, կիրառվելու են Համակարգի օպերատորի կողմից սահմանված Ստանդարտի հաղորդագրությունները, մասնավորապես.
բ1. ԷՎՀ-ով մասնակիցների կողմից իրականացվող ցանկացած միջբանկային վճարում, այդ թվում` ԷՎՀ-ին Հարակից համակարգերի օպերատորների կողմից ուղարկվող/ստացվող վճարումը:
բ2. ԷՎՀ-ով գանձապետարանի կողմից կատարվող վճարումները, ստացումները:
բ3. Կենտրոնական բանկի կողմից՝ որպես հաշվարկային բանկ, ԷՎՀ-ով հաշվարկների կատարումից հետո Շահառու հանդիսացող կողմին՝ որպես համակարգի մասնակից, ուղարկվող ցանկացած վճարում:
բ4. ԷՎՀ-ի միջոցով Հարակից համակարգերի վերջնահաշվարկի ապահովման նպատակով զուտ դիրքերի ներկայացումը:
բ5. ԷՎՀ-ի միջոցով հաշվարկների իրականացումից հետո, համապատասխան կողմերին հաստատումների տրամադրումը:
բ6. ԷՎՀ-ով իրականացված վճարումը հետ կանչելու գործընթացի ապահովումը:
բ7. Ստանդարտի այլ հաղորդագրություններ, որոնք Համակարգի օպերատորի կողմից կսահմանվեն կիրառման համար:
գ. Կենտրոնական բանկի կողմից՝ որպես ԷՎՀ-ի օպերատոր, Համակարգի անդամակցության պայմանագրերով և ԷՎՀ կանոններով կարող են լրացուցիչ սահմանվել ԷՎՀ-ում Ստանդարտի համապատասխան հաղորդագրությունների կիրառման վերաբերյալ պահանջները:
դ. ԷՎՀ բոլոր մասնակիցները, որոնք կնքել են ԷՎՀ անդամակցության վերաբերյալ պայմանագիր, պետք է ապահովեն ԷՎՀ-ում կիրառման համար Համակարգի օպերատորի կողմից սահմանված Ստանդարտի հաղորդագրությունների մշակման հնարավորությունը, այդ թվում՝ ուղարկումը և ստացումը:
ե. ԷՎՀ բոլոր մասնակիցները Ստանդարտի հաղորդագրություններով փոխանցումների իրականացման ժամանակ պետք է ապահովեն Համակարգի օպերատորի կողմից այդ հաղորդագրությունների ձևավորման համար սահմանված պահանջների կատարումը, դրանց լրացման hամար անհրաժեշտ տվյալների հավաքագրումը:
զ. Կենտրոնական բանկի ԷՎՀ-ում Ստանդարտի հաղորդագրությունների կիրառումն իրականացվելու է այդ համակարգի զարգացման և նոր տարբերակի ներդրման շրջանակներում:
2) ՍՎԻՖՏ համակարգով, դրամական փոխանցումների իրականացման նպատակով, ՍՎԻՖՏ-ին անդամակցող Ֆինանսական կազմակերպությունները, Կենտրոնական բանկը պետք է ապահովեն ՍՎԻՖՏ-ի կողմից այդ փոխանցումների գործընթացում կիրառման համար սահմանված Ստանդարտի համապատասխան հաղորդագրությունների ներդրումը։ Ընդ որում.
ա. Կենտրոնական բանկն ապահովելու է իր հաճախորդների սպասարկման հետ կապված միջազգային դրամական փոխանցումների իրականացման նպատակով ՍՎԻՖՏ-ի կողմից կիրառման համար սահմանված Ստանդարտի հաղորդագրությունների ընդունման, մշակման և ձևավորման գործընթացները՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից կատարվող գործառնությունները:
բ. ՍՎԻՖՏ-ին անդամակցող Ֆինանսական կազմակերպությունները պետք է ապահովեն Ստանդարտի հաղորդագրությունների կիրառմամբ միջազգային փոխանցումների իրականացումը ՍՎԻՖՏ-ի կողմից պլանավորվող Ստանդարտի ներդրման ժամանակահատվածում:
գ. Կենտրոնական բանկը իրականացնում է ՍՎԻՖՏ-ին անդամակցող Ֆինանսական կազմակերպությունների կողմից շահագործվող համապատասխան համակարգերում, այդ թվում՝ «գործառնական օր» համակարգում, փոփոխությունների կատարման գործընթացի վերահսկում, որոնք կապված են ՍՎԻՖՏ-ի կողմից Ստանդարտի հաղորդագրությունների ներդրման աշխատանքների հետ:
3) Կենտրոնական բանկի կողմից լիզենզավորված ֆինանսական կազմակերպությունը, որը հանդիսանում է «Առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման համակարգի» օպերատոր, իրավասու է ինքնուրույն որոշել և նախաձեռնել Ստանդարտի հաղորդագրությունների ներդրումը և կիրառումը՝ իր կողմից շահագործվող՝ առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման համակարգում: Այն դեպքում, երբ այս ֆինանսական կազմակերպությունը հանդիսանում է ԷՎՀ-ի մասնակից, ապա պետք է ապահովի ԷՎՀ-ում ստանդարտի հաղորդագրությունների կիրառման հետ կապված պահանջների կատարումը:
8. Արժեթղթերով գործառնությունների իրականացման համակարգերում Ստանդարտի ներդրման հետ կապված՝ սահմանվում են հետևյալ առանձնահատուկ պահանջները.
1) Կենտրոնական բանկի «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում» Ստանդարտի հաղորդագրությունների ներդրումն իրականացվելու է միայն այդ համակարգի զարգացման և նոր տարբերակի մշակման դեպքում:
2) «Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման միասնական համակարգի» օպերատորը իր կողմից շահագործվող համակարգերում կարող է ինքնուրույն նախաձեռնել և ներդնել Ստանդարտի հաղորդագրությունների կիրառումը: Սակայն վերջինիս կողմից ձեռք բերվող նոր համակարգերում պետք է ապահովված լինի Ստանդարտի հաղորդագրությունների կիրառումը:
9. Սույն կետում նշված Ֆինանսական ոլորտներում շահագործվող համակարգերում գործառնությունների կատարման նպատակով Ստանդարտով սահմանված հաղորդագրությունների կիրառման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից առանձնահատուկ պահանջներ չեն սահմանվում. Մասնավորապես՝
1) Ֆինանսական շուկայում առևտրային գործառնությունների իրականացման համակարգերում, այդ թվում՝ բորսայական հարթակներում։
2) Արտարժույթի փոխանակման գործառնությունների իրականացման համակարգերում։
3) Վճարային քարտերով գործառնությունների կատարման համակարգերում։
10. Էլեկտրոնային փողի սպասարկում իրականացնող համակարգերում գործառնությունների կատարման նպատակով Ստանդարտով սահմանված համապատասխան հաղորդագրությունների ներդրման վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից առանձնահատուկ պահանջներ չեն սահմանվում:
11. Հաշիվների կառավարման հետ կապված գործընթացների, այդ թվում՝ հաշվից քաղվածքների տրամադրման, գործարքի մասին հաստատումների տրամադրման և այլ գործընթացների ապահովման նպատակով, Ստանդարտով կիրառվող հաղորդագրությունների ներդրման հետ կապված՝ Ֆինանսական կազմակերպությունների համար սահմանվում են հետևյալ առանձնահատուկ պահանջները.
1) Վճարումների իրականացման և վերջնահաշվարկի ապահովման համակարգերում Ստանդարտի ներդրման հետ կապված՝ սույն հավելվածով սահմանված մոտեցումները տարածվում են նաև այդ համակարգերում դրամական հաշիվների կառավարման գործընթացների ժամանակ Ստանդարտի հաղորդագրությունների ներդրման և կիրառման նկատմամբ:
2) Արժեթղթերով գործառնությունների իրականացման համակարգերում Ստանդարտի ներդրման հետ կապված՝ սույն հավելվածով սահմանված պահանջներն ու առանձնահատկությունները տարածվում են նաև այդ համակարգերում արժեթղթերի հաշիվների, այդ թվում՝ դեպո հաշիվների կառավարման գործընթացների ժամանակ Ստանդարտի հաղորդագրությունների ներդրման և կիրառման նկատմամբ:
12. ԻՍՕ 20022 ստանդարտի հաղորդագրությունների կիրառման հետ կապված՝ չի պահանջվում ֆինանսական կազմակերպության կողմից շահագործվող համակարգերում նախապես, այդ թվում՝ պարտադիր կերպով, անցում կատարել և ապահովել բանկային հաշվեհամարների կառուցվածքի վերաբերյալ ԻՍՕ 13616:2007-«Միջազգային բանկային հաշվեհամար» (այսուհետ՝ ԻԲԱՆ) ստանդարտի (ISO 13616:2007 – «International Bank Account Number») ներդրումը և կիրառումը: ԻԲԱՆ-ի հետ կապված ստանդարտի ներդրումը համակարգերում դիտարկվում է որպես առանձին գործընթաց:
13. Առևտրային բանկերի և Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող հեռահար սպասարկման համակարգերով ծառայությունների մատուցման գործընթացում՝ «Հաճախորդ-Ֆինանսական կազմակերպություն» հարաբերություններում, Ստանդարտի հաղորդագրությունների ներդրման և կիրառման հետ կապված սահմանվում են հետևյալ մոտեցումները.
1) յուրաքանչյուր բանկ կարող է ինքնուրույն նախաձեռնել և ներդնել Ստանդարտի պահանջները՝ բանկի կողմից հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով շահագործվող էլեկտրոնային համակարգերում: Մասնավորապես.
ա. Հաճախորդից էլեկտրոնային եղանակով վճարման հանձնարարականի ընդունման համար կիրառվող ստանդարտի հաղորդագրությունները,
բ. Հաճախորդի կողմից վճարումը հետ կանչելու (չեղարկելու) համար կիրառվող ստանդարտի հաղորդագրությունները,
գ. Հաշիվների կառավարման գործընթացում կիրառվող հաղորդագրությունների ներդրումը, այդ թվում՝ ըստ ստանդարտի,
գ1. Հաճախորդին տրամադրվող էլեկտրոնային քաղվածքի նկատմամբ ներկայացվող պահանջների ապահովումը,
գ2. Հաճախորդին տրվող Էլեկտրոնային հաստատումների կիրառումը։
2) Հեռահար սպասարկման համակարգերով վճարումների ընդունման գործընթացի վերաբերյալ սահմանված պահանջները վերաբերում են նաև Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից վճարումների ընդունման համար շահագործվող էլեկտրոնային համակարգերում կիրառվող գործընթացներին, որոնք պետք է ապահովեն սույն հավելվածով սահմանված պահանջները:
3) Բանկերի և Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող հաճախորդների սպասարկման համակարգերում Ստանդարտով սահմանված հաղորդագրությունների ներդրման և կիրառման հետ կապված՝ Կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել վերջնաժամկետ, որից հետո Բանկերը և Վճարահաշվարկային կազմակերպությունները այդ էլեկտրոնային համակարգերում պարտադիր պետք է կիրառեն Ստանդարտի հաղորդագրությունները:
14. ԻՍՕ 20022 ստանդարտով սահմանված ֆինանսական հաղորդագրությունների մշակման՝ ուղարկման, ստացման հետ կապված՝ Համակարգի օպերատորի, ֆինանսական կազմակերպությունների կողմից անվտանգության պահանջների վերաբերյալ սահմանվում են հետևյալ մոտեցումները.
1) Ստանդարտով սահմանված հաղորդագրություններում էլեկտրոնային ստորագրության կիրառման վերաբերյալ Կենտրոնական բանկի պահանջները պարտադիր պետք է ապահովվեն Համակարգի օպերատորի, մասնակիցների կողմից:
2) Ստանդարտի համաձայն` «Գործարար գործընթացի գլխագիր» (BAH- business application header) հաղորդագրության նկատմամբ սահմանված պահանջների ներդրումը և կիրառումը համապատասխան համակարգում իրականացվում են այդ համակարգի օպերատորի կողմից սահմանված համակարգի կանոններով:
3) Կենտրոնական բանկի կողմից կարող են սահմանվել ֆինանսական կազմակերպությունների կողմից շահագործվող համակարգերում Ստանդարտի հաղորդագրությունների կիրառման հետ կապված անվտանգության պահանջներ։
15. Ֆինանսական կազմակերպությունը պետք է ապահովի շահագործվող համակարգում Ստանդարտով սահմանված հաղորդագրությունների միջոցով փոխանցվող տվյալների արտաքին արտապատկերման և արտատպման հնարավորությունը, մասնավորապես՝ համակարգչի էկրանին, թղթային տեսքով, էլեկտրոնային տեսքով և վճարային փաստաթղթերին բնորոշ համապատասխան այլ ձևաչափով, որը պետք է լինի ընթեռնելի:
16. Յուրաքանչյուրը՝ Համակարգի օպերատոր, Ֆինանսական կազմակերպություն, կարող է իր համար ապահովել ԻՍՕ 20022 ստանդարտով սահմանված ֆինանսական հաղորդագրությունների մշակման և ուղեկցման նպատակով կիրառվող և անհրաժեշտ համապատասխան ծրագրային միջոցների` գործիքակազմի ընտրությունը և դրանց կիրառումը:
17. Ստանդարտի ներդրման գործընթացում կարևոր է ապահովել նաև Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների հետ համագործակցությունը, որոնց կողմից շահագործվող համակարգերը կարող են փոխկապված լինել Կենտրոնական բանկի, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից շահագործվող համակարգերի հետ: Այդ նպատակով համակարգի օպերատորի կողմից ԻՍՕ 20022 ստանդարտի հաղորդագրությունների ներդրման գործընթացների վերաբերյալ պետք է տեղեկացվեն նաև վերջինիս համակարգերին փոխկապված համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես.
1) ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ կապված դրամական վճարումների, ինչպես նաև արժեթղթերով գործառնությունների գործընթացների ապահովման հետ։
2) Պետական եկամուտների կոմիտեն՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից հարկային արգելադրումների գործընթացների ապահովման հետ։
3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ կապված արգելադրումների ինչպես նաև բռնագանձում տարածելու գործընթացների ապահովման հետ։
4) Սոցիալական ապահովության ծառայությունը՝ կապված ֆինանսական կազմակերպությունների միջոցով նպաստների, թոշակների վճարումների կատարման գործընթացների ապահովման հետ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|