Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-188
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2002-01.01.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.06.18/18(150) Հոդ.462
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին

 

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մանես և Վալեքս», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վարձակալական ձեռնարկության և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում և առանձին տողով արտացոլվում այն համայնքների բյուջեների վարչական մասում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:

Համայնքների ցանկը և բնապահպանական վճարներից նրանց վարչական բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

 

Հոդված 2. Բնապահպանական վճարներից համայնքների վարչական բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար:

 

Հոդված 3. Յուրաքանչյուր տարվա Ծրագիրը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` տվյալ տարվա պետական բյուջեի ընդունումից հետո` երկամսյա ժամկետում:

Ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարը մշակում և հրապարակում է պետական բյուջեի ընդունումից հետո` մեկամսյա ժամկետում:

Ընկերությունները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ անձինք Ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` 15 օրյա ժամկետում:

Ծրագիրը ներառում է`

ա) համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի պահպանման ու վերականգնման միջոցառումները.

բ) համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեությամբ.

գ) ծրագրային միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները:

Մինչև Ծրագրի հաստատումը նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները համաձայնեցվում են բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ:

Համաձայնություն չտալու դեպքում Ծրագրի ներկայացման օրվանից` 15-օրյա ժամկետում, համապատասխան լիազորված մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և համապատասխան մարզպետին` նշելով համաձայնություն չտալու հիմքերը:

Համայնքի ավագանին իրավասու է Ծրագիրը վերադարձնել համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում այն լրամշակելու նպատակով:

Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 4. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական վճարներից կատարվող մասհանման չափով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 հունիսի 2001 թ.
ՀՕ-188

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան