Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 80-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2020
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.08.2020
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2020

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

28 օգոստոսի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 80-Ա

 

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ և 44-րդ հոդվածի 7-րդ մասերով ` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են Հանրային հեռարձակողի և հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

2020 թ. օգոստոսի 28

ք. Երևան

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2020 թվականի

օգոստոսի 28-ի թիվ 80-Ա որոշման

 

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն որոշմամբ սահմանվում է տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից սպառողին ներկայացվող տեսալսողական տեղեկատվության թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը, դրանց հասկացությունները, թեմատիկ տեսալսողական հաղորդումների տեսակները, դրանց բնութագրերը:

2. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրության դրույթները վերաբերվում են թեմատիկ տեսալսողական հաղորդումներին:

3. Թեմատիկ ուղղվածություն՝ տեսալսողական հաղորդումների ուղղվածությունն է ըստ բովանդակային առանձնահատկությունների.

4. Թեմատիկ տեսալսողական հաղորդում՝ տեսալսողական տեղեկատվություն պարունակող նյութ, որը նախատեսված է սպառողների որոշակի խմբի (հատուկ թիրախային լսարանի) համար, և որի շրջանակում տարածվում է միայն մեկ թեմա, կամ տարածվում է միայն նույնական կամ հարակից ժանրեր (կամ առաջարկում է սպառողի անհատական ճաշակին և նախասիրություններին համապատասխան բովանդակություն):

5. Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից ներկայացվող տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումներին ընդհանուր պետք է հատկացվեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:

6. Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի տեսալսողական հաղորդման եթերաժամի 25 տոկոսը:

 

2. ԹԵՄԱՏԻԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Թեմատիկ տեսալսողական հաղորդումների չափորոշիչները և դրանց հասկացություններն են՝

1) Տեղեկատվական տեսալսողական հաղորդում - ընթացիկ իրադարձությունների (քաղաքականությունից մինչ եղանակի տեսություն) վերաբերյալ կանոնավոր մասնագիտացված և վերլուծական բնույթի տեսալսողական նյութ պարունակող տեսալսողական հաղորդումներ, որոնք գործնական նշանակություն ունեն և բավարարում են յուրաքանչյուր սպառողի՝ բնակավայրում, երկրում, տարածաշրջանում և աշխարհում կատարվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջարկը.

 2) Լրատվական տեսալսողական հաղորդում (լրատվական թողարկում) - տեսալսողական տեղեկատվություն պարունակող, սպառողի համար քաղաքական, սոցիալական, մշակութային կամ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող նոր, դեռ ոչ ոքի հայտնի չդարձած, թարմ նյութ, այսինքն`տեղեկություններ այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում այս պահին, կամ պահպանել են իրենց արդիականությունը և ազդեցությունը գործընթացների, իրավիճակների վրա: Ըստ իրենց առանձնահատկությունների՝ սովորաբար թողարկվում են օրական մի քանի անգամ (ամենօրյա լուրեր, լուրերի գլխավոր թողարկում, ուղիղ միացումներ, եղանակի տեսություն, պաշտոնական լրահոս և այլն).

3) Քաղաքական տեսալսողական հաղորդում - ներքին իրադարձությունների, ինչպես նաև միջազգային իրավիճակի, երևույթների, փաստերի, տարբեր գործընթացների հետ կապված քաղաքական գնահատականներ, վերլուծություններ և կարծիքներ պարունակող տեղեկատվական նյութ, այդ թվում՝ քաղաքական բանավեճեր, հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ, պաշտոնական լրահոս և այլն.

4) Մշակութային տեսալսողական հաղորդում - համամարդկային և ազգային մշակութային ժառանգությանը (պատմության և մշակույթի անշարժ, շարժական և ոչ նյութական ժառանգություն), մշակութային ստեղծագործական և հոգևոր արժեքներին ծանոթացնելու, սպառողի մոտ մշակութային գիտելիքներ, մտածողություն, գեղագիտական ճաշակ ձևավորելու, առօրյայի կազմակերպման մեջ մշակույթի ունեցած դերակատարության մասին հանրային ընկալումների վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ: Մշակութային տեսալսողական հաղորդումների թեմաներն են մշակույթի և արվեստի պատմությունն ու ներկա վիճակը, գրականությունը (այդ թվում՝ գրահրատարակչական գործը), արվեստի տարբեր դրսևորումները (թատրոն, կինո երաժշտարվեստ, պարարվեստ, երգարվեստ, կերպարվեստ և այլն).

5) Կրթական տեսալսողական հաղորդում - գիտության, մշակույթի, արվեստի և հանրային կյանքի ոլորտներում սպառողին գիտելիքներ տալու կամ ուսուցանելու նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ: Կրթական տեսալսողական հաղորդման ժանրային առանձնահատկությունները բազմազան են (կրթական-ուսումնական և մասնագիտական-տեխնիկական առարկաների կանոնավոր տեսալսողական նյութեր, պարապմունքներ, վավերագրական ֆիլմեր և այլն).

ա. Ուսումնական տեսալսողական հաղորդում - կրթական և մասնագիտական առարկաներ ուսուցանելու, տարբեր ոլորտներում հմտությունների, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ, այդ թվում՝ դասախոսություններ, պարապմունքներ, ուսումնական ֆիլմերի ցուցադրություն, օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումներ և այլն.

 բ. Գիտակրթական տեսալսողական հաղորդում - գիտության, մշակույթի և սոցիալական կյանքի ոլորտներին վերաբերվող գիտելիքներին սպառողին ծանոթացնելու նպատակով տեսալսողական հաղորդումներ, որոնց նպատակն է բարձրացնել նշված ոլորտներում քաղաքացիների տեղեկացվածության, հետաքրքրվածության և ընթացող գործընթացներին մասնակցության մակարդակը (հատուկ մասնագիտական տեսալսողական հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, հարցազրույցներ, տեսալսողական վիկտորինաներ և այլն)․

 6) Մանկական տեսալսողական հաղորդում - ըստ ձևի և ժանրի բազմազանության, հարմարեցված և հասցեագրված է հիմնականում մինչև 16 տարեկան սպառողին՝ երիտասարդ սերնդի համակողմանի դաստիարակության, կրթության և սոցիալականացման նպատակով: Այս տեսալսողական հաղորդումները բազմազան են, դրանք անիմացիոն և գեղարվեստական կինոնկարներն են, հանրամատչելի գիտական ծրագրերը, տեսալսողական վիկտորինաները, կրթական և ուսումնական ծրագրերը, տեսալսողական հաղորդումների շարք՝ դպրոցական և ուսանողական կյանքի մասին և այլն: Մանկական տեսալսողական հաղորդումները չպետք է ունենան այնպիսի բովանդակություն, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա, չպետք է անչափահասներին ուղղակիորեն ներքաշեն ապրանքների կամ ծառայությունների գնման կամ վարձակալության կամ անձի գովաբանման գործընթացների մեջ՝ չարաշահելով նրանց անփորձությունը կամ դյուրահավատությունը.

 7) Մարզական տեսալսողական հաղորդում - մարզական իրադարձությունների հեռարձակումների, մարզական լրատվական ամենօրյա նորությունների, սպորտի՝ այդ թվում զանգվածային սպորտի, ֆիզկուլտուրային-առողջարարական, առողջ կենսակերպի քարոզման և մարզիկների մասին, մարզիկների հաղթանակների և պարտությունների վերլուծության մասին տեսալսողական հաղորդումներ, որոնք խթանում են բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի, սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, նպաստում սպորտի տարածմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը.

 8) Ժամանցային տեսալսողական հաղորդում - նախատեսված են սպառողի հուզական արձագանքի համար՝ կապված հարմարավետության, հանգստի և հաճույք ստանալու հետ։ Զվարճալի տեսալսողական հաղորդումները ցանկացած տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կողմից ներկայացվող ժամանցային տեսալսողական հաղորդման անբաժանելի մասն է և տեսալսողական մեդիայի զարգացմանը զուգահեռ այս տեսալսողական հաղորդումները հիմնականում կատարում են զվարճանքի և ժամանցի վայրերը լրացնելու գործառույթ: Այս տեսալսողական հաղորդումները շատ բազմազան են՝ գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի և տեսալսողական սերիալների ցուցադրում, հումորային տեսալսողական հաղորդումներ, էստրադային և կրկեսային ներկայացումների, համերգների, խաղերի և մրցույթների, երաժշտական-ստեղծագործությունների, երգերի, համերգների և երաժշտության մասին ծրագրերի ներկայացում, շոու ծրագրեր, տեսալսողական վիկտորինաներ և այլն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան