ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին
«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 5. |
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ |
1. Մինչև առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի պետական գրանցումը իրավաբանական անձի ֆիրմային անվանումը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում (այսուհետ` գերատեսչություն):
2. Ֆիրմային անվանման ցանկացած փոփոխություն կատարվում է միայն նոր ֆիրմային անվանումը սույն օրենքով սահմանված կարգով գերատեսչությունում գրանցելուց հետո: Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի բացառիկ իրավունքը նոր ֆիրմային անվանման նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն կանոնադրության համապատասխան փոփոխության պետական գրանցումից հետո:
3. Ֆիրմային անվանման գրանցման հայտը (այսուհետ` հայտ) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին (այսուհետ` պետական ռեգիստր) ներկայացնում է իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը:
4. Հայտը պետք է պարունակի`
ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանման նախընտրելի տարբերակը (ները), դրա (նց) հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա), հայտատուի հասցեն.
բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:
5. Հայտին կցվում են`
ա) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերում համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը.
բ) լիազորագիր, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.
գ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
6. Պետական ռեգիստրը ներկայացված հայտին համապատասխան, ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում, գերատեսչություն է ներկայացնում հայտ, որը բովանդակում է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները:
7. Հայտը ներկայացվում է հայերեն:
8. Պետական ռեգիստր ներկայացվող և պետական ռեգիստրի կողմից գերատեսչություն ներկայացվող հայտերի ձևը, դրանց լրացման կարգը և ֆիրմային անվանման գրանցման համար հիմք հանդիսացող սկզբնական փաստաթղթերը գերատեսչություն հանձնելու կարգը սահմանում է գերատեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Գերատեսչությունը, պետական ռեգիստրից հայտն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում, անցկացնում է փորձաքննություն և որոշում է հայտի և գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Եթե հայտը և ֆիրմային անվանումը համապատասխանում են սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանումը գրանցելու մասին և պետական ռեգիստրի հայտի ստացման օրվանից մեկօրյա ժամկետում տալիս է համապատասխան որոշում:».
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին մերժման հիմնավորմամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում ծանուցում է պետական ռեգիստրին: Պետական ռեգիստրը մերժումն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին:».
գ) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Գրանցված ֆիրմային անվանումների հաշվառումն իրականացնում է գերատեսչությունը` պետական ռեգիստրի տրամադրած տեղեկությունների հիման վրա:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2-րդ մասով`
«Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում պետական տուրքը սահմանված կարգով ենթակա է վերադարձման:»:
ՀՈԴՎԱԾ 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 3 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|