Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-156
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.243
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի ծանոթագրության`

ա) 1-ին կետի «քսանապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով.

բ) 2-րդ կետի «քսանապատիկից մինչև հազարապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչև երկուհազարապատիկի» բառերով.

գ) 3-րդ կետի «հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից մինչև վեցհազարապատիկի» բառերով.

դ) 4-րդ կետի «երեքհազարապատիկի» բառը փոխարինել «վեցհազարապատիկի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 53-րդ հոդվածում «քսանապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցներ վարող անձի կողմից տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտումը, որը տուժողին նվազ ծանր կամ թեթև մարմնական վնասվածք է պատճառել`»:

Նույն հոդվածի առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մասով.

«Նույն արարքը, որի հետևանքով տուժողին ծանր մարմնական վնասվածք է պատճառվել`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով կամ առանց դրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որի հետևանքով տուժողը մահացել է`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև վեց տարի ժամանակով` տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ առանց դրա:»:

Այդ կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասը համարել չորրորդ մաս:

 

ՀՈԴՎԱԾ 6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 222.

Խուլիգանություն

 

Խուլիգանությունը, այսինքն` այն դիտավորյալ գործողությունները, որոնք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և արտահայտում են բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ`

պատժվում է տուգանքով` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարել է նախկինում դատապարտված անձը, կամ մեկ տարվա ընթացքում կատարվել է երկրորդ անգամ`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` մինչև նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Չարամիտ խուլիգանությունը, այսինքն` նույն գործողությունները, որոնք իրենց բովանդակությամբ աչքի են ընկել բացառիկ ցինիզմով կամ առանձին հանդգնությամբ ու կապված են եղել իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարող հասարակության ներկայացուցչին կամ խուլիգանական գործողությունները խափանող այլ քաղաքացիներին դիմադրություն ցույց տալու հետ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են հրազենի կամ դանակի, կաստետի կամ այլ սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ կամ դրանց գործադրման փորձով`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից մինչև յոթ տարի ժամանակով:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 254.

Զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելը

 

Պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելը, ինչպես նաև զորամասից արձակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի`

պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով:

Նույն արարքները, եթե կատարել են սպան կամ ենթասպան տասն օրից ավելի տևողությամբ, բայց մեկ ամսից ոչ ավելի`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե ինքնագլուխ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով`

պատժվում են ազատազրկմամբ` մեկից մինչև հինգ տարի ժամանակով:»:

 

Ծանոթագրություն. - Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, ծառայությունից խուսափելու պահից հինգ օրվա ընթացքում մեղայականով զորամաս, ծառայության վայր կամ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում, ինչպես նաև, եթե այդ արարքները կատարվել են ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքի հետ կապված` օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները և որոշումները եռամսյա ժամկետում վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
31 մարտի 2001 թ.
ՀՕ-156