Գլխավոր տեղեկություն
Համար
N 426-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 426-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 47,774,250 դրամ ընդհանուր արժողությամբ Արցախում կրթական և օժանդակության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01511187) հետ 2020 թվականի հունիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անգլերենի ուսուցման դասընթացների կազմակերպում և իրականացում՝ 35,012,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուց-չությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 426-Ա որոշման

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է խթանել Արցախի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական հզորացումը և կայուն տնտեսական զարգացումը՝ կրթական, խորհրդատվական և դրամաշնորհային բաղադրիչների միջոցով: Ծրագրի շնորհիվ տարբեր կրթություն և հմտություն ունեցող արցախցիներ հնարավորություն կունենան ընդլայնելու սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունները:
Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնելու պետական ծառայողների մասնագիտական հմտությունները:

2․

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, քաղ․ Ստեփանակերտ. կրթական

6․

Ծրագրի բյուջեն

47,774,250 դրամ

7․

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության բնակչությունը

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թ․ հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, այդ թվում՝ առցանց, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 35 012 250 դրամ, առանց ԱԱՀ, որի համար ակնկալվում է հարկային արտոնություն:
-Աջակցել Արցախի Հանրապետության ողջ տարածքից գործարար գաղափարներ ունեցող անձանց՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կյանքի կոչելու համար իրենց գաղափարները: Բաց մրցույթի արդյունքում տարբեր մարզերից և Ստեփանակերտից ընտրված 25 մասնակիցներ, որոնք կներկայացնեն կենսունակ բիզնես գաղափարներ, հնարավորություն կունենան մասնակցելու հատուկ մշակված «Ձեռնարկատիրություն» թեմայով անվճար դասընթացին: Դասընթացները կանցկացվեն 1 խմբով 50 դասաժամ տևողությամբ: Առավել հաջողված 6 բիզնես գաղափարներ կստանան ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի (նվիրատվության) տեսքով: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1 943 760 (մեկ միլիոն ինը հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:
- Կարևորելով զբոսաշրջության աճող դերը Արցախի Հանրապետությունում՝ կազմակերպել «Հյուրասիրություն» հյուրընկալության կառավարման անվճար դասընթաց այս բնագավառում փորձ կամ կենսունակ բիզնես գաղափար ունեցող անձանց համար: Դասընթացը նախատեսված է առնվազն 25 մասնակցի համար՝ 40 դասաժամ տևողությամբ: Խրախուսվելու են նաև մասնակիցների նոր գաղափարները, որոնցից առավել կենսունակներին դասընթացի ավարտից հետո տրամադրվելու է անվճար խորհրդատվություն: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1,100,190 (մեկ միլիոն հարյուր հազար հարյուր իննսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:
- Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում համատեղ կազմակերպել «Անգլերեն խմբավարների համար» անվճար դասընթացներ՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից մատնանշված առաջնահերթությունները: Կազմակերպվելու են 2 խմբեր, յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու են 15 մասնակիցներ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 1,534,260 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր վաթսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:
- Նպաստելու համար անգլերենի որակյալ արտադասարանական դասընթացների հասանելիության տարածմանը Արցախի Հանրապետությունում՝ կազմակերպել, այդ թվում` առցանց, անվճար, առնվազն 5 մակարդակով անգլերենի դասընթացներ 16 տարին լրացած` Արցախի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք կցանկանան խորացնել անգլերենի իրենց գիտելիքները Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շարունակական կրթություն» ծրագրով: Հաշվի առնելով դասընթացների պահանջարկի գնահատումը՝ նախատեսվում է մինչև ծրագրի ավարտն ունենալ 40 խումբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 30 434 040 (երեսուն միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար քառասուն) դրամ՝ առանց ԱԱՀ:
2. Մասնագետ խորհրդատուների (հարկային, իրավական) վարձավճար՝ 5,562,000 դրամ, որի համար չի ակնկալվում հարկային արտոնություն: Խորհրդատվությունը տրամադրվելու է հյուրընկալության կառավարման և «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո:
3. Դրամաշնորհների (նվիրատվության) տրամադրում ՝ 7,200,000 դրամ, «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո, որի համար չի ակնկալվում հարկային արտոնություն:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 35 012 250 դրամ, որոնք մատուցվելու են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում.
- Ձեռնարկատիրություն թեմայով 1 դասընթացի կազմակերպում և անցկացում.
- «Հյուրասիրություն» հյուրընկալության կառավարման 1 դասընթացի կազմակերպում և անցկացում.
- «Անգլերեն խմբավարների համար» 2 դասընթացների կազմակերպում և անցկացում,
- Անգլերենի դասընթացների կազմակերպում և անցկացում առնվազն 5 մակարդակում՝ 40 խմբի համար, յուրաքանչյուր խմբում՝ 10-12 մասնակից:

11․

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մասնավորապես` «Անգլերեն խմբավարների համար» դասընթացի մասնակիցների հավաքագրման հարցում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀԲԸՄ-ի կողմից մշակված ծրագրի արդյունավետության գնահատման գործիքակազմի կիրառում:
Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը:
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների տրամադրում:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան