Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0217/01/16

ԵԱՔԴ/0217/01/16

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝

Մ. Պապոյան

Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ`

Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
դատախազ՝

Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ

պաշտպան`

Գ. ՄԵԼԻՔՅԱՆԻ

 

ամբաստանյալ`

Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հակոբ Մնացականի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 14113816 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ Հակոբ Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2016 թվականի նոյեմբերի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Հ.Ավետիսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 23-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 14-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

2019 թվականի սեպտեմբերի 9-ին ամբաստանյալ Հ.Ավետիսյանի պաշտպան Գ.Մելիքյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Հակոբ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) [Ն]ա 2016 թվականի հունվար ամսվա կես[ից] մինչև 2016 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է Գայանե Արթուրի Ասատրյանի և Լիդա Մարտիրոսի Մանուկյանի կողմից պոռնկությամբ զբաղվելուն` վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար կացարան տրամադրելով:

Այսպես.

2015 [թվականի] օգոստոսի 17-ին վարձակալել է Երևան քաղաքի Կոմիտաս 40 հասցեում գտնվող տարածքը և պոռնկությամբ զբաղվելու համար ստեղծել հաստատություն` «Դայմոնդ» մերսման սրահը, որպես մերսուհիներ աշխատանքի է ընդունել Գայանե Արթուրի Ասատրյանին և Լիդա Մարտիրոսի Մանուկյանին: Նշված մերսման սրահում հաճախորդներ ապահովելու նպատակով իր կողմից աշխատանքի ընդունած մերսուհիների հետ ձեռք է բերել համապատասխան պայմանավորվածություն հաճախորդների ցանկության դեպքում մերսուհիների կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ և ստացված գումարը բաժանել միմյանց միջև` այդ կերպ 2016 թվականի հունվար ամսվա կես[ից] մինչև 2016 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ստանալով գույքային օգուտ` նպաստել է վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն: (...)»1:

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Այսպիսով` ստուգելով ամբաստանյալ Հակոբ Մնացականի Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները` (...) Դատարանը գտնում է, որ Հակոբ Մնացականի Ավետիսյանի արարքում բացակայում է նրան մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցակազմը, որի կապակցությամբ առաջադրված մեղադրանքում հարկ է վերջինիս ճանաչել անպարտ և կայացնել արդարացման դատավճիռ հետևյալ պատճառաբանությամբ

(...) Դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված է համարում հետևյալը.

Հակոբ Մնացականի Ավետիսյանը 2015 թվականի օգոստոսի 17-ին վարձակալել է Երևան քաղաքի Կոմիտաս 40 հասցեում գտնվող տարածքը, ապա ստեղծելով հաստատություն՝ «Դայմոնդ» մերսման սրահը, որպես մերսուհիներ աշխատանքի է ընդունել Գայանե Արթուրի Ասատրյանին և Լիդա Մարտիրոսի Մանուկյանին: Հակոբ Մնացականի Ավետիսյանը նշված մերսման սրահում աշխատանքի ընդունված մերսուհիներին արգելել է սեռական հարաբերության մեջ մտնել հաճախորդների հետ: Հ.Ավետիսյանի գիտությամբ, մերսման որոշակի տեսակի մեջ ընդգրկված է եղել հաճախորդների ցանկության դեպքում մերսուհիների կողմից մերսման ընթացքում առնանդամի ձեռնաշարժություն, որը սերմնաժայթքում է առաջացրել, որպիսի գործողություններն էլ ըստ [դատաբժշկական-սեքսոլոգիական համալիր հանձնաժողովային փորձաքննության] թիվ 16-1154 եզրակացության դիտարկվել է որպես սեքսուալ բնույթի գործողությունների կատարում, բայց ոչ սեռական ակտ՝ սեռական հարաբերություն, ապա մատուցված ծառայության դիմաց ստացված գումարը Հ.Ավետիսյանը բաժանել է միմյանց միջև` այդ կերպ 2016 թվականի հունվար ամսվա կեսերից մինչև 2016 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ստացել է գույքային օգուտ: Ինչպես «Դայմոնդ» մերսման սրահում, այնպես էլ այլ որևէ հաստատությունում հիշյալ մերսուհիների և հաճախորդների միջև սեռական ակտ՝ սեռական հարաբերություն տեղի չի ունեցել:

Այսինքն, դատարանը փաստում է, որ մեղադրանքի կողմը դատարանում հետազոտված ապացույցներով մերսուհիների արարքում պոռնկությամբ զբաղվելու փաստի առկայությունը հիմնավորված է համարել վերջիններիս կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի դիտարկմամբ (...):

(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ [Վ.Հարությունյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՇԴ/0041/01/14] որոշմամբ հստակ ամրագրվել է, որ պոռնկությամբ զբաղվելու օբյեկտիվ կողմի պարտադիր տարր է հանդիսանում վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայությունը և այն կարող է դրսևորվել բացառապես սեռական հարաբերության կայացմամբ: Ընդ որում, սեռական հարաբերության առկայությունը հանդիսանում է պոռնկությամբ զբաղվելու պարտադիր հատկանիշ, այլապես [Վճռաբեկ դատարանի] վերը [հիշատակված որոշմամբ] կնախատեսվեր նաև սեռական բնույթի գործողությունների առկայությունը, որը չի կարող նույնական լինել սեռական հարաբերության հետ և պոռնկությամբ զբաղվելու օբյեկտիվ կողմի տարր հանդիսանալ։

(...) [Պ]ոռնկության պարտադիր հատկանիշներն են մատուցվող ծառայության վճարովիությունը, սիստեմատիկությունը, որպես կանոն, հաճախորդների անորոշ շրջանակը, ինչպես նաև սեռական հարաբերության մեջ մտնելը:

(…) Քննարկվող դեպքում, իրոք առկա է մատուցված վճարովի ծառայություն, որը որպես կանոն կրել է սիստեմատիկ բնույթ և իրականացվել է հաճախորդների անորոշ շրջանակում, սակայն որպեսզի այն դիտվի պոռնկությամբ զբաղվել, ապա պետք է համապատասխանի մյուս կարևոր նախապայմաններին` մատուցված ծառայությունը ենթադրի արտաամուսնական, պատահական սեռական հարաբերություն:

Այս առումով անհրաժեշտ է անդրադառնալ սեռական հարաբերություն հասկացությանը, որը իրավաբանական տերմին չէ, (...) մասնագիտական գրականությունում, որպես կանոն, սեռական հարաբերությունները բաժանվում են պայմանական երկու խմբի՝ բնական սեռական հարաբերություն և խաթարված սեռական հարաբերություն (...) որպիսին դատաքննությամբ հետազոտված ապացույցներով բացառվել է:

(...) [Դ]ատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածը մեկնաբանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի կանոններով գտնում է, որ (...) [ք]ննարկվող հանցագործության առարկաների մեջ սեքսուալ բնույթի գործողությունները չեն մտնում օրենքի ուղղակի մատնանշման ուժով: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի մնացած հոդվածներում (138, 139, 140, 141, 142-րդ հոդվածներում) նույնպես սեռական հարաբերությունը և սեքսուալ բնույթի գործողությունները տարանջատված են կամ շաղկապով, դրանք բնութագրվում են որպես ինքնուրույն և տարբեր արարքներ և չեն կարող համարվել նույնական կամ իրար լրացնող, իսկ սեքսուալ բնույթի գործողությունների հետևանքով սեռական մշակույթի ձևավորման վերաբերյալ հասարակության անդամների բարոյական պատկերացումների հնարավոր խաթարումն ինքնին չի կարող «պոռնկության» եզրույթի բովանդակության մեջ դիտարկվելու հիմք հանդիսանալ, (...)։

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ սեռական օրգանների մերսումը կամ ձեռնաշարժությունը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով կարող է դիտվել որպես սեռական հարաբերություն, ապա այդ պարագայում անհրաժեշտ է քննարկել և չանտեսել նաև այնպիսի մի կարևոր հանգամանք, ինչպիսին է մատուցվող ծառայության վճարովիությունը:

[Դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածը արձանագրում է, որ] տվյալ դեպքում պետք է նկատել, որ հաճախորդը որպես պայմանագրի կողմ վճարել է ոչ թե սեռական օրգանի մերսման կամ ձեռնաշարժության միջոցով արբունքի հասնելու նպատակի համար, այլ մատուցված մերսման դիմաց, ինչը ևս պոռնկությունը բացառող հատկանիշ է, որպիսիք փաստում են հանցագործության դեպքի բացակայությունը:

(...) [Դ]ատարանը գտնում է, որ Հակոբ Մնացականի Ավետիսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշներից երկուսը, մասնավորապես` հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմը»2:

6.1. Դատաբժշկական-սեքսոլոգիական համալիր հանձնաժողովային փորձաքննության թիվ 16-1154 եզրակացության համաձայն` I, II մերսուհու կողմից առնանդամի ձեռնաշարժման կամ կրծքերով հաճախորդի մարմնին հպելու եղանակներով անձի մոտ սերմնաժայթքում առաջացնելը սեռական ակտ (սեռական հարաբերություն) չի հանդիսանում, այլ հանդիսանում է սեռական կրքի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություն: III. Մերսուհու կողմից մեկ այլ անձի առնանդամը ձեռնաշարժելը և վերջինիս մոտ սերմնաժայթքում առաջացնելը հանդիսանում է սեռական կրքի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություն, իսկ թե նման գործողությունների որոշակի վարձավճարի դիմաց կատարելը հանդիսանում է արդյոք սեքսուալ բնույթի ծառայությունների մատուցում, թե ոչ, ապա դա ենթակա է իրավական գնահատման3:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) [Պ]ոռնկությամբ զբաղվելու օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայությունը, ինչը կարող է դրսևորվել բացառապես սեռական հարաբերության կայացմամբ, որպիսի հանգամանքը քրեական գործով ձեռք բերված, [Առաջին ատյանի դատարանում] հրապարակված և հետազոտված ապացույցներով չի հաստատվել:

Վերաքննիչ դատարանի համոզմամբ պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց արտաամուսնական սեռական հարաբերության առկայության ձևով, ինչը նույնական չէ սեքսուալ բնույթի այլ գործողություններին:

Ի տարբերություն սեռական հարաբերության, սեքսուալ բնույթի գործողությունները սեռական կրքերը բավարարելու առավել լայն ձևերով են դրսևորվում:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (...) դատաբժշկական-սեքսոլոգիական համալիր հանձնաժողովային փորձաքննության թիվ 16-1154 եզրակացությամբ ևս ապացուցվել է, որ ձեռնաշարժությունը և այդ կերպ անձի մոտ սերմնաժայթքում առաջացնելն ոչ թե սեռական հարաբերություն է, այլ սեռական կրքի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություն:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված կարգով քրեական պատասխանատվությունն վրա է հասնում միայն պոռնկությամբ զբաղվելու հանգամանքն ապացուցված լինելու պարագայում, որի համար անհրաժեշտ է սեռական հարաբերություն:

(...) Ամփոփելով վերոշարադրյալ բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ [Առաջին ատյանի դատարանի] դատավճիռը` ամբաստանյալ Հակոբ Մնացականի Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ արդարացնելու վերաբերյալ, օրինական է, հիմնավորված և պատճառաբանված (...)»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի կայացված դատական ակտն անհիմն է և ենթակա է բեկանման: Ըստ բողոք բերած անձի՝ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածը, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգային իրավական ակտերի կարգավորումներն ու Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները՝ գործով հաստատված հանգամանքներին տալով սխալ գնահատական:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածը չի բացահայտում «պոռնկություն» հասկացությունը, իսկ մի շարք միջազգային փաստաթղթերում տրված բնորոշումը լայն է և չի սահմանափակվում միայն սեռական հարաբերությամբ: Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵՇԴ/0041/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և անհիմն եզրահանգման եկել առ այն, որ մերսման սրահի աշխատակիցների կողմից անձին սեռական բնույթի այլ ծառայություններ մատուցելը սեռական հարաբերություն չէ և չի կարող հանդիսանալ պոռնկության տեսակ: Մինչդեռ ըստ միջազգային կարգավորումների` սեռական ծառայությունների մատուցումը նույնպես ներառվում է պոռնկության բնորոշման մեջ:

Արդյունքում բողոքաբերն ընդգծել է, որ թեև գիտական գրականության մեջ «պոռնկության» հասկացության վերաբերյալ միասնական մոտեցում առկա չէ, սակայն միջազգային-իրավական ակտերում այդ հարցին արդեն իսկ տրվել է համապատասխան լուծում։ Բացի այդ, նշված հանցագործությունը ներառված է ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում, որի հիմնական անմիջական օբյեկտը հասարակության անդամների բարոյական զարգացման պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են։ Հետևաբար, հանցակազմի օբյեկտի դեմ ոտնձգությունը պարտադիր չէ, որ կատարվի միայն սեռական հարաբերությունների միջոցով, այլ կարող է արտահայտվել նաև սեռական պահանջմունքների բավարարման այլ ձևերով։

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պոռնկության քրեաիրավական հասկացության և հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Հ.Ավետիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, այն է` «Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները:

(…)

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

(…)

5) երկու կամ ավելի անձանց օգտագործելով (…)»:

Մեջբերված նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը դասվում է բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, որը խաթարում է սեռերի փոխհարաբերության և սեռական մշակույթի ձևավորման վերաբերյալ հասարակության անդամների բարոյական պատկերացումները: Քննարկվող հանցագործության օբյեկտը հասարակության անդամների բարոյական բնականոն զարգացման պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսևորվում է միայն մեղքի ուղղակի դիտավորության ձևով5:

Օբյեկտիվ կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը կատարվում է երկընտրելի գործողություններով, այն է`

- պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելով, ղեկավարելով կամ պահելով,

- կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելով,

- կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելով,

- կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելով6:

Ընդ որում, քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող նշված գործողությունների և այլ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելու միջև պատճառական կապի առկայությունը հանցակազմի պարտադիր հատկանիշ է, հետևաբար «պոռնկություն» եզրույթի բովանդակության բացահայտումն ունի կարևոր իրավական նշանակություն:

12. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պոռնկության շահագործումը` պայմանավորված դրա բարձր եկամտաբերությամբ, ներկայումս անդրազգային հիմնախնդիր է, ուստի պատահական չէ, որ միջազգային մի շարք փաստաթղթերով այն բնութագրվում է որպես «չարիք» և մարդու արժանապատվությանն ու հիմնարար իրավունքներին անհամատեղելի երևույթ: Պոռնկության դեմ պայքարը հատուկ կարևորություն է ձեռք բերում ոչ միայն հասարակության անդամների բարոյականության, այլև անչափահասների և ընտանիքի շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ շատ հաճախ դրանում ներգրավվում են երեխաներ ու դեռահասներ, ինչը լուրջ սպառնալիք է վերջիններիս իրավունքների և օրինական շահերի համար: Բացի այդ, պոռնկության հետ կապված հանցագործությունները հաճախ կարող են ուղեկցվել առավել վտանգավոր հանցավոր արարքների կատարմամբ, ինչպիսիք են, մասնավորապես, թրաֆիքինգը, անչափահասներին հանցավոր գործունեության մեջ ներգրավելը, բռնաբարություններն ու սեքսուալ բնույթի բռնի գործողությունները և այլն:

Միևնույն ժամանակ, սակայն, թեև ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, այնուամենայնիվ, պոռնկության հասկացությունը որևէ կերպ չի բացահայտվում, իսկ վերոնշյալ արատավոր երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է պոռնկության քրեաիրավական հասկացության և հատկանիշների հստակեցում:

13. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածի համաձայն` «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով (…)»:

«Մարդկանց առևտրի և երրորդ անձանց կողմից պոռնկության շահագործման դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 1-ին հոդվածում ընդգծվում է, որ կոնվենցիայի կողմերը պարտավորվում են պատժել յուրաքանչյուրին, ով մեկ ուրիշի սեռական ցանկությունները բավարարելու համար շահագործում է այլ անձի պոռնկությունը՝ նույնիսկ նրա համաձայնությամբ7:

«Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի` «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության 2-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` «Երեխաների մարմնավաճառություն[ը] նշանակում է` երեխայի օգտագործումը սեռական բնույթի գործունեության մեջ` վարձատրության կամ ցանկացած այլ տեսակի հատուցման դիմաց»8:

«Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «(…) «[Մ]անկական մարմնավաճառություն» տերմինը նշանակում է երեխային սեռական բնույթի գործողությունների համար օգտագործելը, երբ վճարում են կամ խոստանում ցանկացած այլ վարձատրություն կամ վճար, անկախ այն բանից, թե այդ վարձատրությունը կամ վճարը կամ էլ նման խոստումը տրվում է հենց երեխային, թե մի երրորդ անձի»9:

Միջազգային իրավունքում պոռնկության շահագործումը դիտվում է որպես մարդու իրավունքների վերաբերյալ համընդհանուր ճանաչում ստացած միջազգային իրավանորմերի և միջազգային չափորոշիչների խախտում: Մասնավորապես, «Մարդկանց առևտրի և երրորդ անձանց կողմից պոռնկության շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի նախաբանում պոռնկությունը բնութագրվում է որպես չարիք և անձի արժանապատվությանն ու արժեքին անհամատեղելի երևույթ, ինչը լուրջ սպառնալիք է մարդու, ընտանիքի և ողջ հասարակության բարեկեցության համար: Հետևաբար, սեռական հարաբերությունը, սեքսուալ բնույթի ծառայությունները կամ արժանապատվությունը նվաստացնող կամ շահագործման հետ կապված այլ գործողությունները դրամի, աշխատանքի, ապրանքների կամ ծառայության դիմաց անթույլատրելի են10: Միջազգային իրավանորմերը պարտավորեցնում են պետություններին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օրենսդրական, պոռնկության շահագործման ցանկացած դրսևորում կանխարգելելու ուղղությամբ, ուստի յուրաքանչյուր անձ, ով եկամուտ կստանա և կնպաստի այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն` նույնիսկ նրա համաձայնությամբ, պետք է ենթարկվի պատասխանատվության11:

13.1. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պոռնկության շահագործման ցանկացած դրսևորում խիստ դատապարտելի է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման: Ընդ որում, հարկ է նկատել, որ միջազգային փաստաթղթերով պոռնկությունը բավականին լայն է բնորոշվում, ինչի ներքո է դիտարկվում վարձատրության դիմաց մեկ այլ անձի սեռական պահանջմունքների բավարարմանն ուղղված ցանկացած բնույթի սեքսուալ ծառայությունների մատուցումը:

14. Հիմք ընդունելով սույն որոշման 11-13.1-րդ կետերում մեջբերված իրավանորմերը և կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պոռնկության բուն էությունը սեքսուալ բնույթի ծառայությունների մատուցումն է: Այլ կերպ` պոռնկությունն ուղղված է վարձատրության դիմաց որևէ անձի մոտ սեռական գրգռում հարուցելուն և վերջինիս սեռական պահանջմունքները բավարարելուն, ուստի այն չի կարող սահմանափակվել միայն սեռական հարաբերությամբ կամ սեռական ակտով: Վճռաբեկ դատարանի համոզմամբ` պոռնկությունը պետք է լայն իմաստով մեկնաբանվի՝ ներառելով նաև անորոշ շրջանակի անձանց սեռական կրքերին հագուրդ տալուն ուղղված ցանկացած սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը: Վերոնշյալ գործողությունների կատարման արդյունքում ևս առավել քան ոտնահարվում են հասարակության անդամների բարոյական բնականոն զարգացման պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները, խաթարվում սեռերի փոխհարաբերության և սեռական մշակույթի ձևավորման վերաբերյալ հասարակության անդամների բարոյական պատկերացումները: Մինչդեռ, պոռնկության հասկացության չարդարացված նեղ մեկնաբանությունը չի բխում այս երևույթի բուն էությունից և դրա դեմ արդյունավետ պայքար ծավալելու անհրաժեշտությունից` հաշվի առնելով հատկապես օրենքով պահպանվող և տվյալ արարքի կատարման արդյունքում ոտնահարվող հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պոռնկության դեպքում սեքսուալ բնույթի ծառայությունները մատուցվում են վարձատրության դիմաց, ինչի վերաբերյալ, որպես կանոն, ձեռք է բերվում նախնական պայմանավորվածություն: Այլ կերպ` նյութական օգուտ ստանալը պոռնկության էությունն արտացոլող պարտադիր հատկանիշ է, և հենց նյութական հատուցման հանգամանքն է թույլ տալիս պոռնկությունը տարանջատել արտաամուսնական այլ հարաբերություններից:

Բացի այդ, պոռնկության մասին կարող է խոսք գնալ միայն այն դեպքում, երբ անձը վարձատրության դիմաց սեքսուալ բնույթի ծառայությունները մատուցում է պարբերաբար։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պոռնկությունը, որպես կանոն, բնութագրվում է նաև հաճախորդների անորոշ շրջանակով և հարաբերությունների պատահական բնույթով, անձնական համակրանքի և զուգընկերոջ հանդեպ սեռական հակումների բացակայությամբ, ինչը ենթադրում է պոռնկությամբ զբաղվող անձի հասանելի լինելը յուրաքանչյուրին, ով ցանկանում է օգտվել նրա ծառայություններից:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2016 թվականի հունվար ամսվա կեսից մինչև 2016 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, նպաստել է Գ.Ասատրյանի և Լ.Մանուկյանի կողմից պոռնկությամբ զբաղվելուն` վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար կացարան տրամադրելով: Մասնավորապես, «Դայմոնդ» մերսման սրահին հաճախորդներ ապահովելու նպատակով, մերսուհիների հետ ձեռք է բերել համապատասխան պայմանավորվածություն՝ հաճախորդների ցանկության դեպքում վերջիններիս կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և ստացված գումարը միմյանց միջև բաժանելու վերաբերյալ12:

Առաջին ատյանի դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում արձանագրել է, որ Հ.Ավետիսյանի գործողությունները չեն համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներին, մասնավորապես` բացակայում են հանցագործության օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը:

Այսպես` Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ պոռնկության պարտադիր հատկանիշներն են մատուցվող ծառայության վճարովիությունը, սիստեմատիկությունը, որպես կանոն, հաճախորդների անորոշ շրջանակը, ինչպես նաև սեռական հարաբերության մեջ մտնելը: Անդրադառնալով ամբաստանյալ Հ.Ավետիսյանին մեղսագրվող արարքին` Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ վերջինիս գիտությամբ մերսման որոշակի տեսակների դեպքում, հաճախորդների ցանկությամբ, կատարվել են սեքսուալ բնույթի գործողություններ, որոնք կրել են պարբերական բնույթ և իրականացվել են անձանց անորոշ շրջանակի նկատմամբ, սակայն որպեսզի վերոնշյալը դիտվի որպես պոռնկություն, պետք է համապատասխանի մյուս կարևոր նախապայմանին, այն է` մատուցված ծառայությունը ենթադրի արտաամուսնական, պատահական սեռական հարաբերություն: Մինչդեռ, սեռական հարաբերության պարտադիր և բաղկացուցիչ նախապայման է առնանդամի ներթափանցումը հեշտոցի, հետանցքի կամ բերանի խոռոչ, որպիսի հանգամանքը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով բացառվել է:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ հաճախորդը` որպես պայմանագրի կողմ, վճարել է ոչ թե համապատասխան գործողությունների միջոցով սեռական պահանջմունքը բավարարելու համար, այլ մատուցված մերսման ծառայության դիմաց, հետևաբար բացակայում է պոռնկությամբ զբաղվելու վարձատրության հատկանիշը13:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են14:

16. Վճռաբեկ դատարանը, նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատման ենթարկելով սույն որոշման 11-14-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել առ այն, որ սեքսուալ բնույթի գործողությունները պոռնկության բովանդակության բաղկացուցիչ մաս չեն հանդիսանում:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով միջազգային-իրավական ակտերում պոռնկությանը տրված բնորոշումը, ինչպես նաև սույն որոշման 14-րդ կետում կատարված վերլուծությունը, արձանագրում է, որ պոռնկությունը պետք է բովանդակային առումով լայն իմաստով մեկնաբանել և որպես այդպիսին դիտարկել վարձատրության դիմաց ցանկացած սեքսուալ բնույթի ծառայության մատուցումը, որը ներառում է ոչ միայն հաճախորդի հետ սեռական հարաբերությունը, այլ նաև սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պոռնկության հասկացության չարդարացված նեղ մեկնաբանությունը չի բխում այս երևույթի բուն էությունից և դրա դեմ արդյունավետ պայքար ծավալելու անհրաժեշտությունից` հաշվի առնելով հատկապես օրենքով պահպանվող և տվյալ արարքի կատարման արդյունքում ոտնահարվող հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով իրականացված դատաբժշկական-սեքսոլոգիական համալիր հանձնաժողովային փորձաքննության թիվ 16-1154 եզրակացության համաձայն` մերսուհիների կողմից կատարվել են սեքսուալ բնույթի գործողություններ, որոնք ուղղված են եղել հաճախորդների սեռական կրքի բավարարմանը15: Ընդ որում, վերոնշյալ գործողություններն իրականացվել են վարձատրության դիմաց, անձանց անորոշ շրջանակի նկատմամբ` կրելով պարբերական բնույթ16:

Ուստի, նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես բնական կամ խաթարված եղանակով սեռական հարաբերություններ ունենալով, հիմնավոր չէ:

16.1. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում հստակ ամրագրել է, որ պոռնկությամբ զբաղվելու օբյեկտիվ կողմի պարտադիր տարր է հանդիսանում վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայությունը և այն կարող է դրսևորվել բացառապես սեռական հարաբերության կայացմամբ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հիշյալ որոշմամբ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը վերաբերել է ոչ թե պոռնկության հասկացության և հատկանիշների բացահայտմանը, այլ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող կոնկրետ գործողության մեկնաբանմանը: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը հիմնավոր չէ:

16.2. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ հաճախորդը վճարել է ոչ թե սեռական կրքի բավարարման, այլ մատուցված մերսման ծառայության դիմաց, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ իրական հանցավոր գործունեության` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու քողարկված ձև է հանրային որևէ հաստատություն (սրճարան, ակումբ, մերսման սրահ և այլն) պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը, որպիսի հանգամանքը Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ ուշադրության չի արժանացվել, չի վերլուծվել և չի գնահատվել գործի փաստական տվյալների համատեքստում, մինչդեռ քրեական գործում առկա ապացույցների պատշաճ վերլուծությունն ու գնահատումը թույլ կտար վերհանել մերսման սրահում մատուցվող ծառայությունների իրական բնույթը:

Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ հաճախորդը որպես պայմանագրի կողմ վճարել է ոչ թե վերը նշված գործողությունների միջոցով սեռական գրգռում հարուցելու և կրքերը բավարարելու համար, այլ մատուցված մերսման ծառայության դիմաց, բավարար չափով պատճառաբանված չէ, Առաջին ատյանի դատարանը պատշաճ չի գնահատել քրեական գործում առկա ապացույցների համակցությունը, ինչի արդյունքում կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ:

17. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի սխալ կիրառում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման: Վերոնշյալ խախտումներն իրենց բնույթով էական են և հիմք են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով պոռնկության հասկացության և հատկանիշների վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության ընթացքում Հ.Ավետիսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, որի կիրառման հիմքերն ու պայմաններն առկա են։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Հակոբ Մնացականի Ավետիսյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Հակոբ Մնացականի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 183-188:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 145-165:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 137-140:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 72-89:

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վարդան Հարությունյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՇԴ/0041/01/14 որոշումը:

6 Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու տեսակներից` գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարդան Հարությունյանի վերաբերյալ գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵՇԴ/0041/01/14 որոշումը:'

7 Տե՛ս http://www.concourt.am/hr/rus/un/10_6.htm:

8 Տե՛ս https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24543։

9 Տե՛ս https:/rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168046e1e4։

10 Տե՛ս Սեքսուալ շահագործումից և սեքսուալ չարաշահումից պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցառումների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` 2003 թվականի հոկտեմբերի 9-ի տեղեկաթերթը (https://undocs.org/ru/ST/SGB/2003/13):

11 Մանրամասն տե՛ս «Մարդկանց առևտրի և երրորդ անձանց կողմից պոռնկության շահագործման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի՝ 1949 թվականի դեկտեմբերի 2-ի կոնվենցիան:

12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: