ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/7527/05/16 2020 թ.
Վարչական գործ
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Ա. Պողոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. հակոբյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2020 թվականի հուլիսի 03-ին
դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Նիկոլայ Բարխուդարյանի` 1.118.422 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Նիկոլայ Բարխուդարյանից բռնագանձել 1.118.422 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է՝ անվավեր ճանաչելով 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշումը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նիկոլայ Բարխուդարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը, 06.07.2000 թվականին ընդունված ՀՀ մաքսային օրենսգրքի (ուժը կորցրել է 02.01.2015 թվականին, բացառությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 259-րդ հոդվածով սահմանված դրույթների) 201-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի՝ մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությունը և ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածը սերտորեն փոխկապակցված են եղել միմյանց հետ, և դրանց կիրառումը կախված է եղել խախտման չափերից: Դրա մասին է վկայում իրավախախտման երկու կազմերի մեկ ամբողջական լինելու հանգամանքը, թեև դրանք սահմանված են եղել երկու տարբեր իրավական ակտերում: Ուստի օրենսդրի կողմից քրեական պատասխանատվության վերացումը ենթադրում է ոչ թե պատժի ամբողջական վերացում, այլ դրա փոխարինում վարչականով: Նշվածի արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրը, ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելով, ոչ թե հրաժարվել է նման արարքը հանրային վտանգավոր որակելուց և, ըստ այդմ, ընդհանրապես վերացրել է դրա համար հանրային-իրավական պատասխանատվությունը, այլ ընդամենը մեղմացրել է արարքի իրավական գնահատականը և պատժի տեսակը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Պատասխանողի արարքի պահին վարչական պատասխանատվություն սահմանված չի եղել, նախատեսված է եղել քրեական պատասխանատվություն, ինչը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով, բացառել է վարչական պատասխանատվությունը: Ճիշտ է հետագայում այդ արարքն ապաքրեականացվել է և նախատեսվել է վարչական պատասխանատվություն, սակայն նոր սահմանված վարչական պատասխանատվությունը չի կարող ռետրոակտիվությամբ տարածվել պատասխանողի արարքի վրա, քանի որ դա արգելված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածով։
Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է մերժել հայցվորի վճռաբեկ բողոքը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) նախաբացթողումային հսկողության վարչության ԳՏԲ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 02.08.2015 թվականին կազմված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ նույն թվականի օգոստոսի 2-ին ժամը 18։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացի Նիկոլայ Բարխուդարյանի վարած և վերջինիս սեփականություն հանդիսացող «Մերսեդես Բենց» C 180 մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է զննման, ինչի արդյունքում բեռնախցիկի պահեստային անվադողի վրայից և շարժիչի կողքերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 6 անվանում դեղորայք։ Դեղորայքը կապարակնքվել է և հանձնվել է մաքսային պահեստ (հատոր 2-րդ, գ.թ. 9-10).
2) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 18.09.2015 թվականի թիվ 15-2407 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված հետազոտելու նմուշների (օբյեկտներ 1-6) բաղադրության մեջ Հայաստանի Հանրապետության հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում ընդգրկված որևէ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր չեն պարունակվում։ Փորձաքննության կատարման նպատակով տրամադրված 6 անվանում դեղերից 4-ի մանրածախ շուկայական հավանական արժեքների հանրագումարը կարող է կազմել 938.800 ՀՀ դրամ, իսկ մյուս 2 դեղերի արժեքների վերաբերյալ արտասահմանյան տարբեր երկրների ինտերնետային կայքերից ստացված տվյալների համաձայն՝ դրանց ընդհանուր միջինացված շուկայական արժեքների հանրագումարը 430.000 ՀՀ դրամ է: Եզրակացության «Ապրանքագիտական հետազոտություն» բաժնում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում շուկայի ուսումնասիրությամբ ի հայտ եկած տեղեկատվությունը ներկայացված է փորձաքննության իրականացման ժամանակահատվածի (03.09.2015-18.09.2015 թվականներ) դրությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 45-59).
3) Նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի հետաքննիչի 01.10.2015 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով առանց հայտարարագրման 1.368.800 ՀՀ դրամ արժեքով դեղորայքի տեղափոխման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (հատոր 2-րդ, գ.թ. 62-63).
4) Կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի քննիչի 01.08.2016 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարացնելու մասին» որոշման համաձայն՝ թիվ 83163115 քրեական գործի վարույթը կարճվել է, և Նիկոլայ Բարխուդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում մաքսանենգության հանցակազմի բացակայության հիմքով։ Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել այն, որ 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը (հատոր 2-րդ, գ.թ. 64-65).
5) Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 05.08.2016 թվականի թիվ 8-1/1178045/-16 գրության համաձայն՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 18.09.2016 թվականի թիվ 15-2407 եզրակացությամբ ներկայացված դեղորայքի մաքսային արժեքը 2016 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ կկազմի 1.118.422 ՀՀ դրամ, իսկ մաքսային վճարները՝ 223.685 ՀՀ դրամ (ԱԱՀ)» (հատոր 2-րդ, գ.թ. 69).
6) Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշման համաձայն՝ Նիկոլայ Բարխուդարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով ճանաչվել է զանցառու և 6 անվանում դեղորայքը մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար տուգանվել է այդ դեղորայքի մաքսային արժեքի չափով՝ 1.118.422 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 73-76).
7) Դատարանում գործի քննության ընթացքում Նիկոլայ Բարխուդարյանը, առարկելով հայցի դեմ, ներկայացրել է հետևյալ փաստարկները.
ա) խնդրո առարկա դեղամիջոցները Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն, ուստի հայցվորն իրավունք չուներ համացանցի միջոցով որոշել գումարի չափը, և ըստ այդմ, իրեն ենթարկել պատասխանատվության.
բ) տվյալ դեպքում իր նկատմամբ չէր կարող կիրառվել վարչական հարկադրանքի միջոց։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ մաքսանենգության մասնակի ապաքրեականացման դեպքում անձին նույն արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորության հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք կարող է անձը, ում կողմից մաքսանենգություն կատարված լինելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է արարքի ապաքրեականացման արդյունքում, հետագայում նույն արարքի համար ենթարկվել վարչական պատասխանատվության։
Մինչև 25.06.2016 թվականը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի (Մաքսանենգությունը) առաջին մասը քրեական պատասխանատվություն է սահմանել մաքսանենգության` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխման համար, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների։
Նույն հոդվածի հինգերորդ մասը սահմանել է, որ նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։
Նույն հոդվածի վեցերորդ մասը սահմանել է, որ նույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածը (Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով։
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (…) իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1.000 ՀՀ դրամը:
16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 25.06.2016 թվականին) 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը:
Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 25.06.2016 թվականը գործել է մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու համար պատասխանատվության հետևյալ իրավակարգավորումը.
Այսպես` օրենսդիրը մաքսային կանոնի խախտում էր համարել անձի կողմից կատարված հետևյալ անօրինական գործողությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` որպես դրա համար պատասխանատվություն նախատեսելով այդ ապրանքների մաքսային արժեքի չափով տուգանք նշանակելը:
Միևնույն ժամանակ օրենսդիրը քրեական պատասխանատվություն էր նախատեսել այն դեպքերի համար, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով տեղափոխվում էին հանցագործության պահին 1.000.000 ՀՀ դրամ արժեքը գերազանցող ապրանքներ, մշակութային կամ այլ արժեքներ` այն որակելով որպես մաքսանենգություն` միևնույն ժամանակ դրա համար որպես պատիժ նախատեսելով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով տուգանքը, կամ ազատազրկումը` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, բացառելով միևնույն արարքի համար միաժամանակ թե՛ քրեական, թե՛ վարչական պատասխանատվության առաջացումը, սահմանել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կարող է առաջանալ անձի արարքում հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հիման վրա անձին պատասխանատվության ենթարկելիս անհրաժեշտ է, ի թիվս այլնի, պարզել՝ արդյոք անձի արարքը, կիրառելի քրեական օրենքի համաձայն, պարունակում է հանցագործության հատկանիշներ, և այդ հարցին միայն բացասական պատասխան տալու դեպքում (նշված հանգամանքը հաստատվում է քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ) կարելի է քննարկել անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև 25.06.2016 թվականը գործող իրավակարգավորումները մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու համար առաջացող պատասխանատվության տեսակը պայմանավորել են տեղափոխվող ապրանքների արժեքով, այսինքն՝ մինչև 25.06.2016 թվականը գործող իրավակարգավորումների համաձայն՝ մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով 1.000.000 ՀՀ դրամ արժեքը գերազանցող ապրանքների տեղափոխումն առաջացնում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն (հանցագործության մնացած տարրերի առկայության դեպքում), ինչի արդյունքում այդ արարքի կատարման համար բացառվում էր ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառումը։
Մինչդեռ 16.05.2016 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածով 25.06.2016 թվականից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը, իսկ նույն օրենքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է համապատասխանաբար 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում մաքսանենգության առանձին տեսակների համար։ Այսինքն` օրենսդիրն ըստ էության ապաքրեականացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը, բացառությամբ որոշակի տեսակի ապրանքների մաքսանենգության:
Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար քրեական պատասխանատվության վերացման հետևանքով քրեական գործի հարուցումը մերժվելու կամ քրեական գործի վարույթը կարճվելու դեպքում նույն արարքի համար անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը պարզելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ օրենքի հետադարձ ուժի կիրառման առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ (...) արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ որպես ժամանակի մեջ քրեական օրենքի գործողության հիմնական կանոն սահմանված է, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այն կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Միևնույն ժամանակ այս կանոնից սահմանված է բացառություն այն դեպքերի համար, երբ արարքի կատարումից հետո ընդունված օրենքով վերացվում է արարքի հանցավորությունը, մեղմացվում է պատիժը կամ այլ կերպ բարելավվում է հանցանք կատարած անձի վիճակը։ Ընդ որում, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը ՀՀ Սահմանադրության, իսկ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի ուժով օժտված է հետադարձ ուժով, այսինքն՝ մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա այն տարածվում է անկախ այդ օրենքում հետադարձ ուժի մասին նշում առկա լինելու հանգամանքից։
Մաքսանենգության (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված դրա որոշ տեսակների) պատժելիությունը վերացվել է 16.05.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքով, այսինքն` նշված օրենքն արարքի պատժելիությունը վերացնող է, և այդ հիմքով ունենալով հետադարձ ուժ, ըստ էության փոխարինում է մինչև դրա ուժի մեջ մտնելը գործող օրենքին: Ուստի մինչև 16.05.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարքի հանցավորությունը տվյալ դեպքում ենթակա է որոշման ոչ թե արարքի կատարման պահին գործող, այլ դրանից հետո ընդունված և հետադարձ ուժով օժտված 16.05.2016 թվականի ՀՕ-83-Ն օրենքով:
Միևնույն ժամանակ օրենսդիրը որևէ օրենսդրական փոփոխություն չի կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածում, ինչպես նաև ուժը կորցրած չի ճանաչել այդ նորմը, հետևաբար անձի արարքը կարող է որակվել ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով և առաջացնել դրանով սահմանված պատասխանատվություն, եթե անձի արարքում առկա չեն հանցագործության հատկանիշներ:
Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով մինչև 25.06.2016 թվականը կատարված, 16.05.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքով ապաքրեականացված արարքի համար անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ենթարկելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անձի կողմից կատարվել է արարք, որը 16.05.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ վերը նշված դիրքորոշումների համատեքստում հանցագործության հատկանիշներ չի պարունակում, հետևաբար ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում այդ անձը կարող է պատասխանատվության ենթարկվել մաքսային կանոնների խախտման համար։ Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու համար էական է անձի կողմից կատարված արարքին տրված քրեաիրավական գնահատականը (արարքում հանցակազմի բացակայությունը)՝ հաստատված քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Իսկ այն հանգամանքը, թե քրեական որ օրենքի (արարքի կատարման պահին գործող, թե դրանից հետո ընդունված, արարքի պատժելիությունը վերացնող օրենքի) հիման վրա է իրավասու մարմինը եկել արարքում հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ եզրահանգման, բացառապես քրեաիրավական հարց է՝ կապված ժամանակի մեջ քրեական օրենքի գործողության և նոր քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառման հետ, և այն որևէ նշանակություն չունի ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցը գնահատելու տեսանկյունից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը թույլատրելի է համարում մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումն արարքի ապաքրեականացման հետևանքով մերժվելու կամ քրեական գործի վարույթը դրա հետևանքով կարճվելու դեպքում` վարչական իրավախախտման նշանների առկայության պայմաններում, անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելը, եթե, իհարկե, չեն լրացել անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Նիկոլայ Բարխուդարյանի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` մաքսային հսկողությունից թաքցնելով 02.08.2015 թվականին 1.000.000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր արժեքով 6 անվանում դեղորայք տեղափոխվելու փաստի առթիվ Նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում 01.10.2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի քննիչը, հիմք ընդունելով 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքը, 01.08.2016 թվականին որոշում է կայացրել Նիկոլայ Բարխուդարյանի արարքում մաքսանենգության հանցակազմի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու և Նիկոլայ Բարխուդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Դրանից հետո Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշմամբ Նիկոլայ Բարխուդարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով ճանաչվել է զանցառու և 6 անվանում դեղորայքը մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար տուգանվել է այդ դեղորայքի մաքսային արժեքի` 1.118.422 ՀՀ դրամի չափով:
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Նիկոլայ Բարխուդարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.118.422 ՀՀ դրամ:
Դատարանը, մերժելով Կոմիտեի հայցը և անվավեր ճանաչելով հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած՝ Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշումը, պատճառաբանել է, որ 02.08.2015 թվականին պատասխանողի դրսևորած գործողությունը պարունակել է հանցագործության հատկանիշներ, այսինքն` առնվազն պատասխանողի գործողությունը չի կարող որակվել որպես վարչական իրավախախտում, քանի որ այդ արարքն իրավահարաբերության պահին գործած խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացնում էր քրեական պատասխանատվություն: Փաստորեն, 02.08.2015 թվականին պատասխանողի թույլ տված արարքը հանցագործության հատկանիշներ պարունակելու պայմաններում վարչական իրավախախտում (զանցանք) չէր։ Հետևաբար 02.08.2015 թվականին պատասխանողի թույլ տված արարքն այդ պահին առնվազն վարչական իրավախախտման հատկանիշներ չի պարունակել, այսինքն` զանցանք չէր կարող որակվել, և, ըստ այդմ, ՀՀ օրենսդրությանը համապատասխան պատասխանողի արարքը չէր հանգեցնում նրա նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով վարչական հարկադրանքի կիրառմանը, ուստի պատասխանողն արդեն 2016 թվականի օգոստոսին չէր կարող ենթարկվել վարչական հարկադրանքի։
Վերաքննիչ դատարանը, Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելով, ըստ էության համաձայնել է Դատարանի վերը նշված պատճառաբանություններին և եզրահանգումներին։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող օրենքով այդ արարքը համարվել է հանցագործություն, սակայն տվյալ դեպքում արարքի հանցավորությունը որոշվում է ոչ թե դրա կատարման պահին գործող օրենքով, այլ դրանից հետո ընդունված, հետադարձ ուժ ունեցող 16.05.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքով, որով այդ արարքն այլևս հանցագործություն չէ: Հետևաբար այն հանգամանքը, որ Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքը դրա կատարման պահին գործող օրենքով համարվել է հանցագործություն, սույն գործով հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս որևէ նշանակություն չունի, քանի որ արարքի կատարման պահին գործող օրենքը Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքի հանցավորությունը պարզելիս կիրառելի չէ:
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, քանի որ Նիկոլայ Բարխուդարյանի կողմից ՀՀ մաքսային սահմանով` մաքսային հսկողությունից թաքցնելով 02.08.2015 թվականին 1.000.000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր արժեքով 6 անվանում դեղորայք տեղափոխվելու փաստի առթիվ Նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում 01.10.2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է նրա արարքում մաքսանենգության հանցակազմի բացակայության հիմքով` 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու կապակցությամբ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պայմաններում արդեն Նիկոլայ Բարխուդարյանի կողմից կատարված արարքը կարող էր որակվել որպես ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, եթե պարունակում էր այդ իրավախախտման բոլոր նշանները և չէին լրացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետները:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 26.12.2017 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-260-Ն ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 01.04.2018 թվականին) 1-ին և 2-րդ հոդվածներով ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետը և 29.1-ին գլուխը։
Նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել է, որ մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումները քննվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի՝ մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող 29.1-ին գլխով սահմանված կարգով:
Մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով։
Մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (այսուհետ` բռնագանձման վերաբերյալ գործեր) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով՝ այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա։
Մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի ա. կետի համաձայն` հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը։
Մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշմամբ վերանում է տվյալ վարչական ակտի անբողոքարկելի լինելը։
Մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ նույն օրենսգրքի 216.4-րդ հոդվածի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերի քննության ընթացքում վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է համապատասխան վարչական ակտն ընդունած վարչական մարմինը։ Իսկ մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ նույն օրենսգրքի 216.5-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 216.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու մասին՝ ամբողջությամբ բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.
2) հայցադիմումը մասնակիորեն բավարարելու մասին՝ վարչական ակտը ճանաչելով մասնակիորեն անվավեր կամ առ ոչինչ՝ մասնակիորեն բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.
3) հայցադիմումն ամբողջությամբ մերժելու մասին` վարչական ակտը ճանաչելով ամբողջությամբ անվավեր կամ առ ոչինչ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները Կոմիտեի հայցը մերժման, իսկ հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած՝ Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշումն անվավեր ճանաչման ենթակա լինելը պայմանավորել են Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքն այն կատարելու պահին հանցագործության հատկանիշներ պարունակելու հանգամանքով։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը սույն որոշման պատճառաբանությունների հիման վրա հանգում է այն եզրակացության, որ վերը նշված հանգամանքը տվյալ դեպքում չի բացառում Նիկոլայ Բարխուդարյանին մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանում գործի քննության ընթացքում Նիկոլայ Բարխուդարյանը, առարկելով հայցի դեմ, ներկայացրել է հետևյալ փաստարկները.
1) խնդրո առարկա դեղամիջոցները Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն, ուստի հայցվորն իրավունք չուներ համացանցի միջոցով որոշել գումարի չափը, և ըստ այդմ, իրեն ենթարկել պատասխանատվության.
2) տվյալ դեպքում իր նկատմամբ չէր կարող կիրառվել վարչական հարկադրանքի միջոց։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի դատողությունները սահմանափակվել են Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքն այն կատարելու պահին հանցագործության հատկանիշներ պարունակելու հանգամանքով պայմանավորված՝ վերջինիս մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորության բացառմամբ։ Փաստորեն, Դատարանը, հայցը մերժելով, այլևս չի քննարկել Նիկոլայ Բարխուդարյանի կողմից ներկայացված փաստարկը՝ կապված դեղորայքի արժեքի որոշման հետ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության՝ խնդրո առարկա դեղորայքի արժեքը որոշելու վերաբերյալ Նիկոլայ Բարխուդարյանի կողմից ներկայացված փաստարկը քննության առարկա դարձնելու համար։ Դրա արդյունքում հնարավոր կլինի պարզել հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած՝ Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշման իրավաչափությունը և լուծել Նիկոլայ Բարխուդարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե 1.118.422 ՀՀ դրամ բռնագանձելու հարցը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
03.07.2020 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/7527/05/16 վարչական գործով 03.07.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.07.2020 թվականին քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Նիկոլայ Բարխուդարյանի` 1.118.422 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Արտակ Բարսեղյանս և Նախշուն Տավարացյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Նիկոլայ Բարխուդարյանից բռնագանձել 1.118.422 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է՝ անվավեր ճանաչելով 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշումը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նիկոլայ Բարխուդարյանը:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 25.05.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը, 06.07.2000 թվականին ընդունված ՀՀ մաքսային օրենսգրքի (ուժը կորցրել է 02.01.2015 թվականին, բացառությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 259-րդ հոդվածով սահմանված դրույթների) 201-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի՝ մինչև 25.05.2016 թվականը գործող խմբագրությունը և ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածը սերտորեն փոխկապակցված են եղել միմյանց հետ, և դրանց կիրառումը կախված է եղել խախտման չափերից: Դրա մասին է վկայում իրավախախտման երկու կազմերի մեկ ամբողջական լինելու հանգամանքը, թեև դրանք սահմանված են եղել երկու տարբեր իրավական ակտերում: Ուստի օրենսդրի կողմից քրեական պատասխանատվության վերացումը ենթադրում է ոչ թե պատժի ամբողջական վերացում, այլ՝ դրա փոխարինում վարչականով: Նշվածի արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրը, ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելով, ոչ թե հրաժարվել է նման արարքը հանրային վտանգավոր որակելուց և ըստ այդմ, ընդհանրապես վերացրել է դրա համար հանրային-իրավական պատասխանատվությունը, այլ ընդամենը մեղմացրել է արարքի իրավական գնահատականը և պատժի տեսակը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը․
1) ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) նախաբացթողումային հսկողության վարչության ԳՏԲ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 02.08.2015 թվականին կազմված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ նույն թվականի օգոստոսի 2-ին ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացի Նիկոլայ Բարխուդարյանի վարած և վերջինիս սեփականություն հանդիսացող «Մերսեդես Բենց» C 180 մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է զննման, ինչի արդյունքում բեռնախցիկի պահեստային անվադողի վրայից և շարժիչի կողքերից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 6 անվանում դեղորայք։ Դեղորայքը կապարակնքվել է և հանձնվել է մաքսային պահեստ (հատոր 2-րդ, գ.թ. 9-10).
2) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 18.09.2015 թվականի թիվ 15-2407 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված հետազոտելու նմուշների (օբյեկտներ 1-6) բաղադրության մեջ Հայաստանի Հանրապետության հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում ընդգրկված որևէ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր չեն պարունակում։ Փորձաքննության կատարման նպատակով տրամադրված 6 անվանում դեղերից 4-ի մանրածախ շուկայական հավանական արժեքների հանրագումարը կարող է կազմել 938.800 ՀՀ դրամ, իսկ մյուս 2 դեղերի արժեքների վերաբերյալ արտասահմանյան տարբեր երկրների ինտերնետային կայքերից ստացված տվյալների համաձայն՝ դրանց ընդհանուր միջինացված շուկայական արժեքների հանրագումարը 430.000 ՀՀ դրամ է: Եզրակացության «Ապրանքագիտական հետազոտություն» բաժնում նշվել է, որ ՀՀ շուկայի ուսումնասիրությամբ ի հայտ եկած տեղեկատվությունը ներկայացված է փորձաքննության իրականացման ժամանակահատվածի (03.09.2015-18.09.2015 թվականներ) դրությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 45-59).
3) Նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի հետաքննիչի 01.10.2015 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով առանց հայտարարագրման 1.368.800 ՀՀ դրամ արժեքով դեղորայքի տեղափոխման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (հատոր 2-րդ, գ.թ. 62-63).
4) Կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի քննիչի 01.08.2016 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում դադարացնելու մասին» որոշման համաձայն՝ թիվ 83163115 քրեական գործի վարույթը կարճվել է, և Նիկոլայ Բարխուդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում մաքսանենգության հանցակազմի բացակայության հիմքով։ Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել այն, որ 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը (հատոր 2-րդ, գ.թ. 64-65).
5) Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 05.08.2016 թվականի թիվ 8-1/1178045/-16 գրության համաձայն՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 18.09.2016 թվականի թիվ 15-2407 եզրակացությամբ ներկայացված դեղորայքի մաքսային արժեքը 2016 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ կկազմի 1․118․422 դրամ, իսկ մաքսային վճարները՝ 223․685 դրամ (ԱԱՀ) (հատոր 2-րդ, գ.թ. 69).
6) Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշման համաձայն՝ Նիկոլայ Բարխուդարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով ճանաչվել է զանցառու և 6 անվանում դեղորայքը մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար տուգանվել է այդ դեղորայքի մաքսային արժեքի չափով՝ 1.118.422 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 73-76),
7) Դատարանում գործի քննության ընթացքում Նիկոլայ Բարխուդարյանը, առարկելով հայցի դեմ, ներկայացրել է հետևյալ փաստարկները․
ա) խնդրո առարկա դեղամիջոցները Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն, ուստի հայցվորն իրավունք չուներ համացանցի միջոցով որոշել գումարի չափը, և ըստ այդմ, իրեն ենթարկեր պատասխանատվության,
բ) տվյալ դեպքում իր նկատմամբ չէր կարող կիրառվել վարչական հարկադրանքի միջոց։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործը հարուցվել է Կոմիտեի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով Կոմիտեն պահանջել է Նիկոլայ Բարխուդարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.118.422 ՀՀ դրամ:
Դատարանը, մերժելով Կոմիտեի հայցը և անվավեր ճանաչելով հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած՝ Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի ‹‹Վարչական տույժ նշանակելու մասին›› թիվ-192 որոշումը, պատճառաբանել է, որ 02.08.2015 թվականին պատասխանողի դրսևորած գործողությունը պարունակել է հանցագործության հատկանիշներ, այսինքն` առնվազն պատասխանողի գործողությունը չի կարող որակվել որպես վարչական իրավախախտում, քանի որ այդ արարքն իրավահարաբերության պահին գործած խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացնում էր քրեական պատասխանատվություն: Փաստորեն, 02.08.2015 թվականին պատասխանողի թույլ տված արարքը հանցագործության հատկանիշներ պարունակելու պայմաններում վարչական իրավախախտում (զանցանք) չէր։ Հետևաբար 02.08.2015 թվականին պատասխանողի թույլ տված արարքն այդ պահին առնվազն վարչական իրավախախտման հատկանիշներ չի պարունակել, այսինքն` զանցանք չէր կարող որակվել, և, ըստ այդմ, ՀՀ օրենսդրությանը համապատասխան պատասխանողի արարքը չէր հանգեցնում նրա նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով վարչական հարկադրանքի կիրառմանը, ուստի պատասխանողն արդեն 2016 թվականի օգոստոսին չէր կարող ենթարկվել վարչական հարկադրանքի։
Վերաքննիչ դատարանը, 01.06.2018 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Դատարանի վերը նշված պատճառաբանություններին և եզրահանգումներին։
Վճռաբեկ դատարանը քննելով Կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշման դեմ և թույլատրելի համարելով մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումն արարքի ապաքրեականացման հետևանքով մերժվելու կամ քրեական գործի վարույթը դրա հետևանքով կարճվելու դեպքում` վարչական իրավախախտման նշանների առկայության պայմաններում, անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելը (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 7-րդ էջը)՝ եզրահանգել է, որ թեև Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող օրենքով այդ արարքը համարվել է հանցագործություն, սակայն տվյալ դեպքում արարքի հանցավորությունը որոշվում է ոչ թե դրա կատարման պահին գործող օրենքով, այլ դրանից հետո ընդունված, հետադարձ ուժ ունեցող 16.05.2016 թվականի ‹‹Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› ՀՕ-83-Ն ՀՀ օրենքով, որով այդ արարքն այլևս հանցագործություն չէ: Միևնույն ժամանակ արձանագրելով, որ այն հանգամանքը, որ Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքը դրա կատարման պահին գործող օրենքով համարվել է հանցագործություն, սույն գործով հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս որևէ նշանակություն չունի, քանի որ արարքի կատարման պահին գործող օրենքը Նիկոլայ Բարխուդարյանին վերագրվող արարքի հանցավորությունը պարզելիս կիրառելի չէ (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 9-րդ էջը), Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Արտակ Բարսեղյանս և Նախշուն Տավարացյանս համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է նույն օրենսգրքով:
Վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ արարքը կարող է որակվել վարչական իրավախախտում (զանցանք) և առաջ բերել վարչական պատասխանատվություն միայն այն դեպքում, երբ այդ արարքը հանցագործություն չի համարվում:
Հարկ ենք համարում նշել, որ քրեական և վարչական օրենսդրությամբ շատ հաճախ նկարագրվում են հակաօրինական արարքների կրկնօրինակներ, որոնց համար նշված օրենսդրություններով նախատեսվում են պատասխանատվության տարբեր միջոցներ: Դրանք հիմնականում վերաբերում են պատասխանատվության եղանակներին և չափին:
Անձանց կողմից կատարված հակաօրինական արարքի որակման հարցն առանցքային նշանակություն ունի նրանց նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու թույլատրելի իրավական ակտն ընտրելու և դրանով նախատեսված կարգով պատասխանատվության հարցը լուծելու համար, քանի որ որոշ արարքներ կատարելը կարող է հանգեցնել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության՝ կախված այդ արարքների որակման համար օրենքով նախատեսված պայմանների առկայությունից: Ընդ որում, արարքի որակումը կարող է տրվել բացառապես այն կատարելու պահին գործող օրենսդրության հիման վրա:
Այսպես. եթե անձի կողմից կատարվել է հակաօրինական այնպիսի արարք, որը տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է որպես հանցագործություն, ապա այդ արարքը չի կարող որակվել որպես վարչական իրավախախտում (զանցանք) ու հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար:
Բացառություն կարող է դիտվել թերևս այն իրավիճակը, երբ անձի կողմից կատարված հակաօրինական արարքին տրվի քրեաիրավական գնահատական, սակայն հետագայում (գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու ընթացքում) պարզվի, որ արարքին տրվել է սխալ որակում ու այն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չէ (այսինքն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է), ապա քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ եթե պարզվի, որ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ: Այնինչ, եթե արարքն ի սկզբանե որակվել է որպես հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով, ապա դա նշանակում է, որ բացակայել է արարքը վարչական իրավախախտում որակելու իրավական և փաստական հիմքը: Ընդ որում, եթե անգամ հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում տվյալ արարքն այլևս դադարի համարվել հանցագործություն (արարքը ապաքրեականացվի), ապա այդ հանգամանքը չի կարող ազդել արարքը կատարելու պահին դրան տրված իրավական գնահատականի վրա, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այլ կերպ ասած, եթե արարքը կատարելու պահին այն հանդիսացել է հանցագործություն, ապա հետագայում այդ արարքն ապաքրեականացնելուց հետո չի կարող հետևություն արվել այն մասին, որ նախկինում տրված որակումը եղել է սխալ և փաստորեն արարքը ոչ թե հանցագործություն է եղել, այլ՝ վարչական իրավախախտում:
Այսպիսով, հանգում ենք եզրակացության, որ անձի կողմից կատարված հակաօրինական արարքին տվյալ պահին գործող օրենսդրության հիման վրա քրեաիրավական գնահատական տալու դեպքում այդ արարքը հետագայում այլևս չի կարող որակվել որպես վարչական իրավախախտում, եթե անգամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցագործություն համարվող արարքը ապաքրեականացվի: Հակառակ մեկնաբանման դեպքում կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլինի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն կիրառել այն անձի նկատմամբ, որը մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (Մաքսանենգություն) նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հիմքով դատապարտված լինի ազատազրկման, սակայն պատիժը կրելու ընթացքում քրեական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքն ապաքրեականացվի ու քրեական գործի վարույթը կարճվի՝ դատապարտյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելու հիմքով: Նշված մեկնաբանությունը գոյության իրավունք չունի, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության հիմնարար սկզբունքը:
Ամփոփելով վերոգրյալը՝ եզրահանգում ենք, որ եթե արարքը կատարելու պահին հանցագործության հատկանիշներ պարունակելու հիմքով այն չի հանդիսացել վարչական իրավախախտում (զանցանք), ապա անգամ հետագայում այդ հատկանիշները կորցնելու հանգամանքը չի կարող արարքը դարձնել վարչական իրավախախտում:
ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:
Մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի (Մաքսանենգությունը) առաջին մասը քրեական պատասխանատվություն է սահմանել մաքսանենգության` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխման համար, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների:
Նույն հոդվածի հինգերորդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բացառությամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն՝ նույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքը:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (…) իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1․000 դրամը:
16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 25.06.2016 թվականին) 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության 18.04.2003 թվականի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը:
Այսպիսով, մինչև 25.06.2016 թվականը գործել է մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու համար պատասխանատվության հետևյալ իրավակարգավորումը:
Օրենսդիրը վարչական իրավախախտում, այսինքն՝ զանցանք է որակել մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը, եթե բացակայում են հանցագործության հատկանիշները՝ որպես դրա համար պատասխանատվություն նախատեսելով այդ ապրանքների մաքսային արժեքի չափով տուգանք նշանակելը:
Միևնույն ժամանակ օրենսդիրը քրեական պատասխանատվություն էր նախատեսել այն դեպքերի համար, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով տեղափոխվում էին հանցագործության պահին 1.000.000 ՀՀ դրամ արժեքը գերազանցող ապրանքներ, մշակութային կամ այլ արժեքներ` այն որակելով որպես մաքսանենգություն` միևնույն ժամանակ դրա համար որպես պատիժ նախատեսելով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով տուգանքը, կամ ազատազրկումը` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Փաստորեն օրենսդիրը միևնույն արարք կատարելու համար նախատեսել է թե՛ վարչական և թե՛ քրեական պատասխանատվություն՝ այն պայմանավորելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող արանքների արժեքով և/կամ բնույթով (մշակութային կամ այլ արժեքներ), հետևաբար անձի կողմից կատարված հակաօրինական արարքին իրավական գնահատական տալու, կամ որ նույնն է արարքին համապատասխան որակում տալու համար անհրաժեշտ է ճշգրտորեն ընտրել կիրառման ենթակա օրենքը:
Դա նշանակում է, որ մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման փաստ արձանագրելու յուրաքանչյուր դեպքում արարքին որակում տալու համար անհրաժեշտ է նախ և առաջ հաստատված համարել, որ դրանում բացակայում են հանցագործության հատկանիշները, քանի որ միայն այդ պարագայում վարչական մարմինն իրավասու կլինի հարուցել վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հիման վրա ենթադրյալ իրավախախտի նկատմամբ վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար: Մինչդեռ հանցագործության հատկանիշների առկայության պարագայում վարչական վարույթ չի կարող հարուցվել, ուստի գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ «յուրաքանչյուր դեպքում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հիման վրա անձին պատասխանատվության ենթարկելիս անհրաժեշտ է, ի թիվս այլնի, պարզել՝ արդյոք անձի արարքը, կիրառելի քրեական օրենքի համաձայն, պարունակում է հանցագործության հատկանիշներ, և այդ հարցին միայն բացասական պատասխան տալու դեպքում (նշված հանգամանքը հաստատվում է քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ) կարելի է քննարկել անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը» (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 5-րդ էջը) չի բխում վերոգրյալ իրավակարգավորումներից: Այլ կերպ ասած, եթե վարչական մարմինը հարուցել է վարչական վարույթ ու ձեռնամուխ եղել ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հիման վրա անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացին, ապա դա նշանակում է, որ ի սկզբանե բացառվել է արարքի քրեորեն պատժելի, այսինքն՝ հանցագործություն լինելը և այն որակվել է որպես վարչական իրավախախտում (զանցանք), հետևաբար վարչական վարույթի ընթացքում արդեն հանցագործության հատկանիշներ պարզելու խնդիր առկա չի կարող լինել:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 16.05.2016 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածով 25.06.2016 թվականից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը, իսկ նույն օրենքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է համապատասխանաբար 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում մաքսանենգության առանձին տեսակների համար։ Այսինքն` օրենսդիրն ըստ էության ապաքրեականացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը, բացառությամբ որոշակի տեսակի ապրանքների մաքսանենգության:
Հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված վերոգրյալ փոփոխությունները՝ հարկ ենք համարում անդրադառնալ մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար քրեական պատասխանատվության վերացման հետևանքով քրեական գործի հարուցումը մերժվելու կամ քրեական գործի վարույթը կարճվելու դեպքում նույն արարքի համար անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությանը:
Ինչպես վերը նշեցինք, արարքի որակումը կարող է տրվել այն կատարելու պահին գործող օրենսդրության հիման վրա: Այսինքն՝ եթե արարքը կատարելու պահին այն պարունակել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված հատկանիշներ ու այդ հիմքով հարուցվել է քրեական գործ, ապա դա նշանակում է, որ նշված հոդվածի ապաքրեականացման դեպքում անգամ նույն արարքը չի կարող որակվել վարչական իրավախախտում (զանցանք), քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի իրավակարգավորումներից բխում է, որ արարքը կարող է որակվել վարչական իրավախախտում (զանցանք) և առաջ բերել վարչական պատասխանատվություն միայն այն դեպքում, երբ այդ արարքը հանցագործություն չի համարվում: Հետևաբար, եթե անգամ արարքի ապաքրեականացումից հետո այն ձեռք է բերում վարչական իրավախախտում (զանցանք) որակելու համար օրենքով նախատեսված հատկանիշներ, այդուհանդերձ դա բավարար չի կարող լինել անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար, քանի որ արարքի որակման համար էական են ոչ թե արձանագրված հակաօրինական գործողություններից հետո կատարված օրենսդրական փոփոխությունները, այլ՝ արարքի կատարման պահը:
Ընդ որում գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ մաքսային հսկողությունից թաքցնելով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար քրեական պատասխանատվության վերացման հետևանքով քրեական գործի հարուցումը մերժվելու կամ քրեական գործի վարույթը կարճվելու դեպքում նույն արարքի համար անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը պարզելու համար օրենքի հետադարձ ուժի կիրառման հարցը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերլուծելով արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը, ինչպես նաև մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի, 13-րդ հոդվածի առաջին մասի իրավակարգավորումները՝ արձանագրել է, որ մաքսանենգության (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված դրա որոշ տեսակների) պատժելիությունը վերացվել է 16.05.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքով, այսինքն` նշված օրենքն արարքի պատժելիությունը վերացնող է, և այդ հիմքով ունենալով հետադարձ ուժ, ըստ էության փոխարինում է մինչև դրա ուժի մեջ մտնելը գործող օրենքին, ուստի մինչև 16.05.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-83-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարքի հանցավորությունը տվյալ դեպքում ենթակա է որոշման ոչ թե արարքի կատարման պահին գործող, այլ դրանից հետո ընդունված և հետադարձ ուժով օժտված 16.05.2016 թվականի ՀՕ-83-Ն օրենքով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու համար էական է անձի կողմից կատարված արարքին տրված քրեաիրավական գնահատականը (արարքում հանցակազմի բացակայությունը)՝ հաստատված քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Իսկ այն հանգամանքը, թե քրեական որ օրենքի (արարքի կատարման պահին գործող, թե դրանից հետո ընդունված, արարքի պատժելիությունը վերացնող օրենքի) հիման վրա է իրավասու մարմինը եկել արարքում հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ եզրահանգման, բացառապես քրեաիրավական հարց է՝ կապված ժամանակի մեջ քրեական օրենքի գործողության և նոր քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառման հետ, և այն որևէ նշանակություն չունի ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցը գնահատելու տեսանկյունից (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 6-7-րդ էջերը):
Լիովին ընդունելի է Վճռաբեկ դատարանի այն վերլուծությունը, ըստ որի՝ ՀՀ օրենսդրությամբ որպես ժամանակի մեջ քրեական օրենքի գործողության հիմնական կանոն սահմանված է, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այն կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Միևնույն ժամանակ այս կանոնից սահմանված է բացառություն այն դեպքերի համար, երբ արարքի կատարումից հետո ընդունված օրենքով վերացվում է արարքի հանցավորությունը, մեղմացվում է պատիժը կամ այլ կերպ բարելավվում է հանցանք կատարած անձի վիճակը։ Այդուհանդերձ գտնում ենք, որ այս վերլուծությունը կիրառելի կարող է լինել միայն անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով: Այսինքն՝ արդյոք անձը պե՞տք է ենթարկվի քրեական պատասխանատվության կամ շարունակի կրել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատիժը մի արարքի համար, որը թեև այն կատարելու պահին հանդիսացել է հանցագործություն, սակայն քրեական գործի քննության կամ պատիժը կրելու ընթացքում արարքն ապաքրեականացվել է կամ պատիժ սահմանող նորմով նախատեսվել է նախկինից տարբերվող, առավել մեղմ պատիժ: Նշված դիրքորոշումը բխում է արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող, հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքները հետադարձ ուժով օժտելու սահմանադրական կանոնակարգման էությունից և բովանդակությունից, քանի որ ապաքրեականացումը ենթադրում է քրեական պատասխանատվությունից ազատում և երբևէ չի կարող ենթադրել այլ վարույթի շրջանակներում մեկ այլ պատասխանատվության կիրառում: Այսպես օրինակ՝ եթե օրենսդիրը որոշեր ոչ թե ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 18.04.2003 թվականի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը, այլ՝ մեղմացներ նույն հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի չափը, ապա ՀՀ Սահմանադրության իրավակարգավորումների հիմքով նշված օրենքը կունենար հետադարձ ուժ: Սակայն, եթե օրենսդիրը որոշել է ապաքրեականացնել արարքը, ապա դա ամենևին չի նշանակում, որ այն կարող է դիտարկվել որպես արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող, հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք՝ վարչական պատասխանատվություն կիրառելու առումով, քանի որ եթե, օրինակ, անձը կրել է երեք տարի ազատազրկման ձևով Հայաստանի Հանրապետության 18.04.2003 թվականի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի կիրառմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի մեծ մասը և մնացել է կրելու միայն երեք ամիս, ապա արարքի ապաքրեականացման հիմքով այդ անձի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու և գործի վարույթը կարճելուց հետո նրա նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում սահմանված վարչական պատասխանատվության կիրառումը ոչ մի տրամաբանությամբ չի կարող դիտվել անձի վիճակը բարելավող: Ճիշտ հակառակը, որոշ դեպքերում այն կարող է դիտարկվել նույնիսկ անձի վիճակը վատթարացնող, որպիսի իրավիճակի առաջացումն ուղղակի կհակասի ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի տրամաբանությանը:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ մինչև 25.06.2016 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված արարքը կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումն արարքի ապաքրեականացման հետևանքով մերժվելու կամ քրեական գործի վարույթը դրա հետևանքով կարճվելու դեպքում` վարչական իրավախախտման նշանների առկայության պայմաններում, անձին ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելն անթույլատրելի է:
Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների դիրքորոշումները՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Նիկոլայ Բարխուդարյանի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` մաքսային հսկողությունից թաքցնելով 02.08.2015 թվականին 1.000.000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր արժեքով 6 անվանում դեղորայք տեղափոխվելու փաստի առթիվ Նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում 01.10.2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի քննիչը, հիմք ընդունելով 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքը, 01.08.2016 թվականին որոշում է կայացրել Նիկոլայ Բարխուդարյանի արարքում մաքսանենգության հանցակազմի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու և Նիկոլայ Բարխուդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Այնուհետև Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշմամբ Նիկոլայ Բարխուդարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով ճանաչվել է զանցառու և 6 անվանում դեղորայքը մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար տուգանվել է այդ դեղորայքի մաքսային արժեքի` 1.118.422 ՀՀ դրամի չափով:
Մինչդեռ գտնում ենք, որ 16.05.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության 18.04.2003 թվականի քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքը չէր կարող ազդեցություն ունենալ 02.08.2015 թվականին կատարված արարքի որակման վրա, քանի որ արարքը կատարելու պահի դրությամբ այն վարչական իրավախախտում (զանցանք) չի հանդիսացել ու այդպիսին չի որակվել, ուստի գտնում ենք, որ Դատարանը մերժելով Կոմիտեի հայցը և անվավեր ճանաչելով հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած՝ Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի 18.08.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ-192 որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, ուստի Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավոր |
Դատավոր |
Դատավոր |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱն |
|