Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

         

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՔԴ/0113/01/16

Գործ թիվ ԵԱՔԴ/0113/01/16

Նախագահող դատավոր՝

  Ն.Հովակիմյան 

Դատավորներ՝

  Ա.Ազարյան

  Մ.Պապոյան

   

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

      

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Մ. Մնացականյանի

մասնակցությամբ

պաշտպան`

Ե. Սարգսյանի

մեղադրող`

Ա. Մնացականյանի

 

 

 

2019 թվականի սեպտեմբերի 18-ին

ք.Երևանում

     

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

      

Պ Ա Ր Զ Ե Ց

      

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հոկտեմբերի 2-ին հարուցվել է թիվ 09120815 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2015 թվականի հոկտեմբերի 16-ին Գևորգ Դավթի Սարգսյանը մեղայականով ներկայացել է նախաքննության մարմնին, և նույն օրը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Գ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Գ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Գ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել:

2016 թվականի հունիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով Գ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ից: Գ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նա ազատ է արձակվել` դատական նիստի դահլիճում:

3. Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել պաշտպան Ե.Սարգսյանը և մեղադրող Ա.Մնացականյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ պաշտպան Ե.Սարգսյանի և մեղադրող Ա.Մնացականյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպան Ե.Սարգսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 

     

   Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի որոշմամբ Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա. «(...) 2015թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 1-ի ժամը  00:10-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ռուբինյանց 2/15 հասցեում գտնվող «Կալիֆորնիա բուրգեր» արագ սննդի կետի դիմացի ավտոկայանատեղիում վիճաբանության մեջ է մտել մի խումբ տղաների հետ, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել Լևոն Գևորգի Ավետիսյանի կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, ձախ նստատեղի և աջ ազդրի շրջաններին՝ դիտավորությամբ Լ.Ավետիսյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս: (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) [Լ]րիվ, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանի, Դատարանը գտնում է, որ վերջինս (…) ունեցել է բավարար հիմքեր տուժող Լևոն Ավետիսյանին որպես ոտնձգող անձի դիտարկելու համար, որպիսի դատողությունները հիմնվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները վրա:

(…) Անդրադառնալով պաշտպանության և ոտնձգության համարժեքությանը՝ Դատարանը, գնահատման ենթարկելով պաշտպանվող բարիքի արժեքավորությունը և այն վնասի չափը, որ կարող էր հասցվել դրան, ոտնձգության ինտենսիվությունը ու հանկարծակիությունը, պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորությունները, ոտնձգողների և պաշտպանվողների քանակը, ոտնձգության իրադրությունը, տեղը, ժամանակը, մասնավորապես փաստում է հետևյալը.

ա) ոտնձգությունը սպառնալիք է ստեղծել ամբաստանյալի և վերջինիս եղբոր կյանքի և առողջության համար, որի արդյունքում վերջիններիս առողջությանը պատճառվել է թեթև վնաս (տե՛ս, դատաբժշկական փորձաքննությունների թիվ 3091 և 3041 եզրակացությունները),

բ) կիրառված պաշտպանության արդյունքում տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած չթափանցող, ձախ նստատեղի և աջ ազդրի շրջանների ծակած-կտրած վերքերի ձևով, այսինքն՝ պատճառված վնասվածքները ունեն տարբեր տեղակայվածություն (տե՛ս, դատաբժշկական փորձաքննության թիվ 2255/հ եզրակացությունը),

գ) ամբաստանյալ Գևորգ Սարգսյանի մարմնական վնասվածքները կտրած բնույթի են, մինչդեռ տուժող Լևոն Ավետիսյանի մարմնական վնասվածքները կտրած-ծակած բնույթի են, այսինքն՝ ունեն առաջացման տարբեր մեխանիզմներ՝ մի դեպքում դանակը մարմնի նկատմամբ ունի սահող, մյուս դեպքում՝ ծայրով մարմնի մեջ խորաթափանցելու ազդեցություն (տե՛ս, դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 15-16 եզրակացությունը),

դ) նույն դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 15-16 եզրակացությամբ փաստվել է, որ բացառվում է Լ.Ավետիսյանի վնասվածքների առաջացումը Գ.Սարգսյանի կողմից նկարագրված պայմաններում,

ե) ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանը զբաղվել է սպորտով, ֆիզիկապես ուժեղ է (…)»:

(…) Դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում տուժող Լևոն Ավետիսյանի առողջությանը հասցվել է այնպիսի ծանր վնաս, որը տվյալ պայմաններում անկասկած արդարացված չէր, այսինքն՝ թույլ է տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, քանզի հասցված վնասը տվյալ իրադրությունում և պայմաններում ակնհայտորեն անհամաչափ է եղել ոտնձգությանը։

Միևնույն ժամանակ Դատարանը փաստում է, որ (…) հաստատված փաստական հանգամանքների և իրավական դիրքորոշումների շրջանակը ինքնին ողջամտորեն վկայում է այն մասին, որ ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանը դիտավորությամբ Լևոն Ավետիսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս, որը, սակայն, կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հետևաբար՝ ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանի կատարած արարքը անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասին:

(…) Պատշաճ իրավական գնահատականի ենթարկելով տուժող Լևոն Ավետիսյանի դատաքննական և նախաքննական, վկաներ Մելանիա և Դավիթ Սարգսյանների, Ռոբերտ Մանուկյանի, Գեորգի Երեմյանի նախաքննական, վկաներ Սվետլանա Թարվերդյանի, Էդգար Սարգսյանի, Հայկ Գևորգյանի, Սուրեն Միքայելյանի և Տիգրան Աբրահամյանի դատաքննական, վկաներ Սարգիս Պետրոսյանի, Սերգեյ Շահինյանի, Արման, Գևորգ, Արարատ, Սևակ և Նոնա Ավետիսյանների, Նարեկ Եղունյանի նախաքննական և դատաքննական, ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննության թիվ 2255/հ, 3091, 3041, դատակենսաբանական փորձաքննության թիվ 401, 491 և դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 15-16 եզրակացությունները, 2015 թվականի հոկտեմբերի 1-ի՝ «Դեպքի վայրի զննության մասին» և «Տեղանքի զննության մասին» և 2015 թվականի հոկտեմբերի  8-ի՝ զննության արձանագրությունները, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի՝ Գևորգ Դավթի Սարգսյանի մեղայականով ներկայանալու արձանագրությունը, դատաքննության ընթացքում հետազոտված իրեղեն ապացույցները, քրեական գործով մյուս բոլոր նյութերը, որոնք հետազոտվել են դատաքննության ընթացքում, ինչպես նաև ամբաստանյալի վերաբերմունքը դեպքի պահին իր կողմից կատարված հանցանքի նկատմամբ, այն է՝ սուբյեկտիվ կողմը, Դատարանը փաստում է, որ այդ նյութերը (…) բավարար են արձանագրելու, որ՝

ա) ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում,

բ) ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանը տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելով թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, այսինքն՝ պատճառել է այնպիսի վնաս, որը տվյալ իրադրության պայմաններում ակնհայտ արդարացված չի եղել,

գ) ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանն այդ վնասվածքները տուժողին պատճառել է դիտավորությամբ, այսինքն՝ նպատակ է ունեցել հենց այդպիսի վնաս հասցնելու եղանակով կանխել ոտնձգությունը,

դ) ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանի համար տվյալ իրադրության պայմաններում ակնհայտ է եղել, որ տուժողի առողջությանը նմանաբնույթ վնասի պատճառումն ակնհայտ անհամաչափ է եղել:

Ուստի, նման պայմաններում հիշյալ փաստական տվյալների համակցությունը բացառում է ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանին՝ մեղադրանքի վերաորակման արդյունքում առաջադրված մեղադրանքի ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած, որպիսի պարագայում Դատարանը ողջամտորեն եզրահանգում է, որ նախաքննական և դատաքննական ապացույցների ամբողջությունը բավարար է հաղթահարված համարելու «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը՝ հիմնավորելով ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանի մեղավորությունն իր կողմից կատարված հանցանքում։
Այսինքն, Դատարանի մոտ առկա է համոզվածություն և վստահություն առ այն, որ ապացուցված է Գևորգ Դավթի Սարգսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 116–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված հանցանքում։ (...)»2
։  

 7. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Գևորգ Սարգսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ Լևոն Գևորգի Ավետիսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ: (...)»3։

    

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել են արդարադատության բուն էությունը:

 Բողոքաբերը փաստարկել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, պարզել մեղադրյալ Գ.Սարգսյանին արդարացնող հանգամանքները, ինչպես նաև մանրակրկիտ ստուգել վերջինիս անմեղության վերաբերյալ իր և իր պաշտպանի հայտարարությունները, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը օրենքի համապատասխան պահանջները չի կատարել:

Բողոքաբերն ընդգծել է, որ սույն քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցությունից ակնհայտ է, որ Գ.Սարգսյանի գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Գ.Սարգսյանը պաշտպանվել է զինված անձանց խմբի հարձակումից, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքով Գ.Սարգսյանը կարող էր պատճառել ցանկացած վնաս, ուստի տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելով՝ վերջինս ակնհայտորեն թույլ չի տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

  9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը, ճանաչել և հռչակել Գ.Սարգսյանի անմեղությունը նրան առաջադրված մեղադրանքում, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

     

  Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

  10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա±ծ են արդյոք ամբաստանյալ Գ.Սարգսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

   11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Գ.Սարգսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության4:

  12. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Սարգսյանի  մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են տուժող Լ.Ավետիսյանի դատաքննական և նախաքննական, վկաներ Մելանիա և Դավիթ Սարգսյանների, Ռ.Մանուկյանի, Գ.Երեմյանի նախաքննական, վկաներ Ս.Թարվերդյանի, Է.Սարգսյանի, Հ.Գևորգյանի, Ս.Միքայելյանի և Տ.Աբրահամյանի դատաքննական, վկաներ Ս.Պետրոսյանի, Ս.Շահինյանի, Արման, Գևորգ, Արարատ, Սևակ և Նոնա Ավետիսյանների, Ն.Եղունյանի նախաքննական և դատաքննական, ամբաստանյալ Գ.Սարգսյանի դատաքննական ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության թիվ 2255/հ, 3091, 3041, դատակենսաբանական փորձաքննության թիվ 401, 491 և դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 15-16 եզրակացություններով, 2015 թվականի հոկտեմբերի 1-ի՝ «Դեպքի վայրի զննության մասին» և 2015 թվականի հոկտեմբերի 8-ի՝ «Տեղանքի զննության մասին» արձանագրություններով, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի՝ Գևորգ Դավթի Սարգսյանի մեղայականով ներկայանալու արձանագրությամբ, քրեական գործում առկա իրեղեն ապացույցներով:

13. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Գ.Սարգսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`       (...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ (…) [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: 

14.1 Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: 

14.2 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»5: 

14.3 Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում6: 

15. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով` ամբաստանյալ Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

     

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

18. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում7: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է8:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Սարգսյանը 2015թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 1-ը՝ ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ռուբինյանց 2/15 հասցեում գտնվող «Կալիֆորնիա բուրգեր» արագ սննդի կետի դիմացի ավտոկայանատեղիում վիճաբանության մեջ է մտել մի խումբ տղաների հետ, որի ընթացքում դանակով հարվածներ է հասցրել Լ.Ավետիսյանի կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, ձախ նստատեղի և աջ ազդրի շրջաններին՝ դիտավորությամբ Լ.Ավետիսյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս9:

ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ Գ.Սարգսյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում որոշում է կայացրել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին10: Նշված որոշման դեմ Գ.Սարգսյանի պաշտպանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի`  2019 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ11:

20. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Սարգսյանին մեղսագրված արարքն ավարտվել է 2015 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ նրա նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի եղել: Հետևաբար, Գ.Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, պատշաճ ուշադրության չարժանացնելով նշված հանգամանքը, 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ չի քննարկել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Գ.Սարգսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը:

21. Ուստի, սույն գործով Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել: 

22. Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ անձն արդեն հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար, պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ,  419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գևորգ Դավթի Սարգսյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը բեկանել: Գևորգ Դավթի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել:

2. Որպես իրեղեն ապացույց ճանաչված՝ տուժող Լևոն Գևորգի Ավետիսյանի հագուստները վերադարձնել վերջինիս, տարաները, բաժակները, խծուծները և անձեռոցիկները՝ ոչնչացնել: 

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

         

__________________________________

1  Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 94-96:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 67-164:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 47-94:

4 Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

5 Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵԿԴ/0211/01/10 գործով 2011 թվականի հուլիսի 13-ի որոշման 14-րդ կետը։

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵՇԴ/0055/01/11 գործով 2014 թվականի մարտի 28-ի որոշումը, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0121/11/14 գործով 2015 թվականի մարտի 27-ի որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ2/0016/01/14 գործով 2017 թվականի ապրիլի 12-ի որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0180/01/15 գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշումը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

11 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

      

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական: