ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը սահմանում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքները և հարաբերությունները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաև կարգավորում է արհեստակցական միությունների և նրանց մասնակիցների (անդամների) իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արհեստակցական միությունների վրա:
Հոդված 2. |
ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
արհեստակցական միություն` արհեստակցական կազմակերպություն կամ արհեստակցական կազմակերպությունների միություն.
արհեստակցական կազմակերպություն` հասարակական միավորում, որը կամավորության սկզբունքով միավորում է աշխատողներին` նրանց աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու համար.
արհեստակցական կազմակերպությունների միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպություններին և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միություններին.
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է մասնագիտական գործունեության որոշակի ոլորտում կամ հարակից ոլորտներում գործող արհեստակցական կազմակերպությունների և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միությունների կեսից ավելիի, որոնց անդամագրված են տվյալ ոլորտի առավելագույն թվով աշխատողներ.
արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ.
գործատու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գործունեություն իրականացնող հիմնարկ, իրավաբանական անձ կամ որևէ այլ կազմակերպություն` անկախ սեփականության ձևից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վարձու աշխատանք օգտագործող ֆիզիկական անձ.
աշխատող` օրենքով աշխատելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք է կատարում գործատուի մոտ.
արհեստակցական միության մասնակից (անդամ)` անձ, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը` վերջինիս կանոնադրության համաձայն:
Հոդված 3. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
Արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներն են`
ա) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական, հասարակական և այլ կազմակերպություններից անկախությունը.
բ) արհեստակցական միություններին մասնակցելու (անդամակցելու) կամավորությունը.
գ) արհեստակցական միությունների իրավահավասարությունը.
դ) աշխատողի իրավունքների սահմանափակում թույլ չտալը` կապված նրա` արհեստակցական միության մասնակից (անդամ) լինելու հանգամանքի հետ:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հոդված 4. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ:
Հիմնադիր ժողովը հաստատում է կազմակերպության կանոնադրությունը, ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Հոդված 5. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ |
Երկու և ավելի արհեստակցական կազմակերպություններ և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միություններ իրենց ներկայացուցիչների ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ կարող են հիմնադրել արհեստակցական կազմակերպությունների մեկ միություն` հաստատելով նրա կանոնադրությունը և ընտրելով ղեկավար ու վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական և ճյուղային հանրապետական միություններն իրավունք ունեն իրենց անվանման մեջ օգտագործել «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կամ դրա հապավումը:
Հոդված 6. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ) |
Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատողները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:
Աշխատողը կարող է մասնակից (անդամ) լինել մեկից ավելի կազմակերպությունների, եթե դա չի հակասում նրանց կանոնադրություններին:
Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) լինելու կարգը սահմանվում է այդ կազմակերպության կանոնադրությամբ:
Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և իրավապահ մարմինների ծառայողները:
Գործատուն չի կարող ընտրվել այն արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմինների կազմում, որին մասնակցում (անդամակցում) է տվյալ գործատուի աշխատողը:
Հոդված 7. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ) |
Արհեստակցական կազմակերպությունների միության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել արհեստակցական կազմակերպությունները և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միությունները:
Արհեստակցական կազմակերպությունը և արհեստակցական կազմակերպությունների միությունը կարող են մասնակից (անդամ) լինել արհեստակցական կազմակերպությունների մեկ միության:
Արհեստակցական միությանը մասնակից (անդամ) լինելը կարգավորվում է նրա կանոնադրությամբ:
Հոդված 8. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ |
Արհեստակցական միության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (համաժողովը, համագումարը), որը հրավիրվում է նրա կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ:
Արհեստակցական միության բարձրագույն մարմինն ունի նրա գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: Նրա բացառիկ իրավասությունն է`
ա) արհեստակցական միության կանոնադրության հաստատումը և փոփոխումը.
բ) արհեստակցական միության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.
գ) արհեստակցական միության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը:
Հոդված 9. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Կանոնադրությունը պետք է բովանդակի արհեստակցական միության`
ա) անվանումը, որը պետք է ներառի համապատասխանաբար «արհեստակցական կազմակերպություն» կամ «արհեստակցական կազմակերպությունների միություն» բառերը.
բ) գործունեության առարկան և նպատակները.
գ) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց գործառույթները.
դ) մասնակից (անդամ) դառնալու և մասնակցությունից (անդամակցությունից) դուրս գալու կարգը.
ե) մասնակիցների (անդամների) իրավունքները և պարտականությունները.
զ) գտնվելու վայրը (հասցեն).
է) վերակազմակերպման և լուծարման կարգը.
ը) կանոնադրությունում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը.
թ) մուտքի վճարների, անդամավճարների չափը, մուծումների կարգը և գույքի ձեռքբերման այլ աղբյուրներ:
Հոդված 10. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Արհեստակցական միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է նրա լուծարման ավարտի մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառում կատարելու պահին:
Արհեստակցական միության գրանցումը և գրանցման մերժումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 11. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ |
Արհեստակցական միության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը) իրականացվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ` օրենքով և նրա կանոնադրությամբ սահմանված կարգով:
Արհեստակցական միության վերակազմավորում չի թույլատրվում:
Արհեստակցական միության լուծարումը տեղի է ունենում օրենքով և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով ու դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Արհեստակցական միությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 13. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ |
Արհեստակցական միությունն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից և կուսակցություններից. նրանց հաշվետու չէ և նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 14. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆը |
Արհեստակցական միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և արհեստակցական միության կանոնադրությանը համապատասխան կարող է համագործակցել միջազգային և այլ երկրների արհեստակցական միությունների ու այլ հասարակական միավորումների հետ, ինչպես նաև մասնակցել (անդամակցել) միջազգային և այլ երկրների արհեստակցական միություններին:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
Արհեստակցական միության նպատակներն են`
ա) ներկայացնել և պաշտպանել արհեստակցական միության մասնակցի (անդամի) աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը և իրավունքները գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ.
բ) գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.
գ) գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.
դ) գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման և խրախուսման հարցերում.
ե) գործատուի ներկայացմամբ քննարկել աշխատանքային կարգապահության խախտում թույլ տված արհեստակցական միության մասնակցի (անդամի) հարցը:
Հոդված 16. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Արհեստակցական միությունը, ի դեմս իր ղեկավար մարմնի կամ ներկայացուցչի, իրավունք ունի կոլեկտիվ պայմանագիր (համաձայնագիր) կնքել (վերակնքել) գործատուի հետ:
Գործատուն պարտավոր է իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ կնքել (վերակնքել) կոլեկտիվ պայմանագիր (համաձայնագիր):
Կոլեկտիվ պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կարող է բանակցել և համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, պետական կառավարման մյուս մարմինների հետ կարող են բանակցել և համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունները:
Հոդված 17. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Արհեստակցական միության ղեկավար մարմնի ներկայացուցիչները, աշխատանքի պայմանների ուսումնասիրման նպատակով, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այցելել այն աշխատատեղերը, որտեղ աշխատում են տվյալ արհեստակցական միության մասնակիցները (անդամները):
Աշխատատեղում, աշխատանքի պայմանների հետ կապված, աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրադրություն ի հայտ գալու դեպքում արհեստակցական միությունն իրավունք ունի գործատուից միջնորդագրով պահանջել միջոցներ ձեռնարկել ի հայտ եկած վտանգը վերացնելու կամ մինչ այդ աշխատանքն այդ աշխատատեղում դադարեցնելու համար: Միջնորդագրերին ի պատասխան` գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում արհեստակցական միությանը տեղյակ պահել ձեռնարկված միջոցառումների մասին:
Հոդված 18. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ և ՏԱՐԱԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Արհեստակցական միությունն իր կանոնադրական խնդիրներն իրագործելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից ստանալ ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք չհամարվող տեղեկություններ:
Արհեստակցական միությունն իրավունք ունի իր գործունեությունը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով կամ այդ նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունենալ լրատվության միջոցներ:
Հոդված 19. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Արհեստակցական միությունը, արհեստակցական միության մասնակցի (անդամի) իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով, իրավասու է միջնորդագրով դիմել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուին կամ այլ անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկել նրանց գործողությունները (անգործությունը):
Հոդված 20. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ:
Հոդված 21. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆԸ |
Արհեստակցական միությունը կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին` արհեստակցական միության մասնակիցների (անդամների) աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հոդված 22. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Կոլեկտիվ կամ այլ պարտավորություններ չկատարելու, ինչպես նաև անօրինական գործադուլներ և այլ միջոցառումներ կազմակերպելու ու անցկացնելու համար արհեստակցական միությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները, նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են չխախտել արհեստակցական միության և նրա մասնակիցների (անդամների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:
Արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքները խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը, արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործատուի նախաձեռնությամբ, այդ թվում` նաև աշխատատեղերի կրճատման դեպքում աշխատողի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու, ինչպես նաև աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու, նրան կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված հարաբերություններին, կոլեկտիվ և անհատական վեճերին արհեստակցական միության մասնակցությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Հոդված 24. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ |
Գործատուն, կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) սահմանված կարգով, արհեստակցական միությանը տրամադրում է անհրաժեշտ պայմաններ` արհեստակցական միության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար:
Արհեստակցական կազմակերպության անդամի դիմումի առկայության դեպքում գործատուն կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը և հատկացումը` արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) սահմանված կարգով ու ժամկետում:
Հոդված 25. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
Հասարակական պարտականությունների կատարման, արհմիութենական միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում արհեստակցական միության ընտրովի մարմինների անդամների աշխատանքից բացակայության և այդ ընթացքում նրանց վարձատրության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով):
Արհեստակցական միության մարմիններում ընտրված անձանց համար կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) կարող են նախատեսվել այլ երաշխիքներ:
Հոդված 26. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Արհեստակցական միության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Արհեստակցական միությունների կողմից սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Գ Լ ՈՒ Խ 6.
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 27. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Արհեստակցական միության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Գործատուն, կոլեկտիվ պայմանագրին (համաձայնագրին) համապատասխան, արհեստակցական միությանը տրամադրում է ֆինանսական միջոցներ և այլ գույք` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավմանը, ինչպես նաև նրանց առողջության պահպանմանը նպատակաուղղված միջոցառումներ կազմակերպելու համար:
Պետությունը երաշխավորում է արհեստակցական միությունների սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը:
Հոդված 28. |
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ |
Արհեստակցական միությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իր սեփականությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Արհեստակցական միությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` եռամսյա ժամկետում, հրապարակում է իր սեփականության օգտագործման տարեկան հաշվետվությունը:
Գ Լ ՈՒ Խ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 29. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|