Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-132
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2001-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.31/3(135)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք.

ե) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք:»:

 

Հոդված 2. Օրենքի 4 հոդվածի 1-ին կետում «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի) տարեկան եկամուտները` առանց հաշվի առնելու եկամտահարկով հարկման նպատակով կատարվող անձնական նվազեցումը, և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած անձանց` աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները.

դ) գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտը:»:

 

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածում`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 20,000 դրամ 5,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ 5,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
100,000 դրամից ավելի 17,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

Ոչ առևտրային կազմակերպությունների, մշակութային, կրթական (այդ թվում` նախադպրոցական), գիտական, առողջապահական հաստատությունների վարձու աշխատողների համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարի նվազագույն չափը կիրառվում է հաստիքային յուրաքանչյուր մեկ լրիվ դրույքի նկատմամբ: Հեղինակային վարձատրությունների նկատմամբ սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարի նվազագույն չափի փոխարեն սոցիալական վճարը հաշվարկվում է հեղինակային վարձատրության նկատմամբ 15 տոկոս դրույքաչափով:».

 

բ) 2-րդ կետից հանել «, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից» բառերը.

 

գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

 

դ) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«4. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների` տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի տարեկան 60 հազար դրամից: Վարձու աշխատանք օգտագործող գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարումներ են կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

 

Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հողատարածքների սեփականատերերի ընտանիքների անդամների նկատմամբ գործատուների և վարձու աշխատողների համար սոցիալական վճարումների սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում:

 

5. Անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 1,200,000 դրամ 15 տոկոս
1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

Անկախ սույն կետի առաջին մասի դրույթներից` սոցիալական վճարները վճարվում են տարեկան 60 հազար դրամի չափով, եթե եկամուտների ստացման տվյալ տարվա համար սոցիալական վճարների` սույն կետի առաջին մասի համաձայն որոշված չափը չի գերազանցում 60 հազար դրամը:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց համար սոցիալական վճարները վճարվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:»:

 

Հոդված 4.  Օրենքի 6 հոդվածում`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գործատուները և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ վճարող անձինք սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմնին են վճարում եկամուտների վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:».

բ) 2-րդ կետում «գյուղացիական տնտեսություններ» բառերը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք» բառերով.

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները վճարում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:».

դ) 5-րդ կետում «0.2» թիվը փոխարինել «0.15» թվով.

ե) 5-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադիրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:».

զ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:».

է) 6-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում գործատուն վճարում է սոցիալական վճար` նրա մոտ տվյալ պահին ձևավորված միջին աշխատավարձի նկատմամբ սույն օրենքի համաձայն հաշվարկված սոցիալական վճարի 12-ապատիկի չափով:»:

 

Հոդված 5.  Օրենքի 7 հոդվածում «0.2» թիվը փոխարինել «0.15» թվով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-132