Գլխավոր տեղեկություն
Համար
N 1123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2020 թվականի N 1123-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը «որսամիջոցների նկարագիրը» բառերից հետո լրացնել «և որսի նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը» բառերով.

2) որոշման N 3 հավելվածում`

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետը «ստեղծում» բառից հետո լրացնել «՝ համաձայն համապատասխան տարվա տարեկան ծրագրով հաստատված տեղամասերի ցանկի։» բառերով,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի սույն կարգի 5-րդ կետով սահմանված կայքէջում համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 30 օրվա ընթացքում (բացառությամբ 2020 թվականի, որի դեպքում հայտերը ներկայացվում են սույն կարգի 5-րդ կետով սահմանված կայքէջում համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում):

7.2. Հայտերի ընդունումից հետո լիազոր մարմինը տարեկան ծրագրով ձկան և խեցգետնի օգտագործման առավելագույն չափաքանակը բաշխում է ներկայացված և սույն կարգով սահմանված պահանջները բավարարող հայտերի քանակի վրա և ստանում միջինացված ցուցանիշ։ Հայտատուի կողմից հայտում ներկայացված չափաքանակն ապահովելու նպատակով լիազոր մարմինը՝

1) միջին ցուցանիշից ցածր չափաքանակով հայտերը բավարարում է ամբողջությամբ.

2) միջին ցուցանիշից բարձր չափաքանակով հայտերը բավարարում է միջին ցուցանիշից ցածր չափաքանակով հայտերը բավարարելուց հետո մնացած չափաքանակի հավասարաչափ բաշխմամբ:»,

գ. 8-րդ կետում «հայտն ստանալուց հետո» բառերը փոխարինել «հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո`» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան