Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-01.06.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.29/71(1626) Հոդ.141
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2020
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2020 թվականի
ք. Երևան

N 213-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստեր հրավիրելու և անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 462-Ն որոշման՝

1) հավելվածի 3-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունները․

«Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 12.1 կետով․

«12.1. Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքում՝ սույն կարգով սահմանված բոլոր գործընթացները (այդ թվում՝ փաստաթղթերի նշագրում, ստորագրում) կարող են իրականացվել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:»․

3) հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում Հանձնաժողովի արտահերթ նիստի, ինչպես նաև նիստում լրացուցիչ կարգով ներկայացված ներքին (լոկալ), առանձնահատուկ դեպքերում՝ անհատական, իսկ արտակարգ իրավիճակներով (այդ թվում՝ ռազմական դրությամբ) պայմանավորված, ինչպես նաև սպառողների շահերին, համակարգի հուսալիությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում նաև նորմատիվ բնույթի որոշումների նախագծերի վրա:»․

4) հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«32. Պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը, նախքան նիստը սկսվելը, ստուգում է նիստին հրավիրված կարգավորվող անձանց ներկայացուցիչների անձը և նիստին մասնակցելու լիազորությունը հաստատող փաստաթղթերը, ապա կազմում նիստին ներկայացած անձանց ցանկ։ Ցանկը ստորագրվում է նիստին ներկայացած անձանց կողմից, բացառությամբ Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքի, որի պարագայում ցանկը ստորագրվում է Պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի կողմից։»․

5) հավելվածի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարման համար պատասխանատու աշխատակիցը, Հանձնաժողովի՝ նորմատիվ բնույթի, ինչպես նաև կարգավորվող անձանց վերաբերյալ անհատական բնույթի որոշումների էլեկտրոնային տարբերակները՝ ստորագրումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում զետեղում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան