Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-95
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2000-26.12.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն օրենքը սահմանում է Աղետի գոտու վերականգնման պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքի իմաստով Աղետի գոտի են համարվում Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որոնցում տեղաբաշխված բնակելի, արտադրական, սոցիալական, պատմամշակութային, կոմունալ և այլ նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները տուժել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով:

 

Հոդված 3.

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

Աղետի գոտու վերականգնման գործընթացը և դրա հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 4.

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Աղետի գոտու վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

2. Համալիր ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ:

3. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են կառավարության կողմից և արտացոլվում Աղետի գոտու վերականգնման տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր):

Տարեկան ծրագիրը մշակվում է կառավարության կողմից:

4. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն առանձին տողով արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում` որպես պաշտպանված հոդված:

 

Հոդված 5.

ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են`

ա) հիմնական խնդիրները.

բ) նախատեսված վերականգնողական աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը` ըստ մարզերի և բնակավայրերի.

գ) Աղետի գոտու բնակավայրերի կառուցապատման հատակագծային փաստաթղթերի համալրում և ճշգրտում` թաղամասերի համալիր սպասարկման ենթակառուցվածքների և բարեկարգման միջոցառումների ներառմամբ.

դ) վերականգնողական աշխատանքների ծավալները` ըստ վերականգնման ենթակա օբյեկտների նշանակության.

ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները.

զ) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման ծավալները` ըստ դրանց ստացման աղբյուրների.

է) ծրագրերի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.

ը) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաև`

ա) տեղեկանք` Աղետի գոտում 1989 թվականից իրականացված վերականգնողական աշխատանքների, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային հերթում գտնվող ընտանիքների քանակի, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակութային, կոմունալ տնտեսության, արդյունաբերական և այլ ոլորտներում առկա վիճակի վերաբերյալ.

բ) վերականգնողական աշխատանքները համակարգող լիազորված պետական մարմնի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները.

գ) վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության կարգը.

դ) բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները.

ե) վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վճարահաշվարկային սպասարկման կարգը.

զ) վերականգնողական աշխատանքների և դրանց ֆինանսավորման գործընթացի վերահսկողության կարգը:

3. Տարեկան ծրագիրը ներառում է վերականգնողական աշխատանքների ընթացքի և սպասվելիք կատարողականի վերլուծությունը:

4. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են այդ ծրագրերի համապատասխանության ապահովման, անկախ բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակից` ծրագրերով սահմանված վերականգնողական աշխատանքների պարտադիր ֆինանսավորման, վերականգնողական աշխատանքների և դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր և Տարեկան ծրագրերի համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ:

 

Հոդված 6.

ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

1. Տարեկան ծրագրի նախագիծը կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում մինչև 2000 թվականի նոյեմբերի 15-ը:

2. Տարեկան ծրագիրն ընդգրկվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում:

3. Համալիր ծրագիրը կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնում է Ազգային ժողովի հաստատմանը:

 

Հոդված 7.

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ և ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ և ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Տարեկան ծրագիրն Ազգային ժողովի կողմից քննարկվում և հաստատվում է հերթական տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ միասին` որպես պետական բյուջեի բացատրագրի բաղկացուցիչ մաս:

2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունը ներկայացնում է ամենամյա հաշվետվություն:

3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանդիսանում է հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասը:

4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ և Տարեկան ծրագրի կատարման գնահատականը:

5. Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով վերականգնողական աշխատանքների թերակատարված ծավալները ներառվում են հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, բայց ոչ ուշ, քան Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:

6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ` ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ:

 

Հոդված 8.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Տարեկան ծրագիրն ընդգրկում է նաև 1997 թվականի հուլիսի 17-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման շինարարական-վերականգնողական աշխատանքները:

 

Հոդված 9.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
8 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-95