Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-98
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2000-06.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասում «25» և «25-ից» թվերը փոխարինել համապատասխանաբար «49» և «49-ից» թվերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 34 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 34. Ընկերության արժեթղթերը

 

1. Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձևի անվանական բաժնետոմսեր և պարտատոմսեր: Ընդ որում, բաժնետոմսերի թողարկման փաստաթղթային ձևը բաժնետոմսերի հավաստագիրն է:

Ընկերությունը կարող է նաև թողարկել և տեղաբաշխել օրենքով նախատեսված այլ արժեթղթեր:

2. Սույն օրենքի իմաստով` արժեթղթերի միևնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ (անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ) ունեցող արժեթղթերը:

3. Ընկերության թողարկած միևնույն տեսակի արժեթղթերը պետք է ունենան պետական գրանցման նույն համարը և թողարկման միևնույն ձևը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 341 հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 341. Ընկերության բաժնետոմսերը

 

1. Ընկերությունը կարող է թողարկել հասարակ (սովորական), ինչպես նաև մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ բաժնետոմսեր:

Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

2. Բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի արժեքը վճարելուց և ընկերության պետական գրանցումից հետո ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի 6-րդ գլխի դրույթներին համապատասխան, ընդ որում, ընկերության կողմից փաստաթղթային ձևով բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում բաժնետոմս ձեռք բերած անձին (բաժնետիրոջը) պետք է տրվի բաժնետոմսերի հավաստագիր:

3. Ընկերությունն իրավունք ունի միաձուլել (կոնսոլիդացնել) իր թողարկած (տեղաբաշխած) բաժնետոմսերը` ավելացնելով դրանց անվանական արժեքը կամ դրանք բաժանել ավելի փոքր անվանական արժեքի բաժնետոմսերի, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

4. Բաժնետոմսն անբաժանելի է: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 41 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ՀՈԴՎԱԾ 41. Բաժնետոմսերի հավաստագրերը

 

1. Բաժնետոմսերի հավաստագիրը հավաստում է ընկերության մեկ կամ մի քանի բաժնետոմսերի նկատմամբ դրանց տիրապետողի (տիրապետողների) սեփականության իրավունքը:

2. Բաժնետոմսերի յուրաքանչյուր տեսակի համար բաժնետիրոջը տրվում է առանձին հավաստագիր: Հավաստագրերը տրվում են բաժնետոմսերի արժեքը վճարելուց հետո:

3. Հավաստագիր տալու, այն փոխարինելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

4. Բաժնետոմսերի հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) «բաժնետոմսերի հավաստագիր» անվանումը և հերթական համարը.

բ) ընկերության ֆիրմային լրիվ անվանումը և հասցեն.

գ) հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի տեսակը: Ընկերության կողմից մի քանի տեսակի արտոնյալ արժեթղթերի թողարկման դեպքում յուրաքանչյուր տեսակը պետք է ունենա իր տարբերակիչ անվանումը.

դ) բաժնետոմսի յուրաքանչյուր տեսակի պետական գրանցման համարը.

ե) տվյալ հավաստագրով հավաստվող բաժնետոմսերի թիվը.

զ) հավաստագիրը տալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

է) հավաստագրով ներկայացված բաժնետոմսի (բաժնետոմսերի) գրանցված սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը).

ը) ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունը (կամ ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությունը), իսկ եթե ընկերության բաժնետերերի ռեեստրը (գրանցամատյանը) վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա դրա համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը (կամ ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությունը), ինչպես նաև այդ կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումն ու հասցեն.

թ) տեղեկություններ` հավաստագրով ներկայացված բաժնետոմսերով տրվող իրավունքների և (կամ) դրանց սահմանափակումների մասին, ներառյալ` բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկության իրավունքի որևէ սահմանափակումը կամ բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումը.

ժ) ընկերության կնիքի դրոշմվածքը, իսկ եթե ընկերության բաժնետերերի ռեեստրը (գրանցամատյանը) վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա տվյալ կազմակերպության կնիքի դրոշմվածքը:

5. Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի փոխանցման կամ գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում, այդ բաժնետոմսերի հավաստագիրը վերադարձվում է և համարվում չեղյալ: Նոր տիրապետողի անվանմամբ (անվամբ) տրվում է բաժնետոմսերի նոր հավաստագիր: Բաժնետոմսերի նոր հավաստագրեր են տրվում նոր և նախկին տիրապետողների անվանումներով` հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի մասնակի փոխանցման դեպքում: Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում բաժնետոմսերի նոր հավաստագիրը տրվում է գրանցված բաժնետիրոջ նոր անվանմամբ (անվամբ):

6. Հավաստագիրը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 54 հոդվածի 3-րդ կետի «ընկերությունը չի ազատվում» բառերը փոխարինել «ընկերությունն ազատվում է» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-98